ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 385-Լ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
1) Նախագիծ 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 7-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ «մահացածի հարազատներ» այլ բովանդակությամբ հասկացությունը, ուժը կորցրած ճանաչելով Օրենքում առկա նույնանման հասկացությունը:
Առաջարկում ենք սույն օրենսդրության իմաստով «մահացածի հարազատներ» հասկացությունը համադրել (նույնական դարձնել) սույն օրենքի նախագծի իմաստով «ընտանիքի անդամներ» հասկացության հետ:
2) Նախագծի նույն հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Օրենքում լրացնել նոր հասկացություններ՝ «միասնական էլեկտրոնային շտեմարան», որտեղ պահպանվելու են ՀՀ բոլոր գերեզմանների վերաբերյալ օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը և «գերեզման օգտագործող»՝ այն անձը, ում անվամբ գրանցված է լինելու գերեզմանատեղը միասնական էլեկտրոնային շտեմարանում:
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ «միասնական էլեկտրոնային շտեմարան» ունենալու իմպերատիվ պահանջ սահմանելը խնդրահարույց է, քանի որ այն սուբյեկտները, ովքեր պարտավոր են լինելու վարել էլեկտրոնային շտեմարաններն այս պահին պատրաստ չեն դրա կատարումն ապահովելու՝ թե ֆինանսապես, թե տեխնիկապես։ Նշենք նաև որ էլեկտրոնային շտեմարան ունենալու համար օրենսդրությամբ ընձեռնված է համապատասխան հնարավորություն: Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվում է մեկ համայնքում (օրինակ՝ Երևան քաղաքում) նոր գերեզմանատան պիլոտային թվայնացմանն անցնելու գաղափարի իրագործման հնարավորության հարցը` ուստի առաջարկում ենք սպասել վերոնշյալ պրոցեսների ավարտին և արդյունքների ամփոփմանը:
Վերոնշյալով պայմանավորված, առաջարկում ենք էլեկտրոնային շտեմարանին առնչվող մնացած հոդվածները ևս թողնել անփոփոխ:
3) Օրենքի նախագծի ամբողջ տեքստում «Գերեզման օգտագործող» հասկացությունն առաջարկում ենք փոխարինել «գերեզման շահագործող» հասկացությամբ, իսկ վերջինիս բովանդակությունը շարադրել հետևյալ ձևով.«Գերեզման շահագործող՝ այն անձը, ով հանդիսանում է սույն օրենքի իմաստով ընտանիքի անդամ, ում անվամբ գրանցված է գերեզմանատեղը և դրա հիման վրա տրվել է գերեզմանատեղի վկայական»:
4) Նախագծի նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածում «վրահուղարկավորում» և «վերահուղարկավորում» հասկացություններում փոփոխել և լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնությամբ» եզրույթով: Սակայն գտնում ենք, որ նշված փոփոխությունները և լրացումները հստակեցման կարիք ունեն՝ հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի մասով: Ուստի առաջարկում ենք երկու հասկացություններում «հուղարկավորության կազմակերպումը» բառերից առաջ լրացնել «նոր» բառերով, ինչպես նաև՝ «օգտագործողի» բառը փոխարինել «շահագործողի» բառով:
5) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որով սահմանված է հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները: Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի իրավասության շրջանակներից հանել վերահսկողության լիազորությունները:
Առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացում կատարել վերահսկողության մասով, մասնավորապես՝ շարադրելով հետևյալ կերպ՝ «բնագավառի պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության ապահովումը, որը կարող է իրականացվել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով»:
6) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով առաջարկվում է, որ գերեզմանատների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը սահմանելու է լիազոր մարմինը (տվյալ դեպքում՝ տարածքային կառավարման բնագավառի գերատեսչությունը): Գտնում ենք, որ Հանրապետությունում կառուցապատման ձևերի քաղաքականության մշակումն իրականացվում է ոլորտի համապատասխան մարմնի կողմից: Ուստի առաջարկում ենք նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ներկայացրած նոր գերեզմանատների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերի սահմանում (հաստատում)», քանի որ կարծում ենք՝ այն հնարավոր կլինի կիրառելի դարձնել նոր գերեզմանատների կազմակերպման պարագայում:
7) Նախագծի 2-րդ հոդվածով նաև առաջարկվում է մասնավոր գերեզմանատների շահագործման համար թույլտվությունը տրվի լիազոր մարմնի կողմից: Սակայն ելնելով ապակենտրոնացման քաղաքականությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ նորմը հակասում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լիազորությունները պետք է լիակատար և բացառիկ լինեն և չեն կարող վերացվել կամ սահմանափակվել իշխանության այլ (կենտրոնական կամ տարածաշրջանային) մարմնի կողմից և հաշվի առնելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված է մասնավոր գերեզմանատների կազմակերպման և դրանց գործունեության ապահովման նորմերը, ուստի առաջարկվող համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է:
8) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվել է դրույթ, որ լիազոր մարմինն է սահմանելու գերեզմանի շահագործման պայմանները: Մինչդեռ նման նորմն արդեն իսկ կանոնակարգված է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն՝ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 4-րդ հավելվածով (շահագործման կանոններ):
9) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերի առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկողության իրականացման նորմը հանվում է:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններին Օրենքում վերապահված վերահսկողության դրույթն անհրաժեշտ է պահպանել, քանի որ համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի՝ անկախ կառուցապատման օբյեկտի տեսակից կառուցապատման թույլտվությունների պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը իրականացվում է համայնքային մարմինների կողմից: Ինչպես նաև՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Սույն մասով նույնպես գտնում ենք, որ փոփոխությունը ոչ նպատակահարմար է, քանի որ ելնելով մեր կողմից առաջարկվող դրույթից՝ մասնավոր գերեզմանատների շահագործման թույլտվությունը, այնուամենայնիվ, տալիս են տեղական ինքնակառավարման մարմինները և վերջիններս պետք է ունենան վերահսկողության համապատասխան իրավասություն՝ իրենց կողմից տրված թույլտվության պահանջների պահպանման նկատմամբ: Ուստի, Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նշված կետերի փոփոխումը և ուժը կորցրած ճանաչելը համարում ենք ոչ նպատակահարմար, քանի որ ոլորտը կարգավորող օրենքում անհրաժեշտ է համապատասխան կարգավորումներ:
10) Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ համայնքն օգտագործում է այն գերեզմաններն, որոնք չունեն գերեզման օգտագործող: Գտնում ենք, որ լրացված պարբերությունում «համայնքն օգտագործում է» եզրույթն անհրաժեշտ է հստակեցնել: Առաջարկում ենք առաջին տողը շարադրել հետևյալ կերպ՝ «Համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը/կազմակերպությունը հանդիսանում է գերեզմանի շահագործող այն գերեզմանների համար, որոնք չունեն գերեզմանի շահագործող»: Նույն կետի հաջորդ պարբերությունում նույնպես «համայնք» բառն անհրաժեշտ է փոխարինել «համայնքի ղեկավար կամ նրա կողմից լիազորած անձ/կազմակերպություն» բառերով:
11) Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության համաձայն՝ մահացածի հուղարկավորությունն իրականացվում է իր բնակավայրի գերեզմանատան սահմաններում և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ ազատ գերեզմանում կամ գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ այլ գերեզմանատանը՝ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Վերոնշյալի վերաբերյալ հայտնում ենք, որ նորմի ձևակերպումն անհասկանալի է, պարզեցման կարիք ունի: Բացի այդ չի համադրվում Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության հետ՝ մահացածի գրավոր արտահայտության մասով և բովանդակային առումով: Մասնավորապես՝ մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացումն ապահովելու հնարավորությունն առաջարկվող փոփոխությամբ սահմանափակված է: Այսինքն՝ առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ հուղարկավորությունը կարող է իրականացվել բացառապես նախկինում տրված գերեզմանում ազատ գերեզմանատեղի առկայության և օգտագործողի համաձայնության դեպքում, որն էլ իրենից կենթադրի մի իրավիճակ, որ այդ պայմանների բացակայության դեպքում հուղարկավորություն չի կարող իրականացվել:
Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել «իր բնակավայրի» եզրույթը՝ հուղարկավորության իրականացումն ապահովելու նպատակով, քանի որ պրակտիկայում լինում են դեպքեր, որ շատերը ցանկանում են հուղարկավորվել ոչ թե բնակության վայրում, այլ իրենց ծննդավայրում: Ինչպես նաև անհրաժեշտ է կարգավորել արտերկրում մահացած անձանց հուղարկավորության հարցը, քանի որ վերջիններս ՀՀ-ում բնակության վայր կարող են չունենալ:
Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ սույն մասով առաջարկվող փոփոխությունը և լրացումը գործնականում կարող է առաջացնել խնդիրներ, ուստի առաջարկում ենք Օրենքում սահմանված կարգավորումները թողնել անփոփոխ:
12) Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության փոփոխությունը համարվում է ոչ նպատակահարմար: Մասնավորապես՝ փոփոխման տրամաբանությամբ ակնկալվելու է ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար հատկացվող հողատարածքի կրճատում, սակայն իրականում հակառակ արդյունքի կարող է հանգեցնել: Առաջարկվող չափերով՝ 3x2,5 (իսկ Օրենքում՝ 12,5 քառակուսի մետր) իրականում հնարավոր է իրականացնել հուղարկավորում 2 մահացածի մարմին, մինչդեռ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար նախատեսված է ընտանիքի միջին կազմ՝ 4 անձի համար: Արդյունքում առաջարկվող փոփոխությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում քաղաքացիների՝ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար:
Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային գերեզմանատներում կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել ևս 3x2.5 մետր չափերով հողատարածք: Գտնում ենք, որ սույն առաջարկվող չափերը լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, քանի որ Օրենքում սահմանված առավելագույնը 6 քառ. մետրի փոխարեն առաջարկվում է 7,5 քառ. մետր:
Ելնելով վերոնշյալ դիտարկումներից, առաջարկում ենք գերեզմանատեղի հատկացման համար Օրենքում սահմանված չափերը թողնել անփոփոխ:
13) Նախագծի 5-րդ հոդվածի նոր խմբագրված 5-րդ մասի համաձայն՝ նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում գերեզման օգտագործողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը:
Վերոնշյալի մասով առաջարկում ենք «գերեզման օգտագործողի» բառերից հետո ավելացնել «կամ հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի» բառերը, քանի որ հնարավոր է գերեզման շահագործողը տվյալ պահին չհանդիսանա հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձը: Միաժամանակ առաջարկում ենք 5-րդ հոդվածի նոր խմբագրված 5-րդ մասում պահպանել գերեզմանի վկայականի տրման դրույթը։
14) Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ գերեզման օգտագործողն իրավունք ունի կառուցապատելու և բարեկարգելու իր օգտագործմանը հանձնած գերեզմանատեղը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան: Հաշվի առնելով մեր դիտարկումները քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի մասով, առաջարկում ենք նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ ձև՝ «սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատել և բարեկարգել իր օգտագործմանը հանձնած գերեզմանատեղը», քանի որ սույն առաջարկությունների 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ արդեն իսկ առաջարկվեց, որ տվյալ նորմի կիրառումը հնարավոր է նոր գերեզմանատների շահագործման պարագայում:
15) Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նույնպես խնդրահարույց է այն մասով, որ գերեզման օգտագործողն առաջարկվող նախագծով փոխանցելով իր օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի կարող է առաջացնել կոռուպցիոն ռիսկեր, ուստի առաջարկում ենք սահմանափակել այդ իրավունքի փոխանցումը բացառապես ընտանիքի անդամներին:
Միաժամանակ նախագծի քննարկվող հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանվել է, որ գերեզման օգտագործողն իրավունք ունի ժառանգելու իր օգտագործման իրավունքն իր ժառանգներից մեկին, ով առաջինն է հաշվառվում շտեմարանում:
Գտնում ենք, որ նշված ձևակերպումը նույնպես խնդրահարույց է նախ ժառանգման իրավունքի մասով, քանի որ անհասկանալի է թե ինչպես գերեզման օգտագործողը կարող է մինչև ժառանգության բացումը տեղյակ լինել, թե ժառանգության բացումից, այսինքն՝ իր մահից հետո ժառանգներից ով է առաջինը հաշվառվելու շտեմարանում, ինչպես նաև՝ շտեմարանի անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված:
16) Նախագծի 7-րդ հոդվածի առաջին մասում կատարված փոփոխության համաձայն՝ Օրենքից բացակայելու է գերեզմանների տրամադրումը և դրանց հաշվառումն իրականացնող մարմինները: Ուստի, գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը խնդրահարույց է, քանի որ անհրաժեշտ է Օրենքում վերապահված լինի դրույթ գերեզմանատներում գերեզմանների տրամադրում և հաշվառում իրականացնելու վերաբերյալ՝ տվյալ դեպքում համայնքի ղեկավար կամ նրա կողմից լիազորած անձ/կազմակերպություն, որն էլ ապահովելու է այդ գործառույթի իրականացումը: Նույնը վերաբերում է նաև պետական և մասնավոր գերեզմանատներին: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն առաջարկություններում արդեն իսկ հայտնել ենք շտեմարանի անհրաժեշտության բացակայության մասին, ուստի համապատասխան փոփոխությունը/լրացումը համարում ենք ոչ նպատակահարմար:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ`
1) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 156.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման և շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոններ, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելն առաջացնում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում»:
Հայտնում ենք, որ հաշվի առնելով Օրենսգրքի նշված հոդվածի նշված մասի բովանդակությունը, այն է՝ «Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնողների կողմից գերեզմանատների շահագործման և պահպանման գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելն է առաջացնում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում»՝ Նախագծով առաջարկվող խմբագրումն ամբողջությամբ փոփոխում է կիրառվող վարչական միջոցի տրամաբանությունը (հասցեատիրոջը): Մասնավորապես՝ Օրենսգրքի սույն նորմը, համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ վերաբերում է համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարին կամ նրա լիազորած անձին կամ կազմակերպությանը, պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմնին, մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարչին կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձանց` վերջիններիս և գերեզմանատան շահագործողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:
Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի համար սահմանված սանկցիայի փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ օրենսգրքով արդեն իսկ սահմանված կարգավորումներն ինքնանպատակ չեն և դրանք սահմանելիս հաշվի են առնվել կոնկրետ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու և այլ անձանց կողմից ևս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը, ուստիև գտնում ենք, որ նախագծով նախատեսված Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավախախտման համար սահմանված սանկցիաների խստացումը՝ համաչափության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է և ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն անհրաժեշտ տեղեկություններ, համապատասխան միջազգային փորձ, վերաբերելի վիճակագրական տվյալներ, վերլուծություններ և այլն:
Միաժամանակ առաջարկում ենք Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 2-րդ մասում (որով սահմանվել են հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը) «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «և (կամ) գերեզման շահագործողի» բառերով:
2) Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 156.1-ին հոդվածում լրացնել նոր 14-րդ մաս, համաձայն որի՝ սույն հոդվածի բոլոր մասերով նախատեսված արարքները, եթե կատարվել են կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Հիշյալ փոփոխությունը հարկ ենք համարում դիտարկել օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված դրույթների հետ համակարգային կապի մեջ: Այսպես՝
Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում` մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից:
Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-12-րդ մասերով սահմանված զանցանքների համար նախատեսված են միմյանցից տարբերվող տուգանքի չափեր (սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, հարյուրապատիկի, երկուհարյուրապատիկի հինգհարյուրապատիկի և որոշ դեպքերում նույնիսկ՝ հազարապատիկի, երկուհազարապատիկի և չորսհազարապատիկի չափերով): Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի՝ օրենսգրքի 156.1-ին հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակիությունն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Հիշյալի պարագայում ստացվում է, որ մի կողմից՝ որոշակի իրավախախտումների կրկնակիության դեպքում բարելավվում է վարչական իրավախախտում կատարած անձի իրավական վիճակը (օրինակ՝ օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքը նվազեցվում է դառնալով չորսհարյուրապատիկ), մյուս կողմից՝ վատթարացվում է անձի իրավական վիճակը (օրենսգրքի 156-րդ հոդվածի մի շարք մասերով նախատեսված չէ պատասխանատվություն այդ մասերով սահմանված զանցանքների կրկնակիության համար):
Վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումներն ունեն վերանայման կարիք, քանի որ դրանք՝ համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից արդարացված չեն և նաև չեն բխում օրենսգրքի 34-րդ հոդվածի տրամաբանությունից:
3) Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով» բառերը:
Սույն փոփոխություն արդյունքում բաց է մնում օրենսգրքի 156.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինների շրջանակը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածից հանել «156.1-րդ» բառերը, իսկ «մասով,» բառից հետո ավելացնել «2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով,» բառերը։
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված նկատառումները հաշվի առնելու դեպքում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման մեջ։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|