Գլխավոր տեղեկություն
Համար
N 555-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 17.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 555-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-896-11.03.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-896-11.03.2021-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3.1-ին մասով, որի համաձայն ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, տարկետման տրամադրման և տարկետումը դադարեցնելու հարաբերությունները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Ծրագրի մասնակիցները, շարունակելով համարվել ընթացիկ ուսումնական հաստատության ուսանող, ստանում են կրտսեր սպայական կոչում և պայմանագրային հիմունքներով աշխատանքի են անցնում ռազմարդյունաբերական համալիրում՝ առնվազն նվազագույն սպայական աշխատավարձով:

Միաժամանակ, նախագծով նախատեսված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի մանրամասները սահմանվում են օրենքում լրացվող հավելվածով:

Նախագծի հիմնավորման համաձայն «...պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանում միայն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացիների համար, մինչդեռ, որոշակի մասնագիտություններով մագիստրոսական կրթական ծրագրով և հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերով կրթություն ստացող քաղաքացիների ներուժը ևս կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ զինված ուժեր) մարտունակության բարձրացման նպատակով։ Ներկայացված նախագծով առաջարկվող մոտեցումը միտված է ռազմարդյունաբերական համալիրում և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բուհերում համատեղ ուսումնական ծրագրի իրականացմանը, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների գիտական պոտենցիալն օգտագործելու ռազմարդյունաբերական համալիրում՝ նպաստելով զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների և նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը և, մյուս կողմից, ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների և շարունակական զարգացման համար։»:

Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումներն ու առաջարկությունը:

1. Ներկայացված նախագծում կիրառվում են հասկացություններ, որոնք անհամապատասխանության մեջ են մտնում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքներով սահմանված նույնաբովանդակ կարգավորումների հետ, օրինակ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակների կրթական ծրագիր չի նախատեսում, ռազմարդյունաբերական համալիրը «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանդիսանում է գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների համակարգ, որի պարագայում տարբեր կառույցներից բաղկացած նշված համակարգը չի կարող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ իրականացնի համատեղ ծրագիր:

2. Օրենքի 1-ին հոդվածի համաձայն սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Մինչդեռ, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքին, որի 1-ին հոդվածի համաձայն սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաև ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը: Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն հավակնոտ ծրագիր է հանդիսանում պետության անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման նպատակով գիտական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև այլ հնարավորությունների համախմբմամբ նորագույնի ստեղծման ծրագիրը: Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրն ընդգրկում է ռազմարդյունաբերության ոլորտում կադրերի պատրաստման միջոցառումները: Միաժամանակ, օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների և դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական և գիտամեթոդական օժանդակությամբ:

Ուստի, գտնում ենք, որ նախագծով առաջարկվող ծրագրով նախատեսված կարգավորումները դուրս են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:

3. Ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում և պետական կառավարման մարմիններում զինվորական հաստիքներ չկան, մինչդեռ նախագծով նախատեսված է, որ ծրագրին մասնակցող անձինք ստանում են կրտսեր սպայական կոչումներ:

4. Նախագծով լիարժեք և հստակ կարգավորված չեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրին ու դրա իրականացման ընթացակարգին վերաբերող դրույթները, տարբեր մակարդակներում տարկետում տրամադրող մարմինները և ուսումնառության ընթացքում տարկետման դադարեցման հիմքերը, զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի կնքման և ծառայություն անցնելու, ծառայության այլ վայր գործուղելու ընթացակարգերին վերաբերող հարաբերությունները:

5. Նախագիծը խնդիրներ ունի իրավական որոշակիության սկզբունքի բացակայության, ձևակերպումների, ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջադրվող պահանջների, նրանց իրավունքների և պարտականությունների, դրանց խախտման հետևանքների ոչ բավարար հստակության առումով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքը թողնել անփոփոխ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան