Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-64-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2004-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.41
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

 

«Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

 

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային և հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր.

«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

 

«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:

 

Հոդված 4. ԱՏԳ ԱԱ-2203 ծածկագրին դասվող ապրանքների մասով սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետի դրույթները տարածվում են 2004 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված դրոշմանիշերի նկատմամբ:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-64-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան