Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-8-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2004-04.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ` պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներ):

 

Հոդված 2. Պարտադիր վճարների դրույքաչափերը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.

 

1. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և 27 տարին լրացած զինապարտ
քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
100-ապատիկի չափով

2. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած
զինապարտ այն քաղաքացին`

 

1) ով հանրապետական զորակոչային
հանձնաժողովի կողմից առողջական վիճակի
պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ
պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

2) ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել
(զոհվել) է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում
և այլ զորքերում ծառայողական պարտականություններ
կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի
միակ արու զավակն է

0

3) ով ունի գիտական աստիճան (գիտության
թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է
մասնագիտական, գիտական կամ
մանկավարժական գործունեությամբ

նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով

3. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում կառավարության որոշմամբ
պարտադիր զինվորական ծառայությունից
ազատված քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով

4. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ուսումը շարունակելու համար
տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք
բերած զինապարտ քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
150-ապատիկի չափով

5. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում ընտանեկան դրության
բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք
ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ
անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն
Հայաստանի Հանրապետության քաղաքացի
համարվող աշխատունակ, պարտադիր
զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ
զավակ (անաշխատունակ ծնողներ են`

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող

տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ

հայրը և մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված

հայրը և մայրը)

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.

6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.

7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք

6. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ
առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները`
անկախ 27 տարին լրանալու հանգամանքից

0

7. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից առողջական վիճակի պատճառով
տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք
բերած զինապարտ քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

8. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում այլ հիմքերով զինվորական
ծառայությունից տարկետման իրավունք ստանալու
հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
200-ապատիկի չափով

9. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում այլ պետության
քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
100-ապատիկի չափով

10. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած այն քաղաքացիները, ովքեր նախկինում
դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ
առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն
կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը
կրել են երեք տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե
կատարել են Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարության և
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
հաստատած ցանկում նշված հանցագործություն,
որի համար ենթակա չեն զորակոչի

նվազագույն աշխատավարձի
100-ապատիկի չափով

 

Սույն օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում տրվում է մինչև նրանց 27 տարեկան դառնալը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները, համապատասխան մարմինների ներկայացմամբ, կատարում է դիմումատուն:

 

Հոդված 4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը և դիմումի քննարկման կարգն ու ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 5. Վճար մուծելու կարգը

 

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում:

 

Հոդված 6. Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը

 

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-8-Ն