Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 523-Ն

 

ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 8-ի N 523-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արյան ռեեստրի գործունեության, դրանում անհրաժեշտ տեղեկությունների գրանցման, օգտագործման և այդ տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Արյան ռեեստրն առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որին համակարգչային ցանցով միացած են՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.

2) արյան դոնորություն և (կամ) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

6) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3. Արյան ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

2. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

4. Արյան ռեեստրը կազմված է երկու ենթաբաժնից`

1) դոնորության տվյալների բազա.

2) փոխներարկման տվյալների բազա:

5. Դոնորության տվյալների բազան ներառում է`

1) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունը.

2) արյան դոնորների անհատական տվյալները՝ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, սեռը, հաշվառման վայրը (փաստացի բնակության վայրը).

3) արյան դոնորների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ` արյունատվության հակացուցումները՝ մշտական կամ ժամանակավոր. ընդ որում, արյունատվության ժամանակավոր հակացուցման դեպքում նշվում են հակացուցման ժամկետի ավարտման օրը, ամիսը, տարին.

4) դոնորական արյան փորձանմուշի հետազոտման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը` վարակային անվտանգության, ալանինամինատրանսֆերազա ֆերմենտի մակարդակի, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տվյալները.

5) արյունատվության դիմած դոնորների արյունատվության օրը, ամիսը, տարին.

6) արյունատվության դիմած դոնորների արյունից ստացված արյան բաղադրամասերի անվանումը և միավորների քանակը.

7) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում արյան բաղադրամասերի պաշարների վերաբերյալ տեղեկությունը.

8) դոնորության համար բացարձակ հակացուցում ունեցող անձանց ցանկը, որը մշտապես համալրվում է սույն կարգի 2-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշված կազմակերպություններից ստացված տվյալներով.

9) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում խոտանված արյան և դրա բաղադրամասերի միավորների քանակի, խոտանված արյան բաղադրամասերի անվանման, ինչպես նաև խոտանման պատճառների վերաբերյալ տվյալները:

6. Փոխներարկման տվյալների բազան ներառում է՝

1) փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տվյալները.

2) փոխներարկված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները՝ արյան բաղադրամասի տեսակը, այդ բաղադրամասը պատրաստած բժշկական կազմակերպության տվյալները, պիտանիության ժամկետը, այն անձի տվյալները, ում փոխներարկվել է.

3) փոխներարկումային բարդության տեսակը` իմունային կամ ոչ իմունային, արագ զարգացող կամ ուշ զարգացող:

7. Արյան ռեեստրի տեղեկությունները գրանցվում են արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան գործողությունը կատարելուց հետո` 24 ժամվա ընթացում:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից տեղեկությունն առցանց գրանցելու նպատակով բժշկական կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու(ներ):

 

3. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9. Արյան ռեեստրի տեղեկություններն օգտագործում են սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունները: Ընդ որում`

1) արյան ռեեստրը վարողին հասանելի է դոնորության և փոխներարկումային տվյալների բազաներում գրանցված տեղեկությունը` ամբողջ ծավալով.

2) արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի են դոնորության տվյալների բազայում գրանցված հետևյալ տեղեկությունները՝

ա. Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի (էրիթրոցիտային զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտային զանգված, կրիոպրեցիպիտատ) միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը,

բ. արյան դոնորների առողջական վիճակի՝ արյունատվության հակացուցման վերաբերյալ տեղեկությունը,

գ. դոնորների արյունատվության օրը, ամիսը, տարին և իրենց արյունից ստացված բաղադրամասերի անվանումը և միավորների քանակը.

3) փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի է դոնորության տվյալների բազայում գրանցված՝ Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի (էրիթրոցիտային զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտային զանգված, կրիոպրեցիպիտատ) միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, արյան խմբի և ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը.

4) սույն կարգի 2-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված կազմակերպություններին հասանելի է դոնորության տվյալների բազայում գրանցված դոնորական արյան փորձանմուշի հետազոտության արդյունքների և վարակային անվտանգության վերաբերյալ տեղեկությունը:

 

4. ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Արյան ռեեստրից տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն՝

1) դոնորը` դոնորին վերաբերող տվյալների մասով.

2) ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը` ռեցիպիենտին վերաբերող տվյալների մասով.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, դատարանները` օրենքով սահմանված կարգով:

11. Դոնորի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կամ վարակակրության հայտնաբերման դեպքում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին` գրության մեջ նշելով դոնորի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրը (փաստացի բնակության վայրը) և հայտնաբերված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունը կամ վարակը:

12. Դոնորի գրավոր պահանջով արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում դոնորին ռեեստրից տրամադրել կազմակերպության տնօրենի ստորագրությամբ հաստատված քաղվածք` նշելով դոնորին վերաբերող տեղեկությունը:

13. Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի գրավոր պահանջով փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված անձանց ռեեստրից տրամադրել կազմակերպության տնօրենի ստորագրությամբ հաստատված քաղվածք` նշելով ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: