ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-239, այսուհետ՝ օրենսգիրք) 249-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 249. |
Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը |
1. Առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարել, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնել թույլատրվում է, եթե՝
1) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությունը, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, կամ
2) դա նախատեսված է նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 358-րդ հոդվածի «տոկոսները, » բառից հետո լրացնել «ներառյալ՝ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 411-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:».
2) 1-ին կետի երկրորդ պարբերությունը հանել.
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում սույն օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».
4) 2-րդ կետի «կենտրոնական բանկը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ».
5) 3-րդ կետից հանել «այդ գումարը գերազանցող» բառերը:
Հոդված 5. Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի ընդունումն օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գրավ դրված գույքն իրացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-83-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերով՝ պայմանագրով նախատեսված անձի կամ գրավառուի կամ գրավառուի հանձնարարությամբ՝ այլ անձի կողմից:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարման ժամկետը լրացող գրավի պայմանագրերի և օրենքի ուժով ծագած գրավի հարաբերությունների վրա:
Սույն օրենքի 4-րդ հոդվածը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ այն հարաբերությունների, որոնցով պարտավորության կատարման ժամկետը լրանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|