Գլխավոր տեղեկություն
Համար
N 141-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-31.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 141-Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ պարգևավճար չի նշանակվում, եթե զինծառայողը զոհվել (մահացել) է կամ անհայտ կորել է կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունն ստացել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման դեպքի՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 141-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի (այսուհետ` պարգևավճար) չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության (ներքին գործերի) մարմինների համակարգերում, Քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ` բացառությամբ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, որի հիման վրա դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:

3. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`

1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.

2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.

3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ.

4) զոհվել է (մահացել է) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.

5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով:

4. Սույն կարգով պարգևավճարի իրավունք ունեցող անձը պարգևավճար ստանալու իրավունք ունի, եթե սույն կարգով սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում և նրան նշանակվել է պարգևավճար: Պարգևավճարը նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը (այսուհետ՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):

(4-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

II. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

5. Պարգևավճարի իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ.

2) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.

4) համապատասխան մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները` 12000 դրամ.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.

7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի` հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամը, եթե չունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` 31000 դրամ.

11) մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն այդպիսի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող և հաշմանդամության կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամը՝ 31000 դրամ.

12) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճարը նշանակվում է 10-րդ ենթակետով:

6. Պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12000 դրամ:

7. Պարգևավճարի իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:

8. Պարգևավճարի իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:

9. Պարգևավճարի իրավունք ունեն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:

10. Պարգևավճարի իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 26 տարին չլրացած զավակի) համար՝ լրացուցիչ 20000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:

11. Սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը պարգևավճար նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

13. Զոհված զինծառայողի՝ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճարն նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկին զոհված զինծառայողի գծով պարգևավճար չի նշանակվել:

14. Այլ պետություններում մարտական գործողությունների այն մասնակիցը, որը պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունի, սույն կարգի 9-րդ կետում նշված պարգևավճար նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

15. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկին զոհված զինծառայողի գծով պարգևավճար է վճարվում, ապա ընտանիքին տրվող պարգևավճարը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամին վճարվում է կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ:

16. Սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճարը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ պարգևավճարի իրավունքն ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:

17. Պարգևավճարը նշանակվում է`

1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ (կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու օրվանից (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ).

2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`

ա. կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ունենալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ),

բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ),

գ. սույն կարգի 5-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում` զինծառայողի զոհվելու կամ մահանալու օրվանից (բայց կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ նշանակելու օրվանից ոչ շուտ), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու կամ մահանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) սույն կարգի 9-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.

4) սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի զոհվելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված ժամկետներից հետո.

6) սույն կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետում նշված դեպքում` 63 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից` անկախ դիմելու հանգամանքից, եթե երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը 63 տարին լրանալու օրվա դրությամբ ունի սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճար ստանալու իրավունք:

18. Ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում պարգևավճարը նշանակվում է ընտանիքի` այդ պարգևավճարի իրավունքն ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա, ընդ որում՝

1) եթե սույն կետում նշված դիմումը ներկայացվել է պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի` այդ պարգևավճարի իրավունքն ունեցող մյուս անդամին պարգևավճարը նշանակվում է պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) եթե սույն կետում նշված դիմումը ներկայացվել է պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի` այդ պարգևավճարի իրավունքն ունեցող մյուս անդամին պարգևավճարը նշանակվում է նրա դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:

19. Ընտանիքի՝ սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճարի իրավունքն ունեցող անդամի պահանջով պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի պարգևավճարի բաժնեմասը հաշվարկվում է ընտանիքին տրվող պարգևավճարի գումարը (առանց սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխայի (զավակի) համար տրվող պարգևավճարի գումարի) ընտանիքի՝ պարգևավճարի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) պահանջով պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժնեմասը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը: Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

20. Ընտանիքի՝ սույն կարգի 19-րդ կետում նշված պարգևավճարի բաժնեմաս ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժնեմասը) վերահաշվարկվում է այդ անդամի դիմումի հիման վրա, ընդ որում՝

1) եթե սույն կետում նշված դիմումը ներկայացվել է պարգևավճարի բաժնեմաս ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժնեմասը) վերահաշվարկվում է պարգևավճարի բաժնեմաս ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) եթե սույն կետում նշված դիմումը ներկայացվել է պարգևավճարի բաժնեմաս ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից 12 ամիս հետո, ապա ընտանիքի մյուս անդամին (անդամներին) նշանակված պարգևավճարը (բաժնեմասը) վերահաշվարկվում է պարգևավճարի բաժնեմաս ստանալու իրավունք ունեցող անձի դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից:

21. Պարգևավճարը (պարգևավճարի բաժնեմասը) վճարվում է կենսաթոշակի համար «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով: Եթե անձն ունի պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի կամ նպաստի հետ միասին:

22. Անձին նշանակված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) պարգևավճար նշանակելուց հետո պարգևավճար ստացող անձի կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում, եթե պարգևավճարի իրավունքը նա ձեռք է բերել կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունենալու հիմքով.

2) պարգևավճար ստացող անձի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

3) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում, եթե պարգևավճարի իրավունքը ձեռք է բերել հաշմանդամ ճանաչվելու հիմքով.

4) պարգևավճարի իրավունքը դադարելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

7) պարգևավճար ստացող անձի` պարգևավճար ստանալու իր իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.

8) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) պարգևավճար նշանակված լինելու դեպքում:

23. Սույն կարգի 22-րդ կետում նշված դեպքերում պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

24. Անձին նշանակված պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) պարգևավճար ստացող անձի կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու օրվանից` սույն կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում.

2) պարգևավճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

3) ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի` պարգևավճարի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից.

5) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

25. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնելիս պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար պարգևավճարը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար սահմանված պարգևավճարի չափով:

26. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքերի, պարգևավճար ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին պարգևավճար է նշանակվում գրավոր դիմումի և պարգևավճարի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

27. Եթե անձն աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխում է զինվորականի կամ զինվորականի կենսաթոշակի տեսակը փոխում է աշխատանքային կենսաթոշակի, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի նոր տեսակի համար սույն կարգով սահմանված չափով` անկախ դրա մասին առանձին դիմումի առկայությունից:

28. Պարգևավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով: Պարգևավճարը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե անձի պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու հիման վրա, ապա կենսաթոշակի կամ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստի վճարումը դադարելու դեպքում դադարում է նաև այդ պարգևավճարի վճարումը: Սույն կարգի 10-րդ կետով սահմանված պարգևավճար վճարելը լիազորագրով վերսկսվում է նաև այդ պարգևավճարն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի` պարգևավճարը պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային բաժին:

29. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող` պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճար նշանակվում և վճարումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգին» համապատասխան: Այս դեպքում նշանակված պարգևավճարը վճարվում է ամբողջությամբ:

30. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պարգևավճարը նշանակում, վճարումն ապահովում, չվճարված պարգևավճարի գումարների վճարումն ապահովում, պարգևավճարի գործը (փաստաթղթերը) վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:

31. Պարգևավճարից պահումներ կատարվում, ավել վճարված պարգևավճարի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վերականգնվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

32. Եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի (կամ նպաստի) հաշվարկ-կարգադրությունը պահվում է շտեմարանում (կենսաթոշակի էլեկտրոնային գործում), իսկ եթե անձը կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պարգևավճարի էլեկտրոնային գործ:

33. Պարգևավճարը և պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ, համապատասխանաբար, կենսաթոշակը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար սահմանված կարգով:

 

IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

34. Պարգևավճարը նշանակելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

4) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու մասին զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից.

5) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը.

6) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև սույն կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը:

35. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

4) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինների՝ համապատասխան իրավասու ստորաբաժանման տված տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին, եթե պետք է ներկայացնի այլ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում.

5) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը կամ նույնականացման քարտերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները,

բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,

գ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,

դ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

36. Անկախ կենսաթոշակառուի դիմելու հանգամանքից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի` հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի կամ սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի և սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի փոխարեն նշանակվում և վճարվում է 5-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված պարգևավճար (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից).

2) մահացած զինծառայողի՝ հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճար, եթե նա ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք։

37. Սույն կարգի 36-րդ կետի հիման վրա նշանակված պարգևավճարի չափը չի կարող ցածր լինել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի կամ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի և սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի հանրագումարի չափից։

38. Բացառությամբ սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքերի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն կարգի 5-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճարը նշանակվում է՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե պարգևավճար նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

39. Բացառությամբ սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքերի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է` մինչև անձին սույն կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված պարգևավճարը նշանակելը:

40. Սույն կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճարը նշանակվում և վճարվում է ընտանիքի անդամին՝ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ ընտանիքի անդամն անցնում է աշխատանքի։ Ընտանիքի անդամի աշխատելու (աշխատանքի անցնելու) դեպքում սույն կետում նշված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում՝ պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է (պարգևավճար վճարելը վերսկսվում է)՝ ընդհանուր հիմունքներով։ Անկախ սույն կետում նշված ընտանիքի անդամի` սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու պատճառից՝ պարգևավճար ստանալու իրավունքը սույն կարգով սահմանված կարգով վերականգնելու դեպքում պարգևավճարի իրավունքը չի վերանայվում:

41. Եթե անձը, որը 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից ստացել է զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված դրամական օգնություն 10000 դրամի չափով (ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման` դրամական օգնության չափը զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա չի վերահաշվարկվել) և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունի այդ դրամական օգնությունն ստանալու իրավունք, ապա զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված 10000 դրամ դրամական օգնությունը, անկախ այդ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ լինելու հանգամանքից, շարունակում է վճարվել ընտանիքի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածում նշված անդամին` մինչև սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճար նշանակելը:

42. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշմամբ նշանակված պարգևավճարները համարվում են սույն որոշմամբ նշանակված պարգևավճարներ:

43. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորվելը գործող իրավական ակտերով սահմանված կարգով տրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Ձև N 1

____________________________

(մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայող ________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնվել է _____________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Բնակվել է___________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

(բնակության վայրը)

 ___________________________________________________________________________________

(զոհվելու (մահանալու, անհայտ կորելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

 

Տեղեկանքը տրամադրող ստորաբաժանման անվանումը

 

Ստորաբաժանման ղեկավար

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

 

  Կ.Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է _________________________________________________________________________

              (մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)

 

առ այն, որ նա

_________________________________ ի

(մահացած զինծառայողի անունը, ազգանունը)

_________________________________

(ընտանիքի անդամի ազգակցական կապը)

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի _____ -րդ (կետը) և 22-րդ հոդվածի

_______________________________________________

(հղում համապատասխան մասին և (կամ) կետին)

 

համաձայն՝ ______________________________________________________________________

(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)

 

ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար (նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին):

 

Ստորաբաժանման ղեկավար

________ __________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_______ __________ 20   թ.

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2021 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան