Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.17/61(296) Հոդ.1183
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 4-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 152. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը

 

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում՝ բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը կատարելը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը 152-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1521-րդ հոդվածով.

 

«Հոդված 1521. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը

 

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 219-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «149-156, բացառությամբ 152-րդ հոդվածի (ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով)» բառերը փոխարինել «149-151, 153-156,» թվերով.

2) 2-րդ մասի «152-156, բացառությամբ 152-րդ հոդվածի (ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով),» բառերը փոխարինել «153-156,» թվերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 2191-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2191. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

 

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 1521-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 1521-րդ հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե իրավախախտումը չի կատարվել համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 1541-րդ, 180-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից՝ համայնքների ղեկավարները:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 225. Պետական հրդեհային հսկողության մարմինները

 

Պետական հրդեհային հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 122-րդ և 187-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հրդեհային անվտանգության նորմերի խախտման մասով:

Պետական հրդեհային հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից բարձր չափով.

2) հրդեհային հսկողության գծով ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.

3) հրդեհային հսկողության գծով պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քսան տոկոսի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական սանիտարական հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 42-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` սանիտարական նորմերի խախտման մասով:»:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի «2448. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը» հոդվածը:

 

Հոդված 8. Օրենսգիրքը 24410-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24411-րդ հոդվածով.

 

«Հոդված 24411. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

 

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 157-15712-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157-15712-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157-15712-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք՝ մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-30-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան