03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
2. (կետն ուժը կորցրել է 12.02.21 N 187-Լ)
3. Սույն միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը չեն կարող ստանալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:
4. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամի չափով.
2) երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամի չափով.
3) երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամի չափով.
4) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով.
5) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամի չափով:
5. Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը.
4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
(5-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ)
6. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
7. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով:
(7-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ)
(հավելվածը փոփ., լրաց. 12.02.21 N 187-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|