ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա:
3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:
Հոդված 2. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն.
մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ, որին մասնակցում է միայն խաղացողը.
կենդանի խաղ` ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).
խաղատների գործունեության կազմակերպում` խաղատանը շահումով խաղերի անցկացում.
խաղատուն` այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) և (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ.
խաղասրահ` շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում և անց են կացվում շահումով խաղեր.
խաղարկող` խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից և նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.
խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).
կազմակերպիչ` օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.
լիազոր մարմին` շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:
Հոդված 3. | «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 4. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Հոդված 5. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ |
Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:
Հոդված 6. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:
2. Կազմակերպիչը`
ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).
բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.
գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.
դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.
ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.
զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.
է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.
ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.
թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).
ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:
3. Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:
Հոդված 7. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ |
1. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և/կամ կենդանի) և քանակը.
դ) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
ե) խաղի անցկացման կարգը.
զ) շահումի տարբերակները.
է) շահումները վճարելու վայրը.
ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:
2. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
3. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:
Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:
Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.
բ) կվտանգեն խաղացողների շահերը.
գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:
5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
1. Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:
2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
բ) լիցենզիայի հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
գ) շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:
5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը, և չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:
6. Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել: Խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմակերպել ցանկացած շահումով խաղ:
Հոդված 9. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
1. Շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
2. Շահումով խաղերի և խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:
Հոդված 10. | ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ և ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը համապատասխան տարածքային հարկային մարմնի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին:
2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 11. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:
Հոդված 12. | ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ |
1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`
ա) թույլ է տվել սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.
բ) չի ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «է» կամ «թ» կետերում նշված պահանջներից որևէ մեկը:
Հոդված 13. | ՏՈՒԳԱՆՔԸ |
1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`
ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.
բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.
գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.
դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.
ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.
զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.
է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.
ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.
թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել և այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:
4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:
Հոդված 14. | ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ |
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`
ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կետերով սահմանված պահանջները.
բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 15. | ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`
ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.
բ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.
գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
ե) կազմակերպչի դիմումի համաձայն:
2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները` սույն օրենքի պահանջների պահպանմամբ, ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
3. Սույն օրենքով կազմակերպիչների պարտականությունների մեղմացում նախատեսող դրույթները հետադարձ ուժ չունեն:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-102 օրենքը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2004 թ. հունվարի 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|