ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0274/02/17 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0274/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2020 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ըստ հայցի Քնարիկ Ամիրյանի ընդդեմ Համայնքի՝ աշխատանքից ազատման թիվ 7 կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան`Քնարիկ Ամիրյանը պահանջել է անվավեր ճանաչել 03.03.2017 թվականին Համայնքի ղեկավարի կողմից արձակված թիվ 7 կարգադրությունը, իրեն վերականգնել նախկին պաշտոնում, ինչպես նաև Համայնքից հօգուտ իրեն բռնագանձել իր միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 03.03.2017 թվականից:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ա. Հովհաննիսյան) 30.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Տ. Նազարյան, Ն. Բարսեղյան, Ա. Պետրոսյան) 25.01.2018 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Մատինյան) (այսուհետ՝ Դատարան) 04.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Մ. Հարթենյան, Ա. Սմբատյան, Ն. Մարգարյան) 25.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 04.02.2020 թվականի վճռի դեմ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.05.2020 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քնարիկ Ամիրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 58-րդ, 59-րդ, 66-րդ, 367-րդ, 368-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս կից ներկայացվել են ոչ միայն կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը հայցվորին ուղարկելու մասին, այլ նաև առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերջինիս ուղարկելու մասին ապացույցները՝ բնօրինակներով այն դեպքում, երբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում բովանդակային որևէ փոփոխություն չի արվել, քանի որ այն վերադարձվել էր ձևական սխալներն ուղղելու համար:
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների պատշաճ ուսումնասիրություն, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա են նույն վերաքննիչ բողոքն ուղարկելու մասին երկու փոստային անդորրագրեր:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին պահանջն ինքնանպատակ չէ: Այն բխում է մրցակցության դատավարության սկզբունքից և ապահովում է գործին մասնակցող անձանց դատական պաշտպանության առավել արդյունավետ կազմակերպման հնարավորությունը: Ավելին, վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին պահանջը չի կարող վերադասվել անձի՝ դատական պաշտպանության իրավունքից, ուստի և չի կարող վերաքննիչ բողոք բերած անձին ծանրաբեռնել որևէ չարդարացված պարտականությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն իրավաչափ է: Բացի այդ, «Համայնքը պետք է վիճարկեր բացառապես ստորադաս դատարանի դատավարական նորմի խախտումները, այլ ոչ թե՝ նյութական և դատավարական, այն պարզ պատճառով, որ Վերաքննիչ դատարանը փաստացի քննություն սույն գործով չի իրականացրել»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության (...) համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե'ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 372-րդ հոդվածները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝ (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ ,վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունըե:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ ,օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքըե:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) [Կրկին] ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. ,(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Համայնքը, առձեռն հանձնման միջոցով, 04.03.2020 թվականին Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ի թիվս այլնի՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, վերաքննիչ բողոքը 04.03.2020 թվականին գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագրերի պատճենները (հատոր 4-րդ, գ.թ. 15-17):
Քնարիկ Ամիրյանը 19.03.2020 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան-առարկություն, որով հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակը ստացել է 06.03.2020 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 92-102):
Վերաքննիչ դատարանը 25.03.2020 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու մասին ապացույցները, ներկայացվել են վերջիններիս հասցեագրված փոստային անդորրագրերի պատճեններ, որոնք չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ, քանի որ պատճեններ են: Բացի այդ, սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարվել է միայն 10.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 4-րդ, գ.թ. 107-108):
Համայնքը, 21.04.2020 թվականին ստանալով Վերաքննիչ դատարանի 25.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ, 28.04.2020 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` պետական տուրքի մասով վերացնելով թույլ տրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագրերը: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են նաև վերաքննիչ բողոքը 27.04.2020 թվականին Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 27.04.2020 թվականին գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, որում վերջինիս հասցեն «ՀՀ Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան թիվ 80 հասցեի փոխարեն նշված է Արարատ, Նոր Կյանք» (հիմք՝ փոստային անդորրագրեր, հատոր 5-րդ, գ.թ. 2-3):
Վերաքննիչ դատարանը 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և մերժելով Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` արձանագրել է, որ ,վերաքննիչ բողոքին կրկին կցված չէ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու մասին ապացույցը: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ Քնարիկ Ամիրյանի անվամբ «Արարատ, Նոր Կյանք» հասցեով հասցեագրված փոստային անդորրագրին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի պատճենը հայցվոր Քնարիկ Ամիրյանին ուղարկելու փաստը հաստատող ապացույց այն հիմնավորմամբ, որ վերջինիս հասցեն է՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան 80ե (հատոր 5-րդ, գ.թ. 100-101):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Համայնքի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` Վերաքննիչ դատարանի 25.03.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները չեն առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին (բովանդակությանը): Մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից պետք է վճարվեր 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ բողոքին կից ներկայացվել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ինչպես նաև ներկայացվել են վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու մասին ապացույցների պատճենները:
Վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կցվել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագրերը, վերաքննիչ բողոքը 27.04.2020 թվականին Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 27.04.2020 թվականին գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, որում վերջինիս հասցեն «ՀՀ Արարատի մարզ, գ. Նոր Կյանք, Արարատյան թիվ 80 հասցեի փոխարեն նշված է Արարատ, Նոր Կյանք»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքները նույնաբովանդակ են:
Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ սույն գործում առկա է Քնարիկ Ամիրյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան-առարկությունը, որով Քնարիկ Ամիրյանը հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակը ստացել է 06.03.2020 թվականին: Ընդ որում, վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան-առարկությունը Վերաքննիչ դատարանի կողմից ստացվել է 23.03.2020 թվականին (հիմք՝ տվյալ փաստաթղթի վրա առկա կնիքը՝ համապատասխան ամսաթվով):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելիս և մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` օրենսդիրը սահմանելով վերաքննիչ բողոք բերած անձի պարտականությունը՝ բողոքին կցել բողոքը նաև գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու բողոքը՝ գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու և դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքի, որ սույն գործով Համայնքի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չի եղել վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ Քնարիկ Ամիրյանին ուղարկելու փաստը հաստատող փոստային, այլ կցված է եղել այդ անդորրագրի պատճենը, ինչը հիմք է վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով վերադարձնելու համար, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Քնարիկ Ամիրյանի կողմից 19.03.2020 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացվել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան-առարկություն, որով վերջինս հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակը ստացել է 06.03.2020 թվականին, որպիսի պայմաններում, ըստ էության, ապահովվել է գործին մասնակցող անձի մրցակցության սկզբունքի իրականացումը, վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին հասանելի է եղել և վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու գործին մասնակցող անձի դատավարական իրավունքը չի խախտվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնաբովանդակ բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործին մասնակցող անձին կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը սույն դեպքում կրում է ձևական բնույթ և անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համայնքը, ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմին ուղարկելու պարտականությունը: Հետևաբար Քնարիկ Ամիրյանին այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է Համայնքին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: