ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1321/02/14 2020 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1321/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Դ. Սերոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԲԱՐՎԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Արման Վարդանյանի և երրորդ անձ Արամ Վարդանյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ՎԻԱՍՖԵՐ ՏԵԽՆՈՊԱՐԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Ալեքսանդր Հովհաննիսյանի, Հրանտ և Սամվել Վարդանյանների ու Գեորգի Դանիելյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Կազմակերպության, Արման Վարդանյանի ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ Արամ Վարդանյանի` համահեղինակության իրավունքը ճանաչելու, արտոնագիրը փոխանցելու ու որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Գործակալության կողմից Կազմակերպությանը տրված կարկտի կանխման ակուստիկական գեներատորի գյուտի Արտոնագիրը փոխանցել Ընկերությանը, ճանաչել Հրանտ և Սամվել Վարդանյանների, Ալեքսանդր Հովհաննիսյանի ու Գեորգի Դանիելյանի համահեղինակության իրավունքը Կազմակերպությանը տրված Արտոնագրում նշված տեխնիկական լուծման նկատմամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) 08.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2015 թվականի որոշմամբ Համահայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2015 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Դատարանի 26.01.2018 թվականի արձանագրային որոշմամբ Համահայցվորների ներկայացուցիչ Սայադ Բադալյանի դիմումի հիման վրա Գործակալությունը ներգրավվել է որպես սույն գործով պատասխանող, և թույլատրելի է համարվել հայցի փոփոխությունը, այն է՝ ճանաչել Հրանտ և Սամվել Վարդանյանների, Ալեքսանդր Հովհաննիսյանի ու Գեորգի Դանիելյանի համահեղինակության իրավունքը Կազմակերպությանը տրված Արտոնագրում նշված տեխնիկական լուծման (գյուտի) նկատմամբ, Գործակալության կողմից Կազմակերպությանը տրված Արտոնագիրը փոխանցել Հրանտ և Սամվել Վարդանյաններին, Ալեքսանդր Հովհաննիսյանին ու Գեորգի Դանիելյանին, Գործակալությանը պարտավորեցնել գյուտերի պետական գրանցամատյանում կատարելու տվյալների փոփոխության գրանցում` Հրանտ և Սամվել Վարդանյաններին, Ալեքսանդր Հովհաննիսյանին ու Գեորգի Դանիելյանին նշելով որպես Արտոնագրի արտոնագրատերեր (իրավատերեր) և դրանում նշված գյուտի հեղինակներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2019 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը` Ընկերության հեղինակության իրավունքը ճանաչելու պահանջի մասով կարճվել է, ինչպես նաև վճռվել է Ալեքսանդր Հովհաննիսյանի, Հրանտ և Սամվել Վարդանյանների ու Գեորգի Դանիելյանի` համահեղինակության իրավունքը ճանաչելու, արտոնագիրը փոխանցելու և որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջների մասով, հայցը բավարարել մասնակիորեն` Գործակալության պետի կողմից 25.04.2011 թվականին տրված Արտոնագրում նշված կարկտի կանխման ակուստիկական գեներատորի գյուտ մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ ճանաչել Գեորգի Դանիելյանի, Սամվել և Հրանտ Վարդանյանների, Ալեքսանդր Հովհաննիսյանի համահեղինակության իրավունքը, Գործակալության պետի կողմից 25.04.2011 թվականին տրված Արտոնագիրը փոխանցել Գեորգի Դանիելյանին, Սամվել և Հրանտ Վարդանյաններին, Ալեքսանդր Հովհաննիսյանին. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության, Արման Վարդանյանի և երրորդ անձ Արամ Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 08.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության, Արման Վարդանյանի և երրորդ անձ Արամ Վարդանյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալեքսանդր Հովհաննիսյանի, Հրանտ և Սամվել Վարդանյանների ու Գեորգի Դանիելյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերը, 381-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները պատշաճ չեն ուսումնասիրել սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ Դատարանը՝ վճռի, իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել են 31.10.2006 թվականին վկա Ռոբերտ Հովսեփյանին ուղղված գրությունը և այն համադրելով հայցվորների ցուցմունքների հետ՝ գտել են, որ այդ ապացույցներով հիմնավորվում է հայցվորների պահանջը։ Մինչդեռ սույն գործում առկա ապացույցներով, ինչպես նաև գործին մասնակցող անձանց ցուցմունքներով հիմնավորվում է, որ սույն գործով վիճարկվող գյուտը ստեղծվել է 2007-2008 թվականներից հետո:
Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել գործով վկա Ռոբերտ Հովսեփյանի ցուցմունքի արժանահավատության և վերաբերելիության վերաբերյալ, քանի որ վերջինս ընդունել է փաստն առ այն, որ իրեն ուղղված գրությունը վերաբերել է 2006 թվականին գոյություն ունեցող հակակարկտային կայանին և նույն թվականին արգենտինական կայանի ՀՀ ներկրմանը, ինչպես նաև նշված վկայի ցուցմունքը վերաբերում էր առհասարակ զենիթ հակակարկտային կայանին, այլ ոչ թե վեճի առարկա կայանի դետալին՝ գյուտին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել սույն գործով պատասխանող Արման Վարդանյանի և վկա Գագիկ Այվազյանի ցուցմունքները, այն դեպքում, երբ վերջիններս նախազգուշացված են եղել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Մինչդեռ վերջիններիս ցուցմունքները հանդիսանում են արժանահավատ ցուցմունքներ, իսկ սույն գործում դրանց արժանահավատությունը կասկածի տակ դնող որևէ ապացույց առկա չէ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ այն չի պարունակում որևէ հիմնավորում Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում և գնահատում, ինչի հիման վրա կայացրել է օրինական, հիմնավորված, պատճառաբանված և արդարացի որոշում։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 06.09.2016 թվականի արձանագրային որոշմամբ սահմանվել է ապացույցների հետազոտման կարգ, որի համաձայն՝ պետք է լսել հայցվոր կողմին, պատասխանող կողմին, 3-րդ անձանց, վկաներին, այնուհետև՝ հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները (հատոր 8-րդ, գ.թ. 70-72):
2) Դատարանի 06.09.2016 թվականի որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության (հատոր 8-րդ, գ.թ. 74):
3) Դատարանի 17.02.2017 թվականի դատական նիստի համառոտագրության համաձայն` դատական նիստի ընթացքում ցուցմունք են տվել հայցվորներ Գեորգի Դանիելյանը, Հրանտ Վարդանյանը, Սամվել Վարդանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, վկա Գագիկ Այվազյանը։ Դատարանի արձանագրային որոշմամբ, աշխատանքային ժամի ավարտի հետ կապված, դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 19.05.2017 թվականին՝ ժամը 15։00-ին (հատոր 8-րդ, գ.թ. 156-159):
4) Դատարանի 19.05.2017 թվականի դատական նիստի համառոտագրության համաձայն` դատական նիստի ընթացքում ցուցմունք են տվել վկա Գագիկ Այվազյանը, պատասխանող Արման Վարդանյանը (հատոր 8-րդ, գ.թ. 170-173):
5) Դատարանի 16.06.2017 թվականի դատական նիստի համառոտագրության և թվային ստորագրության համաձայն` դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել վկա Ռոբերտ Հովսեփյանը (հատոր 9-րդ, գ.թ. 116-119):
6) Սույն գործում առկա դատական նիստերի ձայնագրությունների էլեկտրոնային կրիչների վրա 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները կատարված են թերի, մասնավորապես՝ 17.02.2017 թվականի և 19.05.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները թեև էլեկտրոնային կրիչի վրա առկա են, սակայն հնարավոր չէ վերծանել, իսկ 16.06.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրումը խոտանման արդյունքում բավարար լսելի չէ (հատոր 13-րդ, գ.թ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտի վերանայումը վճռաբեկության կարգով իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի և 365-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության ընթացքում ի հայտ է եկել նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված՝ ստորադաս դատարանի դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրումների այն թերություններին, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը` վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
Նախկին օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:
Նախկին օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական նիստում գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձևով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ թղթային կրիչի վրա կատարված համառոտագրումը և ձայնային կրիչի վրա պահված արձանագրությունը կցվում են գործի նյութերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը՝ ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները՝ հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը: Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը (տե´ս, Կարեն Ստեփանյանն ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի թիվ ԵԱՔԴ/2279/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումն արտահայտվել է Նախկին օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի կապակցությամբ, որը, որպես վճռի պարտադիր բեկանման հիմք, միայն նախատեսում էր գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը: Մինչդեռ գործնականում հնարավոր էին իրավիճակներ, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել էր այնպիսի թերություններով, որոնք հնարավորություն չէին տալիս վերադաս դատական ատյանին լիարժեք ստուգելու ստորադաս դատական ատյանում կատարված գործողությունների իրավաչափությունը: Այս նկատառումով օրենսդիրը 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նաև այն դեպքը, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում՝ ամրագրված լազերային կրիչի վրա, և համառոտագրում՝ արտատպված թղթի վրա: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը: Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն (տե´ս, «Արտաս» ՍՊԸ-ն ընդդեմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2760/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ոչ միայն լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունն է հանդիսանում դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այլ նաև դատական նիստերի ձայնային արձանագրություններում առկա այն թերությունները, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Այսինքն՝ լազերային կրիչի վրա ամրագրված դատական նիստերի ձայնային արձանագրությունների միայն առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրանք լինեն պիտանի և բավարար բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Հետևաբար լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների խոտանումը, որն անհնարին է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի անվերապահ բեկանման՝ անկախ բողոքում այդ հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչումից (տե´ս, Անի Հովհաննիսյանն ընդդեմ «Սպուտնիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2080/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված խախտման բնույթն այնպիսին է, որ բոլոր դեպքերում հանգեցնում է դատական ակտի բեկանման՝ առանց համապատասխան բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերի ընթացքում ցուցմունքներ են տվել հայցվորներ Գեորգի Դանիելյանը, Հրանտ Վարդանյանը, Սամվել Վարդանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, վկա Գագիկ Այվազյանը, պատասխանող Արման Վարդանյանը, վկա Ռոբերտ Հովսեփյանը։
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ սույն գործով Դատարանը 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով, և դատական նիստերի ձայնային արձանագրություններն ամրագրված են գործում առկա լազերային կրիչի վրա: Գործում առկա դատական նիստերի ձայնագրությունների էլեկտրոնային կրիչների վրա 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները կատարված են թերի, մասնավորապես՝ 17.02.2017 թվականի և 19.05.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները թեև էլեկտրոնային կրիչի վրա առկա են, սակայն հնարավոր չէ վերծանել, իսկ 16.06.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրումը խոտանման արդյունքում բավարար լսելի չէ:
Դատարանի 08.02.2019 թվականի վճռի դեմ Կազմակերպության, Արման Վարդանյանի և երրորդ անձ Արամ Վարդանյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ Դատարանի կողմից խախտվել են Նախկին օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները: Մասնավորապես՝ Դատարանի վճիռը հիմնված է բացառապես հայցվորների և վկա Ռոբերտ Հովսեփյանի ցուցմունքների վրա, Դատարանը հաշվի չի առել վկա Գագիկ Այվազյանի ցուցմունքները, որոնցով հերքվում է հայցվորների հնարավոր մասնակցությունը և առնչությունը գյուտի ստեղծմանը։ Դատարանն առանց պատշաճ հիմնավորման անարժանահավատ է դիտել պատասխանողի և վկա Գագիկ Այվազյանի ցուցմունքները։
Վերաքննիչ դատարանը, 28.06.2019 թվականի որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի 08.02.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, նշել է, որ սույն գործով բողոք բերած անձը վիճարկում է հայցվորների տված ցուցմունքների արժանահավատությունը միայն այն հիմքով, որ այդ ցուցմունքները տրվել են շահագրգիռ անձանց կողմից, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորների ցուցմունքների արժանահավատության համար Դատարանը որպես երաշխիք է ընդունել հայցվորներին սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության մասին նախազգուշացնելը: Դատարանն իրավացիորեն այդ ապացույցները դիտարկել է բոլոր ապացույցների հետ համակցության մեջ և հաստատված է համարել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որոնք հայցվորների ցուցմունքի մասով չեն վիճարկվել բողոքաբերի կողմից: Անդրադառնալով վկա Ռոբերտ Հովսեփյանի տված ցուցմունքին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն ժամանակագրական առումով վերաբերում է ինչպես 2006 թվականին, այնպես էլ 2009 թվականին կատարած աշխատանքներին, որտեղ վերջինիս վկայությամբ հակակարկտային կայանի վրա աշխատող մասնագետները չորս հայցվորներն են եղել: Ապացույցների նման համակցության և դրանց համապատասխանության պայմաններում Դատարանի մոտ օբյեկտիվորեն կարող էր առաջանալ համոզմունք, որ վիճարկվող գյուտի համահեղինակները հայցվորներն են։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով, արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերի ժամանակ ցուցմունքներ են տվել հայցվորները, վկաներ Գագիկ Այվազյանը և Ռոբերտ Հովսեփյանը, որոնց ցուցմունքների արժանահավատությունը վիճարկվել է վճռաբեկ բողոք բերած անձի կողմից, իսկ սույն գործի փաստերի համաձայն՝ նշված դատական նիստերի ձայնային արձանագրումները թերի են իրականացվել, մասնավորապես՝ 17.02.2017 թվականի և 19.05.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները թեև էլեկտրոնային կրիչի վրա առկա են, սակայն հնարավոր չէ վերծանել, իսկ 16.06.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրումը խոտանման արդյունքում բավարար լսելի չէ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ 17.02.2017 թվականի, 19.05.2017 թվականի և 16.06.2017 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումները պիտանի և բավարար չեն բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:
Այսպիսով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ ինչպես հայցվորների և վկաների ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի վերը նշված փաստարկին, դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքի մյուս հիմնավորումներին, այնպես էլ Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: