ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2021 թվականի N 460-Լ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի ընդունած գործատուին` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով։
2. Միջոցառման շրջանակում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը 2021 թվականի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր է կնքել սույն միջոցառման 1-ին կետում նշված և 2021 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա հարկ վճարող չհանդիսացող անձի հետ։
3. Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝
1) գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով.
2) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով, գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:
4. Միջոցառման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աջակցությունը տրամադրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։
5. Միջոցառմամբ նախատեսված աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետում նշված անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։
6. Միջոցառումից օգտվելու համար գործատուի կողմից դիմումը ներկայացվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։
7. Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվում է միջոցառման շրջանակներում կնքված աշխատանքային պայմանագիրը։
8. Աջակցությունը տրամադրվում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական: