Գլխավոր տեղեկություն
Համար
N 352-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 20.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 352-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-862-10.02.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-862-10.02.2021-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) լրացում է նախատեսվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ սահմանելով, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:

Որպես հիմնավորում նշվել է, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է Ազգային ժողովի պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները: Ուստի, նախագծի ընդունումը պայմանավորված է խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրադառնալ խորհրդարանական հանրապետությունում Ազգային ժողովի խմբակցությունների դերակատարման, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման ընթացակարգն ամրագրող նորմերի հետ համակարգային կապի համատեքստում:

Այսպես, օրենքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդարանական բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռնությունը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում և տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ խմբակցությունն իրավունք ունի կանոնակարգով սահմանված կարգով՝ իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում, իսկ 14-րդ կետի համաձայն՝ անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում:

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի խորհուրդը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ խորհուրդը հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը:

Նույն մասի 17-րդ կետի համաձայն՝ խորհուրդն ստեղծում և լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաև հաստատում է դրանց կազմերը և գործունեության կարգերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի աշխատակարգի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահը խորհրդի քննարկմանը ներկայացնում է կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 9-րդ կետի, սահմանված խորհրդի լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր: Խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն խորհրդի քննարկմանը ներկայացնելու կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 1-ին, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, սահմանված լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերում և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերում պատգամավորի ընդգրկվելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ միայն խմբակցությունները՝ իրենց անդամին առաջարկելու նպատակով: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ. նման մոտեցման հիմքում ընկած է Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորման գործում խմբակցությունների կարևոր դերակատարումը հաշվի առնելու տրամաբանություն: Խմբակցություններն այդ առաքելությունն իրականացնում են առաջին հերթին խորհրդարանում՝ իրենց պատգամավորների միջոցով, որոնցից ակնկալում են համատեղ քաղաքական նպատակների իրականացում: Ըստ այդմ՝ պատգամավորները ենթարկվում են որոշակի կուսակցական և խմբակցական կարգապահության, սակայն ներկայացուցչական մանդատը նրանց հնարավորություն է տալիս իրենց մանդատն իրականացնելիս վայելելու անհրաժեշտ ինքնուրույնություն:

Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրական համակարգին և խորհրդարանական կառավարման համարկարգին անցումն էականորեն մեծացրել է խմբակցությունների դերը: Համամասնական ընտրակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ընտրություններին մասնակցում են կուսակցական ցուցակներով և որպեսզի կուսակցությունը կամ դաշինքը տեղ ստանա պետության գլխավոր ներկայացուցչական մարմնում անհրաժեշտ է հավաքել ոչ թե ձայների մեծամասնությունը, այլ օրենքով սահմանված որոշակի տոկոս ձայներ: Համամասնական ընտրական համակարգի առավելությունն այն է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունն ավելի ճիշտ է արտացոլում հասարակության մեջ եղած քաղաքական հայացքները և կողմնորոշումները, ինչը հանդիսանում է կայունացման գործոն: Այսինքն՝ Ազգային ժողովի՝ որպես ներկայացուցչական մարմնի պատվիրակությունների և բարեկամական խմբերի կազմում միայն խմբակցությունների կողմից իրենց անդամին առաջարկելու հնարավորությունը միանգամայն իրավաչափ է և համահունչ խորհրդարանական երկրում խմբակցությունների դերակատարմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերի, ինչպես նաև Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերի հաստատման գործող ընթացակարգին:

Այսպես, ինչպես միջազգային համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու, այնպես էլ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերի, դրանց կազմավորման և գործունեության կարգերի, Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերի և գործունեության կարգերի վերաբերյալ նախագծերը խորհրդի հաստատմանը ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները նույն են՝ Ազգային ժողովի նախագահը, նրա երեք տեղակալները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչները և մշտական հանձնաժողովների նախագահները, հետևաբար կարծում ենք՝ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված ակնկալվող արդյունքի, այն է՝ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորության ապահովման տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ ինչպես գործող իրավակարգավորումներով, այնպես էլ ներկայացված նախագծով բացակայում են կարգավորումները, թե ինչ հետևանք է ունենալու պատգամավորի կողմից գրավոր դիմում խորհրդին ներկայացնելը. արդյո՞ք դրա քննարկումը և արդյունքում որոշում կայացնելը խորհրդի համար պարտադիր են լինելու, թե՝ ոչ:

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի՝ խորհուրդը հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, իսկ նախագծով ներկայացված կարգավորումը վերաբերում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում և Ազգային ժողովի պատվիրակություններում և բարեկամական խմբերում ընդգրկվելուն:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: