ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 357-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված շահառուների ընտրության ընթացակարգը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված վարկերի մարման ընթացակարգը:
5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման դիմումների վերջնաժամկետ է ամրագրվում 2020 թվականի հունիսի 30-ը: Հետևաբար 2020 թվականի հուլիսի 1-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման նոր հայտեր չեն ընդունվելու:
(5-րդ կետը լրաց. 12.06.20 N 947-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման |
Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ
1. Միջոցառման ԵՎ օժանդակության նպատակը
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:
2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։
2. Տնտեսավարողների շրջանակը
3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`
1) հիմնական գործունեություն (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի) է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում՝
ա. մշակող արդյունաբերություն,
բ. կացության և հանրային սննդի կազմակերպում,
գ. փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
դ. զբոսաշրջային ծառայություններ,
ե. սպասարկման այլ ծառայություններ,
զ. առողջապահություն,
է. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
ը. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
թ. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,
ժ. շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.
3) 2019 թվականի շրջանառությունը կազմել է առնվազն 24 մլն դրամ, սակայն չի գերազանցել 500 մլն դրամը.
4) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը.
5) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
6) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց. 16.04.20 N 559-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, 30.04.20 N 646-Լ, լրաց. 13.05.20 N 728-Լ)
3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:
(3.1-ին կետը լրաց. 09.04.20 N 503-Լ)
4. Օժանդակության մեխանիզմը
4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ։
5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը
5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով՝
1) աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 300 հազ. դրամ գումարի չափով՝ առավելագույնը 6 ամսվա համար.
2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր) (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)՝ առավելագույնը 6 ամսվա համար՝ բացառությամբ կանխավճարների և գերավճարների.
3) հումքի (բացառությամբ վառելանյութի) գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը և հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ հաշվարկային փաստաթղթերը տրվել են փետրվարի 1-ից հետո և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ տվյալ տնտեսավարողի արտադրական, ծառայությունը մատուցելու և սպասարկումը կազմակերպելու նպատակներով։ Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի).
4) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում) (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը 6 ամսվա համար՝ բացառությամբ կանխավճարների և գերավճարների.
5) տնտեսավարողի կողմից արտադրական կամ ծառայությունների մատուցման նպատակով անշարժ գույքի և հողամասի վարձակալական վճարներ, եթե տնտեսավարողն ունի փետրվար 1-ի դրությամբ գործող պայմանագիր։ Ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով:
(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 22.04.20 N 586-Լ, փոփ., խմբ. 13.05.20 N 728-Լ)
6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամ.
2) ժամկետը՝ 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում.
3) մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը՝ 50 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան տնտեսավարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը․
4) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում.
5) օժանդակության գործիքները կիրառվում են առանց դրանց համար վարկային միջոցների տրամադրման վճարների գանձման՝ բացառությամբ այն դեպքի, եթե տնտեսավարողը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պահանջին: Այդ դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։
(6-րդ կետը լրաց. 14.04.20 N 554-Լ, խմբ. 13.05.20 N 728-Լ)
6․1. Տնտեսավարողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է:
(6.1-ին կետը լրաց. 04.03.21 N 279-Լ)
7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները
7. Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք Ներդրումների աջակցման կենտրոնից կստանան վարկի սպասարկման վճար յուրաքանչյուր վարկի դիմաց:
8. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:
9. Շահառուների ընտրության և վարկերի մարման ընթացակարգերը կսահմանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը
10. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տրամադրմամբ։
11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել Ներդրումների աջակցման կենտրոն թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտի գնահատումը իրականացնելուց հետո Ներդրումների աջակցման կենտրոնը պայմանագիր է կնքում տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովում վարկի գումարի հասանելիությունը բանկի համար։
12. Վարկի ապահովման համար կպահանջվի սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն, որը կներկայացվի Ներդրումների աջակցման կենտրոնին: Երաշխավորը պետք է բավարարի ԱՔՐԱ համակարգի չափանիշներով սքորինգի` Ներդրումների աջակցման կենտրոնի սահմանած նվազագույն պայմաններին:
13. Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%:
14. Ներդրումների աջակցության կենտրոնը իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում՝ ՊԵԿ-ից, տնտեսավարողից և բանկից և/կամ ֆինանսական կազմակերպություններից ստացվող տեղեկության հիման վրա և կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ վարկի մարում։
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ., լրաց. 14.04.20 N 554-Լ, լրաց. 16.04.20 N 559-Լ, խմբ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, 30.04.20 N 646-Լ, լրաց., փոփ., խմբ. 13.05.20 N 728-Լ, լրաց. 04.03.21 N 279-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |