ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում 2020 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2401/02/15 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2401/02/15
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտչյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Շեկյանի ընդդեմ Ռազմիկ Կարապետյանի, Մարինե Խաչատրյանի, Աննա Խաչատրյանի` պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Շեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և նշված գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) 21.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Հունանյան, մասնակցությամբ` դատավորներ Կ. Հակոբյան, Ա. Սմբատյան) 09.11.2016 թվականի որոշմամբ Հայկ Շեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2018 թվականի որոշմամբ Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Շեկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 304-րդ հոդվածները, 325-րդ հոդվածի 2-րդ կետը, 449-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ3/0150/05/10 գործով կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ և 449-րդ հոդվածների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված պայմանագիրը կնքված համարվել չի կարող: Ուստի, նման հանգամանքը բացառում է Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից 17.10.2014 թվականի թիվ 3441 համարի տակ գրանցամատյանում գրանցված 17.10.2014 թվականի լիազորագրի գործողության դադարած լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայկ Շեկյանի և Ռազմիկ Կարապետյանի միջև ստորագրված պայմանագրի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանում չկա որևէ նշում այն մասին, որ Հայկ Շեկյանը վճարել է պայմանագրի գինը: Միաժամանակ սույն քաղաքացիական գործում ևս առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պայմանագրի գինը վճարվել է:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանում տեղի ունեցած գործի քննության ընթացքում հայցվորը չի վկայակոչել, հետևաբար նաև չի ապացուցել այն փաստը, որ Աննա Խաչատրյանը մինչև 11.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքելը տեղեկացված է եղել, որ 17.10.2014 թվականի լիազորագրի գործողությունը դադարեցված է եղել: Նույն կերպ, հայցվորը չի հիմնավորել, որ Մարինե Խաչատրյանը մինչև 11.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքելը տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր կնքող անձին` Աննա Խաչատրյանին 17.10.2014 թվականին տրված լիազորագրի գործողությունը դադարեցված է եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոք բերած անձը չի հիմնավորել, թե հատկապես ինչպիսի դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ են թույլ տրվել, այն պարագայում, երբ երեք տարբեր դատարաններ, քննելով նույն գործը, հանգել են միևնույն եզրակացության:
Ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են օրենքի պահանջներին համապատասխան և օրինական են: Դատարանները թույլ չեն տվել դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համաձայն 17.10.2014 թվականի լիազորագրի` Ռազմիկ Կարապետյանն Աննա Խաչատրյանին լիազորել է, ի թիվս այլնի, իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող բաժինը և Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով: Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից լիազորագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել գրանցամատյանում թիվ 3441 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 120):
2) Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի «ա» կետի համաձայն` «վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք` 15.0 քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղի (օբյեկտ), գտնվող ՀՀ քաղ. Երևան, Վ.Համբարձումյան փողոց 119 շենքի թիվ 20 հասցեում»: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 116-117):
3) Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից 17.10.2014 թվականին հաստատված, թիվ 3441 համարի ներքո գրանցամատյանում գրանցված լիազորագրի հիման վրա` Աննա Խաչատրյանը Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` Աննա Խաչատրյանը վաճառում է, իսկ Մարինե Խաչատրյանը որպես սեփականություն ձեռք է բերում Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 15.0քմ մակերեսով ավտոկայանատեղիից: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել գրանցամատյանում` թիվ 274 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 118-119):
4) Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022015-01-0109 վկայականի` Երևան, Արաբկիր, Վ.Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքը 11.02.2015 թվականի թիվ 274 առուվաճառքի պայմանագրի հիման վրա 16.02.2015 թվականին գրանցվել է Մարինե Սուրիկի Խաչատրյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 9):
5) Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
Սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիրը կարող է արդյոք վերացված համարվել, իսկ այդ լիազորագրով կատարված գործարքը և դրանից ծագած իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչվել, եթե մինչև այդ լիազորագրով նախատեսված գործարքի կնքումը, գույքի սեփականատերը երրորդ անձի հետ նոտարական կարգով ձևակերպվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն չի կատարվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցում:
Վերոգրյալ հարցադրմանը պատասխանելու համար անհրաժեշտ է պարզաբանել, թե
1. որ պահից է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում կնքված, որն է պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը, և որ դեպքում պայմանագիրն ու դրանից ծագած իրավունքի պետական գրանցումը կարող են ճանաչվել անվավեր,
2. որ դեպքում և ինչ կարգով լիազորագիրը կարող է համարվել դադարած:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկով արձանագրել է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար բավարար չէ կողմերի ստորագրությամբ դրա բոլոր էական պայմաններին համաձայնվելը և նոտարական վավերացման ենթարկելը: Պայմանագիրը կնքված է համարվում պայմանագրից ծագող իրավունքները` տվյալ դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքը, գրանցելու պահից: Այսինքն, նման իրավիճակներում պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման պահերը համընկնում են (տե՛ս, Արմեն Շահբազյանն և Քրիստինա Տոնոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման թիվ 3-65(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կապված գործարքների համար օրենսդիրը սահմանել է հետևյալ հատուկ պահանջները` նոտարական կարգով վավերացվող պայմանագիր և դրանից բխող իրավունքների պետական գրանցում: Բացառապես այս պայմանների կատարման արդյունքում են պայմանագրի կողմերի համար առաջանում քաղաքացիական-իրավական իրավունքներ և պարտականություններ: Ընդ որում, ի տարբերություն այլ պայմանագրերի, այն պայմանագրերի համար, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, օրենսդիրը տվել է պայմանագրի կնքման պահը որոշելու այլ կարգավորում, որը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի կարգավորումից, այսինքն` պայմանագիրը կնքված է համարվում, իսկ գործարքը վավեր` իրավունքի պետական գրանցման պահից: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ անշարժ գույքի հետ կապված գործարքները վավեր են, իսկ անշարժ գույքին առնչվող պայմանագրերը կնքված են համարվում իրավունքների պետական գրանցման պահից: Այսինքն` մինչև իրավունքների պետական գրանցումը չի կարող լինել վավեր գործարք և կնքված պայմանագիր (տե՛ս, Դավիթ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ3/0150/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագումն անմիջականորեն կապված է գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման կարգի պահպանման հետ: Այսինքն, որպեսզի անշարժ գույքը ձեռք բերողի մոտ ծագի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ է ձեռք բերվող գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքը ենթարկել պետական գրանցման: Միայն այս պահանջի կատարումից հետո է պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը կոնկրետ գույքի նկատմամբ: Ուստի, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջը կատարված չէ, պայմանագրի առարկա անշարժ գույքը ձեռք բերողն օրենքի իմաստով չի կարող ակնկալել պետության կողմից կոնկրետ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պաշտպանություն:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վերը վկայակոչված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ շարժական գույքի առուվաճառքի վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը` պայմանագիրը, համարվում է կնքված համապատասխան գույքը հանձնելու պահից (եթե դրա համար օրենսդիրը չի նախատեսել իրավունքի պետական գրանցում), մինչդեռ անշարժ գույքի դեպքում գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար հարկավոր է առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացում և իրավունքի պետական գրանցում, և արդեն իրավունքի պետական գրանցման պահից սկսած է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված: Այլ կերպ ասած` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար բավարար չէ կողմերի ստորագրությամբ դրա բոլոր էական պայմաններին համաձայնելը և պայմանագիրը նոտարական վավերացման ենթարկելը, քանի որ պայմանագիրը կնքված է համարվում դրանից ծագող իրավունքները, տվյալ դեպքում` անշարժ գույքի նկատմամբ գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը, պետական գրանցման ենթարկելու պահից: Ընդ որում, օրենսդիրը հստակեցրել է, որ անշարժ գույքի նկատմամբ ծագած սեփականության իրավունքը պետք է պետական գրանցման ներկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ նշված գույքի նկատմամբ գործարքը ենթարկվել է նոտարական վավերացման:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, իսկ գնորդի մոտ պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է ծագած առուվաճառքի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից: Ուստի, քանի դեռ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում տեղի չի ունեցել, անկախ կողմերի միջև առուվաճառքով կատարված գործողությունների ծավալից, այդ պայմանագիրն ինքնին չի կարող գույքը ձեռք բերողի մոտ առաջացնել սեփականության իրավունք` որպես պայմանագրից բխող իրավական հետևանք:
2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ գլխով օրենսդիրը կարգավորվել է «Ներկայացուցչություն» վերտառությամբ լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով մեկ անձի կողմից ուրիշ անձի անունից հանդես գալու, գործարքներ կնքելու, քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ստանձնելու կարգը և առանձնահատկությունները:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:
Նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորագրողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորագրողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ լիազորվողն օգտվում է լիազորագրի շրջանակներում լիազորագրողի կողմից իրեն վերապահված գործողություններ կատարելու իրավունքից, որը հստակ ձևակերպվում է լիազորագրի բովանդակությունում և երրորդ անձանց հնարավորություն է տալիս հստակ եզրակացնել, թե լիազոր ներկայացուցիչն ինչպիսի իրավազորությամբ է օժտված (տե՛ս, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով սահմանվում են ներկայացուցչի իրավունքները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև լիազորագրողի անունից երրորդ անձանց հետ հարաբերությունների մեջ մտնելու այլ պայմանները: Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածով սահմանելով լիազորագրի գործողության ժամկետին վերաբերող ընդհանուր դրույթներ, միաժամանակ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածում անդրադարձել է նաև լիազորագրի գործողության դադարման հիմքերին:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրվել է այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնցից որևէ մեկի վրա հասնելու դեպքում դադարում է լիազորագրի գործողությունը: Ընդ որում, այդ իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի. դրանում սպառիչ կերպով թվարկվել են լիազորագրի դադարման հիմք հանդիսացող պայմանները, որոնք չեն կարող կամայական ընդլայնման ենթարկվել: Ուստի, հիմք ընդունելով նշվածը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետով թվարկված դեպքերը ոչ այլ ինչ են, քան օրենսդրի կողմից նախատեսված իրավաբանական փաստեր, որոնց հետ վերջինս կապել է լիազորագրի գործողության դադարումը: Այսինքն` այդ փաստերից որևէ մեկի վրա հասնելու դեպքում է միայն լիազորագիրը դադարում, և լիազորված անձն այլևս իրավասու չի լինում ներկայացնել լիազորագրողի շահերը:
Վերը շարադրված վերլուծությունը տարածելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:
Լիազորագրով նախատեսված գործողությունների իրականացված լինելն օրենսդիրը որակել է որպես ինքնուրույն իրավաբանական փաստ, որի ուժով դադարում է լիազորագրի գործողությունը: Ընդ որում, օրենսդիրը չի տարբերակել, թե ում կողմից է իրականացվել լիազորագրով նախատեսված գործողությունը` լիազորողի, լիազորվածի, թե օրենքով նախատեսված այլ անձի կողմից։ Տվյալ դեպքում, չառանձնացնելով իրավունքի սուբյեկտին, օրենսդիրն այդ հիմքով լիազորագրի դադարման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում ամրագրված հիփոթեզում, որպես իրավաբանական փաստ, բացառապես սահմանել է լիազորագրով նախատեսված գործողության իրականացված լինելու իրավաբանական փաստի առկայությունը։ Այդ կապակցությամբ հարկ է բացահայտել «իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները» բառակապակցությունը։
Քննարկվող պարագայում այդ բառակապակցությունն իր մեջ ներառում է երեք միմյանց հետ փոխկապակցված`
1. գործողություններ,
2. գործողություններ` սահմանված լիազորագրով,
3. գործողություններ, որոնք պետք է լինեն իրականացված։
Տվյալ դեպքում, գործողությունը, որպեսզի հանդես գա լիազորագրի դադարման համար բավարար իրավաբանական փաստ, պետք է ոչ միայն նախատեսված լինի լիազորագրով, այլև լինի կատարված։ Այդ առումով, եթե գործողության էությունը բացահայտվում է լիազորագրում նշված իրավական հետևանքներ առաջ բերող արարքների բովանդակությամբ, ապա այդ գործողության կատարված լինելը բացահայտվում է այն իրավական հետևանքների վրա հասած լինելու հանգամանքով, որի համար տրվել էր լիազորագիր։
Քննարկվող պարագայում, առուվաճառքի լիազորագրի բովանդակությունը կազմում է լիազորագրում սահմանված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ լիազորողի անունից պայմանագրի կնքման գործողությունը, իսկ այդ գործողության իրականացված լինելը դրսևորվում է առուվաճառքի պայմանագրի կնքված լինելու իրողությամբ։
Այն բոլոր դեպքերում, երբ լիազորագրի բովանդակությունը կազմում է անշարժ գույքի օտարման պայմանագրի կնքման գործընթացը, ապա նման լիազորագրի դադարման համար, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառման իրավաբանական փաստ, հանդես է գալիս անշարժ գույքի նկատմամբ օտարման պայմանագրի կնքված լինելու հանգամանքը։ Այսինքն, երբ պահպանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները։
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառության իրավական կարգավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրողի կողմից լիազորագիրը վերացնելն օրենսդիրը որակել է որպես ինքնուրույն իրավաբանական փաստ, որի ուժով կարող է դադարել լիազորագրի գործողությունը: Ուստի, լիազորագիրը վերացնելու պահից սկսած ներկայացվողի մոտ դադարում է նաև լիազորագրով սահմանված իրավական վիճակը: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորագրողն իրավասու է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը (վերալիազորագիրը):
Օրենսդիրը կարգավորել է նաև լիազորագրի վերացման իրավական մեխանիզմը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կատարվում է նոտարական կարգով: Այս իրավանորմից հետևում է, որ լիազորագիրը վերացնելու վերաբերյալ լիազորագրողի կամահայտնությունը դեռևս չի կարող հիմք հանդիսանալ նոտարական կարգով տրված լիազորագրի գործողությունը դադարած որակելու համար, քանի դեռ պահպանված չէ այդ կամահայտնությունը նոտարական ձևակերպման ենթարկելու օրենսդրի պահանջը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոտարական կարգով տրված լիազորագրի վերացման հիմքով դադարման իրավաբանական փաստը վրա է հասնում միայն լիազորագրի վերացմանը նոտարական կարգով ձևակերպում տալու պահից: Տվյալ դեպքում, վճռորոշ նշանակություն է ձեռք բերում նոտարական կարգով լիազորագրի վերացման իրավական կարգավորումը: Ըստ այդմ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է լիազորագրի վավերացման ընթացակարգը, մասնավորապես` նույն հոդվածի 1-ին կետով սահմանվել է, որ նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով, իսկ 5-րդ կետով ամրագրվել է, որ լիազորագիրը վավերացնելուց հետո նոտարն այն մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան: Նշված հոդվածի 6-րդ կետով սահմանվել է, որ լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում ստանալու դեպքում նոտարը համապատասխան տվյալները մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան։
Հարկ է նշել, որ լիազորագրողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ լիազորագիրը վերացնելն ինքնին առաջ չի բերում լիազորված անձի կողմից լիազորագրով տրված իրավական վիճակի դադարում: Մասնավորապես` օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրել է, որ լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: (...): Նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ լիազորագիր տված և հետագայում այն վերցրած անձին օրենսդիրը ներկայացրել է իմպերատիվ պահանջ` դրա վերացման մասին տեղեկացնել ինչպես լիազորագիրն ստացած անձին, այնպես էլ այն երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչություն է իրականացնելու լիազորագիրն ստացած անձը: Այսինքն` չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է, որ նոտարական կարգով տրված լիազորագրի գործողությունը համարվում է դադարած՝ վերացումը նոտարական կարգով ձևակերպելուց հետո, այդուհանդերձ, որպեսզի լիազորագրի դադարման հետևանքները լիազորված անձի համար վրա հասնեն, անհրաժեշտ է, որ լիազորագրի վերացման մասին լիազորագրողը տեղեկացնի ինչպես լիազորված անձին, այնպես էլ այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորագրողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Նշված իրավանորմի դիսպոզիցիան սահմանում է, որ լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները պահպանում են իրենց իրավական ուժը միայն նույն իրավանորմի հիփոթեզում ամրագրված վավերապայմանների առկայության դեպքում: Այդ վավերապայմանները հետևյալն են.
1. լիազորագրով առաջ եկած իրավունքները և պարտավորությունները ծագել են լիազորագրի դադարման վերաբերյալ տեղեկացված լինելուն նախորդած ժամանակահատվածում,
2. լիազորագրով առաջ եկած իրավունքները և պարտականությունները ծագել են մինչև այն ժամանակահատվածը, երբ լիազորված անձը լիազորագրի դադարման մասին տեղեկացված չի եղել, սակայն օբյեկտիվորեն պետք է այդ մասին իրազեկված լիներ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ օրենսդիրը լիազորագրի դադարման իրավական հետևանքներն ուղղակիորեն պայմանավորել է դադարման վերաբերյալ լիազորված անձի իրազեկվածության իրավաբանական փաստի վրա հասնելու հանգամանքով:
Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ ու 325-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը` կարելի է արձանագրել, որ այն դեպքում, երբ լիազորագրողը որոշում է դադարեցնել նոտարական կարգով վավերացված լիազորագրի գործողությունը, ապա պարտավոր է կատարել հետևյալ` միմյանց հետ փոխկապակցված գործողությունները, մասնավորապես`
1. լիազորագիրը վերացնել նոտարական կարգով,
2. լիազորագրի վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը:
Հակառակ պարագայում, այն իրավունքների և պարտականությունների շրջանակը, որոնք ծագել են լիազորված անձի գործողությունների հետևանքով և մինչև այն պահը, երբ վերջինս իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերից որևէ մեկով լիազորագրի դադարման մասին, շարունակում են պահպանել իրենց իրավաբանական ուժը լիազորագրողի և նրա իրավահաջորդների համար` երրորդ անձանց նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձը գիտեր կամ օբյեկտիվորեն պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ռազմիկ Կարապետյանը, 17.10.2014 թվականին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրով, ի թիվս այլնի, լիազորել է Աննա Խաչատրյանին իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող բաժինը և Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին:
Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի հիման վրա` Աննա Խաչատրյանը Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` Աննա Խաչատրյանը վաճառում է, իսկ Մարինե Խաչատրյանը որպես սեփականություն ձեռք է բերում Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 15.0 քմ մակերեսով ավտոկայանատեղիից: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել գրանցամատյանում` թիվ 274 համարի ներքո:
Այնուհետև, համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022015-01-0109 վկայականի` Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքը 11.02.2015 թվականի թիվ 274 առուվաճառքի պայմանագրի հիման վրա 16.02.2015 թվականին գրանցվել է Մարինե Սուրիկի Խաչատրյանի անվամբ:
Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կազմվել ու ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի «ա» կետի համաձայն` «վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք` 15.0 քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղի (օբյեկտ), գտնվող ՀՀ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան փողոց 119 շենքի թիվ 20 հասցեում»: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո: Պայմանագրի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայկ Շեկյանի հայցի հիման վրա, որով վերջինս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 313-րդ հոդվածների դրույթները, պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և ճանաչել նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Դատարանի 06.10.2017 թվականի վճռով բավարարվել է Հայկ Շեկյանի հայցը` այն պատճառաբանությամբ, որ Աննա Խաչատրյանի կողմից Մարինե Սուրիկի Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին առուվաճառքի պայմանագիր կնքելիս Աննա Խաչատրյանի մոտ բացակայել է նշված գործարքը ստորագրելու լիազորությունը, քանի որ 17.10.2014 թվականին Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը 05.02.2015 թվականից, այսինքն` Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև վեճի առարկա գույքի կապակցությամբ առուվաճառքի պայմանագիր կնքելու և նոտարական վավերացում տալու պահից, դադարել էր: Հետևաբար, Դատարանն անվավեր է ճանաչել Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119 շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղիի առուվաճառքի պայմանագիրը, վերացրել վեճի առարկա գույքի նկատմամբ Մարինե Խաչատրյանի անվամբ կատարված պետական գրանցումը և ճանաչել Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ այն հիմնավորմամբ, որ Հայկ Շեկյանը 05.12.2015 թվականի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել վեճի առարկա գույքը, իսկ վաճառող Ռազմիկ Կարապետյանն իր իրավունքը փոխանցել, օտարել է գնորդին` չպահպանելով այդ գույքի նկատմամբ որևէ գույքային, այդ թվում նաև` սեփականության իրավունք: Այսինքն, չունենալով գույքի ճակատագիրը որոշելու իրավունք` Ռազմիկ Կարապետյանը չէր կարող լիազորագրով օտարման իրավունքը փոխանցել ներկայացուցչին, իսկ նախկինում տրված լիազորագիրը գույքի օտարման պայմաններում դադարում է, հետևաբար, նույն գույքը չէր կարող երկրորդ անգամ օտարվել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև առուվաճառքի պայմանագիրն ստորագրվել է 05.02.2015 թվականին, որը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ պայմանագրի կողմերը պայմանագրից ծագող իրավունքները կարող էին ենթարկել պետական գրանցման ներառյալ 06.03.2015 թվականը: Այսպիսով, Հայկ Շեկյանն օրինական սպասելիք ուներ վեճի առարկա գույքի նկատմամբ, քանի որ դրա նկատմամբ իր իրավունքները ենթակա են եղել պետական գրանցման առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած երեսնօրյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործով, ինչպես արդեն վերը նշվեց, հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 313-րդ հոդվածների հիմքով, որով Հայկ Շեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և ճանաչել նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճռով մերժելով հայցը` արձանագրել է, որ հայցվորը չի ապացուցել, որ թե իր և թե Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ գործարքներ կնքելիս վաճառողը կամ վերջինիս լիազորված անձը դրանք ստորագրել են խաբեությամբ, հայցվորը չի պարզաբանել թե ինչում է կայանում խաբեությունը և որն էր գնորդ Մարինե Խաչատրյանի խաբելու նպատակը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.11.2016 թվականի որոշմամբ Հայկ Շեկյանի վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության` ըստ էության սահմանել է գործի նոր քննության ծավալը: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա 11.02.2015 թվականին Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք այն դեպքում, երբ նշված լիազորագրի գործողությունը դադարել է Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով:
Այնուհետ, Դատարանը գործը քննել և 06.10.2017 թվականին վճիռ է կայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2016 թվականի որոշմամբ տրված գործի նոր քննության ծավալի շրջանակներում: Արդյունքում` Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթը, Հայկ Շեկյանի հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Փաստորեն, սույն գործով ստորադաս դատարաններն ըստ էության ապացուցված են համարել, որ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով գործարքն անվավեր ճանաչելու համար Հայկ Շեկյանը չի ներկայացրել այնպիսի բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ վիճելի գործարքը կնքվել է մյուս կողմի խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, կամ մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ, ինչն էլ հնարավոր կդարձներ սույն վեճի լուծման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի կիրառման հանգամանքը: Միաժամանակ, թե՛ Դատարանը` Հայկ Շեկյանի հայցը բավարարելիս, թե՛ Վերաքննիչ դատարանը` Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժելիս, գտել են, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա 11.02.2015 թվականին Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք այն դեպքում, երբ նշված լիազորագրի գործողությունը դադարել է Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով:
Նման պայմաններում, սույն գործի փաստերի և վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետով և 563-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդիրն ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ այդ պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին` պետական գրանցման: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ և 449-րդ հոդվածի 3-րդ կետով հստակեցվել է, որ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա պայմանագիրը կնքված է համարվում և ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից, ուստի միայն այդ պահից սկսած է պետության կողմից ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը:
Փաստորեն, օրենսդիրը հստակեցրել է, որ կողմերի միջև ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ դրանից ծագող քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները կողմերի համար կարող են ունենալ իրավական հետևանքներ, եթե կատարված են հետևյալ պահանջները`
1. պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման,
2. պայմանագրից բխող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման են ենթակա հետևյալ հարցադրումները.
1. արդյոք Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, և
2. արդյոք նշված պայմանագրից ծագած` Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հաստատվել է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրվել է Երևան քաղաքի, Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող 15,0 քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղիի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր: Նշված պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո: Գործի նյութերում, սակայն առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ ձևակերպված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև անշարժ գույքի առուվաճառքի 05.02.2015 թվականի կնքված համարելու համար անհրաժեշտ պայմաններից կատարվել է միայն մեկը` պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ երկրորդ պայմանը` պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը, չի կատարվել:
Հիմք ընդունելով վերը կատարված վերլուծություններն առ այն, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, իսկ գնորդի մոտ պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է ծագած առուվաճառքի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանով իսկ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Հայկ Շեկյանի մոտ սեփականության իրավունքի ծագման պահ կարող էր հանդիսանալ բացառապես այդ պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահը: Ուստի, նկատի ունենալով, որ Հայկ Շեկյանի մոտ վիճելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում տեղի չի ունեցել` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կողմերի միջև 05.02.2015 թվականին կնքված պայմանագիրն իրավական առումով չի կարող կնքված համարվել: Ավելին, ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև ձևակերպված պայմանագրի` Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրով Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև կնքված պայմանագրից ծագած սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման:
Վերոգրյալի համատեքստում, պատասխանելով վերը նշված հարցադրմանն այն մասին, թե որ դեպքում և ինչ կարգով լիազորագիրը կարող է համարվել դադարած, միաժամանակ անդրադառնալով Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագրին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռազմիկ Կարապետյանի անունից Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև առուվաճառքի պայմանագրի կնքման պահին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի դադարած լինելու վերաբերյալ դատարանների փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի և սույն գործի փաստերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նշված հոդվածի 1-ին կետով նախատեսված վավերապայմաններից Ռազմիկ Կարապետյանի կողմից լիազորագիրը վերացնելը կարող էր հիմք հանդիսանալ Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի գործողությունը դադարած որակելու համար:
Տվյալ դեպքում, սակայն գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը: Ավելին, գործով ձեռք չի բերվել, որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ, միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ:
Սույն պարագայում նշված ընթացակարգը պահպանելուց հետո միայն Ռազմիկ Կարապետյանը կարող էր համարել, որ լիազորագիրը վերացել է, իսկ Աննա Խաչատրյանը դադարել հանդես գալ որպես իր ներկայացուցիչ:
Քննարկվող պարագայում, սակայն, ինչպես նշվեց, այդ` միմյանց հետ փոխկապակցված գործողությունների կատարման վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել: Հետևաբար` Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացնելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:
Նման պայմաններում, այն իրավունքների և պարտականությունների շրջանակը, որոնք ծագել են լիազորված անձի` Աննա Խաչատրյանի գործողությունների հետևանքով և մինչև այն պահը, երբ վերջինս իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար լիազորագրի դադարման մասին, շարունակել են պահպանել իրենց իրավաբանական ուժը լիազորագրողի` Ռազմիկ Կարապետյանի և նրա իրավահաջորդների համար` երրորդ անձանց նկատմամբ:
Այսպիսով, վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
1. Աննա Խաչատրյանն ունեցել է լիազորություն Ռազմիկ Կարապետյանի անունից կնքելու վիճելի անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր,
2. գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանն իր կողմից տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացրել է նոտարական կարգով,
3. գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանն իր կողմից տրված լիազորագրի վերացման մասին տեղեկացրել է Աննա Խաչատրյանին, ինչպես նաև այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը:
Նման պայմաններում, առկա չէ լիազորության բացակայության հիմքով Աննա Խաչատրյանի անունից Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմք, որի կապակցությամբ ոչ իրավաչափ եզրահանգման են եկել դատարանները: Հետևաբար վիճելի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Միաժամանակ, եթե նույնիսկ դատարանները համարել են, որ սույն գործով առկա է լիազորագրի դադարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքը, ապա սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Կարապետյանի ու Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված պայմանագիրը չի կարող համարվել կնքված` հաշվի առնելով այն, որ այդ պայմանագրից ծագած իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման: Նման պայմաններում Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագրով նախատեսված` գույքը վաճառելու վերաբերյալ գործողությունը կատարված համարվել չի կարող, այն ավարտին չհասցվելու և ըստ այդմ` Ռազմիկ Կարապետյանի սեփականության իրավունքը դադարած չլինելու հիմնավորմամբ: Հետևաբար, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջը` լիազորագրով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում լիազորագրի գործողության դադարման հիմքը կիրառելի չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ վերլուծությունների հիման վրա Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայկ Շեկյանի պահանջն անհիմն է։ Նման պայմաններում մերժման են ենթակա նաև Հայկ Շեկյանի կողմից ներկայացված մյուս` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները` նկատի ունենալով, որ դրանք ածանցվում են հիմնական պահանջից և ներկայացվել են որպես պայմանագիրն անվավեր ճանաչելու հետևանք:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Հայկ Շեկյանից հօգուտ Մարինե Խաչատրյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Շեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 10.000 ՀՀ դրամ` որպես երկու ոչ գույքային պահանջով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճռի դեմ Հայկ Շեկյանի ներկայացուցիչ Մոնիկա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2016 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել։
2. Հայկ Շեկյանից հօգուտ Մարինե Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:
Հայկ Շեկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2016 թվականի որոշմամբ չվճարված մասով հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/2401/02/15 քաղաքացիական գործով 10.12.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
10.12.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Շեկյանի ընդդեմ Ռազմիկ Կարապետյանի, Մարինե Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի` պայմանագիրը և իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ու սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ նաև որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ն. Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Հայկ Շեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և նշված գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) 21.07.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Հունանյան, մասնակցությամբ` դատավորներ Կ. Հակոբյան, Ա. Սմբատյան) 09.11.2016 թվականի որոշմամբ Հայկ Շեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2018 թվականի որոշմամբ Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Շեկյանը»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 304-րդ հոդվածները, 325-րդ հոդվածի 2-րդ կետը, 449-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ3/0150/05/10 գործով կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ և 449-րդ հոդվածների վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված պայմանագիրը կնքված համարվել չի կարող: Ուստի, նման հանգամանքը բացառում է Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից 17.10.2014 թվականի թիվ 3441 համարի տակ գրանցամատյանում գրանցված 17.10.2014 թվականի լիազորագրի գործողության դադարած լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայկ Շեկյանի և Ռազմիկ Կարապետյանի միջև ստորագրված պայմանագրի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանում չկա որևէ նշում այն մասին, որ Հայկ Շեկյանը վճարել է պայմանագրի գինը: Միաժամանակ սույն քաղաքացիական գործում ևս առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պայմանագրի գինը վճարվել է:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանում տեղի ունեցած գործի քննության ընթացքում հայցվորը չի վկայակոչել, հետևաբար նաև չի ապացուցել այն փաստը, որ Աննա Խաչատրյանը մինչև 11.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքելը տեղեկացված է եղել, որ 17.10.2014 թվականի լիազորագրի գործողությունը դադարեցված է եղել: Նույն կերպ, հայցվորը չի հիմնավորել, որ Մարինե Խաչատրյանը մինչև 11.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքելը տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր կնքող անձին` Աննա Խաչատրյանին 17.10.2014 թվականին տրված լիազորագրի գործողությունը դադարեցված է եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել»:
2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Բողոք բերած անձը չի հիմնավորել, թե հատկապես ինչպիսի դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ են թույլ տրվել, այն պարագայում, երբ երեք տարբեր դատարաններ, քննելով նույն գործը, հանգել են միևնույն եզրակացության:
Ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են օրենքի պահանջներին համապատասխան և օրինական են: Դատարանները թույլ չեն տվել դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտում»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) Համաձայն 17.10.2014 թվականի լիազորագրի` Ռազմիկ Կարապետյանն Աննա Խաչատրյանին լիազորել է, ի թիվս այլնի, իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող բաժինը և Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով: Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից լիազորագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել գրանցամատյանում թիվ 3441 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 120):
2) Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի «ա» կետի համաձայն` «վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք` 15.0 քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղի (օբյեկտ), գտնվող ՀՀ քաղ. Երևան, Վ.Համբարձումյան փողոց 119 շենքի թիվ 20 հասցեում»: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 116-117):
3) Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված, Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սյուզաննա Նազինյանի կողմից 17.10.2014 թվականին հաստատված, թիվ 3441 համարի ներքո գրանցամատյանում գրանցված լիազորագրի հիման վրա` Աննա Խաչատրյանը Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` Աննա Խաչատրյանը վաճառում է, իսկ Մարինե Խաչատրյանը որպես սեփականություն ձեռք է բերում Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 15.0քմ մակերեսով ավտոկայանատեղիից: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել գրանցամատյանում` թիվ 274 համարի ներքո (հատոր 2-րդ, գ.թ. 118-119):
4) Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022015-01-0109 վկայականի` Երևան, Արաբկիր, Վ.Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքը 11.02.2015 թվականի թիվ 274 առուվաճառքի պայմանագրի հիման վրա 16.02.2015 թվականին գրանցվել է Մարինե Սուրիկի Խաչատրյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 9):
5) Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկել»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
Սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիրը կարող է արդյոք վերացված համարվել, իսկ այդ լիազորագրով կատարված գործարքը և դրանից ծագած իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչվել, եթե մինչև այդ լիազորագրով նախատեսված գործարքի կնքումը, գույքի սեփականատերը երրորդ անձի հետ նոտարական կարգով ձևակերպվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն չի կատարվել դրանից ծագող իրավունքների պետական գրանցում:
Վերոգրյալ հարցադրմանը պատասխանելու համար անհրաժեշտ է պարզաբանել, թե
1. որ պահից է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում կնքված, որն է պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը, և որ դեպքում պայմանագիրն ու դրանից ծագած իրավունքի պետական գրանցումը կարող են ճանաչվել անվավեր,
2. որ դեպքում և ինչ կարգով լիազորագիրը կարող է համարվել դադարած:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի համաձայն 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկով արձանագրել է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար բավարար չէ կողմերի ստորագրությամբ դրա բոլոր էական պայմաններին համաձայնվելը և նոտարական վավերացման ենթարկելը: Պայմանագիրը կնքված է համարվում պայմանագրից ծագող իրավունքները` տվյալ դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքը, գրանցելու պահից: Այսինքն, նման իրավիճակներում պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքի պետական գրանցման պահերը համընկնում են (տե՛ս, Արմեն Շահբազյանն և Քրիստինա Տոնոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման թիվ 3-65(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կապված գործարքների համար օրենսդիրը սահմանել է հետևյալ հատուկ պահանջները` նոտարական կարգով վավերացվող պայմանագիր և դրանից բխող իրավունքների պետական գրանցում: Բացառապես այս պայմանների կատարման արդյունքում են պայմանագրի կողմերի համար առաջանում քաղաքացիական-իրավական իրավունքներ և պարտականություններ: Ընդ որում, ի տարբերություն այլ պայմանագրերի, այն պայմանագրերի համար, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, օրենսդիրը տվել է պայմանագրի կնքման պահը որոշելու այլ կարգավորում, որը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի կարգավորումից, այսինքն` պայմանագիրը կնքված է համարվում, իսկ գործարքը վավեր` իրավունքի պետական գրանցման պահից: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ անշարժ գույքի հետ կապված գործարքները վավեր են, իսկ անշարժ գույքին առնչվող պայմանագրերը կնքված են համարվում իրավունքների պետական գրանցման պահից: Այսինքն` մինչև իրավունքների պետական գրանցումը չի կարող լինել վավեր գործարք և կնքված պայմանագիր (տե՛ս, Դավիթ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ3/0150/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագումն անմիջականորեն կապված է գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման կարգի պահպանման հետ: Այսինքն, որպեսզի անշարժ գույքը ձեռք բերողի մոտ ծագի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ է ձեռք բերվող գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքը ենթարկել պետական գրանցման: Միայն այս պահանջի կատարումից հետո է պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը կոնկրետ գույքի նկատմամբ: Ուստի, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջը կատարված չէ, պայմանագրի առարկա անշարժ գույքը ձեռք բերողն օրենքի իմաստով չի կարող ակնկալել պետության կողմից կոնկրետ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պաշտպանություն:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վերը վկայակոչված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ շարժական գույքի առուվաճառքի վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը` պայմանագիրը, համարվում է կնքված համապատասխան գույքը հանձնելու պահից (եթե դրա համար օրենսդիրը չի նախատեսել իրավունքի պետական գրանցում), մինչդեռ անշարժ գույքի դեպքում գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար հարկավոր է առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացում և իրավունքի պետական գրանցում, և արդեն իրավունքի պետական գրանցման պահից սկսած է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված: Այլ կերպ ասած` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարելու համար բավարար չէ կողմերի ստորագրությամբ դրա բոլոր էական պայմաններին համաձայնելը և պայմանագիրը նոտարական վավերացման ենթարկելը, քանի որ պայմանագիրը կնքված է համարվում դրանից ծագող իրավունքները, տվյալ դեպքում` անշարժ գույքի նկատմամբ գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը, պետական գրանցման ենթարկելու պահից: Ընդ որում, օրենսդիրը հստակեցրել է, որ անշարժ գույքի նկատմամբ ծագած սեփականության իրավունքը պետք է պետական գրանցման ներկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ նշված գույքի նկատմամբ գործարքը ենթարկվել է նոտարական վավերացման:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, իսկ գնորդի մոտ պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է ծագած առուվաճառքի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից: Ուստի, քանի դեռ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում տեղի չի ունեցել, անկախ կողմերի միջև առուվաճառքով կատարված գործողությունների ծավալից, այդ պայմանագիրն ինքնին չի կարող գույքը ձեռք բերողի մոտ առաջացնել սեփականության իրավունք` որպես պայմանագրից բխող իրավական հետևանք:
2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ գլխով օրենսդիրը կարգավորվել է «Ներկայացուցչություն» վերտառությամբ լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով մեկ անձի կողմից ուրիշ անձի անունից հանդես գալու, գործարքներ կնքելու, քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ստանձնելու կարգը և առանձնահատկությունները:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:
Նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորագրողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորագրողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ լիազորվողն օգտվում է լիազորագրի շրջանակներում լիազորագրողի կողմից իրեն վերապահված գործողություններ կատարելու իրավունքից, որը հստակ ձևակերպվում է լիազորագրի բովանդակությունում և երրորդ անձանց հնարավորություն է տալիս հստակ եզրակացնել, թե լիազոր ներկայացուցիչն ինչպիսի իրավազորությամբ է օժտված (տե՛ս, «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու թիվ ԵԿԴ/1769/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը)։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով սահմանվում են ներկայացուցչի իրավունքները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև լիազորագրողի անունից երրորդ անձանց հետ հարաբերությունների մեջ մտնելու այլ պայմանները: Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածով սահմանելով լիազորագրի գործողության ժամկետին վերաբերող ընդհանուր դրույթներ, միաժամանակ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածում անդրադարձել է նաև լիազորագրի գործողության դադարման հիմքերին:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրվել է այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնցից որևէ մեկի վրա հասնելու դեպքում դադարում է լիազորագրի գործողությունը: Ընդ որում, այդ իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի. դրանում սպառիչ կերպով թվարկվել են լիազորագրի դադարման հիմք հանդիսացող պայմանները, որոնք չեն կարող կամայական ընդլայնման ենթարկվել: Ուստի, հիմք ընդունելով նշվածը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետով թվարկված դեպքերը ոչ այլ ինչ են, քան օրենսդրի կողմից նախատեսված իրավաբանական փաստեր, որոնց հետ վերջինս կապել է լիազորագրի գործողության դադարումը: Այսինքն` այդ փաստերից որևէ մեկի վրա հասնելու դեպքում է միայն լիազորագիրը դադարում, և լիազորված անձն այլևս իրավասու չի լինում ներկայացնել լիազորագրողի շահերը:
Վերը շարադրված վերլուծությունը տարածելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:
Լիազորագրով նախատեսված գործողությունների իրականացված լինելն օրենսդիրը որակել է որպես ինքնուրույն իրավաբանական փաստ, որի ուժով դադարում է լիազորագրի գործողությունը: Ընդ որում, օրենսդիրը չի տարբերակել, թե ում կողմից է իրականացվել լիազորագրով նախատեսված գործողությունը` լիազորողի, լիազորվածի, թե օրենքով նախատեսված այլ անձի կողմից։ Տվյալ դեպքում, չառանձնացնելով իրավունքի սուբյեկտին, օրենսդիրն այդ հիմքով լիազորագրի դադարման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում ամրագրված հիփոթեզում, որպես իրավաբանական փաստ, բացառապես սահմանել է լիազորագրով նախատեսված գործողության իրականացված լինելու իրավաբանական փաստի առկայությունը։ Այդ կապակցությամբ հարկ է բացահայտել «իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները» բառակապացությունը։
Քննարկվող պարագայում այդ բառակապակցությունն իր մեջ ներառում է երեք միմյանց հետ փոխկապակցված`
1. գործողություններ,
2. գործողություններ` սահմանված լիազորագրով,
3. գործողություններ, որոնք պետք է լինեն իրականացված։
Տվյալ դեպքում, գործողությունը, որպեսզի հանդես գա լիազորագրի դադարման համար բավարար իրավաբանական փաստ, պետք է ոչ միայն նախատեսված լինի լիազորագրով, այլև լինի կատարված։ Այդ առումով, եթե գործողության էությունը բացահայտվում է լիազորագրում նշված իրավական հետևանքներ առաջ բերող արարքների բովանդակությամբ, ապա այդ գործողության կատարված լինելը բացահայտվում է այն իրավական հետևանքների վրա հասած լինելու հանգամանքով, որի համար տրվել էր լիազորագիր։
Քննարկվող պարագայում, առուվաճառքի լիազորագրի բովանդակությունը կազմում է լիազորագրում սահմանված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ լիազորողի անունից պայմանագրի կնքման գործողությունը, իսկ այդ գործողության իրականացված լինելը դրսևորվում է առուվաճառքի պայմանագրի կնքված լինելու իրողությամբ։
Այն բոլոր դեպքերում, երբ լիազորագրի բովանդակությունը կազմում է անշարժ գույքի օտարման պայմանագրի կնքման գործընթացը, ապա նման լիազորագրի դադարման համար, որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառման իրավաբանական փաստ, հանդես է գալիս անշարժ գույքի նկատմամբ օտարման պայմանագրի կնքված լինելու հանգամանքը։ Այսինքն, երբ պահպանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները։
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառության իրավական կարգավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրողի կողմից լիազորագիրը վերացնելն օրենսդիրը որակել է որպես ինքնուրույն իրավաբանական փաստ, որի ուժով կարող է դադարել լիազորագրի գործողությունը: Ուստի, լիազորագիրը վերացնելու պահից սկսած ներկայացվողի մոտ դադարում է նաև լիազորագրով սահմանված իրավական վիճակը: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորագրողն իրավասու է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը (վերալիազորագիրը):
Օրենսդիրը կարգավորել է նաև լիազորագրի վերացման իրավական մեխանիզմը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կատարվում է նոտարական կարգով: Այս իրավանորմից հետևում է, որ լիազորագիրը վերացնելու վերաբերյալ լիազորագրողի կամահայտնությունը դեռևս չի կարող հիմք հանդիսանալ նոտարական կարգով տրված լիազորագրի գործողությունը դադարած որակելու համար, քանի դեռ պահպանված չէ այդ կամահայտնությունը նոտարական ձևակերպման ենթարկելու օրենսդրի պահանջը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոտարական կարգով տրված լիազորագրի վերացման հիմքով դադարման իրավաբանական փաստը վրա է հասնում միայն լիազորագրի վերացմանը նոտարական կարգով ձևակերպում տալու պահից: Տվյալ դեպքում, վճռորոշ նշանակություն է ձեռք բերում նոտարական կարգով լիազորագրի վերացման իրավական կարգավորումը: Ըստ այդմ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է լիազորագրի վավերացման ընթացակարգը, մասնավորապես` նույն հոդվածի 1-ին կետով սահմանվել է, որ նոտարը վավերացնում է լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով, իսկ 5-րդ կետով ամրագրվել է, որ լիազորագիրը վավերացնելուց հետո նոտարն այն մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան: Նշված հոդվածի 6-րդ կետով սահմանվել է, որ լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում ստանալու դեպքում նոտարը համապատասխան տվյալները մուտքագրում է լիազորագրերի առցանց շտեմարան։
Հարկ է նշել, որ լիազորագրողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ լիազորագիրը վերացնելն ինքնին առաջ չի բերում լիազորված անձի կողմից լիազորագրով տրված իրավական վիճակի դադարում: Մասնավորապես` օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրել է, որ լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: (...): Նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ լիազորագիր տված և հետագայում այն վերցրած անձին օրենսդիրը ներկայացրել է իմպերատիվ պահանջ` դրա վերացման մասին տեղեկացնել ինչպես լիազորագիրն ստացած անձին, այնպես էլ այն երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչություն է իրականացնելու լիազորագիրն ստացած անձը: Այսինքն` չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է, որ նոտարական կարգով տրված լիազորագրի գործողությունը համարվում է դադարած՝ վերացումը նոտարական կարգով ձևակերպելուց հետո, այդուհանդերձ, որպեսզի լիազորագրի դադարման հետևանքները լիազորված անձի համար վրա հասնեն, անհրաժեշտ է, որ լիազորագրի վերացման մասին լիազորագրողը տեղեկացնի ինչպես լիազորված անձին, այնպես էլ այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորագրողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Նշված իրավանորմի դիսպոզիցիան սահմանում է, որ լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները պահպանում են իրենց իրավական ուժը միայն նույն իրավանորմի հիփոթեզում ամրագրված վավերապայմանների առկայության դեպքում: Այդ վավերապայմանները հետևյալն են.
1. լիազորագրով առաջ եկած իրավունքները և պարտավորությունները ծագել են լիազորագրի դադարման վերաբերյալ տեղեկացված լինելուն նախորդած ժամանակահատվածում,
2. լիազորագրով առաջ եկած իրավունքները և պարտականությունները ծագել են մինչև այն ժամանակահատվածը, երբ լիազորված անձը լիազորագրի դադարման մասին տեղեկացված չի եղել, սակայն օբյեկտիվորեն պետք է այդ մասին իրազեկված լիներ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ օրենսդիրը լիազորագրի դադարման իրավական հետևանքներն ուղղակիորեն պայմանավորել է դադարման վերաբերյալ լիազորված անձի իրազեկվածության իրավաբանական փաստի վրա հասնելու հանգամանքով:
Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ ու 325-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը` կարելի է արձանագրել, որ այն դեպքում, երբ լիազորագրողը որոշում է դադարեցնել նոտարական կարգով վավերացված լիազորագրի գործողությունը, ապա պարտավոր է կատարել հետևյալ` միմյանց հետ փոխկապակցված գործողությունները, մասնավորապես`
1. լիազորագիրը վերացնել նոտարական կարգով,
2. լիազորագրի վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը:
Հակառակ պարագայում, այն իրավունքների և պարտականությունների շրջանակը, որոնք ծագել են լիազորված անձի գործողությունների հետևանքով և մինչև այն պահը, երբ վերջինս իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերից որևէ մեկով լիազորագրի դադարման մասին, շարունակում են պահպանել իրենց իրավաբանական ուժը լիազորագրողի և նրա իրավահաջորդների համար` երրորդ անձանց նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձը գիտեր կամ օբյեկտիվորեն պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ռազմիկ Կարապետյանը, 17.10.2014 թվականին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրով, ի թիվս այլնի, լիազորել է Աննա Խաչատրյանին իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 23 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող բաժինը և Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին:
Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի հիման վրա` Աննա Խաչատրյանը Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` Աննա Խաչատրյանը վաճառում է, իսկ Մարինե Խաչատրյանը որպես սեփականություն ձեռք է բերում Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 15.0 քմ մակերեսով ավտոկայանատեղիից: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել գրանցամատյանում` թիվ 274 համարի ներքո:
Այնուհետև, համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16022015-01-0109 վկայականի` Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղի հասցեի անշարժ գույքը 11.02.2015 թվականի թիվ 274 առուվաճառքի պայմանագրի հիման վրա 16.02.2015 թվականին գրանցվել է Մարինե Սուրիկի Խաչատրյանի անվամբ:
Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կազմվել ու ստորագրվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի «ա» կետի համաձայն` «վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք` 15.0 քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղի (օբյեկտ), գտնվող ՀՀ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան փողոց 119 շենքի թիվ 20 հասցեում»: Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո: Պայմանագրի նոտարական վավերացումից հետո դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայկ Շեկյանի հայցի հիման վրա, որով վերջինս, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 313-րդ հոդվածների դրույթները, պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և ճանաչել նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Դատարանի 06.10.2017 թվականի վճռով բավարարվել է Հայկ Շեկյանի հայցը` այն պատճառաբանությամբ, որ Աննա Խաչատրյանի կողմից Մարինե Սուրիկի Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին առուվաճառքի պայմանագիր կնքելիս Աննա Խաչատրյանի մոտ բացակայել է նշված գործարքը ստորագրելու լիազորությունը, քանի որ 17.10.2014 թվականին Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը 05.02.2015 թվականից, այսինքն` Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև վեճի առարկա գույքի կապակցությամբ առուվաճառքի պայմանագիր կնքելու և նոտարական վավերացում տալու պահից, դադարել էր: Հետևաբար, Դատարանն անվավեր է ճանաչել Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի 119 շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղիի առուվաճառքի պայմանագիրը, վերացրել վեճի առարկա գույքի նկատմամբ Մարինե Խաչատրյանի անվամբ կատարված պետական գրանցումը և ճանաչել Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ այն հիմնավորմամբ, որ Հայկ Շեկյանը 05.12.2015 թվականի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել վեճի առարկա գույքը, իսկ վաճառող Ռազմիկ Կարապետյանն իր իրավունքը փոխանցել, օտարել է գնորդին` չպահպանելով այդ գույքի նկատմամբ որևէ գույքային, այդ թվում նաև` սեփականության իրավունք: Այսինքն, չունենալով գույքի ճակատագիրը որոշելու իրավունք` Ռազմիկ Կարապետյանը չէր կարող լիազորագրով օտարման իրավունքը փոխանցել ներկայացուցչին, իսկ նախկինում տրված լիազորագիրը գույքի օտարման պայմաններում դադարում է, հետևաբար, նույն գույքը չէր կարող երկրորդ անգամ օտարվել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև առուվաճառքի պայմանագիրն ստորագրվել է 05.02.2015 թվականին, որը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ պայմանագրի կողմերը պայմանագրից ծագող իրավունքները կարող էին ենթարկել պետական գրանցման ներառյալ 06.03.2015 թվականը: Այսպիսով, Հայկ Շեկյանն օրինական սպասելիք ուներ վեճի առարկա գույքի նկատմամբ, քանի որ դրա նկատմամբ իր իրավունքները ենթակա են եղել պետական գրանցման առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած երեսնօրյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործով, ինչպես արդեն վերը նշվեց, հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 313-րդ հոդվածների հիմքով, որով Հայկ Շեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 119-րդ շենք, թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումը և ճանաչել նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճռով մերժելով հայցը` արձանագրել է, որ հայցվորը չի ապացուցել, որ թե իր և թե Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ գործարքներ կնքելիս վաճառողը կամ վերջինիս լիազորված անձը դրանք ստորագրել են խաբեությամբ, հայցվորը չի պարզաբանել թե ինչում է կայանում խաբեությունը և որն էր գնորդ Մարինե Խաչատրյանի խաբելու նպատակը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.11.2016 թվականի որոշմամբ Հայկ Շեկյանի վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության` ըստ էության սահմանել է գործի նոր քննության ծավալը: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա 11.02.2015 թվականին Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք այն դեպքում, երբ նշված լիազորագրի գործողությունը դադարել է Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով:
Այնուհետ, Դատարանը գործը քննել և 06.10.2017 թվականին վճիռ է կայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2016 թվականի որոշմամբ տրված գործի նոր քննության ծավալի շրջանակներում: Արդյունքում` Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթը, Հայկ Շեկյանի հայցը բավարարել է: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Փաստորեն, սույն գործով ստորադաս դատարաններն ըստ էության ապացուցված են համարել, որ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով գործարքն անվավեր ճանաչելու համար Հայկ Շեկյանը չի ներկայացրել այնպիսի բավարար ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ վիճելի գործարքը կնքվել է մյուս կողմի խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, կամ մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ, ինչն էլ հնարավոր կդարձներ սույն վեճի լուծման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի կիրառման հանգամանքը: Միաժամանակ, թե՛ Դատարանը` Հայկ Շեկյանի հայցը բավարարելիս, թե՛ Վերաքննիչ դատարանը` Մարինե Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժելիս, գտել են, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա 11.02.2015 թվականին Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք այն դեպքում, երբ նշված լիազորագրի գործողությունը դադարել է Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով:
Նման պայմաններում, սույն գործի փաստերի և վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետով և 563-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդիրն ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ այդ պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին` պետական գրանցման: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ և 449-րդ հոդվածի 3-րդ կետով հստակեցվել է, որ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա պայմանագիրը կնքված է համարվում և ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից, ուստի միայն այդ պահից սկսած է պետության կողմից ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը:
Փաստորեն, օրենսդիրը հստակեցրել է, որ կողմերի միջև ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ դրանից ծագող քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները կողմերի համար կարող են ունենալ իրավական հետևանքներ, եթե կատարված են հետևյալ պահանջները`
1. պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման,
2. պայմանագրից բխող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման են ենթակա հետևյալ հարցադրումները.
1. արդյոք Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, և
2. արդյոք նշված պայմանագրից ծագած` Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հաստատվել է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրվել է Երևան քաղաքի, Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող 15,0քմ ընդհանուր մակերեսով ավտոկայանատեղիի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր: Նշված պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման և գրանցվել սեղանամատյանում թիվ 311 համարի ներքո: Գործի նյութերում, սակայն առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ ձևակերպված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև անշարժ գույքի առուվաճառքի 05.02.2015 թվականի կնքված համարելու համար անհրաժեշտ պայմաններից կատարվել է միայն մեկը` պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ երկրորդ պայմանը` պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը, չի կատարվել:
Հիմք ընդունելով վերը կատարված վերլուծություններն առ այն, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, իսկ գնորդի մոտ պայմանագրի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է ծագած առուվաճառքի պայմանագրի առարկա գույքի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցման պահից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանով իսկ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Հայկ Շեկյանի մոտ սեփականության իրավունքի ծագման պահ կարող էր հանդիսանալ բացառապես այդ պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահը: Ուստի, նկատի ունենալով, որ Հայկ Շեկյանի մոտ վիճելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում տեղի չի ունեցել` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կողմերի միջև 05.02.2015 թվականին կնքված պայմանագիրն իրավական առումով չի կարող կնքված համարվել: Ավելին, ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև ձևակերպված պայմանագրի` Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրով Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև կնքված պայմանագրից ծագած սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման:
Վերոգրյալի համատեքստում, պատասխանելով վերը նշված հարցադրմանն այն մասին, թե որ դեպքում և ինչ կարգով լիազորագիրը կարող է համարվել դադարած, միաժամանակ անդրադառնալով Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագրին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռազմիկ Կարապետյանի անունից Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև առուվաճառքի պայմանագրի կնքման պահին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի դադարած լինելու վերաբերյալ դատարանների փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի և սույն գործի փաստերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նշված հոդվածի 1-ին կետով նախատեսված վավերապայմաններից Ռազմիկ Կարապետյանի կողմից լիազորագիրը վերացնելը կարող էր հիմք հանդիսանալ Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի գործողությունը դադարած որակելու համար:
Տվյալ դեպքում, սակայն գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը: Ավելին, գործով ձեռք չի բերվել, որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ, միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ:
Սույն պարագայում նշված ընթացակարգը պահպանելուց հետո միայն Ռազմիկ Կարապետյանը կարող էր համարել, որ լիազորագիրը վերացել է, իսկ Աննա Խաչատրյանը դադարել հանդես գալ որպես իր ներկայացուցիչ:
Քննարկվող պարագայում, սակայն, ինչպես նշվեց, այդ` միմյանց հետ փոխկապակցված գործողությունների կատարման վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել: Հետևաբար` Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացնելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:
Նման պայմաններում, այն իրավունքների և պարտականությունների շրջանակը, որոնք ծագել են լիազորված անձի` Աննա Խաչատրյանի գործողությունների հետևանքով և մինչև այն պահը, երբ վերջինս իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար լիազորագրի դադարման մասին, շարունակել են պահպանել իրենց իրավաբանական ուժը լիազորագրողի` Ռազմիկ Կարապետյանի և նրա իրավահաջորդների համար` երրորդ անձանց նկատմամբ:
Այսպիսով, վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
1. Աննա Խաչատրյանն ունեցել է լիազորություն Ռազմիկ Կարապետյանի անունից կնքելու վիճելի անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքի պայմանագիր,
2. գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանն իր կողմից տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացրել է նոտարական կարգով,
3. գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանն իր կողմից տրված լիազորագրի վերացման մասին տեղեկացրել է Աննա Խաչատրյանին, ինչպես նաև այն երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը:
Նման պայմաններում, առկա չէ լիազորության բացակայության հիմքով Աննա Խաչատրյանի անունից Մարինե Խաչատրյանի հետ 11.02.2015 թվականին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմք, որի կապակցությամբ ոչ իրավաչափ եզրահանգման են եկել դատարանները: Հետևաբար վիճելի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Միաժամանակ, եթե նույնիսկ դատարանները համարել են, որ սույն գործով առկա է լիազորագրի դադարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքը, ապա սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Կարապետյանի ու Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված պայմանագիրը չի կարող համարվել կնքված` հաշվի առնելով այն, որ այդ պայմանագրից ծագած իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման: Նման պայմաններում Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագրով նախատեսված` գույքը վաճառելու վերաբերյալ գործողությունը կատարված համարվել չի կարող, այն ավարտին չհասցվելու և ըստ այդմ` Ռազմիկ Կարապետյանի սեփականության իրավունքը դադարած չլինելու հիմնավորմամբ: Հետևաբար, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջը` լիազորագրով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում լիազորագրի գործողության դադարման հիմքը կիրառելի չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ վերլուծությունների հիման վրա Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայկ Շեկյանի պահանջն անհիմն է։ Նման պայմաններում մերժման են ենթակա նաև Հայկ Շեկյանի կողմից ներկայացված մյուս` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նշված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները` նկատի ունենալով, որ դրանք ածանցվում են հիմնական պահանջից և ներկայացվել են որպես պայմանագիրն անվավեր ճանաչելու հետևանք:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս և Ն. Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտում, ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և փոփոխել` հայցը մերժել է:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ խախտում վերագրելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է և փոփոխել` հայցը մերժել է, ըստ էության, հետևյալ շարժառիթներով՝
1) չնայած Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված առուվաճառքի պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, սակայն առկա չէ որևէ ապացույց այդ պայմանագրից ծագած իրավունքները պետական գրանցման ենթարկված լինելու վերաբերյալ, այսինքն՝ նշված պայմանագիրը կնքված համարելու համար անհրաժեշտ պայմաններից կատարվել է միայն մեկը, որի պայմաններում այն չի կարող համարվել կնքված.
2) ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև ձևակերպված պայմանագրի` Ռազմիկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրով Աննա Խաչատրյանի և Մարինե Խաչատրյանի միջև կնքված պայմանագրից ծագած սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման.
3) գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, կամ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ.
4) Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացվելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը Հայկ Շեկյանի պահանջները՝ կապված Ռազմիկ Կարապետյանի և Մարինե Խաչատրյանի միջև 11.02.2015 թվականին կնքված թիվ 274 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 ավտոկայանատեղիի նկատմամբ իրավունքի 16.02.2015 թվականի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ու նշված գույքի նկատմամբ Հայկ Շեկյանի սեփականության իրավունքը ճանաչելու հետ, անհիմն է համարել, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ՝
1) ի տարբերություն Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, որը բացառապես ենթարկվել է նոտարական վավերացման, Ռազմիկ Կարապետյանի, որի անունից հանդես է եկել Աննա Խաչատրյանը՝ որպես ներկայացուցիչ, և Մարինե Խաչատրյանի միջև նույն գույքի վերաբերյալ 11.02.2015 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից, որը ևս ենթարկվել է նոտարական վավերացման, նաև բխող իրավունքն է ենթարկվել պետական գրանցման, և
2) քանի որ գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը վերացնելու կամ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկած լինելու, լիազորագիրը վերացնելու մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց տեղեկացնելու վերաբերյալ, ուստի Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը:
Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ հայցը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ լիազորագրի գործողությունը դադարում է, եթե իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները։
Նույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրողը վերացրել է այն։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: (…)
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում այն կնքելու պահից:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ լիազորագիր տալը ինքնանպատակ գործողություն չէ, այն հետապնդում է կոնկրետ նպատակ՝ այլ անձի լիազորելու երրորդ անձանց առջև ներկայացնելու լիազորագիր տված անձին։ Դրանից ելնելով՝ օրենսդիրը որպես լիազորագրի գործողության դադարման հիմք նախատեսել է լիազորագրով նախատեսված գործողությունն իրականացված լինելու փաստի առկայությունը՝ առանց կոնկրետ նշելու, թե խոսքը ում կողմից իրականացված գործողության մասին է։ Ընդ որում, տվյալ գործողությունն իրականացրած անձին ճշտելու առումով պարտադիր պայման չնախատեսելու օրենսդրի նման կարգավորումը համարում ենք իրավաչափ, քանի որ այս դեպքում ոչ թե էական է պարզելը, թե այդ անձը լիազորագիր տվողն է, թե՝ ներկայացուցիչը, այլ՝ այն, թե արդյո՞ք լիազորագրով նախատեսված գործողությունն իրականացվել է, և այդ փաստի առկայությունը հաստատված համարվելու պայմաններում արդեն իսկ իմաստազրկվում է տրված լիազորագրի գործողությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ այն տված անձը, ըստ էության, հասել է ակնկալվող նպատակին։
Լիազորագրի դադարման վերը նշված հիմքից բացի, օրենսդիրը նախատեսել է նաև այլ հիմք՝ այն պայմանավորելով լիազորագրողի կողմից վերացնելու հետ։ Կարծում ենք, որ այս հիմքը լրիվ ինքնուրույն և անկախ հիմք է, որևէ առնչություն չունի վերը նշված հիմքի հետ, ու չի կարող գոյություն ունենալ վերջինիս հետ միաժամանակ, քանի որ այս երկրորդ դեպքը կարող է առաջանալ (լիազորագրի գործողությունը դադարեցվել) բացառապես այն ժամանակ, երբ առկա է լիազորագիր, որով նախատեսված գործողությունը դեռևս չի կատարվել, կամ առկա չեն օրենքի ուժով դրա գործողության դադարման այլ հիմքեր, սակայն լիազորագրողը ցանկանում է այն դադարեցնել վերացնելու եղանակով, որպիսի իրավունքից նա կարող է օգտվել ցանկացած ժամանակ: Ընդ որում, այս դեպքում լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձի վրա պարտավորություն է դրվել վերացման մասին տեղեկացնելու լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Հակառակ պարագայում նաև լիազորողի համար երրորդ անձանց նկատմամբ իրենց ուժն են պահպանում լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած այն իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ ներկայացուցիչն իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին։ Նշված կանոնից առկա է միայն մեկ բացառություն, երբ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարած լինելու մասին: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ եթե ներկայացուցիչը ներկայացվողի անունից կնքում է գործարք՝ չունենալով դրա համար լիազորություն կամ սահմանազանցմամբ է այն կնքում, ապա այս դեպքում այդ գործարքը կնքված է համարվում ներկայացուցչի անունից և ի շահ նրա, եթե ներկայացվողը հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին, իսկ այդպիսի հավանության դեպքում տվյալ գործարքով ներկայացվողի համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ են ստեղծվում, փոփոխվում և դադարեցվում այն կնքելու պահից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ռազմիկ Կարապետյանը լիազորագիր է տվել Աննա Խաչատրյանին իր հայեցողությամբ և ցանկացած գնով վաճառել նաև Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 119-րդ շենքի թիվ 20 հասցեում գտնվող ավտոկայանատեղին: Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով, և այն վավերացրել է նոտարը:
05.02.2015 թվականին Ռազմիկ Կարապետյանը Հայկ Շեկյանի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վերջինիս է վաճառել վերը նշված ավտոկայանատեղին: Պայմանագիրը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման։ Դրանից բխող իրավունքը գրանցելու ժամկետը դեռևս չլրացած՝ 11.02.2015 թվականին, այսինքն՝ վերը նշված պայմանագիրը կնքելուց վեց օր հետո, նույն գույքի վերաբերյալ Ռազմիկ Կարապետյանի անունից առուվաճառքի պայմանագիր է կնքել վերջինիս ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը՝ այն վաճառելով Մարինե Խաչատրյանին։ Պայմանագիրը նույն օրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման։
Հիմք ընդունելով մեր կողմից արտահայտված դիրքորոշումները, հետազոտելով վերը նշված լիազորագիրը՝ կարծում ենք, որ Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Կարապետյանին տրված լիազորագիրը տվյալ դեպքում հետապնդել է կոնկրետ նպատակ՝ վերջինիս լիազորելու երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նաև վերը նշված գույքի առուվաճառքի հետ կապված իրավահարաբերություններում, այսինքն՝ նաև կատարելու (կնքելու) այդ գույքի վաճառքի հետ կապված գործողություն։ Սակայն այդ լիազորագիրը տալուց հետո Ռազմիկ Կարապետյանն անձամբ է իրականացրել վերը նշված գույքի վաճառքի հետ կապված գործողությունը՝ այն առանց ներկայացուցչի՝ անմիջականորեն, 05.02.2015 թվականին վաճառելով Հայկ Շեկյանին։ Դրանից ելնելով՝ կարծում եմ, որ տրված լիազորագրի գործողությունն այդ պահից դադարել է օրենքի ուժով։
Նման պայմաններում կարծում ենք, որ լիազորագրի գործողությունը դեռևս 05.02.2015 թվականից դադարած լինելու դեպքում Աննա Կարապետյանը համարվում է 11.02.2015 թվականին վերը նշված պայմանագիրը կնքելու լիազորություն չունեցող, և այս դեպքում այդ գործարքը կարող է համարվել բացառապես նրա անունից և ի շահ նրա կնքված, քանի որ Ռազմիկ Կարապետյանը հետագայում ուղղակի հավանություն չի տվել այդ գործարքին:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու հիմքում դրված շարժառիթին, որ «առկա չէ որևէ ապացույց Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին ստորագրված առուվաճառքի պայմանագրից ծագած իրավունքները պետական գրանցման ենթարկված լինելու վերաբերյալ», ապա կարծում ենք, որ այն չի կարող հիմք հանդիսանալ վերը նշված լիազորագրի գործողությունն օրենքի ուժով դադարած համարելու փաստը ժխտելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշեցինք, այն դադարել է Ռազմիկ Կարապետյանի կողմից իր գույքի վաճառքի հետ կապված կամք արտահայտելու՝ գործողությունն անձամբ 05.02.2015 թվականին իրականացնելու փաստի ուժով, որը, կարծում եմ, որևէ ձևով չի կարող ժխտվել և պայմանավորված լինել զուտ գործարքից բխող իրավունքը պետական գրանցման ենթարկված չլինելու պատճառաբանությամբ, այն էլ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքելուց հետո անցել էր ընդամենը վեց օր, և գործով չի վկայակոչվել ու հաստատված համարվել փաստ, որ պայմանագրի կողմերը սահմանված ժամկետում չէին գրանցելու այդ պայմանագրից բխող իրավունքը։
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու հիմքում դրված մյուս շարժառիթին, որ «գործի նյութերով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ռազմիկ Կարապետյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ վերացրել է իր կողմից Աննա Խաչատրյանին տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, կամ նույն օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանմամբ միջոցներ է ձեռնարկել լիազորագիրը նոտարական կարգով վերացնելու, ինչպես նաև` լիազորագրի վերացման մասին Աննա Խաչատրյանին և երրորդ անձանց, որոնց հանդեպ պետք է իրականացվեր ներկայացուցչությունը, տեղեկացնելու վերաբերյալ», կարծում եմ, որ այն ևս չէր կարող հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար, քանի որ մեր կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումների համատեքստում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և 324-րդ հոդվածի 3-րդ կետը, այնպես էլ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետը սույն իրավահարաբերության վերաբերյալ կիրառելի չեն՝ նկատի ունենալով, որ Ռազմիկ Կարապետյանը ո՛չ վերացրել է իր կողմից տրված լիազորագիրը, ո՛չ էլ նման փաստ է վկայակոչվել. այն, ինչպես նշեցինք վերը, դադարել է օրենքի ուժով։ Դրա հիման վրա անհիմն ենք համարում նաև մյուս շարժառիթն այն մասին, որ «Ռազմիկ Կարապետյանի կողմից 17.10.2014 թվականին Աննա Խաչատրյանին տրված լիազորագիրը չվերացվելու պայմաններում այն շարունակել է համարվել վավեր և պահպանել է իր գործողությունը` մինչև լիազորագրում տրված ժամկետը»։
Նման պայմաններում, կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ, 449-րդ և 325-րդ հոդվածների խախտում թույլ տալը, առավել ևս՝ արդարադատության բուն էությունը խաթարող։
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` հայցը մերժելու համար:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2016 թվականի վճռի դեմ Հայկ Շեկյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, 09.11.2016 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու, վճիռը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ «դատարանը գործի քննության ընթացքում չի պարզել, թե ինչպես է Ռազմիկ Կարապետյանի կողմից արդեն իսկ 3.332.000 ՀՀ դրամով վաճառված ավտոկայանատեղին վեց օր անց կրկին վաճառվել մեկ այլ անձի, տվյալ դեպքում սեփականատիրոջ կնոջ` Աննա Խաչատրյանի մորը՝ Մարինե Խաչատրյանին, այն էլ 10.000.000 ՀՀ դրամ արժեքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները: Դատարանը հաշվի չի նստել այն հանգամանքի հետ, որ վերը նշված իրավական նորմի հիման վրա Ռազմիկ Կարապետյանի կողմից Աննա Խաչատրյանին տրված ավտոկայանատեղին վաճառելու լիազորագրի գործողությունը դադարել է այն պահից, երբ Ռազմիկ Կարապետյանը 05.02.2015 թվականին ավոտակայանտեղին վաճառել է սույն գործով հայցվոր Հայկ Շեկյանին: Փաստորեն, Ռազմիկ Կարապետյանի և Հայկ Շեկյանի միջև 05.02.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով դադարել է Աննա Խաչատրյանին տրված լիազորագրի գործողությունը, մինչդեռ 11.02.2015 թվականին նույն լիազորագրի հիման վրա Աննա Խաչատրյանի կողմից կատարվել է գործարք: Արդյունքում, պատասխանող Մարինե Խաչատրյանը, 16.02.2015 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարելով իրավունքի պետական գրանցում, զրկել է հայցվոր Հայկ Շեկյանին օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում իր իրավունքները պետական գրանցման ենթարկելու հնարավորությունից»։
Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, որպիսի հանգամանքները, կարծում ենք, նույնպես անտեսվել են Վճռաբեկ դատարանի կողմից։
Դատավորներ`
Գ. Հակոբյան |
Ռ. Հակոբյան |
Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|