ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 239-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 5-րդ կետով՝
1. Ստեղծել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 239-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հակոբ Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (նախագահ) |
Կարեն Բրուտյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վահե Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Վարոս Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Տիգրան Սիմոնյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Սերգեյ Աղինյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Զարուհի Ղարագյոզյան | - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) գնումների ղեկավար (պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 239-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 1986-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերով սահմանված կարգով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
4. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի ցուցումով։
5. Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
6. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը:
7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը։
8. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) սահմանում է հանձնաժողովի նիստերի օրակարգերի նախագծերը.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները.
4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ծանուցում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.
2) ընդունում և գրանցում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
3) ապահովում է արձանագրությունների կազմումը, ընտրության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը.
4) կատարում է սույն աշխատակարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:
11. Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման 6-րդ կետով սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովին աջակցող խումբը։
12. Հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել նաև համապատասխան այլ մասնագետների, ներառյալ՝ պետական կառավարման մարմիններից, համապատասխան գերատեսչություններից և կազմակերպություններից:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հանձնաժողովը՝ ըստ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի հայտերի ներկայացման հրավերում (այսուհետ՝ ՀՆՀ) սահմանված ընթացակարգերի՝
1) ուսումնասիրում է նախաորակավորված հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք.
2) բացում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
3) ուսումնասիրում և գնահատում է նախաորակավորված հայտատուների առաջարկները.
4) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ նախաորակավորված հայտատուներին՝ պարզաբանելու իրենց առաջարկները.
5) նախաորակավորված հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն նախաորակավորված հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկները բավարարել են ՀՆՀ-ով սահմանված պահանջներին և որոնք որակվել են որպես տեխնիկապես որակավորված.
6) տեխնիկապես որակավորված նախաորակավորված հայտատուների ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքում որոշում է նախընտրելի հայտատուին.
7) բոլոր տեխնիկական առաջարկների և ֆինանսական առաջարկների գնահատման ավարտից հետո տեխնիկապես որակավորված բոլոր նախաորակավորված հայտատուներին դասակարգում է ըստ նախընտրելիության.
8) կարող է իր հայեցողությամբ նախընտրելի հայտատուին հրավիրել բանակցությունների.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում մրցույթի ընթացակարգի արդյունքները հաստատելուց հետո ընտրված հայտատուին (մրցույթի հաղթողին) տրամադրում է ծրագրի շնորհման գրություն.
10) իրականացնում է ՀՆՀ-ով հանձնաժողովին վերապահված այլ գործառույթներ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված, և նրա լիազորությունները դադարում են ՀՆՀ-ով հանձնաժողովին վերապահված լիազորությունները սպառելուց հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
11.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |