Գլխավոր տեղեկություն
Համար
N 706-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.19/35(909) Հոդ.764
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2012 թվականի N 706-Ն

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.04.21 N 532-Ն)

1. Հաստատել`

1) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներմուծման հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշմամբ հաստատված հավաստագրերի ներքո իրականացված ներմուծման մասին տեղեկատվությունը տվյալ գործարքների մաքսային ձևակերպման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 31-ի N 706-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է վերջնական օգտագործողի հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) պետական հաստատման ընթացակարգը:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի օրենսդրությամբ կամ լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատմամբ հավաստագրի տրամադրման անհրաժեշտությամբ կամ պահանջով:

(2-րդ կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

3. Կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի` առանց հավաստագրի իրականացնելու ապրանքների ներմուծում կամ արտահանող երկրի կողմից հավաստագրի պահանջի դեպքում նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից այդ հավաստագիրը սեփական հաստատմամբ ներկայացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:

4. Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

5. Սույն կարգի պահանջներին համապատասխան հավաստագրի հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը հաստատվում է վերջիններիս կողմից:

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

7. Հավաստագիրը երկու օրինակից լրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Բոլոր օրինակներն ստորագրում է իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը կամ անհատ ձեռնարկատերը` ստանձնելով հավաստագրով սահմանված պարտավորությունները:

(7-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն, լրաց. 08.04.21 N 532-Ն)

8. Հավաստագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:

9. Արտահանող երկրի կողմից հավաստագրի բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևում կարող են կատարվել համապատասխան լրացումներ:

10. Լրացված և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վավերացված հավաստագիրը լիազոր մարմնի կողմից հաստատվելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

2) արտահանողի անվանումը, երկիրը, գտնվելու վայրը.

3) ներմուծումը դիմումատուի կողմից չիրականացվելու դեպքում՝ ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը.

4) ներմուծվող ապրանքի տեխնիկական նկարագիրը.

5) սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան լրացված և վավերացված թվով երկու հավաստագրերը.

6) ներմուծման պայմանագրի կամ ներմուծվող ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.

7) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

8) ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը.

9) ապրանքի վերջնական օգտագործման նպատակը:

(10-րդ կետը խմբ., լրաց. 08.04.21 N 532-Ն)

10.1. Լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի հաստատման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.

2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:

(10.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

11. Սույն կարգի 10-րդ և 10․1-ին կետերով նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձն ու անհատական ձեռնարկատերն իրավունք ունեն լիազոր մարմին ներկայացնելու էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(11-րդ կետը փոփ., լրաց. 08.04.21 N 532-Ն)

11.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը։

(11.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

11.2. Սույն կարգի 11.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով՝ մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:

(11.2-րդ կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

 

III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։

 (12-րդ կետը խմբ. 08.04.21 N 532-Ն)

13. Լիազոր մարմնի որոշմամբ հավաստագրի հաստատումը մերժվում է, եթե՝

1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև.

3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը։

(13-րդ կետը փոփ., լրաց. 08.04.21 N 532-Ն)

13.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 10-րդ և 10․1-ին կետերով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելու պահից 4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն հաստատվում են ներկայացված հավաստագրերը, որոնցից մեկ օրինակը 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է դիմումատուին: Երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

 (14-րդ կետը փոփ. 08.04.21 N 532-Ն)

14.1. Հավաստագրի հաստատումը մերժելու դեպքում լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:

(14.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

14.2. Հավաստագիրը գործում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:

(14.2-րդ կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

15. Հավաստագրի հաստատման մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտե՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը փոփ. 08.04.21 N 532-Ն)

16. Հաստատելով հավաստագիրը` լիազոր մարմինը երաշխավորում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հավաստագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

17. Լիազոր մարմնի՝ հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:

(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.04.21 N 532-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 31-ի N 706-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ներմուծման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման ընթացակարգը։

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող միայն այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից հավաստագրի տրամադրման պահանջով:

(2-րդ կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

3. Սույն կարգի իմաստով ներմուծման հավաստագիր է համարվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով հաստատվում է ներմուծողի պարտավորությունը հավաստագրում նշված ապրանքը հայտարարագրված քանակով ներմուծելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծելու դեպքում՝ չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց՝ առանց հավաստագիրը հաստատած համապատասխան պետական մարմնի համաձայնության։

4. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ առանց հավաստագրի տվյալ ներմուծումն իրականացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:

5. Հավաստագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի։ Հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է վերջիններիս կողմից։

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

7. Հավաստագիրն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված ներմուծող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

2) արտահանողի անունը (անվանումը), գործունեության և գտնվելու վայրերը.

3) եթե պայմանագրով արտահանողից և ներմուծողից բացի ներգրավված է երրորդ անձ՝ վերջինիս անունը և գտնվելու վայրը.

4) ապրանքի տեխնիկական նկարագիրը.

5) ներմուծման պայմանագրի կամ ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.

6) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող լիազոր մարմնի համապատասխան եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(7-րդ կետը լրաց., խմբ. 08.04.21 N 532-Ն)

7.1. Լիազոր մարմնի կողմից տրամադրված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի տրամադրման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.

2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:

(7.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

8. Սույն կարգի 7-րդ և 7․1-ին կետերով նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(8-րդ կետը փոփ., լրաց. 08.04.21 N 532-Ն)

8.1․ Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման նպատակով: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը։

(8.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

8.2․ Սույն կարգի 8.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով` մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:

(8.2-րդ կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

 

III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

9. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցում ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։

(9-րդ կետը խմբ. 08.04.21 N 532-Ն)

10. Լիազոր մարմնի որոշմամբ հավաստագրի տրամադրումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են.

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև.

3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը։

(10-րդ կետը փոփ., լրաց. 08.04.21 N 532-Ն)

10.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(10.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 7-րդ և 7․1-ին կետերով սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացվելու պահից 4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հավաստագիրը:

(11-րդ կետը փոփ. 08.04.21 N 532-Ն)

12. Հավաստագիրը լրացվում, ստորագրվում և կնքվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:

13. Հավաստագիրը կազմվում է երեք օրինակից: Հավաստագրերից առաջին օրինակը տրամադրվում է դիմումատուին, երկրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտեին, երրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում։

(13-րդ կետը փոփ. 08.04.21 N 532-Ն)

14. Հավաստագիրը տրամադրվում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:

(14-րդ կետը խմբ. 08.04.21 N 532-Ն)

14.1. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում՝ լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:

(14.1-ին կետը լրաց. 08.04.21 N 532-Ն)

15. Լիազոր մարմնի՝ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 08.04.21 N 532-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 31-ի N 706-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N

End user certificate N

1. Օգտագործող (անվանումը (անունը), գտնվելու վայրը)

User’s full name and address

2. Ներմուծող (լրացվում է, եթե ներմուծողը չի հանդիսանում օգտագործող)

Importer’s full name and address (if different from the user)

3. Արտահանող

Exporter's full name and address

4. Ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը

Location or conveyance of the product

5. Ապրանքի նկարագիրը

Description of the product

6. Քանակը

Quantity

7. Վերջնական օգտագործման նպատակը

The purpose of the end-use of products

8. 8.1. Օգտագործողը սույն փաստաթղթով հավաստում է, որ նշված ապրանքը չի օգտագործվի հավաստագրի 7-րդ կետում նշված նպատակներից բացի այլ նպատակներով, չի փոխանցվի այլ անձանց առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության։

Within this document the user certifies that the specified product will not be used for any purposes other than the purposes, mentioned in the point 7 of this certificate, will not be transferred to any other person without the agreement with the authorized person of the exporter country.

8.2. Օգտագործողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը 8.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը:

Within this document the user verifies his agreement to allow the realization of the research connected to the responsibilities which are undertaken by the authorized person under the point 8.1.

 

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

____________________________

(ստորագրությունը)

___________________________

(ամսաթիվը)

 

 

 

_______________________________________________________________________

Name and Surname of the head of the legal entity or the authorized person or the private entrepreneur

____________________________

Signature

__________________________

(Date)

 

9. Հայաստանի Հանրապետության պետական մարմինը սույն փաստաթղթով հաստատում է վերջնական օգտագործողի պարտավորությունները նշված ապրանքները հայտարարագրված նպատակներով օգտագործելու և այլ անձանց՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության չփոխանցելու մասին։

Within this document the governmental body of the Republic of Armenia verifies the end user’s responsibilities to use the specified products for the declared purposes and to not transfer them to any other people without the agreement with the authorized person of the exporter country.

 

Հայաստանի Հանրապետության 
պետական մարմնի անունից

____________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

___________________________

(ամսաթիվը)

 

 

 

On behalf of the governmental body

Of the Republic of Armenia

____________________________

Signature

STAMP

__________________________

(Date)

 

Հավաստագրի գործողության ժամկետը

--------------------------------------------------------------

(լրացվում է լիազոր մարմնի կողմից)

 

 

Period of validity of certificate՝

----------------------------------------------------------------

(filled in by the authorized body)

 

(ձևը խմբ. 08.04.21 N 532-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

(լրացվում է համապատասխան պետական մարմնի անվանումը)

THE GOVERNMENTAL BODY OF THE REPUBLIC OF ARMENIA

(to fill in the appropriate governmental body name)

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N

IMPORT CERTIFICATE N

1. Ներմուծողի անվանումը (անունը), գտնվելու վայրը

Importer’s full name and address

2. Արտահանողի անվանումը (անունը), գտնվելու վայրը

Exporter's full name and address

3. Ներմուծող երկիր

Importer country

Հայաստանի Հանրապետություն

Republic of Armenia

4. Արտահանող երկիր

Exporter country

5. Ապրանքի անվանումը և նկարագիրը

Products name and description

6. Քանակը

Quantity

7. 7.1. Ներմուծողը հավաստում է ներմուծել սույն հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն նշված քանակով, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծվելու դեպքում՝ չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց՝ առանց Հայաստանի Հանրապետության պետական մարմնի համաձայնության։

The importer certifies to import the products specified in this certificate in specified quantity, and in case of not importing them into the Republic of Armenia, certifies to not modify, to not transfer, to not re-export to any other people without the agreement with the governmental body of the Republic of Armenia.

7.2. Ներմուծողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը 7.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը:

Within this document the user verifies his agreement to allow the realization of the research connected to the responsibilities which are undertaken by the authorized person under the point 7.1.

 

 

_____________________________________________________

(պաշտոնատար անձի անունը և պաշտոնը)

Name and Title of Authorized Official

 

 

__________________________________________

(պաշտոնատար անձի ստորագրությունը, կնիքը)

Signature of Authorized Official, Stamp

____________________________________________________

(ստորագրման ամսաթիվը)

Signature date

Հավաստագրի գործողության ժամկետը ------------------------------

 

Period of validity of certificate՝ ----------------------------------------

(ձևը խմբ. 08.04.21 N 532-Ն)

(հավելվածը խմբ. 08.04.21 N 532-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան