Գլխավոր տեղեկություն
Համար
N 1318-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-01.02.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.11/83(1172) Հոդ.1023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1318-Ն

 

միասնական սոցիալական ծառայության ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 583-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

միասնական սոցիալական ծառայության ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մասնակցության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Սույն կարգի նպատակն է փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին որպես դիտորդ` ապահովելով այդ գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

3. Կազմակերպությունները Ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում`

1) հայտ` համաձայն ձևի.

2) իրենց կողմից լիազորված ներկայացուցիչների ցուցակը (այսուհետ` ցուցակ), որում ներառվում են կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) անունը, ազգանունը, հասարակական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) կազմակերպության կանոնադրությունը և (կամ) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նկարագրությունը, որը հավաստում է հաշմանդամության ոլորտում տվյալ կազմակերպության առնվազն 2 տարվա գործունեության փաստը:

(3-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

4. Նախարարությունը հայտն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը և ցուցակը տեղադրում նախարարության պաշտոնական կայքէջում (www.mlsa.am), որից հետո կազմակերպության ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցելու փորձաքննություններին:

5. Ծառայությունները կազմակերպության ներկայացուցիչների մասին տեղեկանում են նախարարության պաշտոնական կայքէջից:

(5-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն) 

6. Նոր կազմակերպությունների կողմից հայտ ներկայացվելու դեպքում նախարարությունը համալրում է կայքէջում տեղադրված ցուցակը՝ սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան:

7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախարարությունը մերժում է կազմակերպության հայտը:

8. Կազմակերպությունները երեք տարին լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում վերահաստատում են իրենց ներկայացուցչի (ներկայացուցիչների) թեկնածությունը կամ ներկայացնում են այլ ներկայացուցչի (ներկայացուցիչների) թեկնածություն` սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:

9. Ծառայությունը փորձաքննությանը կազմակերպության ներկայացուցչի մասնակցելու իրավասության վերաբերյալ փորձաքննվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկում է բժշկասոցիալական փորձաքննության դիմումն ընդունելիս:

(9-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

10. Փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը փորձաքննության օրը տալիս են իրենց գրավոր համաձայնությունը կազմակերպության ներկայացուցչի մասնակցելու վերաբերյալ: Գրավոր համաձայնությունը կցվում է «վարչական վարույթին (բժշկասոցիալական փորձաքննական գործին)»:

11. Կազմակերպության ներկայացուցիչը փորձաքննություններին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

12. Անձի բժշկասոցիալական փորձաքննությանը կարող է մասնակցել հասարակական կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցիչ:

13. Կազմակերպությունները Ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկանում են նախարարության պաշտոնական կայքէջից:

(13-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն) 

14. Կազմակերպությունների ներկայացուցիչները Ծառայության կողմից իրականացվող փորձաքննությանը մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

(14-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

15. Դիտորդն իրավունք ունի Ծառայությանը ներկայացնել իր գրավոր դիտարկումները, կատարել գրառումներ:

(15-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

16. Դիտորդն իրավունք չունի միջամտելու Ծառայության աշխատանքներին:

(16-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

17. Դիտորդը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել անձի վերաբերյալ անձնական տվյալներ հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը:

18. Փորձաքննվող անձը փորձաքննության ցանկացած պահի կարող է հրաժարվել դիտորդի մասնակցությունից:

19. Կազմակերպությունները կարող են վերլուծել իրենց ներկայացուցիչների մասնակցության արդյունքները և համապատասխան դիտարկումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին:

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան