Գլխավոր տեղեկություն
Համար
N 351-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 20.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 351-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1167-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։».

2) 16-րդ կետի 1-ին ենթակետը և 20-րդ կետը «բնակարան» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք» բառերով.

3) 17-րդ կետի 2-րդ և 26-րդ կետի 2-րդ ենթակետերում «անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝» բառերը փոխարինել «ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը» բառերով.

4) 17-րդ կետի 4-րդ ենթակետը «ունի» բառից հետո լրացնել «իրենից սերված՝» բառերով.

5) 17-րդ կետի 5-րդ ենթակետում «կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը» բառերը փոխարինել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի դեպքում՝ այն հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը,» բառերով.

6) 17-րդ կետի 6-րդ ենթակետը «բնակարանը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ հողամասը (որի վրա անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրվել է հիփոթեքային վարկը)» բառերով.

7) 19-րդ կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «շահառուից սերված՝» բառերով.

8) 21-րդ կետի 1-ին ենթակետը «գույքը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը» բառերով, 2-րդ ենթակետում «անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերը փոխարինել «ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը՝ առավելագույնը» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «շահառուի խնամքին առկա է» բառերը՝ «շահառուն ունի իրենից սերված՝» բառերով.

9) 25-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «ունի երեխայի» բառերը փոխարինել «ունի օգտվել երեխայի» բառերով, հանել «հիփոթեքային վարկը վերցնելու ժամկետից,» բառերը, իսկ «հանգամանքից» բառից հետո լրացնել «, այդ թվում, եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

10) 26-րդ կետի 1-ին ենթակետը «հետո» բառից հետո լրացնել «և սույն հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետում կամ 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված տեղեկանքը նախարարություն է ներկայացվում մինչև երեխայի 1 տարին լրանալը» բառերով.

11) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին, 27.2-րդ և 27.3-րդ կետերով.

«27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին հոդվածով սահմանված կառուցապատողից ձեռք է բերվում (բերվել) կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք, ապա սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ, 21-րդ կետի 2-րդ և 26-րդ կետի 2-րդ ենթակետերում նշված՝ անշարժ գույքի գնահատվող (գնահատված) շուկայական գինը չի պահանջվում (հաշվի չի առնվում)։

27.2. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում սույն հավելվածի 26-րդ կետում նշված երեխաների թվում հաշվի են առնվում նաև շահառուից սերված չափահաս զավակները, իսկ 26-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է գործարքի շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով։ Ընդ որում, այս դեպքում, եթե անշարժ գույքը ձեռք բերելուց հետո շահառուն փոխել է հիփոթեքային վարկը տրամադրած կազմակերպությունը, ապա անշարժ գույքի գնահատված շուկայական գինը որոշվում է վարկի տեղափոխության շրջանակներում կատարված գնահատման արդյունքներով։

27.3. Միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում հաշվի են առնվում միայն ողջ (շահառուի խնամքին գտնվող) երեխաները։».

12) 28-րդ կետի 5-րդ, 29-րդ կետի 6-րդ և 30-րդ կետի 6-րդ ենթակետերում «պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.

13) 28-րդ կետի 7-րդ ենթակետը «հետո» բառից հետո լրացնել «, եթե շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելու օրվա դրությամբ կազմակերպությունը կնքել է նաև սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիրը, ապա» բառերով, իսկ «շահառուին պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.

14) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-ին կետով.

«28.1. Սույն հավելվածով սահմանված հիմնական պայմանները բավարարելու դեպքում (եթե սույն հավելվածի 28-րդ կետի 3-րդ ենթակետում նշված էլեկտրոնային հարցումը նախարարությունն ստացել է մինչև շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելը)՝ շահառուն միանվագ դրամական աջակցության ծրագրում ընդգրկվում է նաև այն դեպքում, երբ ձեռք բերված բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը գրանցվում է շահառուի անչափահաս բոլոր երեխաների անունով և սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը ներկայացնում է շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց (իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց) հետո՝ 12 ամսվա ընթացքում։ Այս դեպքում միանվագ դրամական աջակցության գումարն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։».

15) 29-րդ կետի 7-րդ և 30-րդ կետի 8-րդ ենթակետերում «շահառուին պատշաճ ծանուցմամբ» բառերը փոխարինել «շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով» բառերով.

16) 30-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.

17) 30-րդ կետի 3-րդ ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«զ. կազմակերպության ՀՎՀՀ-ն և բանկային հաշիվը, որին փոխանցվում են պետական աջակցության գումարները։».

18) 30-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(տարածքային ստորաբաժանման միջոցով)» բառերը.

19) 30-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) նախարարությունը, ստացված տեղեկանքի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին.».

20) 30-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շահառուին տեղեկանք չի տրամադրվում և շահառուն նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը՝ էլեկտրոնային եղանակով.».

21) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին և 30.2-րդ կետերով.

«30.1. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա սույն հավելվածի 28-րդ կետի 4-րդ, 29-րդ կետի 4-րդ և 30-րդ կետի 5-րդ ենթակետերում նշված դեպքերում երեխայի՝ շահառուից սերված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է՝ հիմք ընդունելով երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված՝ երեխայի ծնողների վերաբերյալ տեղեկությունները և շահառուի տվյալները (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը)։

30.2. Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է արտարժույթով, ապա սույն հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված՝ հիփոթեքային վարկի մնացորդային չափը տրվում է դրամով՝ հիմք ընդունելով տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1167-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) եթե շահառուն կատարել է շահառուի և կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով նախատեսված կանխավճարը և (կամ) շահառուն կատարել է կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը, ապա միանվագ դրամական աջակցության գումարը և (կամ) կանխավճարի ապահովագրության աջակցության գումարն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, եթե բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) նախարարությունն ստացել է մինչև շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքելը).».

2) 9-րդ կետի 2-րդ ենթակետը «N 10 ձևի» բառերից հետո լրացնել «կամ մերժել շահառուին ծրագրում ընդգրկելը և այդ մասին տեղեկացնել բանկին՝ համաձայն N 9 ձևի,» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

4) որոշման հավելվածի N 2 ձևի 1-ին կետի 9-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «դրամով» բառով և հանել «օրվան հաջորդող» բառերը։

3. Եթե շահառուն կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած կազմակերպությանը դիմել է մինչև այդ պայմանագիրը կնքելը և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) լիազոր մարմին չեն ներկայացվել, ապա կազմակերպությունը կանխավճարի ապահովագրության ծրագրի համար հարցումը կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում (այդ թվում՝ շահառուի և կազմակերպության միջև համապատասխան պայմանագիրը կնքվելուց հետո)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան