Գլխավոր տեղեկություն
Համար
N 1081-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-26.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.05/43(917) Հոդ.1008
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1081-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` միջոցներ ձեռնարկել` մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (մանկատուն, ծերանոց) բնակվող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ ներդնելու և համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրելն ապահովելու համար.

2) 1992-2004 թվականներին գործատուների կատարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու և այդ ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով ճշտելն ապահովող ծրագրային ապահովում ստեղծելու համար:

(2-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ` շտեմարան) վարելու հետ կապված հարաբերությունները:

2. Շտեմարանը վարելը ներառում է՝

1) կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի հիման վրա կամ սույն կարգով սահմանված դեպքերում կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելը.

2) կենսաթոշակ նշանակելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառելը (ըստ անհրաժեշտության` շտեմարանում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը).

3) շտեմարանում ներառված` կենսաթոշակառուին վերաբերող տվյալների հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը:

3. Շտեմարանը վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):

(3-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼԸ

 

4. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը շտեմարանում ներառված` անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացումն ապահովող տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ամբողջություն է:

5. Կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է կենսաթոշակ նշանակելու մասին դիմումի հիման վրա` անձին կենսաթոշակ նշանակելու դեպքում:

6. Եթե անձին կենսաթոշակ է նշանակվել մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը, ապա կենսաթոշակի էլեկտրոնային գործը կազմվում է նաև՝

1) դիմումի հիման վրա կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում.

2) կենսաթոշակի գործը կենսաթոշակառուի հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում տեղափոխելու կամ միջազգային պայմանագրի հիման վրա այլ պետություն ուղարկելու դեպքում.

3) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնելու դեպքում:

7. Կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելիս`

1) փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները շտեմարան են մուտքագրվում՝

ա. սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում` դիմումին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները տեսաներածելու (սկանավորելու) միջոցով,

բ. սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` դիմումին կից ներկայացված կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ կենսաթոշակի թղթային գործում բնօրինակի բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով,

գ. սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում` կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերի բնօրինակները, իսկ բնօրինակի բացակայության դեպքում` փաստաթղթի «իսկականի հետ ճիշտ է» գրառումը պարունակող և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով կնքված պատճենը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով.

2) ինքնաշխատ եղանակով շտեմարան են մուտքագրվում՝

ա. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, բնակության վայրի հասցեն` բնակչության պետական ռեգիստրի համակարգից,

բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը` հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից,

գ. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը` գործազուրկների հաշվառման տեղեկատվական համակարգից.

3) շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա ինքնաշխատ եղանակով ճշտվում են՝

ա. 1992-2004 թվականներն ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարած լինելու մասին տեղեկատվությունը,

բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի` 2005 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները պետք է տեսաներածված լինեն PDF ֆորմատի ֆայլերով, իսկ փաստաթղթերի բնօրինակները` գունավոր, առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի փաստաթուղթն ամբողջությամբ (մեկ փաստաթուղթը, անկախ էջերի թվից, տեսաներածվում է որպես առանձին ֆայլ):

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԵԼԸ

 

9. Կենսաթոշակ նշանակելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվում է՝

1) կենսաթոշակառուի կամ այլ անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական ակտի (այսուհետ` վարչական ակտ) հիման վրա.

3) ինքնաշխատ եղանակով:

10. Կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը դիմումի, վարչական ակտի հիման վրա և ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառելու ընթացակարգը սահմանում է ծառայությունը:

11. Կենսաթոշակառուի կամ այլ անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարան ներառվելու դեպքում`

1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները, փաստաթղթերի բնօրինակները կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով տեսաներածելու (սկանավորելու) միջոցով կցվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործին.

2) շտեմարանում արձանագրվում են տվյալները մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը:

12. Դիմումի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում տեղեկատվությունը համադրվում է ծառայության տնօրինության տակ գտնվող (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման այլ մարմիններից ինքնաշխատ եղանակով ստացված) տվյալների հետ: Ընդ որում, անճշտությունների (անհամապատասխանությունների) առկայության դեպքում՝

1) հիմք է ընդունվում (շտեմարան է մուտքագրվում) դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա ներկայացված տեղեկատվությունը.

2) ծառայությունը, տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու պետական կառավարման մարմնի հետ համատեղ, փոխհամաձայնեցված կարգով, միջոցներ է ձեռնարկում անճշտությունները (անհամապատասխանությունները) շտկելու ուղղությամբ:

13. Վարչական ակտի հիման վրա կենսաթոշակառուին վերաբերող տեղեկատվությունը շտեմարանում ներառվելու դեպքում վարչական ակտի էլեկտրոնային պատճենը, բնօրինակը տեսաներածելու (սկանավորելու) միջոցով կցվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործին, իսկ շտեմարանում արձանագրվում են վարչական ակտի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտը մուտքագրող մասնագետի «օգտվողի անունը», տվյալները մուտքագրելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը: Տեսաներածումը (սկանավորումը) կատարվում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու համար սահմանված կանոններով:

14. Վարչական ակտի հիման վրա շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը (եթե դիմումի հիման վրա այդ տեղեկատվությունը չի մուտքագրվել շտեմարան)՝

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմիններից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված`

ա. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. կենսաթոշակառուի, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը,

գ. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նույն կետով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

3) 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետության իրավասու մարմնից ստացված` կենսաթոշակառուին այդ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված` օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բժշկասոցիալական փորձաքննության մարմնից ստացված`

ա. կենսաթոշակառուին փորձաքննության (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամ ճանաչելու դեպքում` հաշմանդամ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը,

բ. կենսաթոշակառուին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը, կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և հաշմանդամ չճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

գ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի զավակներին (այսուհետ` կենսաթոշակառուի ծնողներ կամ զավակներ) վերափորձաքննության ենթարկելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամ ճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և հերթական վերափորձաքննության ժամկետը,

ե. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

է. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

6) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (մանկատուն, ծերանոց) բնակվող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից ստացված` բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու (կազմակերպությունից դուրս գալու) օրը, ամիսը, տարեթիվը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակառուի աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հիման վրա).

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված կարգով բանկերից ստացված` կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բանկ ներկայանալու կամ նոտարի հաստատած փաստաթուղթը բանկ ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

15. Ինքնաշխատ եղանակով շտեմարանում ներառվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված՝

ա. կենսաթոշակառուի, իսկ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նաև նրա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը),

բ. 16 տարին չլրացած կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հատկացնելու դեպքում` անձնագրի սերիան և համարը.

2) ՔԿԱԳ-ի մարմիններից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված` 16 տարին չլրացած կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը փոխվելու մասին տեղեկատվությունը (նոր տվյալը).

3) հարկային մարմնից ստացված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները:

16. Կենսաթոշակառուի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (ծերանոց) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հաշվարկվում է ծերանոց ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը`

1) եթե կենսաթոշակառուն ստանում է զինվորական կենսաթոշակ` հաշվարկված զինվորական կենսաթոշակի 50 տոկոսը.

2) եթե կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված կենսաթոշակի աշխատանքային մասը:

17. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անչափահաս կենսաթոշակառուի` սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (մանկատուն) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում` ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարման ցուցակով կենսաթոշակի գումար չի վճարվում: Սույն կետով սահմանված դեպքում, ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից, շտեմարանում կենսաթոշակառուի անվամբ հաշվեգրվում է (կուտակվում է) հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի գումարի 50 տոկոսը:

18. Կենսաթոշակառուի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունից (ծերանոցից) դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը շտեմարան մուտքագրվելու դեպքում ինքնաշխատ եղանակով վերահաշվարկվում է ծերանոցից դուրս գալուն հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարը` հաշվարկված կենսաթոշակի չափով։

 

IV. ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

19. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

20. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:

21. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է, եթե դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել՝

1) կենսաթոշակառուի մահվան, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի կենսաթոշակառուի` օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուի կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը.

6) կենսաթոշակառուին 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին», 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» և 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը.

8) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած` մահացած կերակրողի 63 տարին չլրացած (հաշմանդամ ճանաչված) ծնողին, ամուսնուն, պապին, տատին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և հաշմանդամ չճանաչելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

9) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի զավակներին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

10) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև հերթական վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերափորձաքննության ենթարկելու և վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

11) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի կամ նույն կետով սահմանված` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հաշվառման հասցեն փոխվելու (կենսաթոշակառուի` մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

12) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի` տարեցների համար նախատեսված սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (ծերանոց) ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը.

13) կենսաթոշակառուի աշխատանքի (զինվորական ծառայության) անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հիման վրա.

14) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը:

22. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում՝

1) լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխային (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 18 տարին.

3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին չլրացած եղբորը, քրոջը, թոռանը, և լրացել է նրանց ծնողների հաշմանդամության ժամկետը.

4) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը), և լրացել է նրա 23 տարին.

5) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի 18 տարին լրացած հաշմանդամ զավակին, և լրացել է նրա հաշմանդամության ժամկետը.

6) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, պապին, տատին, և լրացել է կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը` բացառությամբ 63 տարին լրացած լինելու դեպքի.

7) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած կերակրողի պապին, տատին, և լրացել է նրանց զավակների հաշմանդամության ժամկետը.

8) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած (կենսաթոշակի իրավունք ունեցող) երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձին, և լրացել է մահացած (զոհված) կերակրողի երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին.

9) լրացել է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը.

10) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով.

11) աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին 5 տարի (60 ամիս) անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով:

23. Մահացած կերակրողի՝ ցերեկային ուսուցմամբ սովորող զավակին (եղբորը, քրոջը, թոռանը) նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:

24. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելիս՝ շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման:

25. Կենսաթոշակը վճարելն ինքնաշխատ եղանակով դադարեցվում է՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.

2) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձի` մահվան օրը, ամիսը, տարեթիվը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը՝ դիմումի կամ վարչական ակտի հիման վրա շտեմարան մուտքագրվելու դեպքում.

3) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուին նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.

4) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

5) օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու (բանկ չայցելելու) դեպքում:

26. Կենսաթոշակ վճարելը դադարեցնելիս՝ շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման:

27. Կենսաթոշակ ստանալու իրավունքն ինքնաշխատ եղանակով վերականգնվում է, եթե՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է հաշմանդամության ժամկետը լրանալու պատճառով, և վարչական ակտի հիման վրա շտեմարան են մուտքագրվել հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բժշկասոցիալական փորձաքննության մարմնից ստացված՝

ա. հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. մահացած կերակրողի՝ 18 տարին չլրացած (կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող) եղբոր, քրոջ, թոռան` ծնողների հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

գ. մահացած կերակրողի՝ 18 տարին լրացած հաշմանդամ զավակի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող` մահացած կերակրողի հաշմանդամ ճանաչված ծնողների, ամուսնու, պապի, տատի հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը,

ե. մահացած կերակրողի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող պապի, տատի զավակների հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում կրկին աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) դիմումի հիման վրա շտեմարան են մուտքագրվել՝

ա. կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը,

բ. օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի` աշխատանքից ազատվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պատճառով),

գ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի` զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու պատճառով),

դ. օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու պատճառով).

3) լրացել է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատանքի անցնելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու պատճառով):

28. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում շտեմարանում ինքնաշխատ եղանակով արձանագրվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը` ըստ ծառայության սահմանած դասակարգման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը շտեմարան մուտքագրելու հիմքը (դիմում կամ վարչական ակտ):

29. Կենսաթոշակ վճարելն ինքնաշխատ եղանակով վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելուն հաջորդող ամսվա 1-ից՝

1) վարչական ակտի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում.

2) դիմումի (շտեմարան մուտքագրված տեղեկատվության) հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում, եթե դիմումը ներկայացրել է անձամբ կենսաթոշակառուն կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի` շտեմարանում հաշվառված օրինական ներկայացուցիչը.

3) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա` 2005-2012 թվականներն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի մասին տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք շտեմարանում ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան