Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1443/02/11

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1443/02/11

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Այծեմնիկ Թորոսյանի հայցի ընդդեմ «ՆՈՐԱՇԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ՀԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), ՀՀ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի (այսուհետ` Նոտար) և Աստղիկ Հարությունյանի` արձանագրությունը, պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու ու սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Աստղիկ Հարությունյանի ընդդեմ Այծեմնիկ Թորոսյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցիչ Զոյա Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Այծեմնիկ Թորոսյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Կազմակերպության 31.10.2011 թվականի թիվ 2 արձանագրության 15-րդ կետը, 11.11.2011 թվականին Կազմակերպության, Մհեր Մարտիրոսյանի և Աստղիկ Հարությունյանի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա Երևանի Գ. Չաուշի փողոցի թիվ 14/3 շենքի 57-րդ բնակարանի նկատմամբ Աստղիկ Հարությունյանի մասով 16.10.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ճանաչելով իր սեփականության իրավունքը վերը նշված բնակարանի 4/7 մասի (58,5քմ մակերեսի) նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Աստղիկ Հարությունյանը պահանջել է Այծեմնիկ Թորոսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գ. Չաուշի փողոցի թիվ 14/3 շենքի 57-րդ բնակարանից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2020 թվականի որոշմամբ Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2020 թվականի որոշմամբ Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են բերել Այծեմնիկ Թորոսյանը և նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 23-րդ, 25-րդ և 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը բովանդակային առումով որևէ փոփոխության չի ենթարկվել, իսկ նախկինում ներկայացվածի օրինակը նախապես ուղարկված է եղել կողմերին։ Օրենսդիրը որևէ պարտադիր նորմ չի սահմանում, որ պետական տուրքը վճարված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրա օրինակը պետք է պարտադիր կրկին ուղարկվի կողմերին։ Իրավիճակն այլ կլիներ, եթե վերաքննիչ բողոքը վերադարձվեր դրա մեջ բովանդակային փոփոխություն կատարելու պահանջով։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2020 թվականի որոշման պահանջը կատարվել է՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է նաև պետական տուրքը սահմանված ժամկետում վճարված լինելու վերաբերյալ անդորրագիրը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը պետք է ընդուներ վարույթ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կրկին վերադարձնելով վերաքննիչ բողոքը, Այծեմնիկ Թորոսյանին զրկել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 05.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և փոփոխել այն` Դատարանի 19.03.2020 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյո՞ք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները (…):

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև՝ վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը, նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյո՞ք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյո՞ք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը՝ օրենսդիրը սահմանել է դրույթ, որի համաձայն` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ՝ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվելու բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ՝ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»»:

Հավելելով վերը նշվածին ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս որոշիչ նշանակություն է ստանում վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար արձանագրված խախտումների բացահայտումը, քանի որ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը: Այսինքն, կարևորելով անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների երաշխավորումը, օրենսդիրը սահմանել է օրենքի պահանջներին չհամապատասխանող վերաքննիչ բողոքը վերադարձնելու կանոն՝ հնարավորություն ընձեռելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված բոլոր թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքը կրկին ներկայացնելիս բողոք բերող անձը պարտավոր է ամբողջությամբ վերացնել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները, հակառակ դեպքում վերջինս կզրկվի դատական պաշտպանության իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումի ընդդեմ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2020 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում բողոք բերող անձի վրա չի կարող դրվել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել գործին մասնակցող անձանց: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները բողոք բերող անձի կողմից վերացվել են ամբողջությամբ և ներկայացվել է նույնաբովանդակ բողոք, որի պատճենը նախկինում ուղարկված է եղել գործին մասնակցող անձանց, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի կարող վերադարձնել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ դրա պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, նույնաբովանդակ բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց չուղարկելու հետևանքով վերջիններիս իրավունքների խախտման մասին խոսք լինել չի կարող, քանի որ բողոքի բովանդակությունը նախկինում նրանց հասանելի լինելու պարագայում ապահովված է բողոքում ներկայացված պահանջներից արդյունավետորեն պաշտպանվելու գործին մասնակցող անձանց իրավունքի իրացման հնարավորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Այծեմնիկ Թորոսյանը և վերջինիս ներկայացուցիչ Զոյա Հակոբյանը Դատարանի 19.03.2020 թվականի վճռի դեմ փոստային առաքման եղանակով 17.04.2020 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք` դրան կցելով նաև բողոքը 17.04.2020 թվականին Աստղիկ Հարությունյանին, Նոտարին, Կազմակերպությանը և Դատարանին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը (հատոր 4-րդ, գ.թ. 4-19):

Վերաքննիչ դատարանի 15.05.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց (…)» (հատոր 4-րդ, գ.թ. 20, 21):

Այծեմնիկ Թորոսյանը և նրա ներկայացուցիչ Զոյա Հակոբյանը, վերացնելով վերը նշված խախտումը, օրենքով սահմանված ժամկետում՝ 01.06.2020 թվականին, կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ դրան կցելով ինչպես պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնպես էլ բողոքն Աստղիկ Հարությունյանին, Նոտարին, Կազմակերպությանը և Դատարանին ուղարկելու վերաբերյալ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից փոստային անդորրագրերը (հատոր 4-րդ, գ.թ. 43-64):

Վերաքննիչ դատարանի 05.06.2020 թվականի որոշմամբ Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցիչ Զոյա Հակոբյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերած անձը, Վերաքննիչ դատարանի 15.05.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելով հանդերձ, թույլ է տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում: Մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չեն կցվել դրա օրինակները գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ (ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված փոստային անդորրագրերին, ապա դրանցով հավաստվում է միայն 17.04.2020 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու փաստը, և դրանք վերաբերելի չեն 01.06.2020 թվականին կրկին ներկայացված բողոքին)։ Վերաքննիչ դատարանի համոզմամբ, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերստին պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց՝ անկախ բողոքի բովանդակությունը փոփոխված լինելուց կամ չլինելուց, քանի որ այդ կերպ կարող է միայն ապահովվել նրանց՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի պատշաճ իրականացումը» (հատոր 4-րդ, գ.թ. 65, 66):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցիչ Զոյա Հակոբյանի կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս թույլ տրված և Վերաքննիչ դատարանի 15.05.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի բովանդակությանը: Մասնավորապես, վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձվել է պետական տուրքը պակաս վճարված լինելու և պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն համարվելու հիմքով:

Վերաքննիչ բողոք բերած անձինք Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում վերացրել են վերը նշված խախտումը և կրկին ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ դրան կցելով պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց և դատարանին 17.04.2020 թվականին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը:

Սույն գործում առկա՝ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Այսինքն՝ բողոքաբերների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով նոր բողոք` բովանդակային առումով, չի ներկայացվել: Ընդ որում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սկզբնական բողոքի կապակցությամբ արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը, իսկ արձանագրված խախտումը հետագայում վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից վերացվել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` օրենսդիրը, սահմանելով վերաքննիչ բողոք բերած անձի պարտականությունը՝ բողոքին կցել բողոքը նաև գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու բողոքը՝ գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու, դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնաբովանդակ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Այծեմնիկ Թորոսյանը և նրա ներկայացուցիչը, ըստ էության, կատարել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմերին ուղարկելու պարտականությունը: Հետևաբար գործին մասնակցող անձանց, ինչպես նաև Դատարանին այն կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է Այծեմնիկ Թորոսյանին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է կրկին վերադարձրել Այծեմնիկ Թորոսյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` Այծեմնիկ Թորոսյանին զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 05.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: