ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2021 թվականի N 690-Ա
«ՆԵՎՐՈԶՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը և 2-րդ մասը, 17-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության՝ 3,014.1 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 227,928.9 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ռ. Սաֆարյան փող., 10) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (69610 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 43.3 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել մրցույթով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից երեք անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից մեկ անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ անդամ։
3. Սահմանել՝
1) ընկերության բաժնետոմսերի (հաշվետու ժամանակահատվածի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի մարտի 9-ի (գնահատման պահ) դրությամբ գնահատված արժեքը՝ 218,102.9 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 163,577.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 75 տոկոսին:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 9,826.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 2,553.0 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 1,703.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր՝ պարտադիր սոցիալական ապահովության գծով՝ 46.0 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 3,332.0 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին՝ 1,905.0 հազ. դրամ.
6) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 287.0 հազ. դրամ:
5. Ընկերության ընթացիկ պարտավորությունները 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 10,264.1 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 3,429.1 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 1,877.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4,958.0 հազ. դրամ:
6. Ընկերությունը 2015-2019 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Սահմանել՝
1) որ մրցույթի հաղթողի կողմից բաժնետոմսերի համար առաջարկված գինը կարող է վճարվել երեք տարվա ընթացքում՝ հավասարաչափ.
2) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գինը (չի կարող ցածր լինել բաժնետոմսերի գնահատված արժեքի 75 տոկոսից) և կշռային գործակիցը՝ 0.5,
բ. ներդրումների չափը` ուղղված ընկերության զարգացմանը (5 տարվա կտրվածքով) և կշռային գործակիցը՝ 0.5.
3) որ մասնավորեցումից հետո գնորդը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո վեց ամիս պահպանել ընկերության աշխատողների թիվը և աշխատավարձի չափը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել մրցույթ.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հետևյալ տեղեկությունները՝
ա. մրցույթի կազմակերպչի անվանումը,
բ. մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն),
գ. մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,
դ. մրցույթի հաղթողին որոշելու կարգը,
ե. մրցույթով մասնավորեցվող գույքի անվանումը, գույքի մասին մանրամասն նկարագրությունը (լուսանկարները), մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները,
զ. մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես, գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ, նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները, գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար), քաղաքացիների համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի և սոցիալական քարտի պատճենները, հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը), գործարար ծրագիր, իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով և պայմաններով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).
3) մրցույթի հաղթողի կողմից առաջին տարվա (նվազեցված նախավճարի գումարի չափով), ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված 468.0 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարման ենթակա գումարները,
բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:
9. Սահմանել, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների շրջանակներում պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։ Պայմանի չկատարման, ինչպես նաև գնորդի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձման:
10. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում մրցույթին մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
11. Սահմանել, որ գնորդն առաջին տարվա համար վճարը կատարում է մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ հաջորդ վճարները՝ յուրաքանչյուր նախորդ վճարից հետո մեկ տարվա ընթացքում՝ վճարման ենթակա գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
29.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|