Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0299/02/18

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0299/02/18

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի նոյեմբերի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմինե Կիրակոսյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարության` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու կամ վնասը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2019 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Կիրակոսյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել իրեն տրամադրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով 11.02.2016 թվականի դատավճռով բռնագանձված նյութերի նույն տեսակի և որակի գույք կամ հատուցել պատճառված վնասները, ինչպես նաև բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի 31.05.2019 թվականի լրացուցիչ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արմինե Կիրակոսյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Կիրակոսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1064-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ և 132-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու վնասի հատուցում միայն իրեն անօրինական ձերբակալելու, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտելու հետևանքով պատճառված վնասի պարագայում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմինե Կիրակոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետագայում նրան ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտելու պահին ուժի մեջ է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասը, որպիսի պարագայում էլ Արմինե Կիրակոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք` 1.000.000 ՀՀ դրամի չափով, հետևաբար ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի գործողություններում բացակայել են անօրինական գործողությունները, այսինքն՝ Արմինե Կիրակոսյանը ենթադրյալ վնասը կրել է օրինական դատապարտման արդյունքում:

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Արմինե Կիրակոսյանին արդարացնելու հիմքում դրվել է միայն «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՀ օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի ուժը կորցրած ճանաչելու հանգամանքը: Նման պայմաններում սույն գործով առկա չէ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ եթե պայմանականորեն ընդունենք, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գործողություններում առկա են ապօրինություններ, ապա այդ պարագայում հատուցման ենթակա են Արմինե Կիրակոսյանի կողմից նշված 13 անվանում դեղանյութերը, այլ ոչ թե դրանց համարժեք ՀՀ դրամը, քանի որ դեղագործական 13 անվանում նյութերի ժամկետանց լինելու փաստը վկայակոչել է Արմինե Կիրակոսյանը, հետևաբար հենց նա էլ կրում է նշված փաստի ապացուցման բեռը, իսկ այդ հանգամանքի ապացուցված չլինելու բացասական հետևանքները պետք է կրի հենց ինքը, ուստի Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ 13 անվանում նյութերի ժամկետանց չլինելու հանգամանքը պետք է ապացուցեր պատասխանող կողմը, հանգել է սխալ հետևության: Արմինե Կիրակոսյանը, կրելով այդ հանգամանքի ապացուցման պարտականությունը, չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց: Ինչ վերաբերում է տեղեկանքին և վերջինիս կից ներկայացված լուսանկարներին, ապա դրանք արժանահավատ չեն, քանի որ որևէ հանգամանքով չի ապացուցվում, որ այդ լուսանկարներում առկա միջոցները հենց Արմինե Կիրակոսյանից բռնագանձված միջոցներն են, և որ լուսանկարները կատարվել են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Ավելին՝ տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան ծառայողի կողմից համատեղ կազմելու և ստորագրելու դեպքում միայն կարող էր համարվել արժանահավատ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանով Արմինե Կիրակոսյանը հայտնել է, որ արդարացվածը պատճառված վնասի հատուցման իրավունք ունի՝ անկախ նրանից՝ օրինական է դատապարտվել, թե՝ անօրինական։ Այն պահից սկսած, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված արարքն ապաքրեականացվել է, իր դատապարտումը կրել է անօրինական բնույթ: Ինքն արդարացվել է, իսկ ՀՀ կառավարության դիրքորոշումն առ այն, որ անձն անպայմանորեն պետք է անօրինական դատապարտման ենթարկված լինի, որ պատճառված վնասը հատուցելու իրավունք ձեռք բերի, հարց է առաջացնում, թե ով պետք է հատուցի իրեն պատճառված վնասը:

Դեղագործական նյութերը, բացառությամբ մեկի, ժամկետանց են, արդեն կորցրել են իրենց հետաքրքրությունն իր համար, և դրանք այլևս պիտանի չեն օգտագործման համար ու ենթակա են ոչնչացման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2016 թվականի թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով կայացված դատավճռով Արմինե Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով, իրեղեն ապացույց ճանաչված՝ մաքսանենգության առարկա հանդիսացող ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը բռնագանձվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության (հատոր 1-ին, գ.թ. 7-11).

2) նշված դատավճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնում 14.06.2016 թվականին հարուցվել է թիվ 01960295 կատարողական վարույթը: Կատարողական գործողությունների շրջանակներում 11.07.2016 թվականին թիվ Եհ1635/10 գրությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն առաջարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալ 13 անվանում ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող նյութերը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Կարապետյանը 22.07.2016 թվականին թիվ Ակ/221/8152-16 գրությամբ հայտնել է, որ ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը ենթակա են ոչնչացման թափոնների ոլորտը կարգավորվող ՀՀ օրենսդրության համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 58).

3) ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Կարապետյանը թիվ Ակ/221/8152-16 գրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետ Ա. Մուշեղյանին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությանը պետական միջոցներով դեղ հանդիսացող բռնագրավված վտանգավոր թափոնների ոչնչացման համար ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում. դեղ հանդիսացող բռնագրավված վտանգավոր թափոնները` ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը, ենթակա են ոչնչացման թափոնների ոլորտը կարգավորվող ՀՀ օրենսդրության համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 59, 60).

4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել: Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Արմինե Կիրակոսյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2015 թվականի հունիսի 12-ին և դատապարտվել է 2016 թվականի փետրվարին 11-ին, այսինքն` նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-83-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած։ Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ նախքան Արմինե Կիրակոսյանի կողմից Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը կրելը նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասն ապաքրեականացվել է։ Այսինքն՝ նախքան Արմինե Կիրակոսյանի կողմից նշանակված պատիժը կրելը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ վերջինիս արարքում հանցակազմ չկա», գտել է, որ «պետք է ճանաչել և հռչակել Արմինե Կիրակոսյանի անմեղությունը` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով» և 22.08.2017 թվականի որոշմամբ Արմինե Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2016 թվականի դատավճիռը բեկանվել է, և Արմինե Կիրակոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչվել է անմեղ ու արդարացվել հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 12-14).

5) ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Հակոբյանը 03.10.2018 թվականի թիվ ՎՀ/11.2/14436-18 գրությամբ փաստաբան Դավիթ Մնացականյանին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 30.06.2015 թվականի թիվ 0114110015 գրությամբ ներկայացվել է փորձագետի եզրակացությունը, որից հետո նյութերը վերադարձվել են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին: Վերոգրյալից ելնելով` նշված նյութերի պիտանիության ժամկետների վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել: Միաժամանակ տեղեկացրել է, որ նշված նյութերից «Ուբիստեզին ֆորտե N 50 փամփուշ» և «Սեպտանեստ 1/10000 N 50» հանդիսանում են դեղեր և պիտանիության մեջ են արտադրությունից հետո երկու տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 78).

6) ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Հակոբյանը 24.10.2018 թվականի թիվ ՎՀ/22.1/15401-18 գրությամբ փաստաբան Դավիթ Մնացականյանին հայտնել է, որ դեղագործական արտադրանքը պահանջում է հատուկ պահման և տեղափոխման պայմաններ, հետևաբար անհայտ ծագման ապրանքները ոչնչացվում են, քանի որ հայտնի չեն դրանց արտադրողները, ինչպես նաև պահման և տեղափոխման պայմանները (հատոր 1-ին, գ.թ. 84, 85).

7) փաստաբան Դավիթ Մնացականյանը 27.11.2018 թվականին տեղեկանք է կազմել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում զննել է կատարողական վարույթով Արմինե Կիրակոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված 13 անվանում դեղագործական նյութերը, որի ընթացքում պարզել է, որ այդ նյութերից միայն «SpofaDental Adhesor Fine» դեղանյութն է, որ ժամկետի մեջ է մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը, մյուս բոլոր 12 անվանում նյութերը ժամկետանց են: Կից ներկայացրել է 13 անվանում դեղագործական նյութերի լուսանկարները` էլեկտրոնային կրիչի վրա (հատոր 1-ին, գ.թ. 90, 91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի և Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե որ պայմաններում կարող է անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, պահանջել գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասի հատուցում:

 

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով oժտված փոխհատուցման:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, նույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով` քաղաքացիական հայցի լուծումից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 30.03.2010 թվականի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:

Վերոնշյալ իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքն ունի սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ, որը լայնորեն ճանաչված և ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում: Առաջնորդվելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններով, մասնավորապես` վերջինիս իրավական և սոցիալական վիճակի արդյունավետ վերականգնման անհրաժեշտությամբ, ինչպես նաև վերը նշված սահմանադրաիրավական ու միջազգային իրավական պահանջներով՝ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել է արդարացվածին պատճառված վնասների հատուցման իրավունքը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է արդարացվածի՝ իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև, որ արդարացվածին պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում օրենսդիրը նախատեսել է անձի` ապoրինի դատապարտվելու, նրան քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով oրենքով uահմանված կարգով պատճառված վնաuի լրիվ ծավալով հատուցման իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը տվյալ գործի շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ արդարացվածի՝ նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքի ծագման և իրացման հիմնախնդիրներին, գտել է, որ հատուցման ենթակա են միայն այն վնասները, որոնք ապoրինի դատապարտելու հետևանք են (տե՛ս, Գոզո և Վալի Ամոյանների ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3025/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Համանման իրավական դիրքորոշում արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան): Եվրոպական դատարանը թեև ճանաչել է ապօրինի դատապարտված անձանց կրած վնասների փոխհատուցման իրավունքը, սակայն միաժամանակ նշել է, որ Կոնվենցիան չի խոչընդոտում պայմանավորվող պետություններին հատուցել վնասը, միայն այն դեպքում, երբ տուժած անձը կկարողանա ապացուցել, որ իրեն պատճառված վնասն ուղղակիորեն կապված է իր իրավունքների խախտման հետ (տե՛ս, Շիլաևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով Եվրոպական դատարանի 06.10.2005 թվականի վճիռը, կետ 20):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի դատապարտման արդյունքում նյութական վնասների հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդարացված է նաև այն անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Ելնելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններից, վերջինիս իրավական և փաստական վիճակի վերականգնման անհրաժեշտությունից, սահմանադրական և միջազգային իրավական դրույթներից, օրենսդիրը սահմանել է արդարացվածին հասցված վնասների ամբողջ ծավալով հատուցման կանոն: Նշված կանոնի համաձայն՝ օրենսդիրն արդարացված անձին իրավունք է վերապահել քաղաքացիական դատավարության կարգով՝ հայց հարուցելու միջոցով, ամբողջ ծավալով գույքային հատուցում պահանջելու նաև գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված այն վնասի համար, որը բացառապես պատճառվել է իրեն անօրինական ձերբակալելու, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտելու հետևանքով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից (…):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

Գործի քննության ժամանակ գործած Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման պարտականությանը, արձանագրել է, որ նշված հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը (տե'ս, «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմինե Կիրակոսյանը, դիմելով դատարան, պահանջել է Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել իրեն տրամադրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով 11.02.2016 թվականի դատավճռով բռնագանձված նյութերի նույն տեսակի և որակի գույք կամ հատուցել պատճառված վնասները՝ հայցի իրավական հիմքում դնելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1064-րդ հոդվածները։

Դատարանի 08.01.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Վերաքննիչ դատարանի 18.04.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «առկա է փաստ՝ առ այն, որ թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով արդարացվելուց հետո Արմինե Կիրակոսյանին չեն վերադարձվել նույն գործի շրջանակներում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված՝ իրեղեն ապացույց ճանաչված, մաքսանենգության առարկա հանդիսացող, ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը, իսկ ՀՀ օրենսդրությամբ Արմինե Կիրակոսյանին ընձեռված է հնարավորություն որպես հատուցում ստանալու գույքի բռնագրավման հետևանքով պատճառված վնասը, որպիսի փաստն էլ գործով հիմնավորված է»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ չնայած հայցվորի ներկայացուցչի կողմից կազմված տեղեկանքը և այդ տեղեկանքին կից ներկայացված թվով 13 անվանում դեղագործական նյութերի լուսանկարները չեն հանդիսանում բավարար թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց՝ այն պատճառաբանությամբ, որ որևէ կերպ չի հավաստվում այդ դեղագործական նյութերի լուսանկարներն ու դրանց զննությունը, որի արդյունքում հնարավոր կլիներ պարզել այդ նյութերի ժամկետանց լինելու հանգամանքը և հենց դրանց գտնվելու վայրում՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, իրականացված լինելու փաստը, սակայն հակառակն ապացուցող որևէ փաստ պատասխանողի կողմից չի ներկայացվել։

 

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2016 թվականի թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով կայացված դատավճռով Արմինե Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի 1.000.000 ՀՀ դրամի չափով։ Նույն դատավճռով դատարանը, լուծելով իրեղեն ապացույց հանդիսացող ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերի տնօրինման հարցը, ապացուցված համարելով, որ դրանք մաքսանենգության առարկա են, բռնագանձել է հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Նշված դատավճռի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանն առաջարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալ 13 անվանում ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող նյութերը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Կարապետյանը 22.07.2016 թվականին թիվ Ակ/221/8152-16 գրությամբ հայտնել է, որ ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը ենթակա են ոչնչացման թափոնների ոլորտը կարգավորվող ՀՀ օրենսդրության համաձայն։ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Կարապետյանը թիվ Ակ/221/8152-16 գրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետ Ա. Մուշեղյանին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությանը պետական միջոցներով դեղ հանդիսացող բռնագրավված վտանգավոր թափոնների ոչնչացման համար ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում. դեղ հանդիսացող բռնագրավված վտանգավոր թափոնները` ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը, ենթակա են ոչնչացման թափոնների ոլորտը կարգավորվող ՀՀ օրենսդրության համաձայն։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Արմինե Կիրակոսյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2015 թվականի հունիսի 12-ին և դատապարտվել է 2016 թվականի փետրվարի 11-ին, այսինքն` նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-83-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած։ Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ նախքան Արմինե Կիրակոսյանի կողմից Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը կրելը նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասն ապաքրեականացվել է։ Այսինքն՝ նախքան Արմինե Կիրակոսյանի կողմից նշանակված պատիժը կրելը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ վերջինիս արարքում հանցակազմ չկա», գտել է, որ «պետք է ճանաչել և հռչակել Արմինե Կիրակոսյանի անմեղությունը` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով» և 22.08.2017 թվականի որոշմամբ Արմինե Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2016 թվականի դատավճիռը բեկանել է, և Արմինե Կիրակոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչվել է անմեղ ու արդարացվել հանցակազմի բացակայության հիմքով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմինե Կիրակոսյանը հանդիսանում է արդարացված անձ։ Ընդ որում, նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն պատճառաբանությունը, որ «նախքան Արմինե Կիրակոսյանի կողմից Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը կրելը նրան մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասն ապաքրեականացվել է», «մինչև Արմինե Կիրակոսյանի կողմից նշանակված պատիժը կրելը տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ վերջինիս արարքում հանցակազմ չկա», և «պետք է ճանաչել և հռչակել Արմինե Կիրակոսյանի անմեղությունը` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով»։

Այսինքն՝ նշված արդարացման որոշմամբ չի հաստատվել Արմինե Կիրակոսյանին անօրինական ձերբակալելու, կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատապարտելու վերաբերյալ որևէ փաստ։ Ավելին՝ նույն որոշմամբ չի հաստատվել նաև պետական մարմնի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ թույլ տրված լինելու վերաբերյալ փաստ։ Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի անդրադարձել որպես մաքսանենգության առարկա բռնագանձված իրեղեն ապացույցների հարցին։ Նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթակա չէ կիրառման հայցի իրավական հիմքում դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը։ Նույն պատճառաբանությամբ սույն քաղաքացիական գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ նաև ենթակա չէ կիրառման հայցի իրավական հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածը։

Ինչ վերաբերում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված մաքսանենգության առարկաներն արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայցվորին չվերադարձնելու գործողությունը ոչ իրավաչափ դիտելու և այդ գույքի դիմաց հատուցում ստանալու հնարավորություն ունենալու, վերը նշված՝ հայցվորի կողմից վկայակոչված փաստերին հակառակն ապացուցող որևէ փաստ պատասխանողի կողմից չներկայացվելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով նաև վերոգրյալ հոդվածներին, նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը, արձանագրել է, որ վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Ապացուցման պարտականությունը որպես սուբյեկտիվ պարտականություն` բովանդակային առումով ներառում է հետևյալ երկու տարրերը.

1) պահանջների կամ առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու պարտականություն (հաստատման ծանրություն), որը դիտարկվում է որպես պահանջները և առարկությունները փաստերով հիմնավորելու՝ պահանջների և առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու և օրենքով սահմանված ձևով դատարանին ներկայացնելու անհրաժեշտություն,

2) ապացույցներ ներկայացնելու պարտականություն (բացահայտման ծանրություն), որն իրենից ներկայացնում է գործին մասնակցող անձի կողմից պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց ներկայացնելու անհրաժեշտություն:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման, և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Ապացուցման պարտականությունը բաշխելու նորմերը կազմված են ընդհանուր և հատուկ կանոններից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ձևակերպված է Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Բացի նշված ընդհանուր կանոնից, գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմանված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով: Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքով սահմանված քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.

1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,

2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը:

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Արմինե Կիրակոսյանի հայցադիմումի հիման վրա, որով վերջինս, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, պահանջել է Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել իրեն տրամադրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ2/0074/01/15 քրեական գործով 11.02.2016 թվականի դատավճռով բռնագանձված նյութերի նույն տեսակի և որակի գույք կամ հատուցել պատճառված վնասները՝ հայցի փաստական հիմքում դնելով նաև այն հանգամանքը, որ «այդ դեղագործական նյութերը ոչ միայն հնարավոր է, որ արդեն ժամկետանց են կամ ժամկետի ավարտին մոտ՝ այլ նաև իրենց հետաքրքրությունն են կորցրել թե իր համար՝ թե առհասարակ որպես արդեն հին նմուշի դեղանյութեր՝ եթե նույնիսկ դրանք դեռևս ժամկետի մեջ լինեն, քանի որ ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող դեղանյութերի շուկան շատ արագ է զարգանում և փոփոխությունների ենթարկվում»:

Դատարանը սույն գործը դատաքննության նախապատրաստելիս 18.09.2018 թվականին հրավիրված նախնական դատական նիստում կատարել է կողմերի միջև ապացուցման բեռի բաշխում, ի թիվս այլնի՝ հայցվոր Արմինե Կիրակոսյանի վրա դնելով նաև այն փաստն ապացուցելու բեռը, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահի դրությամբ այդ 13 անվանում նյութերում որևէ պիտանի նյութ, որը ենթակա կլիներ հանձնման, չի եղել»:

Արմինե Կիրակոսյանի ներկայացուցիչ փաստաբան Դավիթ Մնացականյանը, ի հաստատումն վերը նշված փաստի, 27.11.2018 թվականին տեղեկանք է կազմել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում զննել է կատարողական վարույթով Արմինե Կիրակոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված 13 անվանում դեղագործական նյութերը, որի ընթացքում պարզել է, որ այդ նյութերից միայն «SpofaDental Adhesor Fine» դեղանյութն է, որը ժամկետի մեջ է մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը, մյուս բոլոր 12 անվանում նյութերը ժամկետանց են, ու Դատարանին ներկայացրել է 13 անվանում դեղագործական նյութերի լուսանկարները` էլեկտրոնային կրիչի վրա:

Դատարանը, անդրադառնալով դեղորայքի պիտանելիության ժամկետի հարցին, հիմք է ընդունել վերը նշված տեղեկանքը և գտել է, որ «անարդյունավետ է այլևս այդ մեկ դեղատեսակի վերադարձը հայցվորին, ուստի (...) պահանջը ենթակա է բավարարման և պատասխանող Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 1.120.400 ՀՀ դրամ` որպես ՏԴ2/0074/01/15 քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված 13 անվանում (...) ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող նյութերը պիտանելիության ժամկետում չվերադարձմամբ պատճառված վնաս»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, իր հերթին պատճառաբանել է, որ նշված տեղեկանքը և այդ տեղեկանքին կից ներկայացված թվով 13 անվանում դեղագործական նյութերի լուսանկարները չեն հանդիսանում բավարար թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց՝ այն պատճառաբանությամբ, որ որևէ կերպ չի հավաստվում այդ դեղագործական նյութերի լուսանկարներն ու դրանց զննությունը, որի արդյունքում հնարավոր կլիներ պարզել այդ նյութերի ժամկետանց լինելու հանգամանքը և հենց դրանց գտնվելու վայրում՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, իրականացված լինելու փաստը, սակայն հակառակն ապացուցող որևէ փաստ պատասխանողի կողմից չի ներկայացվել:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վկայակոչված եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և չեն բխում վերը նշված իրավական դիրքորոշումներից, քանի որ եթե վերը նշված փաստի ապացուցման պարտականությունը Դատարանը դրել է հայցվոր կողմի վրա, ուստի Վերաքննիչ դատարանը, հայցվորի կողմից որպես միակ ապացույց ներկայացված լուսանկարներն ու տեղեկանքը գնահատելով որպես թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ չհանդիսացող, չէր կարող այդ ապացույցները հետազոտելուց և դրանց նման գնահատական տալուց հետո վերը նշված՝ ապացուցման ենթակա փաստի առկայությունը վիճելի մնալու պայմաններում դրա բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման պարտականությունը չկրող կողմի՝ պատասխանող ՀՀ կառավարության վրա:

Նման պայմաններում հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա էր մերժման ամբողջությամբ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով բողոք բերած անձ ՀՀ կառավարությունը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարները:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Արմինե Կիրակոսյանի հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, միաժամանակ, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «է.1» կետի հիմքով` Արմինե Կիրակոսյանն ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: