Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1578
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 փետրվարի 2021 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 29-ՐԴ ԳԼԽԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերնագրով 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է.

«2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը»:

Օրենսգրքի «Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերնագրով 29-րդ գլխի հետևյալ հոդվածներով սահմանվում է.

«Հոդված 214. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի հարուցումը

1. Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված անձանց հայցադիմումով։

2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետում:

Հոդված 215. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները

 1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`

1) տեղեկություններ՝ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.

2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը.

4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.

5) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

2. Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը։

3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`

1) տեղեկություններ՝ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.

2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.

3) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

4. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցությունների դաշինքի կամ քարոզչության կողմի հայցադիմումը, ի լրումն սույն հոդվածի 3-րդ մասով ներկայացվող պահանջների և սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխարեն, ներառում է`

1) կուսակցության դաշինքի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ կուսակցության դաշինքի անվանումը, լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից).

2) քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից):

Հոդված 216. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով և վարչական դատարանի դատական ակտը

1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը։

3. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է նաև, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության կամ հայցադիմումի մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ արարքը կատարելու համար:

3.1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը դատարանը քննում է անկախ վարչական իրավախախտման մասին արձանագրության առկայության հանգամանքից:

4. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքն ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից, ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Վարչական դատարանները» վերնագրով 223-րդ հոդվածը սահմանում է.

«Վարչական դատարանները քննում են`

1) սույն օրենսգրքի 41.5, 972, 973, 147, 1661, 172.3 հոդվածներով, 1801, 182, 1831, 1892-1896, 189.9-189.10 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով և 2065, 20610, 20611, 20612, 20613, 206.16, 206.14 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.

2) սույն օրենսգրքի 1705, 1897, 18918 հոդվածներով և 1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.

3) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով.

4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով.

5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով.

5.1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.

6) սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/0015/05/20 գործով 2020 թվականի մարտի 24-ին կայացրած «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման հիման վրա` 2020 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով հիշյալ օրենսգրքերի վերաբերելի մյուս դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

 I. Դիմողի դիրքորոշումը

 1.1 Դիմողը՝ ՀՀ վարչական դատարանը, 2020 թվականի մարտի 24-ին «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման եզրափակիչ մասով որոշել է. «… 2. Դիմել Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և դրա հետ փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխի, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու հարցով»:

1.2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթներով նախատեսված կարգավորումներով դատավարության իրականացումը խնդրահարույց է Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի տեսանկյունից, քանի որ վիճարկվող իրավադրույթների կիրառմամբ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելը համարում է որպես վարչարարության շարունակություն, հետևաբար՝ պետական գործադիր իշխանության գործառույթ: Իր դիրքորոշումը դիմողը հիմնավորում է հետևյալ փաստարկներով և հանգամանքներով.

ա) գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական գործառույթը դատարանն իրականացնում է բացառապես վարչարարությունից ազդված անձի ներկայացրած հայցադիմումի դեպքում, մինչդեռ վիճարկվող իրավակարգավորումների համաձայն՝ դատարանին վերապահվել է վարչական մարմինների սկսած վարչարարությունն ավարտին հասցնելու գործառույթ.

բ) վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով որևէ ողջամիտ տարբերակում չի ներկայացված դրանով նախատեսված այլ զանցակազմերի և այն զանցակազմերի միջև, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը վերապահված է դատարանին.

գ) համեմատության համար նշել էր, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչական դատավարության կանոններով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն դատարանի համար նախատեսված չէ:

 

II. Պատասխանողի դիրքորոշումը

2. Պատասխանողի դիրքորոշմամբ վիճարկվող իրավադրույթները համապատասխանում են Սահմանադրությանը և, ի հիմնավորումն՝ ներկայացրել է հետևյալ փաստարկները.

ա) գործադիր իշխանության կողմից իրականացվող վարչարարության նկատմամբ դատական վերահսկողության ձևերը բազմազան են և կարող են արտահայտվել ինչպես նախնական դատական վերահսկողության (վարչական մարմնի իրականացրած վարչարարության ստուգմամբ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով), այնպես էլ հետագա դատական վերահսկողության (վարչարարության իրավաչափության վիճարկման) միջոցով: Վերահսկողության այս երկու միջոցներն էլ ապահովում են անձանց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացումը.

բ) վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում անձի իրավունքների դատական պաշտպանությունը պայմանավորվել է ոչ թե նրա կամաարտահայտությամբ, այլ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելն է պայմանավորվել անձին դատական պաշտպանությամբ ընձեռված երաշխիքների առկայությամբ, քանի որ դատարանի կողմից անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում դատարանը անմիջապես կիրառում է այն երաշխիքները և գործիքակազմը, որոնք դատարանին վերապահված են վարչական պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմնի վարչարարության իրավաչափությունը ստուգելու համար.

գ) վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 որոշումը՝ պատասխանողը համարում է, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի գոյությունը ընդունելի է համարվել նաև Սահմանադրական դատարանի կողմից.

դ) վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական վարույթներով վարչական դատարանը ոչ թե իրականացնում է գործադիր գործառույթ, այլ վերահսկում է գործադիր իշխանության արդեն իրականացրած լիազորությունները և դրանց իրավաչափության դեպքում միայն անդրադառնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին:

 

III. Կիրառելի սահմանադրական իրավունքը

3.1. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն … իրավական պետություն է»:

3.2. Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»:

3.3. Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ... »:

3.4. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

3.5. Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: … »:

3.6. Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: … »:

3.7. Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: … »:

3.8. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ, անդրադառնալով վարչական դատավարության օրենսգրքի (ՀՕ-269-Ն, ընդունված 2007 թվականի նոյեմբերի 28-ին և ուժը կորցրած 2014 թվականի հունվարի 7-ին) 26-րդ գլխի դրույթների («Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթը»)՝ Սահմանադրությանը (2005 թվականի փոփոխություններով) համապատասխանությանը, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կողմից դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վարչական դատավարության ինստիտուտի սահմանադրականությունը խնդրահարույց չի դիտարկել։ Դատարանն իր հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշել է. «6. Նկատի ունենալով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի հարաբերակցությունը հանրային շահերի պաշտպանության խնդրի հետ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել հանրային շահերի պաշտպանության և իրավական անվտանգության տեսանկյունից: Այս կապակցությամբ հարկ է վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս հոդվածների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հետ համակարգային փոխկապակցության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ուսումնասիրությունից բխում է, որ նշված օրենսգրքով նախատեսված է անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու երկու կարգ` արտադատարանական, որն իրականացվում է նույն օրենսգրքով սահմանված` կոնկրետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից, և դատական, որն իրականացվում է դատարանների կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածը մատնանշում է նույն օրենսգրքի այն բոլոր հոդվածները, որոնցով նախատեսված իրավախախտումների համար նախատեսվում է դատական կարգով վարչական պատասխանատվություն:

Վարչական դատավարության օրենսգրքի` վիճարկվող հոդվածները ներառող 26-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի իրավակարգավորումը սահմանելիս չի դրսևորվել համակարգային մոտեցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հստակ սահմանված չեն բոլոր այն կոնկրետ վարչական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել և այն ներկայացնել դատարան` անձանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում մատնանշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները կատարելու համար: …»:

 

IV. Սահմանադրաիրավական վեճի շրջանակը

Դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթներով նախատեսված՝ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի սահմանադրականության խնդիրը բարձրացված է միայն Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին համապատասխանության առումով:

Սույն գործի քննության շրջանակը Սահմանադրական դատարանը սահմանում է միայն վիճարկվող իրավադրույթների՝ Սահմանադրության 4-րդ հոդվածին համապատասխանությունն ստուգելու շրջանակում։ Սահմանադրական դատարանը, սույն գործի շրջանակներում ուսումնասիրելով վիճարկվող իրավադրույթների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասին, 163-րդ հոդվածի 1-ին մասին և 164-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը, վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության հարցը դիտարկել է բացառապես իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին համապատասխանության տեսանկյունից։

 

V. Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

5.1. Սահմանադրական ժողովրդավարություններում իշխանությունների բաժանման սկզբունքի ներդրման նպատակը իշխանության կենտրոնացումը և մեկ մարմնին կամ պաշտոնյային կամ համակարգին վերահսկելի դարձնելը կանխելու միջոցով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայման ստեղծելն է։

Իշխանությունների բաժանման սկզբունքը կայուն ամրագրում է ունեցել 1995 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ և անընդհատ շարունակել է մնալ դրա հետագա բոլոր փոփոխություններում՝ որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի առանցքային հիմնադրույթ (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մաս, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ հոդված)։ Այս սկզբունքը Հայաստանի սահմանադրական իրավունքում հիմնվել է «Անկախ պետականության մասին հիմնադրույթների մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքում առաջին անգամ ստացել է նորմատիվ ամրագրում։

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, ձևակերպված լինելով Սահմանադրության 4-րդ հոդվածում, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայման լինելուց բացի, կոչված է նաև ապահովելու անհրաժեշտ միջավայր Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված՝ Հայաստանի Հանրապետության իրավական պետության որակի համար՝ հանդիսանալով իրավական պետության մյուս հատկանիշների, մասնավորապես՝ հանրային իշխանության մարմինների գործունեության օրինականության, իրավական որոշակիության, իշխանության չարաշահման կամ կամայականությունների արդյունավետ արգելքի, օրենքի առջև հավասարության, խտրականության արգելքի, արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևոր երաշխիքներից մեկը։

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման մասին Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի պահանջն է պետական իշխանության գործառութային (օրենսդիր, դատական և գործադիր) և այդ գործառույթների իրագործմանը կոչված ինստիտուտների (պետական մարմինների և պաշտոնատար անձանց) հստակ տարանջատվածությունը։ Իշխանությունների բաժանումը, սակայն, ինքնանպատակ չէ, քանի որ իշխանության իրականացման ընթացքում պետության կենսական կարևոր խնդիրների իրագործման նպատակով այն անհրաժեշտաբար պետք է զուգորդվի իշխանությունների հավասարակշռմամբ։ Այսինքն՝ հստակ տարանջատվածության հետ մեկտեղ պետական իշխանության ճյուղերը անհրաժեշտաբար պետք է գտնվեն ընդհանուր հավասարակշռության մեջ։

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերը նշված ընդհանուր բնորոշումների լույսի ներքո դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության հարցը լուծելու համար Սահմանադրական դատարանի կողմից պարզման ենթակա են հետևյալ հանգամանքները.

ա) արդյոք դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու դատարանի լիազորության իրականացումը վտանգում է դատարանի և դատավորի անկախությունը,

բ) արդյոք վիճարկվող իրավադրույթների կիրառմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու գործառույթը դուրս է դատական իշխանությանը վերապահված իրավազորության սահմաններից, իսկ վիճարկվող դրույթների կիրառումը կարող է կասկածի տակ դնել դատական իշխանության գործունեության սահմանադրական նպատակը,

գ) արդյոք դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու՝ վիճարկվող իրավադրույթների համաձայն իրականացված ընթացակարգում պաշտպանված են անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։

5.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթների կիրառմամբ իր արդարադատական լիազորությունների իրականացումը վարչական դատարանին դուրս չի դնում Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Հայաստանում դատարանների և դատավորների անկախության համար երաշխիքներ նախատեսող այլ իրավական ակտերի գործողությունից, որոնք հավասարապես գործում և տարածվում են նաև դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ գործերի քննության ընթացքում վարչական դատարանի դատավորների նկատմամբ՝ դատարանի և դատավորների անկախության համար նախատեսված երաշխիքների ողջ ծավալով։ Միաժամանակ, վարչական դատարանի կողմից անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործառույթը, որն իրականացվում է վիճարկվող իրավադրույթների կիրառմամբ, վարչական դատարանին չի դնում գործադիր կամ օրենսդիր իշխանության այնպիսի ազդեցության ներքո, որն անհամատեղելի լիներ իշխանությունների բաժանման սկզբունքի հետ։

Հետևաբար, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթները չունեն այնպիսի առանձնահատուկ կանոններ և պայմաններ, որոնք նման վարույթների իրականացմամբ հանրային իշխանության որևէ համակարգի կամ մարմնի կողմից դատարանի՝ արդարադատություն իրականացնելու գործառույթի նկատմամբ ներազդելու հնարավորություն ընձեռեին։

5.3. Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի այն մոտեցումը, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելը վարչարարության շարունակություն է և, հետևաբար, դուրս է արդարադատություն իրականացնող մարմնի սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը չի կարող բացարձակացվել և դիտարկվել ինքնանպատակ։ Վարչական արդարադատությունն իրականացվում է ինչպես դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ վարչական ակտի իրավավաչափության ստուգման միջոցով: Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ միայն դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու սահմանադրական հստակ պատվիրանը չի բացառում դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու դատարանի լիազորությունը, որպիսին դատարանի համար նախատեսելը կամ բացառելը վերապահված է օրենսդիր իշխանության հայեցողությանը։

Այլ խոսքով, վարչական իրավախախտումների գերակշիռ մեծամասնության դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորության վերապահումը վարչական մարմիններին, ipso facto, չի կարող փաստարկել դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքում դատարանի կողմից վարչական գործառույթի իրականացման մասին դիմողի մոտեցումը։ Ավելին, դատական կարգով վարչական պատասխանատվություն նախատեսող մի շարք իրավախախտումների դեպքում դատական վարույթներն առհասարակ հարուցվում են ոչ թե վարչական մարմինների, այլ մասնավոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից։ Օրինակ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 1705, 1897, 18918, 40.1-40.4 և 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում դատական կարգով վարչական պատասխանատվության վարույթները հարուցվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով, առանց նախնական վարչական ընթացակարգերի։

5.4. Սահմանադրական դատարանը, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը կանոնակարգող և սույն գործով վիճարկվող իրավադրույթների վերլուծությունը կատարելով նաև անձի արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, գտնում է, որ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխի կանոններով իրականացվող վարույթի նկատմամբ անշեղորեն տարածվում են վարչական դատավարության բոլոր սկզբունքները։ Մասնավորապես, կողմերի իրավահավասարության (Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված), փաստերի ի պաշտոնե պարզման (Վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդված) սկզբունքների հետ մեկտեղ ապացուցման բեռի բաշխմամբ այն չի կարող դրվել պատասխանող քաղաքացու վրա (Վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող կողմը կրում է վարչական դատարանում այլ տեսակի վարույթների մասնակցի իրավունքներ և պարտականություններ։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ բացի դատական կարգով վարչական պատասխանատվության մասին վարույթների նկատմամբ վերը նշված ընթացակարգային սկզբունքների կիրառելիության պահանջից, Վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 216-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «… վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է նաև, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության կամ հայցադիմումի մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ արարքը կատարելու համար», որով արդեն իսկ վարչական դատավարությունում առկա դատավարական երաշխիքներին ավելանում են այս տեսակի գործերում վերոհիշյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ դատավարական երաշխիքներ։

Հետևաբար, վիճարկվող իրավադրույթներով նախատեսված ընթացակարգով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորության իրականացումը դատարանի կողմից չի կարող բացասական ազդեցություն ունենալ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման հնարավորության և արդյունավետության վրա։

5.5. Միաժամանակ, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթը արտադատարանական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի համեմատ՝ քաղաքացու և իրավաբանական անձի համար ապահովում է իրավունքի համեմատաբար ավելի արդյունավետ պաշտպանության մեխանիզմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իր գործը լսվում է անկախության, քաղաքական չեզոքության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի մասնագիտացված ատյանի՝ դատարանի կողմից։ Դատարանի և դատական իշխանության՝ որպես իրավունքների պաշտպանության ճանաչված արդյունավետությամբ ատյանների բնորոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից շարունակաբար արձանագրվել է համապատասխան որոշումներում (տե՛ս, օրինակ՝ Z and Others v. the United Kingdom, դիմում թիվ 29392/95, 2001 թվականի մայիսի 10-ի վճիռ, կետեր 110-111)։

5.6. Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված այն փաստարկին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված զանցակազմերը չունեն ողջամիտ տարբերակում նույն օրենսգրքով նախատեսված մյուս զանցակազմերից, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից հիշյալ զանցակազմերի ընտրությունը և դրանցով վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատական կարգ սահմանելու նրա ընտրությունը, շրջանցելով օրենսդրի՝ նման քաղաքականության նպատակահարմարության գնահատականը, վերը նշված հանգամանքների պայմաններում չեն կարող վերաբերելի փաստարկ համարվել վիճարկվող իրավադրույթների՝ Սահմանադրության 4-րդ հոդվածին հակասության եզրահանգման համար։

Վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը դատարանին վերապահելն ինչպես վիճարկվող իրավադրույթներով, այնպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով դատարանի նման լիազորության դադարեցումը, Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդիր իշխանության իրավազորության տիրույթում է։ Այնքանով, որքանով որ վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը դատարանին վերապահելը կամ արդեն իսկ գոյություն ունեցող նման լիազորության դադարեցումը չի հանգեցնում սահմանադրական որեւէ սկզբունքի կամ իրավունքի խախտման, այդ ընտրությունը լիովին համատեղելի է Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենսդիր իշխանության իրականացման համար Ազգային ժողովին վերապահված հայեցողության սահմանների հետ։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 29-րդ գլուխը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածը համապատախանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

   

23 փետրվարի 2021 թվականի
 ՍԴՈ-1578

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2021 թվական:

 

ՀԱՄԸՆԿՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՍԴՈ-1578 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և 2021 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1578 որոշմամբ (հրապարակվել է 2021 թվականի փետրվարի 25-ին) որոշեց. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 29-րդ գլուխը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը»:

Համաձայն լինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1578 որոշմանը՝ ես՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանս, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի («Արդարադատության իրականացումը») 1-ին մասն ավանդաբար օգտագործվող իրավական ձևակերպում է: Այդ սահմանադրական ձևակերպումը չի կարելի մեկնաբանել այն իմաստով, որ դատարանների (դատական իշխանության) սահմանադրական միակ լիազորությունն արդարադատությունն է: Սահմանադրական ձևակերպման տրամաբանական իմաստն այն է, որ արդարադատությունը որպես պետական գործունեության տեսակ, միայն ու միայն, բացառապես դատարանների իրավասությունն է: Այդ տրամաբանական պնդումից չի հետևում, որ դատարանները չեն կարող իրականացնել այլ լիազորություններ:

Արդի շրջանում դատական իշխանության տեսությունն ավելի լայն տեսական մոտեցումներ ունի «արդարադատության» և «դատական իշխանության իշխանական լիազորությունների (հնարավորությունների)» հայեցակարգային հարցերում:

Իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի կենսագործման արդյունքում պետական իշխանության անկախ և ինքնուրույն ճյուղերից մեկն էլ դատական իշխանությունն է, որի կրող սուբյեկտը հատուկ կարգավիճակ ունեցող պետական մարմիններն են՝ դատարանները: Դատական իշխանության սոցիալական կոչումն ու առաքելությունը հասարակությանն առանձին անհատների ու կազմակերպությունների հակաիրավական վարքագծից պաշտպանելն է, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հսկողությունը պետական իշխանության այլ ճյուղերի գործունեության սահմանադրականության և օրինականության նկատմամբ:

Դատական իշխանությունը պետության հատուկ մարմինների՝ դատարանների բացառիկ իրավազորությունն է, որի հիմնական բովանդակությունը հատուկ դատավարական ձևերով սոցիալական կոնֆլիկտների քննությունն ու լուծումն է: Դատարա-նը լուծում է ոչ բոլոր սոցիալական կոնֆլիկտները, այլ միայն իրավաբանորեն միջնորդավորված կամ կարգավորվող կոնֆլիկտները, որոնք ուղղակիորեն սահմանվում են օրենքով: Իրավական վեճերի հնարավոր շրջանակը, որոնք ենթակա են դատարաններին, բաժանվում է հետևյալ տեսակների. սահմանադրական վեճեր (սահմանադրական արդարադատություն), վարչական վեճեր (վարչական արդարադատություն), քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային վեճեր (քաղաքացիական արդարադատություն), տնտեսական վեճեր (տնտեսական արդարադատություն) և քրեաիրավական վեճեր (քրեական արդարադատություն):

Արդարադատությունը Սահմանադրությամբ ամրագրված պետական գործունեության հատուկ տեսակ է, որն իրականացնում է միայն դատարանը՝ դատական համապարտադիր որոշումների օրինականությունը, արդարացիությունը, հիմնավորվածությունն ապահովող օրենքով սահմանված պահանջների ու կարգի խստագույն պահպանմամբ, համապատասխան դատավարական ձևերով և ուղղված է սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական (տնտեսական) գործեր քննելուն և լուծելուն:

Քրեական դատավարությունում, բացի զուտ քրեական արդարադատության իրականացումից, դատական իշխանությունը դրսևորվում է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությամբ: Դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները: Բացի դրանից, դատարանն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները:

Դատարանը, բացի վարչական արդարադատությունից, իրականացնում է որոշակի վերահսկողություն գործադիր իշխանության մարմինների գործունեության նկատմամբ: Այդ վերահսկողությունը կոչված է կանխելու և վերացնելու գործադիր մարմինների կամայականությունները, պաշտպանելու մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները վարչարարության ոլորտում: Քաղաքացիական դատավարության կարգով դատարանները մի շարք դեպքերում չեն լուծում սոցիալական կոնֆլիկտներ, այլ հաստատում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և կացություններ: Այս գործերում չկա քաղաքացիաիրավական վեճ, հետևաբար և վեճի կողմեր:

Այսպիսով, դատական իշխանության խնդիրը (գործառույթը) ոչ միայն սոցիալական կոնֆլիկտների լուծումն է արդարադատության իրականացման միջոցով, այլև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի ու կացությունների հաստատումն է քաղաքացիական ոլորտում, դատական վերահսկողությունը որոշակի ոլորտներում, ներառյալ՝ գործադիր իշխանության:

 

Սահմանադրական դատարանի

դատավոր

Ա. Վաղարշյան

   

5 մարտի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2021 թվական: