ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0998/02/15 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0998/02/15 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) ներկայացուցիչ Ազատ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18․07․2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ավետիք Ստեփանյանի ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների, երրորդ անձինք Ժաննա Դավթյանի (Ստեփանյան), Ջուլիետտա Գևորգյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված հողամասից փաստացի զբաղեցրած մասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համաս, Ալմաստ Հովակիմյանների ընդդեմ Ավետիք Ստեփանյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ավետիք Ստեփանյանը պահանջել է առանձնացնել քաղաք Երևան, Ա. Վշտունու թիվ 80 հասցեում գտնվող հայցվորի կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համաս և Ալմաստ Հովակիմյանները պահանջել են Երևան քաղաքի Ա. Վշտունու թիվ 80 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել Համաս Հովակիմյանի և Ալմաստ Հովակիմյանի յուրաքանչյուրի 1/6 բաժնի սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2019 թվականի որոշմամբ Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 18.07.2019 թվականի թիվ ԵԱԴԴ/0998/02/15 որոշումը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բացթողնման պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու, վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ անհիմն է, չի բխում օրենքից, քաղաքացիական գործի նյութերից, ուստի այն ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանությամբ․
Համաձայն քաղաքացիական գործի տվյալների՝ սույն քաղաքացիական գործը հարուցվել է 2015 թվականին Ժաննա Ստեփանյանի կողմից որպես երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ միջնորդություն է արվել 02.08.2017 թվականին դատական նիստի քննության ժամանակ (տե՛ս դատական նիստի ձայնագրության արձանագրությունը): Ժաննա Ստեփանյանը ողջ դատական քննության ժամանակ (2015-2018թթ. ընթացքում) մասնակցել է միայն 17.10.2018 թվականի դատական նիստին, որի ժամանակ պարզվել է վերջինիս ինքնությունը և հաստատվել, որ նա փաստացի բնակվում է ք. Երևան, Ջանիբեկյան 5/1 հասցեում (տե՛ս դատական նիստի ձայնագրության արձանագրությունը):
Դատարանը 27.02.2019 թվականի նիստի ժամանակ հետազոտել է գործի նյութերը և հայտարարել, որ ըստ 14.12.2018 թվականին տրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի տեղեկանքի՝ Ժաննա Ստեփանյանը հաշվառված է ք. Երևան, Ա. Վշտունի փողոցի 80/1 տանը։
Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված և գործի նյութերում առկա վճիռը ստանալու մասին ծանուցման համաձայն՝ Դատարանը Ժաննա Ստեփանյանի (Դավթյան) անունով վճիռն ուղարկել է սխալ հասցեով՝ ք. Երևան, Ա. Վշտունի 80 տուն, սակայն պետք է ուղարկեր Ժաննա Ստեփանյանի հաշվառման՝ ք. Երևան, Ա. Վշտունի 80/1 հասցեով, նշված սխալի պատճառով բողոքաբերը վճռի օրինակը չի ստացել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, թե 05.04.2019 թվականի վճռի ուղարկման նամակի ստացման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը բողոքաբերի կողմից չի վիճարկվել, ապա հայտնել է, որ Ժաննա Ստեփանյանը վճիռը չի ստացել, ծանուցագիրը չի տեսել և տեղյակ չի եղել, որ իր անվան դիմաց ծանուցագրի վրա ստորագրություն է դրվել:
Դատարանը տեղեկանալով, որ Ժաննա Ստեփանյանի ճիշտ հասցեով վճիռը չի ուղարկել, թիվ RR2675794AM փոստային առաքմամբ 14.03.2019 թվականի վճիռն ուղարկել է բողոք բերած անձին քաղաք Երևան, Ջանիբեկյան 5/1 հասցեով, որն էլ վերջինս ստացել է 08.05.2019 թվականին։ Վճիռը ստանալու վերաբերյալ փոստային առաքանու՝ ծրարի պատճենը վերաքննիչ բողոքի հետ միասին ուղարկվել է Վերաքննիչ դատարանին:
Նման պայմաններում, երբ Դատարանը պարզել է, որ իր թերացման պատճառով Ժաննա Ստեփանյանը Դատարանի վճիռը չի ստացել (դատարանը վճիռն ուղարկել էր Ժաննա Ստեփանյանի ոչ բնակության, ոչ հաշվառման վայրի հասցեով, այլ՝ գործով հայցվորի և պատասխանողների), հետագայում, շտկել է իր թերությունը և թիվ RR267579794AM առաքանիով վճիռն ուղարկել է Ժաննա Ստեփանյանի բնակության վայրը, այն է՝ քաղաք Երևան, Ջանիբեկյան 5/1 ճիշտ հասցեով, անհասկանալի է Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ Ժաննա Ստեփանյանը վճռի իր օրինակը ստացել է դեռևս 05.04.2019 թվականին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարանի) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե'ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե'ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ,ՄԻԼԼԱՐե ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը ևս 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Սույն գործով Ավետիք Ստեփանյանը 27․03․2015 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների, երրորդ անձինք Ժաննա Դավթյանի (Ստեփանյան), Ջուլիետտա Գևորգյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված հողամասից փաստացի զբաղեցրած մասն առանձնացնելու պահանջի մասին: Դատարանի 30.03.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (1-ին հատոր, գ.թ. 22): Դատարանը 02․08․2017 թվականի դատական նիստի ժամանակ, որպես երրորդ անձ ներգրավել է Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) և Ջուլիետա Գևորգյանին (2-րդ հատոր, գ.թ. 2-3)։ 01․11․2017 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ուղարկվել է քաղաք Երևան Ա․ Վշտունու փողոց տուն 80 հասցեով, որը վերջինս ստացել է 21․08․2017 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 17): «Գործը դատաքննության նշանակելու մասին» 01․11․2017 թվականի որոշումը ևս Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ուղարկվել է քաղաք Երևան Ա․ Վշտունու փողոց տուն 80 հասցեով, որը վերջինս ստացել է 26․03․2018 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 24-25, 30)։ Դատարանը, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետով, գրություն է ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին (2-րդ հատոր, գ.թ. 36)։ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի` 02․03․2018 թվականի գրության համաձայն հայտվել է, որ` ,Ի պատասխան Ձեր գրության՝ թիվ ԵԱԴԴ/0998/02/15 քաղաքացիական գործով /նշանակված 07․03․2018թ/ հայտնում ենք, որ ք․ Երևան, Ա․ Վշտունի փողոց 80 տուն հասցեի դուռը փակ է և (…) Ժաննա Դավթյանի, (…) փաստացի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ այլ տեղեկություններ չունենքե (1-ին հատոր, գ.թ. 40): 14․12․2018 թվականի «Գույքի առանձին որակման քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ ի պատասխան Ռոման Ստեփանյանի թիվ ԱՏ-12/12/25018-2-0052 դիմումի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտնել է․ «համաձայն կադաստրային գործի տվյալների ք․ Երևան, Աջափնյակ Ա․ Վշտունու փողոց 80 հասցեի 660․0քմ հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Ավետիք Գարեգինի Ստեփանյանի (Վշտունու փողոց 80), Համաս Ավագի Հովակիմյանի, Ալմաստ Ռազմիկի Հովհակիմյանի, Արթուր Ռազմիկի Հովհակիմյանի (Վշտունու փողոց 80), Ժաննա Ռազմիկի Դավթյանի (Ստեփանյան) (Վշտունու փողոց 80/1 բնակելի տուն) և Ջուլիետա Կարապետի Գևորգյանի (Վշտունու փողոց 80/2 բնակելի տուն) անուններով» (3-րդ հատոր գ․թ 18): Դատարանը Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) դատական ծանուցագրերն ուղարկել է հայցվորի կողմից հայտնած՝ ք․ Երևան, Ա․ Վշտունի փողոց 80 տուն հասցեով, որը վերջինս, ըստ գործում առկա հանձնման հավաստագրերի, ստացել է (2-րդ հատոր, գ.թ. 17, 30, 51, 70): Դատարանի 14․03․2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել (3-րդ հատոր գ.թ. 36-42): Դատարանի վճիռը Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) ուղարկվել է ք․ Երևան, Ա․ Վշտունի փողոց 80 տուն հասցեով (3-րդ հատոր, գ.թ 43):
Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) 10․06․2019 թվականին Դատարանի 14․03․2019 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոք (3-րդ հատոր, գ.թ. 93), որը Վերաքննիչ դատարանի 27․06․2019 թվականի որոշմամբ վերադարձվել է՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (3-րդ հատոր, գ.թ. 108)։ Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) 13․07․2019 թվականին Դատարանի 14․03․2019 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (4-րդ հատոր, գ.թ. 50), միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը, քանի որ նշված վճռի մասին տեղեկացել է 08․05․2019 թվականին, նշել է, որ բողոքը ուշ է ներկայացրել Վերաքննիչ դատարան, քանի որ բողոքաբերը դատական ակտը ստացել է վճիռը հրապարակվելուց հետո և վերաքննիչ բողոքը բերել է սահմանված ժամկետի խախտմամբ՝ անկախ իր կամքից: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) ներկայացրել է անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 18․03․2014 թվականի Հ․990-Ա որոշման հավելվածի պատճենը, որից հստակ երևում է, որ Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) տրամադրվել է հետևյալ հասցեն` քաղաք Երևան, Ա․ Վշտունու փողոց 80/1 բնակելի տուն (4-րդ հատոր, գ.թ. 42), ինչպես նաև վերաքննիչ բողոքին կցվել է Դատարանի կողմից Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) 08․05․2019 թվականին ք․ Երևան Ջանիբեկյան փողոց տուն 5/1 հասցեագրված ծրարը (4-րդ հատոր, գ.թ. 43)։
Վերաքննիչ դատարանը Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ,(...) Տվյալ դեպքում բողոքարկված դատական ակտը կայացվել է 14.03.2019թ., որի դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 15.04.2019թ. ներառյալ: Մինչդեռ Ժաննա Դավթյանի (Ստեփանյանի) անունից վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն 10.06.2019թ., այսինքն` օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը չի կարող բավարարվել հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոքարկված դատական ակտի դեմ սահմանված ժամկետից ուշ վերաքննիչ բողոք բերելու հիմքում բողոք բերած անձը դրել է այն հանգամանքը, որ դատական ակտը Ժաննա Դավթյանը (Ստեփանյանը) ստացել է 08.05.2019թ., իսկ վերաքննիչ բողոք բերելու վերջնաժամկետը` 09.06.2019թ. համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ, ինչն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը 10.10.2019թ. ներկայացնելու համար: Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը պարզեց, որ բողոքաբերը վճռի իր օրինակը ստացել է դեռևս 05.04.2019թ. (հիմք` ստացման ծանուցագիր, հատոր 3-րդ գ.թ. 50), հետևաբար վերջինիս պնդումը դատական ակտը 08.05.2019թ. ստացած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող է և չի կարող դրվել միջնորդության բավարարման հիմքում:
Վերոգրյալի, ինչպես նաև ստացման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը բողոքաբերի կողմից կատարված լինելու փաստը վերջինիս կողմից վիճարկված չլինելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը չի կարող հիմք ընդունել դատական ակտի գոյության մասին ավելի ուշ տեղեկացված լինելու փաստը և այն դնել միջնորդության բավարարման հիմքումե (4-րդ հատոր, գ.թ. 52)։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) կողմից հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրված լինելու հիմքով, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) կողմից ներկայացրած ապացույցները, հարկ է համարում նշել, որ վճիռը Դատարանի կողմից ուղարկվել է հայցվորի կողմից հայցադիմումում հայտնած հասցեով, որը տարբեր է Ժաննա Դավթյանի (Ստեփանյան) իրական հասցեից, և Ժաննա Դավթյանը (Ստեփանյան) փաստացի այդ հասցեների հետ որևէ առնչություն չի ունեցել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Ժաննա Դավթյանին (Ստեփանյան) հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ ևԲ վճռի հանձնումը, ևԲ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18․07․2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: