Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2440/02/18

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2440/02/18

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան 

 

 Ս. Հարթենյան

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

           

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

   

նախագահող    

Ռ. Հակոբյան

զեկուցող    

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աննա Վարդանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Ղազարյանի ընդդեմ Աննա Վարդանյանի՝ երեխային մշտական բնակության վայր անհապաղ վերադարձնելուն կարգադրելու պահանջի մասին,

      

Պ Ա Ր Զ Ե Ց

              

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշոտ Ղազարյանը պահանջել է կարգադրել Աննա Վարդանյանին երեխային` Մարկ Աշոտի Ղազարյանին, անհապաղ վերադարձնել իր մշտական բնակության վայր` Ռուսաստանի Դաշնություն, Նովոռոսիյսկ քաղաք, Ձերժինսկու թիվ 7 հասցե:  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ՝ Դատարան) 14.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  18.03.2019 թվականի որոշմամբ Աշոտ Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 14.11.2018 թվականի վճիռը փոփոխվել է՝ հայցը բավարարվել է և կարգադրվել է Աննա Վարդանյանին` 25.02.2015 թվականին ծնված և իր կողմից Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող Մարկ Ղազարյանին անհապաղ վերադարձնելու նրա մշտական բնակության վայր` «Ռուսաստանի Դաշնություն, ք. Նովոռոսիյսկ, Ձերժինսկու թիվ 7» հասցե:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Վարդանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Ղազարյանի ներկայացուցիչ Աշոտ Ապրեսյանը։

               

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի1 (այսուհետ` Հաագայի կոնվենցիա)  1-ին, 3-րդ, 5-րդ, 12-րդ, 20-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ, 7-րդ, 9-րդ,  10-րդ, 18-րդ հոդվածները,  ՀՀ Սահմանադրության 36-րդ, 37-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 42-րդ, 49-րդ, 51-րդ, 54-րդ հոդվածները: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաագայի կոնվենցիայի համապատասխան հոդվածների վերլուծությունից բխում է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ բնույթ չի կրում, և ոչ բոլոր դեպքերում է, որ դատարանը պարտավոր է նման կարգադրություն արձակել: Մասնավորապես` այդ պարտականությունը ենթակա է նաև ժամկետային և բովանդակային սահմանափակումների, հատկապես այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս երեխայի շահերին վերաբերող հարցեր, այն ինքնաբերաբար պետք է դառնա ստեղծված իրավիճակի կամ վեճի առաջնահերթ և կարևորագույն պայման, և բոլոր դեպքերում առաջնայինը և գերական երեխայի լավագույն շահն է:

Ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման հարցում, ընդ որում՝ այս հարցերում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին` երեխան իր հերթին ունի շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացմանը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով իրավական նորմերի պահանջները, ճիշտ չի գնահատել գործում եղած ապացույցները և լիովին ոտնահարել է ինչպես Աննա Վարդանյանի` որպես ծնողի իրավունքները, այնպես էլ երեխայի` Մարկ Ղազարյանի շահերը:

Ինչպես Դատարանը, այնպես էլ՝ վերաքննիչ դատարանը գտել են, որ սույն դեպքում բացակայում է երեխային  անօրինական տեղափոխելու հանգամանքը, իսկ ինչ վերաբերում է երեխային անօրինական պահելուն, ապա վերաքննիչ դատարանը պետք է ճիշտ գնահատեր ընտանիքում ստեղծված իրադրությունը: Վերաքննիչ դատարանը, կայացնելով երեխային վերադարձնելու մասին որոշում, փաստացի զրկել է Աննա Վարդանյանին իր երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու իրավունքից, քանի որ նա ՌԴ չի կարող մեկնել, հաշվի չի առել ծնողական շահը: 

              

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2019  թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2018 թվականի վճռին:

                     

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ սույն իրավահարաբերությունները կարգավորվում են Հաագայի կոնվենցիայի դրույթներով: Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 14.11.2018 թվականի վճիռը, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ և վերականգնել է երեխայի խախտված իրավունքները և շահերը: Վերաքննիչ դատարանն  օբյեկտիվորեն եզրահանգել է, որ Մարկ Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում պահվում է անօրինական կերպով: Երեխային իր մշտական բնակության վայր չվերադարձնելն առաջին հերթին խախտում է Մարկ Ղազարյանի իրավունքներն ու շահերը, նա զրկված է հոր և եղբոր հետ շփվելու, նրանց տեսակցելու հնարավորությունից:

Աննա Վարդանյանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չի իրականացրել խնամակալության իրավունքները կամ համաձայնություն են տվել կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահման փաստը կամ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

                     

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 29.12.2006 թվականի I–ԱԳ N 860527 ամուսնության վկայականի հայերեն թարգմանության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Ղազարյանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Վարդանյանի ամուսնությունը գրանցվել է 29.12.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ 34)։

2. 02.02.2018 թվականի V-ԱԳ թիվ 804739 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն՝ 25.02.2015 թվականին ծնված Մարկ Ղազարյանի հայրն Աշոտ Ղազարյանն է, մայրը՝ Աննա Վարդանյանը (հատոր 1-ին, գ.թ. 33)։ 

3. Աննա Վարդանյանը կողմերի փոխադարձ համաձայնությամբ Մարկ Ղազարյանի հետ 05.01.2018 թվականին մեկնել է Հայաստանի Հանրապետություն` իր ծնողներին տեսնելու պատրվակով և 20.01.2018 թվականին վերադառնալու պայմանով (նախապես գնվել են նաև ավիատոմսեր` 20.01.2018 թվականին ՌԴ վերադառնալու համար), բայց հետագայում հրաժարվել է վերադառնալ և երեխային վերջինիս մշտական բնակության վայր վերադարձնելուց (հատոր 1-ին, գ.թ. 5-8, 40-41)։ 

4. Ըստ բնակության վայրի հաշվառման մասին N 1110 և N 1346 հայերեն թարգմանությամբ վկայականների՝ Միհրան Աշոտի Ղազարյանը /ծնված՝ 06.04.2007թ./ և Մարկ Աշոտի Ղազարյանը /ծնված՝ 25.02.2015թ./ հաշվառված և բնակվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ցենտրալնի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի Ձերժինսկու փողոցի թիվ 7 տուն հասցեում  (հատոր 2-րդ, գ.թ. 41-42):

5. Աշոտ Ղազարյանի 23.01.2018 թվականի դիմումի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունում 12.02.2018 թվականին հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարկ Ղազարյանին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 22.03.2018 թվականին կայացրած թիվ 03 որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարը կարգադրել է. «Վերադարձնել ՌԴ քաղաքացի, անչափահաս Մարկ Ղազարյանին այն տարածք, որտեղ երեխան սովորաբար բնակվել է` ՌԴ, ք. Նովոռոսիյսկ» (հատոր 2-րդ, գ.թ. 45-52):

6. Աշոտ Ղազարյանը 26.02.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աննա Վարդանյանի, Գագիկ Վարդանյանի և Հասմիկ Խուդավերդյանի` երեխային անհապաղ վերադարձնելու պահանջի մասին (հատոր  1-ին, գ.թ. 5-8):

7. Երևանի Ավան վարչական շրջանի «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի կողմից 02.04.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը նույն թվականի ապրիլի 02-ից հաճախում է «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի ժամանակակից պարերի խումբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15:30-ին՝ վարձավճարը կազմում է 5.000 ՀՀ դրամ, նկարչության խումբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին, ժամը 17:30-ին, վարձավճարը կազմում է 5.000 ՀՀ դրամ, ինչպես նաև երգչախումբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 12:00-ին (անվճար) (հատոր 1-ին, գ.թ. 107):

8. Երևանի Ավանի Քուչակ թաղամասի 16-րդ շենքի լիազորի կողմից 12.06.2018 թվականին և 25.09.2018 թվականին տրված բնութագրերով հայտնվել է, որ Մարկ Ղազարյանը բնակվում և գրանցված է Երևանի Ավանի Քուչակ թաղամասի 16-րդ շենքի թիվ 7 բնակարանում, այնտեղ, որտեղ մայրն է բնակվում: Ըստ բնութագրի՝ երեխան ադապտացվել է շրջապատի միջավայրին, ընտելացել է շրջապատի երեխաներին, ունի ընկերներ, և այդ պայմաններում երեխան իրեն լավ է զգում: Երեխան սիրով է հաճախում Երևան քաղաքի Ավանի մշակույթի տուն, մասնակցում է պարի, նկարչության և երգչախմբի խմբակներին: Ինչպես նաև մասնակցելու է գովազդային հոլովակների նկարահանումներին, որը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը: Երեխան գրանցված է Երևան քաղաքի Ավանի թիվ 12-րդ մանկական պոլիկլինիկայում, որտեղ և ստանում է իրեն համապատասխան պատվաստումները: Երեխան գրանցված է Երևանի Ավան թիվ 52-րդ մանկապարտեզում: Երեխայի հոգեկրթության և զարգացման համար կան նպաստավոր բոլոր պայմանները: Լիազորի ստորագրությունը հաստատվել է <<Ավան 4>> համատիրության նախագահի ստորագրությամբ և կնիքով (հատոր 2-րդ, գ.թ. 27-28, 64-65):

9. Երևանի քաղաքապետարան «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կողմից 02.05.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը (ծնված 25.02.2015թ.) հերթագրված է ՀՀ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ հ. 52 մանկապարտեզում (հատոր  1-ին, գ.թ. 108):

10. Ավանի թիվ 53 մանկապարտեզի հիմնական ղեկավար Ե. Դանիելյանի կողմից 25.09.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը հաճախում է Ավան թիվ 53 մանկապարտեզ (հատոր  2-րդ, գ.թ. 66):

11. Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ մինչև Մարկ Ղազարյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն` երեխայի խնամքը համատեղ իրականացրել են Աննա Վարդանյանը և Աշոտ Ղազարյանը (հատոր  1-ին, գ.թ. 5-8, 2-րդ, գ.թ. 24-25):

12. Համաձայն www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2018 թվականի որոշմամբ Աննա Վարդանյանի հայցն ընդդեմ Աշոտ Ղազարյանի, Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջների մասին ընդունվել է վարույթ (հատոր  2-րդ, գ.թ. 60):

                 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Հաագայի կոնվենցիայի իմաստով այդ կոնվենցիայի անդամ որևէ պետությունից Հայաստանի Հանրապետություն երեխայի անօրինական տեղափոխման կամ պահելու գործերի քննության առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

                

Վերոգրյալով պայմանավորված՝  Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.  ո՞ր դեպքում է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի նկատմամբ խնամակալության իրավունք ունեցող ծնողի կողմից երեխայի տեղափոխումը կամ պահումն իր նախկին մշտական բնակության վայրից այլ վայրում համարվում անօրինական.

2.  արդյո՞ք երեխայի անօրինական պահման փաստ արձանագրելու պարագայում բոլոր դեպքերում դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել:

                        

I. Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` սույն կոնվենցիայի նպատակներն են.

ա) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և

բ) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ Պայմանավորվող պետություններում:

Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցի2 (այսուհետ` Բացատրական զեկույց) 57-րդ կետի համաձայն՝ «անօրինական պահվող» արտահայտությունը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան խնամակալի համաձայնությամբ գտնվում է (բնակվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում և չի վերադարձվում այն անձի կողմից, որի հետ նա բնակվում է (գտնվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում: Սա այն դեպքն է, որն ի հայտ է գալիս, երբ երեխայի տեղափոխումը հանդիսանում է տեսակցության իրավունքի չարաշահման արդյունք:

Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.

ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

«ա» կետում նշված խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:

Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան:

Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայի նպատակների համար`

ա) խնամակալության իրավունքները ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.

բ) տեսակցության իրավունքները ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը:

Բացատրական զեկույցի 84-րդ կետի համաձայն՝ 3-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունից բխում է, որ այն պաշտպանում է նաև համատեղ (միասնական) խնամակալության իրավունքի իրականացումը:

Հաագայի կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարզելու համար, թե արդյոք առկա՞ է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության պետության իրավունքը և այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները` առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իրեն վերադարձնելու ծնողի իրավունքի դատական պաշտպանության հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակներն են.

1) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և

2) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ Պայմանավորվող պետություններում:

Այս նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները։ Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որևէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից, և հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը։ Թեև այս կոնվենցիան օգտագործում է «առևանգում» եզրույթը, այնուամենայնիվ, այն չպետք է ընկալվի  քրեաիրավական իմաստով, քանի որ Հաագայի կոնվենցիան վերաբերում է երեխայի միջազգային առևանգման միայն քաղաքացիական ձևերին և դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ։

Մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի նպատակների լույսի ներքո դրա 3-րդ և  12-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ «առևանգում» հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը։ Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է այն դեպքում, երբ`

1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

Բացի այդ, Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո են գտնվում երեխայի նկատմամբ խնամակալության և տեսակցության իրավունքները։ Ըստ այդմ՝ «խնամակալության իրավունքները» ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները, իսկ «տեսակցության իրավունքները» ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրում է, որ նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական համարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

ա) երեխային տեղափոխելով կամ պահելով խախտվել են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը։

Այսինքն, Հաագայի կոնվենցիայի իմաստով տեղափոխումը կամ պահումը համարվում է ապօրինի, եթե երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության, և վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը: Ընդ որում, Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է նաև համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքներին: «Համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքը» ենթադրում է, որ ծնողներն իրենց այդ իրավունքն իրացնում են հավասար հիմունքներով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ այն դեպքում, երբ երեխան տեղափոխվել է իր մշտական բնակության վայրի երկրից, իսկ  վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը, և այդ ծնողի համաձայնությունն երեխային տեղափոխելու հարցում առկա է միայն որոշակի ժամանակահատվածի համար, իսկ երեխան պահվել է տեղափոխված երկրում այդ ժամանակահատվածից ավելի, առկա չէ Հաագայի կոնվենցիայի իմաստով անօրինական տեղափոխում, սակայն՝ կարող է առկա լինել Հաագայի կոնվենցիայի իմաստով անօրինական պահում:

                

II. ՀՀ վճռաբեկ դատարանն Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով 07.06.2017 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիան կիրառվում է միայն 16 տարին չլրացած երեխաների նկատմամբ, և դրա կիրառումը դադարեցվում է երեխայի 16 տարին լրանալու դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը պետք է պարզի այդ կոնվենցիայից բխող նաև հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք խնդրո առարկա դեպքը գտնվում է Հաագայի կոնվենցիայի գործողության ոլորտում` դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով «խնամակալության իրավունքներին» կամ «տեսակցության իրավունքներին»,

2) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

3) արդյո՞ք երեխային տեղափոխելը կամ պահելը այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անօրինական է։ 

Վերոգրյալի հիման վրա, եթե դատարանը գալիս է եզրահանգման, որ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է, ապա կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով պարտավոր է կարգադրություն անել երեխային անհապաղ վերադարձնելու մասին: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ չէ և ոչ բոլոր դեպքերում է, երբ Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու վերաբերյալ հետևություն անելուց հետո, դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել։ Մասնավորապես՝ այդ պարտականությունը ենթակա է ժամկետային սահմանափակումների` նախատեսված Հաագայի կոնվենցիայի 4-րդ, 12-րդ և 35-րդ հոդվածներով, ինչպես նաև բովանդակային սահմանափակումների` նախատեսված նույն կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի լույսի ներքո անդրադառնալով ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին՝ իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերին համապատասխան։ Անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող՝ ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը պետք է մեկնաբանվի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս Iglesias Gil and A.U.I. v. Spain գործով Եվրոպական դատարանի 29.04.2003 թվականի վճիռը, 51-րդ կետ)։

Եվրոպական դատարանը նշել է, որ որոշիչ խնդիրն այն է, թե արդյոք ներպետական դատարաններն այս գործերով իրենց հայեցողության սահմաններում ապահովել են մրցակից կողմերի` երեխայի, ծնողների և հասարակական կարգի շահերի ճիշտ հավասարակշռումը՝ հաշվի առնելով այն, որ երեխայի լավագույն շահերն առաջնային ուշադրության առարկա են:

Ինչպես Եվրոպական կոնվենցիայից, այնպես էլ Հաագայի կոնվենցիայից բխում է, որ երեխայի վերադարձն իր մշտական բնակության վայր չի կարող կատարվել մեխանիկորեն: Եվրոպական կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի ներդաշնակ մեկնաբանությունն ապահովելու համար՝ գործը քննող դատարանն այս հարցի վերաբերյալ պետք է բավարար կերպով հիմնավորված որոշում կայացնի՝ դիտարկելով Հաագայի կոնվենցիայի 12-րդ, 13–րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված երեխայի անհապաղ վերադարձման բացառությունները, այնուհետև դրանք գնահատելով Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս X. v. Latvia գործով Եվրոպական դատարանի 26.11.2013 թվականի վճիռը,  95, 98, 106 կետեր)։

Մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանը նշել է, որ Հաագայի կոնվենցիայի հիման վրա հարուցված վերադարձի վարույթում, որը համապատասխանաբար տարբերվում է երեխայի խնամքը որոշելու ընթացակարգից, «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են ժամկետներին (հոդված 12), Հաագայի կոնվենցիայի կիրառելիության պայմաններին (հոդված 13-րդ, «ա» կետ), «լուրջ վտանգի» առկայությանը (հոդված 13, «բ») և պետության հիմնարար սկզբունքներին համապատասխանությանը, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին (հոդված 20): Այս պարտականությունը դրված է ներպետական իշխանությունների վրա, ովքեր հնարավորություն ունեն անմիջապես շփվելու կողմերի հետ: 

Կա լայն կոնսենսուս, ներառյալ միջազգային իրավունքում, ի պաշտպանություն այն գաղափարի, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումների մեջ նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն փիլիսոփայությունն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը կապում է ստատուս քվոյի «status quo» վերականգնման հետ՝ իր մշտական բնակության երկիր երեխայի անհապաղ վերադարձի մասին կարգադրություն անելու միջոցով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է բացառությունների առկայությունը, մասնավորապես՝ լուրջ վտանգի (grave risk) դեպքում, երբ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ (Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ):

Երեխայի շահը ներառում է երկու տարր: Մի կողմից այն թելադրում է, որ երեխայի կապն իր ընտանիքի հետ պահպանվի, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պատշաճ չէ: Նշվածից հետևում է, որ ընտանեկան կապերը կարող են խզվել միայն բացառիկ հանգամանքներում և ամեն ինչ պետք է արվի անձնական կապերը պահպանելու և հարկ եղած դեպքում ընտանիքը «վերականգնելու» ուղղությամբ: Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ երեխայի շահից ելնելով՝ պետք է ապահովել նրա զարգացումը առողջ միջավայրում, և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ ծնողը իրավասու չէ այնպիսի գործողություններ կատարել, որոնք վնաս կհասցնեն երեխայի առողջությանը և զարգացմանը (տե՛ս Ushakov v. Russia գործով Եվրոպական դատարանի 18.06.2019 թվականի վճիռը, 79-81 կետեր):

Վերը շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն գաղափարն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը պայմանավորված է ստատուս քվոյի վերականգնումով, այսինքն՝ երեխայի անհապաղ վերադարձն իր մշտական բնակության երկիր ապահովելով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է Հաագային կոնվենցիայում բացառությունների առկայությունը: Հաագայի կոնվենցիայի հիման վրա վերադարձի վարույթի շրջանակներում «երեխայի լավագույն շահ» գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո: Նշվածը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հաագայի կոնվենցիայով սահմանված՝ երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անելու պարտականության սահմանափակումներին, մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի 4-րդ, 12-րդ, 13-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներին:

                   

Հաագայի Կոնվենցիայի 4-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումներ.

Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան:

Հաագայի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին:

Դատական կամ վարչական մարմինները նույնիսկ այն դեպքերում, երբ ընթացակարգերը սկսվել են նախորդ կետում նշված մեկամյա ժամկետն անցնելուց հետո, նույնպես կարգադրություն են անում երեխային վերադարձնելու մասին, եթե միայն ապացուցված չէ, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին:

Եթե դատական կամ վարչական մարմինները հայցվող Պետությունում հիմքեր ունեն հավատալու, որ երեխան դուրս է բերվել այլ Պետություն, նրանք կարող են դադարեցնել ընթացակարգերը կամ մերժել երեխայի վերադարձման մասին դիմումը:

Հաագայի կոնվենցիայի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ եթե Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի, ապա վերադարձի իմպերատիվ պահանջը այլևս չի գործում և առաջնային է դառնում որոշելը՝ արդյո՞ք երեխան ինտեգրվել է նոր միջավայրին։ Գործնականում դա հիմնավորվում է երեխայի սոցիալականացման վերաբերյալ փաստերով և դրանք հիմնավորող ապացույցներով՝ նոր միջավայրում դպրոց, մանկապարտեզ, տարբեր խմբակներ հաճախելով, հոգեբանի եզրակացությամբ, հարազատների, բարեկամների (տատիկ, պապիկ, քույր, հորաքույր) առկայությամբ, որոնց հետ երեխան պարբերաբար շփվում է, սոցիալականացման և ընտանեկան միջավայրի մասին այլ փաստերով և ապացույցներով: 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հաագայի կոնվենցիայով երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու վերաբերյալ գնահատման չափորոշիչներ չեն սահմանվել: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը, նոր միջավայրում երեխայի բնակվելու կայունությունը, երեխայի դպրոց կամ այլ հաստատություն հաճախելը, նոր միջավայրում ընկերներ կամ բարեկամներ ունենալու հանգամանքը, առևանգող (տեղափոխող) ծնողի աշխատանքի կայունությունը և այլն:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ «երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին» պայմանը ենթակա է քննարկման միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի:

                       

Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ.

Հաագային կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:

Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված` երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:

Բացատրական զեկույցի 116-րդ կետի համաձայն՝ Բացառությունները, որոնք ներառված են «բ» կետում, վերաբերում են այն իրավիճակներին, երբ իսկապես տեղի է ունեցել երեխայի միջազգային առևանգում, սակայն՝ երեխայի վերադարձը կհակասի երեխայի շահին այն իմաստով, ինչ իմաստով որ այդ արտահայտությունը հասկացվում է սույն ենթակետում։ Սույն դրույթում օգտագործված տերմիններից յուրաքանչյուրը Հատուկ հանձնաժողովի քննարկումների ընթացքում ձեռք բերված նուրբ փոխզիջման արդյունքն է և պահպանվել է անփոփոխ: Սրանից չի կարելի բխեցնել, որ եթե վերադարձը երեխային կարող է պատճառել տնտեսական վնաս կամ խաթարել նրա կրթական հեռանկարները, ապա կարող է համարվել Կոնվենցիայով նախատեսված բացառությունը, այսինքն՝ բացառությունները չպետք է լայն մեկնաբանել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի  1-ին մասի «բ» կետով առանձնացվում է  լուրջ վտանգի (Grave Risk)» հետևյալ տեսակները.

-  լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի ֆիզիկական վնասի,

-  լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի հոգեկան վնասի,

-  լուրջ վտանգ, որ վերադարձն այլ կերպ երեխային կդնի անհանդուրժելի (անտանելի) իրավիճակում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ԼՈՒՐՋ» (grave) տերմինը վերագրվում է ռիսկին (վտանգին), այլ ոչ փաստացի վնասին: Այն ցույց է տալիս, որ ռիսկը պետք է լինի իրական և հասնի ծանրության այնպիսի մակարդակի, որ բնութագրվի որպես «լուրջ»: Լուրջ վտանգը գնահատելիս անհրաժեշտ է վերլուծել այն տեղեկությունները (ապացույցները), որոնց վրա հիմնվում է անձը, որը դեմ է երեխայի վերադարձմանը (սովորաբար՝ առևանգող ծնողը), վերլուծել ինչպես այն հանգամանքները, որոնք առկա էին մինչև անօրինական տեղափոխումը կամ պահումը, այնպես էլ այն հանգամանքները, որոնք ի հայտ են գալու երեխային վերադարձնելիս: Անհրաժեշտության դեպքում պետք է հաշվի առնվի նաև պաշտպանության անհրաժեշտ և արդյունավետ միջոցների առկայությունը երեխայի հիմնական բնակության երկրում:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետի ուժով սահմանված բացառությունը հաստատված համարելու համար դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի «լուրջ վտանգի» առկայությունը՝ սույն կետում նշված բոլոր հանգամանքները քննարկման առարկա դարձնելով:

                   

Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ.

Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ 12-րդ հոդվածի դրույթների իմաստով երեխայի վերադարձը կարող է մերժվել, եթե դա չի թույլատրվում հայցվող Պետության հիմնարար սկզբունքներով, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Հաագայի կոնվենցիայի Բացատրական զեկույցի 33-րդ կետի համաձայն՝ համապատասխան մարմինը, որպեսզի մերժի երեխայի վերադարձը 20-րդ հոդվածի հիմքով, պետք է ցույց տա ոչ միայն այդպիսի հակասությունը, այլև՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով պետք է արգելվի վերադարձը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված է ապացուցման բարձր շեմ, և յուրաքանչյուր դեպքում պետք է ոչ միայն հիմնավորվի հակասությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներին, այլև՝ նման արգելքը պետք է հիմնավորվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով:

 

Ամփոփելով վերը նշված դրույթների վերլուծությունը և զարգացնելով թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով «խնամակալության իրավունքներին» կամ «տեսակցության իրավունքներին»,

2) արդյո՞ք երեխան տեղափոխվել է որևէ Պայմանավորվող պետությունից,

3) արդյո՞ք վայրը, որտեղից երեխան տեղափոխվել է, երեխայի մշտական բնակության վայրն էր մինչև երեխային տեղափոխելը կամ պահելը,

4) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

5) արդյո՞ք վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը:

6) արդյո՞ք երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության:

Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը կարգադրություն է անում երեխային վերադարձնելու մասին՝ այն երկիր, որտեղից երեխան տեղափոխվել է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

-  երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով,

-  դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից չի անցել մեկ տարի,

-  դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել  է մեկ տարի և չի ապացուցվել, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին,

-  երեխան գտնվում է հայցվող Պետությունում,

-  առկա չեն Հաագայի կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված երեխայի վերադարձը մերժելու հիմքերը:

                     

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ երեխայի տեղափոխման հարցում առկա է հայցվորի համաձայնությունը, և գտել է, որ երեխայի՝ մոր մոտ գտնվելու հանգամանքը չի կարող համարվել ապօրինի, քանի որ ծնողներից յուրաքանչյուրն ունի հավասար իրավունքներ և կրում է հավասար պարտականություններ իրենց երեխայի նկատմամբ, հետևաբար Դատարանը եզրահանգել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց, որ երեխային տեղափոխումը և պահումն անօրինական է եղել, որի հիման վրա խախտվել են իր խնամակալության իրավունքները, ուստի և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանն Աշոտ Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը բեկանել ու փոփոխել է՝ հայցը բավարարել է և կարգադրել է Աննա Վարդանյանին` 25.02.2015 թվականին ծնված և իր կողմից Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող Մարկ Ղազարյանին անհապաղ վերադարձնել նրա մշտական բնակության վայր` «Ռուսաստանի Դաշնություն, ք. Նովոռոսիյսկ, Ձերժինսկու թիվ 7» հասցե: Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ մինչև պատասխանողի կողմից երեխային Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահելը հայցվորը պատշաճ իրականացրել է նրա նկատմամբ իր խնամակալության իրավունքները և երբևէ համաձայնություն չի տվել 2018 թվականի հունվարի 20-ից հետո նրան Հայաստանի Հանրապետությունում պահելուն, իսկ պատասխանողն էլ երեխայի վերադարձի դեմ հանդես է եկել սոսկ այն պատճառաբանությամբ, որ վերադառնալու դեպքում երեխան կենթարկվի ծեծի և հոգեբանական ճնշումների, բայց չի նշել, թե ինչ հանգամանքների հիման վրա է իր մոտ նման համոզմունք ձևավորվել և չի ներկայացրել նախկինում հայցվորի կողմից երեխայի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորած լինելու փաստը հիմնավորող կամ այդպիսի վերաբերմունքի հավանականության մասին վկայող ապացույցներ, ուստի Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունն արձանագրելու հիմքերը բացակայում են:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ

- Մարկ Աշոտի Ղազարյանը ծնվել է 25.02.2015 թվականին, նրա նկատմամբ երկու ծնողները Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ունեն խնամակալության իրավունք, Աշոտ Ղազարյանն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրան մշտական բնակության վայրից տեղափոխելը կամ պահելը, երեխան տեղափոխվել է Պայմանավորվող պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից, որը հանդիսացել է երեխայի մշտական բնակության վայրը մինչև երեխային տեղափոխելը կամ պահելը,

- երեխան տեղափոխվել և պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,

- երեխան իր մշտական բնակության վայրից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել վերադարձ պահանջող ծնողի՝ Աշոտ Ղազարյանի համաձայնությամբ, սակայն պահվել է Հայաստանի Հանրապետությունում առանց վերջինիս համաձայնության,

- Աշոտ Ղազարյանը պահանջել է վերադարձնել Մարկ Ղազարյանին իր մշտական բնակության վայր անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից մեկ տարվա ընթացքում. Աննա Վարդանյանը կողմերի փոխադարձ համաձայնությամբ Մարկ Ղազարյանի հետ 05.01.2018 թվականին մեկնել է Հայաստանի Հանրապետություն՝ 20.01.2018 թվականին վերադառնալու պայմանով, Աշոտ Ղազարյանը 23.01.2018 թվականին դիմում է  ներկայացրել  ՀՀ արդարադատության նախարարություն:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը, գտնում է, որ սույն դեպքում առկա է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխային ապօրինի պահելու դեպք: Նկատի ունենալով, որ երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձինք փաստացի իրականացրել են իրենց խնամակալության իրավունքները, դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերն սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից չէր անցել մեկ տարին, ինչպես նաև՝ առկա չէ երեխայի վերադարձի ուղղակի արգելք` պայմանավորված հայցվող Պետության, տվյալ պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ պետք է քննարկման առարկա դարձնել միայն Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետով սահմանված բացառությունների առկայությունը:

Սույն գործով հիմնավորվում է փաստն առ այն, որ Մարկ Ղազարյանն իր մշտական բնակության վայրից տեղափոխվել է 05.01.2018 թվականին, երբ երեխան երեք տարեկան չի եղել, և մինչ օրս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում: Գործում առկա տեղեկանքների համաձայն՝ 2018 թվականի ապրիլից սկսած երեխան հաճախում է տարբեր խմբակներ, իսկ 2018 թվականի սեպտեմբերից՝ նաև մանկապարտեզ: Նկատի ունենալով, որ երեխայի լավագույն շահը պետք է լինի առաջնահերթ քննարկման առարկա, ուստի երեխայի վերադարձի հարցը սույն դեպքում պետք է դիտարկել լուրջ վտանգ (grave risk) հասկացության լույսի ներքո՝ պարզելու համար արդյո±ք երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայով սահմանված նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները։ Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որևէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից, և հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը։ Նշվածից հետևում է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակն է, որպեսզի երեխայի նկատմամբ սահմանված խնամակալության կարգում փոփոխություն չլինի մի ծնողի կողմից, այսինքն՝ Հաագայի կոնվենցիան կոչված չէ որոշելու երեխայի խնամակալության ապագային վերաբերող հարցերը, այլ՝ կոչված է պահելու վիճակն այնպես, ինչպես որոշված էր մինչև անօրինական տեղափոխումը: Հաագայի կոնվենցիայով սահմանված միջոցառումները պահանջում են օպերատիվություն և գործողությունների անհապաղություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական գործընթացներն ընթացել  են ավելի քան երկու տարի, ինչը թեև Հաագայի կոնվենցիայի տեսանկյունից անթույլատրելի է, սակայն պայմանավորված է եղել նախկինում գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով հատուկ ընթացակարգային կարգավորումների բացակայությամբ: Հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով այս հայցատեսակի քննության կարգը նախատեսված է հատուկ հայցային վարույթների քննությանը վերաբերող իրավակարգավորումներով և Դատարանի համար պարտականություն են նախատեսում տվյալ գործի քննությունն իրականացնել առանց դատական նիստի և խիստ սահմանափակ ժամանակահատվածում:

Նախկինում գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով հատուկ ընթացակարգային կարգավորումների բացակայության արդյունքում փաստացի արդեն երկու տարուց ավել է՝ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, հաճախում է տարբեր խմբակներ, մանկապարտեզ: Մարկ Աշոտի Ղազարյանն իր մշտական բնակության վայրում բնակվել է մինչև երեք տարեկանը, այսինքն՝ եղել է այն տարիքային խմբում, երբ երեխան առավելապես գտնվել է ընտանեկան միջավայրում: Երեք տարեկանից ի վեր երեխան երկու տարի գտնվել է նոր միջավայրում և ըստ էության համակերպվել է նոր միջավայրին:  Ակնհայտ է, որ երեխայի ներկայիս տարիքային առանձնահատկությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունից տեղափոխությունը, նոր սոցիալական միջավայրում հարմարվելու անհրաժեշտությամբ պայմանավորված, կպահանջի համապատասխան լեզվամտածողության, շփման հմտությունների և հաղորդակցման ձևերի յուրացման և կիրառման անհրաժեշտություն, ինչը բացասաբար կանդրադառնա Մարկ Ղազարյանի հոգեբանական ներդաշնակ զարգացման վրա: Հատկանշական է, որ նման իրավիճակներում էական ազդեցություն ունեն ընտանիքի բարոյահոգեբանական դրական մթնոլորտը և ծնողների մոտեցումների փոխհամաձայնությունը, ինչն առկա պայմաններում գործնականորեն հնարավոր չէ, ուստի երեխայի տեղափոխությունը նպատակահարմար չէ ոչ միայն նրա անհատական զարգացման առանձնահատկությունների առումով, այլ՝ ցանկացած լարված և կոնֆլիկտային իրավիճակում նոր սոցիալական միջավայրում հարմարողական ռեսուրսների դրսևորման դժվարությունների բարձր ռիսկայնության առումով:

Վերոնշվածի հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեխան վաղուց հարմարվել է հայկական միջավայրին, հաճախում է մանկապարտեզ, որտեղ իրեն հարմարված և լավ է զգում, ինչը բարենպաստ է ազդում երեխայի վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում երեխայի տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունից երեխայի համար կստեղծի Հաագայի կոնվենցիայի իմաստով լուրջ վտանգ (grave risk)՝ երեխայի վերադարձը հոգեկան վնաս կհասցնի և երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

  Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելով, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

                 

  Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

                  

  Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

              

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

                 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Աշոտ Ղազարյանից հօգուտ Աննա Վարդանյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

                  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

            

Ո Ր Ո Շ Ե Ց

             

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2018 թվականի վճռին:

2. Աշոտ Ղազարյանից հօգուտ Աննա Վարդանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

       

Նախագահող    

Ռ. Հակոբյան

Զեկուցող    

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

_______________________        

1  Ընդունվել է 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանում, ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից:

2  Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույց, 14-րդ նստաշրջանի ակտեր և փաստաթղթեր (1980), հատոր III, Երեխայի առևանգում։ Հեղինակ՝ Էլիսա Պերեզ-Վերա՝ 1980-ի հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 25-ը տեղի ունեցած Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի առաջին հանձնաժողովի (առաջին հանձնաժողովին է վերապահվել Հաագայի կոնվենցիայի կազմումը) զեկուցող։ Բացատրական զեկույցը անդրադառնում է Հաագայի կոնվենցիայի կնքման հանգամանքներին, ուստի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 32-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է Հաագայի կոնվենցիայի մեկնաբանման լրացուցիչ միջոց: Բացատրական զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով․ https://assets.hcch.net/docs/a5fb103c-2ceb-4d17-87e3-a7528a0d368c.pdf

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան