Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-01.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.15/23(535) Հոդ.828
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


31 օգոստոսի 2015 թվականի N 984-Ն

 

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 958-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 31-ի N 984-Ն որոշման

 

ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն) միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործություն հատկացված բնաիրային օգնության (այսուհետ` բնաիրային օգնություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Սույն իրավական ակտի դրույթները չեն տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Բնաիրային օգնությունը տրամադրվում է անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբի)` հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով:

4. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի կազմակերպման, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:

5. Տարածքային կենտրոնը՝

1) բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է աջակցող ցանցի հետ.

2) սոցիալական դեպքի վարման շրջանակներում անձին ուղղորդում է աջակցող ցանցի համապատասխան մասնակցի մոտ` վերջինիս կողմից իրականացվող բնաիրային օգնության տրամադրման ծրագրում ընդգրկման նպատակով.

3) կարող է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանալ և բաշխել բնաիրային օգնություն:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

6. Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ՝ բացառությամբ սույն իրավական ակտի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի:

 

II. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

7. Բնաիրային օգնության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) ծրագրի անվանումը և նպատակները.

2) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ).

3) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները.

4) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

5) մեկ բաժին բնաիրային օգնության նկարագիրը (տեսականին, չափի միավորը, մեկ չափաբաժնի պարունակությունը և այլն).

6) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը).

7) շահառուների թիվը և տրամադրման հիմքը.

8) ծրագրի իրականացման ժամկետները` սկիզբը և ավարտը:

8. Ծրագիրը հաստատում է՝

1) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը` բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ.

2) տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ (համաձայնությամբ) ծրագիրն իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը կամ Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը` բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության լիազոր ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի հետ (համաձայնությամբ) համատեղ:

9. Սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված համապատասխան մարմինը հաստատում է բնաիրային օգնության տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, պահպանման և բաշխման աշխատանքների իրականացման կարգը և սահմանում պատասխանատուներին:

10. Ծրագրի շահառուների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո տարածքային կենտրոնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում` սույն իրավական ակտի 8-րդ կետով նախատեսված համապատասխան մարմին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված (մնացորդային) քանակների մասին, ինչպես նաև` բնաիրային օգնություն չստացած շահառուների ցուցակը:

(10-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)  

11. Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար շահառուների ցուցակը կազմվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված խորհրդի առաջարկությամբ` տարածքային կենտրոնի կողմից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

III. ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Տարածքային կենտրոնը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն տասն օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և շահառուների շրջանակը:

(12-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

13. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնաիրային օգնությունը տրամադրում են՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2022, N 1740-Ն 01.01.2023, N 984-Ն
25.03.2021, N 396-Ն 01.04.2021, N 984-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան