Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3680/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3680/02/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան  

Դատավորներ՝

Տ. Նազարյան

 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Կարո Եղնուկյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվի, արժանապատվության և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարո Եղնուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարո Եղնուկյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հատուցել զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 19.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.04.2019 թվականի որոշմամբ Կարո Եղնուկյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարո Եղնուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կարո Եղնուկյանի և նրա ներկայացուցչի միջև պայմանագիրը եղել է բացառապես Դատարանում ներկայացուցչություն իրականացնելու համար, իսկ վճիռը պետք է ուղարկվեր նաև Կարո Եղնուկյանին, քանի որ դա օրենքի պահանջն է:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Կարո Եղնուկյանը լիազորել է երկու փաստաբաններին իր անունից հանդես գալու ՀՀ բոլոր դատարաններում՝ այդ թվում նաև բողոք ներկայացնելու, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ եթե անգամ ներկայացուցչին դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն տալը ներառում է նաև դատարանի վճիռը ստանալը, ապա այդ դեպքում անհրաժեշտ պայման է, որ գործին մասնակցող անձը կոնկրետ այդ լիազորությունը նշի լիազորագրում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ կասեցնել օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անդրադառնում է դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու պարտականության պատշաճ կատարմանը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգում է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:

Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ (…) վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վկայակոչված իրավակարգավորումները, փաստել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 19.11.2018 թվականի վճռով Կարո Եղնուկյանի հայցը մերժվել է (գ.թ. 85-94): Գործում առկա՝ Կարո Եղնուկյանի ներկայացուցչին հասցեագրված՝ Դատարանի 20.11.2018 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-221698/18 ուղեկցական գրությունը ելքագրվել է 22.11.2018 թվականին (գ.թ. 95), սակայն գործում առկա չէ փոստային անդորրագիր վճիռը Կարո Եղնուկյանի ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ: Կարո Եղնուկյանի ներկայացուցիչը վճիռը ստացել է 04.12.2018 թվականին՝ հիմք՝ հետադարձ ստացման ծանուցում (գ.թ. 96), իսկ Կարո Եղնուկյանին Դատարանի 19.11.2018 թվականի վճիռն ուղարկելու մասին ապացույց գործում առկա չէ:

Կարո Եղնուկյանը 11.02.2019 թվականին դիմում է ներկայացրել Դատարան վճռի օրինակը ստանալու համար (գ.թ.105): Ի պատասխան Կարո Եղնուկյանի դիմումի՝ Դատարանի 12.02.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ դատական ակտի օրինակն ուղարկվել է ներկայացուցչին, ում կողմից 04.12.2018 թվականին պատշաճ ստացվել է այն (գ.թ.107):

Կարո Եղնուկյանը 07.03.2019 թվականին գործի նյութերին ծանոթանալու մասին դիմում է ներկայացրել և ծանոթացել վճռի բովանդակությանը (գ.թ.109):

13.03.2019 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, գ.թ. 137) Կարո Եղնուկյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բողոք բերելու ժամկետը, պատճառաբանելով, որ Դատարանի վճռին ծանոթացել է 07.03.2019 թվականին՝ գործի նյութերին ծանոթանալու ժամանակ (գ.թ.117-123):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.04.2019 թվականի որոշմամբ անդրադառնալով Դատարանի 19.11.2018 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճռին 07.03.2019 թվականին ծանոթացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ բողոքաբերը 14.09.2017 թվականին Տիգրան Հայրապետյանին և Արփինե Հայրապետյանին երեք տարի ժամկետով լիազորել է լինել իր ներկայացուցիչը ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում նաև ՀՀ վերաքննիչ և ՀՀ վճռաբեկ դատարաններում, կատարել դատավարական գործողություններ և այլն: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 19.11.2018 թվականի վճիռը պատշաճ կերպով ուղարկել է բողոքաբերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանին, որը վերջինս ստացել է 04.12.2018 թվականին, հետևաբար նման պայմաններում պարզ է դառնում, որ դատական ակտի ստացման ամսաթիվ պետք է համարել հենց 04.12.2018 թվականը: Այնինչ բողոքաբերը, իր ներկայացուցչի միջոցով բողոք բերելու հնարավորությունից զրկված չլինելով, բողոքը ներկայացրել է 13.03.2019 թվականին, այն է՝ շուրջ երեք ամիս անց:

Հաշվի առնելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը բողոք բերած անձին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.2-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով:

Համանման նորմ սահմանվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով և 99-րդ հոդվածի 1-ին մասով, որոնց իրավակարգավորումների համաձայն՝ դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը կարող է համարվել փաստաթղթերն ուղարկելու պարտականության պատշաճ կատարում միայն այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը ներկայացրել է դատավարական փաստաթղթերը նրան ուղարկելու վերաբերյալ դիմում կամ լիազորագրում առկա է դատավարական փաստաթղթերը ստանալու մասին համապատասխան լիազորություն:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան: Տվյալ դեպքում Կարո Եղնուկյանի կողմից 14.09.2017 թվականին Տիգրան Հայրապետյանին և Արփինե Հայրապետյանին երեք տարի ժամկետով տրված լիազորագրում առկա չէ դատավարական փաստաթղթերը ստանալու լիազորություն, իսկ Կարո Եղնուկյանն էլ դատական ակտը ներկայացուցիչներին ուղարկելու վերաբերյալ Դատարան դիմում չի ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ Կարո Եղնուկյանը 14.09.2017 թվականին Տիգրան Հայրապետյանին և Արփինե Հայրապետյանին երեք տարի ժամկետով լիազորել է լինել իր ներկայացուցիչը ՀՀ բոլոր դատարաններում, այդ թվում նաև ՀՀ վերաքննիչ և ՀՀ վճռաբեկ դատարաններում, կատարել դատավարական գործողություններ, չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու համար, քանի որ Կարո Եղնուկյանը վճռի բովանդակությանը ծանոթացել է 07.03.2019 թվականին՝ գործի նյութերին ծանոթանալու ժամանակ, այսինքն՝ Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունը, ինչի արդյունքում Դատարանի վճիռը գործին մասնակցող անձին հասու է դարձել դրա՝ վերաքննության կարգով բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու վերաբերյալ դատարանի պարտականությանը և արձանագրել է, որ դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է անձի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը: Անձը կարող է լիարժեք իրականացնել վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ծանոթ է ստորադաս դատարանի կողմից իր իրավունքների (պարտականությունների) կամ օրինական շահերի վերաբերյալ կայացված դատական ակտին և դրա բովանդակությանը (տե՛ս ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը բխում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներից: Համանման մեկնաբանություններ պահպանված են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության կրողը դատարանն է, ուստի վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու մասին ապացույցները պետք է առկա լինեին գործի նյութերում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը հաշվարկելիս Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի վճռի օրինակը ստանալու օրվա վերաբերյալ բողոքաբերի կողմից ներկայացված տեղեկությունը՝ այն համարելով հավաստի, եթե վճռի օրինակը բողոքաբերին ուղարկելու և նրա կողմից ստանալու փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ, քանի որ բողոքաբերը չի կարող կրել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն Կարո Եղնուկյանի նշված միջնորդությունը ենթակա էր բավարարման և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով է մերժել Կարո Եղնուկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 02.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան