Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԱՔԴ/4280/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4280/02/15

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Ն. Մարգարյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

2020 թվականի դեկտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ջուլիետա Աննիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Աննիկյանի ընդդեմ Մինաս Աննիկյանի, Ջուլիետա Աննիկյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մինաս Աննիկյանի ընդդեմ Գագիկ Աննիկյանի, Ջուլիետա Աննիկյանի` բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Աննիկյանը պահանջել է բնեղենով առանձնացնել իրեն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում իր կողմից փաստացի օգտագործվող 150,86քմ մակերեսով հողատարածքը, որը ծանրաբեռնված է 115,07քմ շինություններով` «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 31.07.2015 թվականին տրված հաշվետվության «Հողամասի սխեմատիկ հատակագիծ» 2-ում առաջարկվող տարբերակին համապատասխան:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մինաս Աննիկյանը պահանջել է բնեղենով առանձնացնել իրեն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում իր կողմից փաստացի օգտագործվող 305,57քմ հողատարածքը, որը ծանրաբեռնված է 235,48քմ շինություններով` «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 31.07.2015 թվականին տրված հաշվետվության «Հողամասի սխեմատիկ հատակագիծ» 2-ում առաջարկվող տարբերակին համապատասխան: Այնուհետ, լրացնելով հակընդդեմ հայցը, Մինաս Աննիկյանը պահանջել է 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցմամբ դադարեցնել ք. Երևան, Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38քմ մակերեսով անշարժ գույքի 1/3-րդ մասի նկատմամբ Գագիկ Աննիկյանի սեփականության իրավունքը, 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցմամբ դադարեցնել ք. Երևան, Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38քմ մակերեսով անշարժ գույքի 1/3-րդ մասի նկատմամբ Ջուլիետա Աննիկյանի սեփականության իրավունքը, ճանաչել իր սեփականության իրավունքը ք. Երևան, Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ, առանձնացնել ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում իրեն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը` ըստ նրա կողմից փաստացի օգտագործվող 305,57քմ հողատարածքի, որը ծանրաբեռնված է 235,48քմ շինություններով` «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված հաշվետվության «Հողամասի սխեմատիկ հատակագիծ» 4-ում առաջարկվող տարբերակին համապատասխան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2018 թվականի վճռով հայցը մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարվել են: Վճռվել է ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականի թիվ «665-01/Վ-017» հաշվետվությամբ ներկայացված հատակագիծ 4-ով Գագիկ Աննիկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում Գագիկ Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող 150,84քմ մակերեսով հողատարածքը, ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականի թիվ «665-01/Վ-017» հաշվետվությամբ ներկայացված հատակագիծ 4-ով Մինաս Աննիկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում Գագիկ Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող 302,66քմ մակերեսով հողատարածքը, ք. Երևան, Հ. Էմին 1-ին նրբանցք հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում 89,73քմ ճանապարհը թողնել Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանը և օգտագործմանը, Մինաս Աննիկյանի կողմից 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել ք. Երևան, Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38քմ մակերեսով օրինական անշարժ գույքի 1/3-րդ մասի նկատմամբ Գագիկ Աննիկյանի սեփականության իրավունքը` այդ մասի նկատմամբ նույն պահից ճանաչելով Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը, Մինաս Աննիկյանի կողմից 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել ք. Երևան, Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38քմ մակերեսով անշարժ գույքի 1/3-րդ մասի նկատմամբ Ջուլիետա Աննիկյանի սեփականության իրավունքը` այդ մասի նկատմամբ նույն պահից ճանաչելով Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ Ջուլիետա Աննիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջուլիետա Աննիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մինաս Աննիկյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա ապացույցներով և գործի քննության ընթացքում կատարված տեղատեսությամբ հիմնավորվել է, որ ընդհանուր ճանապարհը, այն է` և՛ Գագիկ ու Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանը և օգտագործմանը թողնված 89,73քմ հատվածը, և՛ Ջուլիետա Աննիկյանի առանձնացված ու թողնված մյուս հատվածը հավասարապես օգտագործվում է գույքի բոլոր համասեփականատերերի կողմից:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 31.07.2015 թվականին տրված թիվ 27-01/Վ-015 և 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 փորձագիտական եզրակացություններին, հաշվի չի առել, որ 31.07.2015 թվականին տրված թիվ 27-01/Վ-015 եզրակացությամբ նշվել է, որ առանձնացված հողատարածքը համատեղ փաստացի օգտագործվում է Մինաս, Գագիկ և Ջուլիետա Աննիկյանների կողմից` որպես բնակելի տների մոտեցման ճանապարհ: Ընդ որում, ի հակասություն վերը նշվածի, նույն եզրակացությամբ առաջարկվել է այդ «ճանապարհից» առանձնացնել 89,73քմ մակերեսով (մոտ 80%-ի չափով) հատվածը և այն տրամադրել միայն Մինաս և Գագիկ Աննիկյաններին` որպես սեփականություն: Տվյալ դեպքում, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ընդհանուր մուտքի «ճանապարհը» վերը նշված ձևով բաժանելով` Ջուլիետա Աննիկյանը զրկվել է իր շենքի նախագծին համապատասխան կառուցված ինչպես առաջին հարկի աջ կողմում գտնվող մուտքից (որն ի սպառ փակվում է), այնպես էլ ավտոտնակից օգտվելու օրինական իրավունքներից (ըստ որի` ավտոմեքենաների մուտքի հնարավորությունն ի սպառ վերանում է):

Վերաքննիչ դատարանը բացարձակապես չի գնահատել գործում առկա մեկ այլ` «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը, որում նշվել է, որ այդ ամբողջ ճանապարհը որևէ ձևով բաժանելու դեպքում գույքի ներկայիս համասեփականատերերի մի մասի համար միանշանակ առաջանում է սերվիտուտ սահմանելու անհրաժեշտություն, ինչով էլ մասամբ պայմանավորված է եղել ամբողջ գույքը բաժանելու անհնարինությունը։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը պատշաճ կերպով գնահատման է արժանացրել սույն գործով ստացված թվով երեք փորձագիտական եզրակացությունները և իրավացիորեն գտել, որ սույն վեճի առանձնահատկություններից ելնելով կիրառելի է հայցվորի և հակընդդեմ հայցվորի բաժինների` նրանց իսկ կողմից փաստացի առանձնացված տարբերակներին մոտ առանձնացման հնարավորությունը, որը սահմանված է եղել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 եզրակացությամբ:

Վերաքննիչ դատարանն ի սկզբանե բացառել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված եզրակացության գնահատումը Դատարանի կողմից` ղեկավարվելով միայն չբաժանվող գույքը սակարկություններով վաճառելու հայցապահանջի բացակայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևան քաղաքի Հ. Էմինի 1-ին նրբ. թիվ 9 հասցեի ամբողջ անշարժ գույքում (ներառյալ` հողամասը) գոյություն ունեցող 25,38քմ մակերեսով միակ օրինական շինությունն ամբողջությամբ փոխանցելով հակընդդեմ հայցվոր Մինաս Աննիկյանի միանձնյա սեփականությանը և սահմանելով դրա արժեքի 1/3-ական մասերը Գագիկ Աննիկյանին ու Ջուլիետա Աննիկյանին վճարելու պարտավորություն` Դատարանն ըստ էության կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության` բաժնի աննշանությանը վերաբերվող դրույթները, որոնք սակայն իրավունք չուներ կիրառելու: Այդ դրույթները ենթակա կլինեին կիրառման, եթե վիճելի հասցեի ամբողջ անշարժ գույքում (ներառյալ` հողամասը) առանձնացվող բաժինները լինեին «աննշան»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և ընդհանրապես չի գնահատել Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության` էական շահին վերաբերող պահանջների` ոչ իրավաչափ կիրառման հանգամանքները։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Մինաս Աննիկյանի անունից 14.05.2019 թվականին փոստային առաքմամբ վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մամիկոն Մանուկյանը: Սույն գործում առկա լիազորագիրը Մինաս Աննիկյանի կողմից Մամիկոն Մանուկյանին տրվել է 02.10.2015 թվականին` երեք տարի ժամկետով: Վճռաբեկ բողոքի պատասխանին չի կցվել Մինաս Աննիկյանի անունից հանդես գալու լիազորությունները հաստատող նոր ապացույց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն 17.12.1991 թվականին տրված թիվ 1085 սեփականության վկայագրի` Վատուտինի 1-ին նրբանցքի թիվ 9 (Արաբկիր 46-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 9) անշարժ գույքը` բնակելի տունը, 13,0քմ բնակելի, 12,38 քմ օժանդակ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է 1/3 մասով Հայկուշ Ազիզյանին, 1/3 մասով Ջուլիետա Աննիկյանին, 1/3 մասով Մինաս Աննիկյանին: Ըստ վկայագրի` նույն հասցեում առկա է 622,0քմ մակերեսով հողամաս (հիմք` ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 5619` տրված 19.05.1958 թվականին, ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 5-5211` տրված 29.11.91 թվականին) (հատոր 1-ին, գ.թ. 19):

2) Համաձայն 30.01.1996 թվականին տրված թիվ 466 սեփականության վկայականի` Վատուտինի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տունը, 83,1քմ բնակելի, 64,1քմ օժանդակ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Մինաս Աննիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 20):

3) Ըստ 28.08.2008 թվականի թիվ 7249 սեղանամատյանում գրանցված և նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից հաստատված համաձայնագրի` Մարտիրոս Աննիկյանը համաձայնել է, որ Մինաս Աննիկյանին պատկանող Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տան հողամասը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրում գրանցվի փաստացի օգտագործվող չափերով, որի համար ստորագրել է (հատոր 1-ին, գ.թ. 16):

4) Ըստ 28.08.2008 թվականին թիվ 7244 սեղանամատյանում գրանցված և նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից հաստատված համաձայնագրի` Արթուր Ջիգյարջյանը և Արտակ Ջիգյարջյանը համաձայնել են, որ Մինաս Աննիկյանին պատկանող Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տան հողամասը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրում գրանցվի փաստացի օգտագործվող չափերով, որի համար ստորագրել են (հատոր 1-ին, գ.թ. 17):

5) Ըստ 12.11.2009 թվականին ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի կողմից հաստատված և թիվ 6658 սեղանամատյանում գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի` համաձայն 26 Կոմիսարների շրջանի Պետական նոտարական գրասենյակի կողմից 18.06.1992 թվականին հաստատված 3-2450 կտակի` Հայկուշ Ազիզյանի` մահացած 29.04.2009 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գագիկ Աննիկյանը, հաշվառված` քաղաք Երևան, Հ. Էմինի 1-ին նրբանցքի թիվ 9 տուն: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Հ.Էմինի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տան և հողամասի 1/3 բաժնից, որը ժառանգատուին է պատկանել անշարժ գույքի կադաստրի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 02.11.2009 թվականին տրված Կ/Ղ Ել-2148 տեղեկանքի համաձայն: Երևան քաղաքի Հ.Էմինի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տունն ամբողջությամբ բաղկացած է 25,38քմ ընդհանուր մակերեսից, որից 13,0քմ բնակելի, 12,38քմ օժանդակ, որը գտնվում է 622,0 քմ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 15):

6) Համաձայն 31.07.2015 թվականին «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված Երևան քաղաքի, Արաբկիր համայնքի Հ. Էմին 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ թիվ 267-01/Վ-015 հաշվետվության «Հետազոտություն» մասի` Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Հ. Էմին 1-ին փակուղի, թիվ 9 հասցեի բնակելի տան ընդհանուր հողատարածքն օգտագործում են Գագիկ, Ջուլիետա և Մինաս Աննիկյանները: Հետազոտության ենթակա հողատարածքն արդեն իսկ օգտագործողների կողմից առանձնացված է, և նրանցից յուրաքանչյուրն օգտագործում է իր բաժին հողատարածքը` ծանրաբեռնված բնակելի և օժանդակ շինություններով: Ընդհանուր տնամերձ հողատարածքում ծանրաբեռնված են երեք բնակելի տներ, որոնց մուտքն իրականացվում է ՀՀ Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Հ. Էմինի 1-ին փակուղուց` երկփեղկ մետաղական դարպասների միջոցով:

Ըստ հաշվետվության «Եզրակացության» մասի`

1. Հետազոտության արդյունքում պարզ դարձավ Մինաս Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքը կազմում է` 305,57քմ մակերես, ծանրաբեռնված` 235,48քմ մակերես շինություններով:

Ջուլիետա Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքը կազմում է` 155,84քմ մակերես, ծանրաբեռնված` 103,09քմ մակերես շինություններով:

Գագիկ Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքը կազմում է` 150,86քմ մակերես, ծանրաբեռնված` 115,07քմ մակերես շինություններով:

2. Հետազոտության ենթակա տնամերձ հողատարածքից և տնամերձ հողատարածքում առկա շինություններից հնարավոր չէ բնեղենով բաժնեմաս առանձնացնել, ուստի մասնագետն առավել նպատակահարմար տարբերակ է դիտարկում` ՀՀ Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Հ.Էմին 1-ին փակուղի, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը թողնել ըստ նրանց կողմից փաստացի օգտագործվող բաժնեմասերի, որի` մասնագետի կողմից առաջարկվող նպատակահարմար տարբերակի ուրվագծային պատկերները տրամադրվում է հաշվետվությանը կից հավելվածում գծանշմամբ, ինչպես նաև տրամադրվում են Մինաս և Գագիկ Աննիկյանների կողմից փաստացի օգտագործվող շինությունների սխեմատիկ հատակագծերը:

3. Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ 119,28քմ մակերեսով հողատարածքը համատեղ փաստացի օգտագործվում է Մինաս, Գագիկ, Ջուլիետա Աննիկյանների կողմից, որպես բնակելի տների մոտեցման ճանապարհ, որից մասնագիտական տեսանկյունից հնարավոր է բաժնեմաս առանձնացնել առանց մյուս բաժնետերերի մուտքը խոչընդոտելու, այսպիսով` մասնագետի կողմից տրամադրվում է «Հողամասի սխեմատիկ հատակագիծ» 2 հատակագիծը, որտեղ որպես մոտեցման ճանապարհ հատկացվում է Ջուլիետա Աննիկյանին 30,0քմ մակերեսով հողատարածք իր կողմից փաստացի օգտագործվող բնակելի տուն մուտք գործելու համար և 95,77քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը հատկացվում է Գագիկ և Մինաս Աննիկյաններին` որպես ընդհանուր օգտագործման ճանապարհ: (....): (հատոր 1-ին, գ.թ. 23-30):

7) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 06.12.2016 թվականին տրված թիվ 14301607 և 26481607 եզրակացության հետևության համաձայն`

1. Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի օրինական հատկացված հողամասի մակերեսն ըստ 17.12.1991 թվականին տրված թիվ 1085 սեփականության վկայագրի կազմում է 622,0քմ: Օրինական հատկացված հողամասում առկա օրինական շինությունների ներքին մակերեսը կազմում է 23,15քմ, փաստացի մակերեսը կազմում է 739,2քմ (....):

3. Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասից և օրինական շինություններից հնարավոր չէ առանձնացնել Գագիկ Աննիկյանին հասանելի բաժնեմասը, առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, մոտեցման ճանապարհների նվազագույն չափը պահպանելու և օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից ելնելով (....):

4. Գագիկ Աննիկյանի 1/3 բաժնեմասն առանձնացնելու դեպքում հնարավոր չէ ապահովել բոլոր առանձնացվող մասերի տիրապետման ու օգտագործման համար պայմաններ սահմանող ՀՀ գործող օրենսդրության պահանջները և այդ մասերի սեփականատերերի` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրագործման հնարավորությունները:

5. Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասից և օրինական շինություններից հնարավոր չէ առանձնացնել Մինաս Աննիկյանին հասանելի բաժնեմասը, առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, մոտեցման ճանապարհների նվազագույն չափը պահպանելու և օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից ելնելով (....):

6. Մինաս Աննիկյանի 1/3 բաժնեմասն առանձնացնելու դեպքում հնարավոր չէ ապահովել բոլոր առանձնացվող մասերի տիրապետման ու օգտագործման համար պայմաններ սահմանող ՀՀ գործող օրենսդրության պահանջները և այդ մասերի սեփականատերերի` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրագործման հնարավորությունները (....): (հատոր 2-րդ, գ.թ. 02-16):

8) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվության համաձայն` Դատարանի որոշմամբ 01.11.2017 թվականին կատարվել է հետազոտության ենթակա անշարժ գույքի տեղատեսություն: Տեղատեսության ընթացքում պարզվել է, որ նույն ընկերության կողմից 31.07.2015 թվականին տրված թիվ «267-01/Վ-015» հաշվետվությամբ չի հաշվարկվել օժանդակ տարածքների (ավտոտնակներ) ըստ նպատակային նշանակության օգտագործման հանգամանքը, ինչպես նաև Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր օգտագործման ճանապարհում վրիպմամբ ներառվել է Ջուլիետա Աննիկյանի ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողատարածքի հատվածը: Մասնագետին առաջադրվել է վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ և ուղղմամբ կատարել բաժնեմասերի առանձնացում, ինչպես նաև 25,38քմ մակերեսով օրինական շինության գնահատում (հատոր 2-րդ, գ.թ. 67-82):

9) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվության «Շինարարատեխնիկական մաս» բաժնի համաձայն` հետազոտվող անշարժ գույքի մակերեսը, ըստ սեփականության վկայագրի կազմում է 622քմ, իսկ կատարած լրացուցիչ չափագրումների արդյունքների` կողմերի կողմից փաստացի օգտագործվող հողատարածքի մակերեսը կազմում է 749,71քմ` նախկին 731,75քմ-ի փոխարեն, որից 622քմ-ը համարվում է օրինական, սակայն սեփականության վկայագրում սահմանային չափերի ոչ լիարժեք լինելու պատճառով 749,71քմ մակերեսից 622քմ օրինական հողատարածքը մասնագետի կողմից հնարավոր չէ տարանջատել (...): Տնամերձ հողատարածքում առկա շինություններից օրինական են համարվում միայն Մինաս Աննիկյանի կողմից փաստացի օգտագործվող բնակելի տան թիվ 10, թիվ 11 և թիվ 12 սենյակները` ընդհանուր 25,38քմ մակերեսով, իսկ վերոհիշյալ հասցեում գտնվող չթվարկված բնակելի տներն ու օժանդակ շինություններն ինքնակամ կառույցներ են:

Փաստացի ընդհանուր 749,71 մակերեսով հողատարածքից` 1. Մինաս Աննիկյանը փաստացի օգտագործում է 302քմ մակերեսով հողատարածք, որից 218,49քմ մակերեսով տարածքը ծանրաբեռնված է շինություններով, 2. Գագիկ Աննիկյանը փաստացի օգտագործում է 150,33քմ մակերեսով հողատարածք, որից 103,58քմ մակերեսով տարածքը ծանրաբեռնված է շինություններով, 3. Ջուլիետա Աննիկյանը փաստացի օգտագործում է 171,48քմ մակերեսով հողատարածք, որից 92,04քմ մակերեսով տարածքը ծանրաբեռնված է շինություններով, 4. 125,9քմ մակերեսով հողատարածքը համատեղ օգտագործվում է վերջիններիս կողմից: (...):

Ի լրումն թիվ «267-01/Վ-015» հաշվետվության, հաշվի առնելով առկա ճարտարապետահատակագծային լուծումները, 01.11.2017 թվականի տեղատեսությամբ ի հայտ եկած հանգամանքները, կողմերի համաձայնությամբ օժանդակ տարածքների նպատակային նշանակության փոփոխման պարագայում, մասնագետի կողմից նպատակահարմար առաջադրվող տարբերակ է դիտարկվում`

1. Ջուլիետա Աննիկյանին (առանց համադրվող հողատարածքի ներառման) հատկացնել 131,09քմ մակերեսով տարածք, որն իր մեջ կներառի վերջինիս բնակելի տնով ծանրաբեռնված և առանձին հետիոտնային մուտք ապահովող հողատարածքը:

2. Մինաս Աննիկյանին (առանց համադրվող հողատարածքի ներառման) հատկացնել 302,66քմ ընդհանուր մակերեսով տարածք, որն իր մեջ կներառի իր կողմից օգտագործվող շինություններով ծանրաբեռնված հողատարածքը:

3. Գագիկ Աննիկյանին (առանց համադրվող հողատարածքի ներառման) հատկացնել 150,84քմ ընդհանուր մակերեսով տարածք, որն իր մեջ կներառի իր կողմից օգտագործվող շինություններով ծանրաբեռնված հողատարածքը:

4. 89,73քմ մակերեսով հողատարածքը թողնել ընդհանուր բաժնային օգտագործման իրավունքով Գագիկ և Մինաս Աննիկյանների միջև, ինչը վերջիններին կծառայի որպես հետիոտնային ճանապարհ շինությունների մոտեցման համար: (...):

Ըստ հաշվետվության «Եզրակացության» մասի`

Կատարված հետազոտության, ուսումնասիրությունների արդյունքների և հաշվարկների համադրումից, մասնագետները հանգել են եզրակացության, որ 1. հետազոտության ենթակա` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հ. Էմին 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքից` ի լրումն «267-01/Վ-015» հաշվետվության, բաժնեմասի բնեղենով առանձնացումը տեխնիկապես և մասնագիտական տեսակետից հնարավոր է կատարել, (....): 2. Գնահատման տրամադրած` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հ. Էմին 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող 25,38քմ մակերեսով օրինական բնակելի տնից (...) 1/3 բաժնեմասի արժեքը կազմում է 1.060.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 67-82):

10) Դատարանի կողմից 01.11.2017 թվականին կատարված տեղատեսության արձանագրության համաձայն` «(…) նշված հասցեում ընդհանուր մուտքից ներս մտնելով, դատարանը և գործին մասնակցող անձինք հայտարարություններով արձանագրեցին, որ դա երեք տնատիրություններ տանող միակ մուտքն է: Մուտքի անմիջապես առջևում գտնվում է Ջուլիետա Աննիկյանի կողմից կառուցված ինքնակամ կարգավիճակով «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվությամբ արձանագրված երկհարկանի շինությունը: Մուտքից աջ կողմում գտնվում է քաղաք Երևան, Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցք թիվ 9 տուն հասցեում առկա միակ օրինական շինությունը` ըստ հաշվետվության` 25,38քմ մակերեսով, որը փաստացի իրենից ներկայացնում է սկզբնական հայցով հայցվոր Գագիկ Աննիկյանի կողմից փաստացի կառուցված և օգտագործվող «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվությամբ` որպես ինքնակամ արձանագրված երկհարկանի շինության կցակառույցը: Մուտք գործելով հիշատակված 25,38քմ մակերեսով օրինական շինություն` դատարանն արձանագրեց, որ այն բնակեցված չէ և օգտագործվում է որպես պահեստային տարածք:

Պատասխանող Ջուլիետա Աննիկյանի հայտարարությամբ դրանում առկա գույքը պատկանում է (բացարձակ) միայն իրեն, որի հետ չհամաձայնվեց սկզբնական հայցով հայցվոր Գագիկ Աննիկյանը: (…)

Ինչպես սկզբնական հայցվորը, այնպես էլ Ջուլիետա Աննիկյանը հայտարարեցին, որ կողմերի միջև հարաբերությունները լարված են, և ընդհանուր գույքն առանձնացնելու անհրաժեշտությունը հնարավորություն կտա խուսափել հետագա վեճերից և նաև հնարավոր փորձանքից:

Փորձագետ Ալեքսանյանը հայտնեց, որ վեճի առարկա գույքի բնեղենով առանձնացումը հնարավոր չէ:

Փորձագետ Մ. Գևորգյանը հայտնեց, որ վեճի առարկա գույքի բնեղենով առանձնացումը հնարավոր է, եթե մուտքի հատվածը համատեղ թողնվում է կողմերին: Հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե` հնարավո՞ր է հետիոտնի ճանապարհը բաժանել և մուտքի մասում ունենալ առանձին մուտք, պատասխանեց, որ հնարավոր է այն կատարել, որը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին, որի վերաբերյալ տրվել է համապատասխան եզրակացություն:

Փորձագետ Ալեքսանյանը նշված հարցին պատասխանեց, որ ըստ իր կարծիքի դա հնարավոր չէ:

Ջուլիետա Աննիկյանը հայտնեց, որ ինքը համաձայն չէ, որ սենյակ-խորդանոցը քանդվի, քանի որ 70 տարի ինքն է այն օգտագործել և օգտագործում է:

Հայցվորը հայտնել է, որ պատից մինչև աջ կողմի վրա գտնվող մասը 7քմ է, ինքը քանդում է այդ երկու խորդանոց սենյակը, մուտքը կիսվում է երկու դարպասներով, ամեն մեկն օգտագործում է իր մասը» (հատոր 2-րդ, գ.թ. 93-94):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` 1. բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:

2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

3. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

4. Նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

5. Նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն: Միաժամանակ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման:

Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն` մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

սեփականատիրոջ բաժնի չափի աննշան լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ բաժնի և ընդհանուր գույքի մակերեսների չափերի հարաբերակցությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ բաժնեմասը հնարավոր է օգտագործել ինքնուրույն` իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքնին բաժնեմասի հարաբերականորեն փոքր լինելը չպետք է մեկնաբանվի որպես աննշան քննարկվող հոդվածի իմաստով (տե՛ս, Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումը):

Անդրադառնալով վերջին պայմանի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առանց սեփականատիրոջ համաձայնության դատարանի կողմից բաժնային սեփականության մյուս մասնակիցներին փոխհատուցում վճարելը թույլատրելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների պարտադիր և միաժամանակյա առկայությունը: Այդպիսիք են` 1. սեփականատիրոջ բաժնի աննշան լինելը, 2. դրա իրապես առանձնացնելու անհնարինությունը, 3. ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատիրոջ էական շահի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատիրոջ էական շահի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալիս, դատարանը պետք է հաշվի առնի սեփականատիրոջ շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատերերին պատճառված անհարմարություններին, սեփականության իրավունքով համանման այլ ունեցվածք ունենալը (այդպիսին կարող է լինել փաստացի բնակվելու համար պիտանի այլ բնակտարածության առկայությունը), այդ բաժնի նկատմամբ սեփականատիրոջ շահագրգռվածության առկայությունը և այլն (տե՛ս, Մուրադ Խաչատրյանն ընդդեմ Դոնարա Խաչատրյանի թիվ 3-249(ՎԴ) քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի որոշումը):

Ընդհանրացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ դատարաններն ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ ունենալը պարզելիս պետք է հաշվի առնեն անձի գույքային շահը տվյալ տարածքի նկատմամբ: Էական շահ չունենալը չի կարող պայմանավորված լինել բաժնեմասի չափի աննշան լինելու հետ, այլ դրանք պետք է գնահատվեն ինքնուրույն: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին դատարանները պետք է անդրադառնան առանձին-առանձին: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հիշյալ իրավադրույթը կիրառման ենթակա չէ (տե՛ս, Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, (…)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: (...) դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վեճի առարկա Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հ. Էմին 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` յուրաքանչյուրին 1/3-ական մասերով, պատկանում է Գագիկ, Մինաս և Ջուլիետա Աննիկյաններին:

Գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքն արդեն իսկ Գագիկ, Մինաս և Ջուլիետա Աննիկյանների կողմից առանձնացված է, ու նրանցից յուրաքանչյուրն օգտագործում է իր բաժին հողատարածքը` ծանրաբեռնված բնակելի և օժանդակ շինություններով: Մասնավորապես, ընդհանուր տնամերձ հողատարածքը ծանրաբեռնված է երեք բնակելի տներով, որոնց մուտքն իրականացվում է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Հ. Էմինի 1-ին փակուղուց` երկփեղկ մետաղական դարպասների միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված 31.07.2015 թվականի թիվ 267-01/Վ-015, 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվություններով, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 06.12.2016 թվականին տրված թիվ 14301607 և 26481607 եզրակացությամբ, Դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ հիմնավորվել է, որ վեճի առարկա հասցեում գտնվող հողատարածքի մի մասը համատեղ փաստացի օգտագործվում է Մինաս, Գագիկ, Ջուլիետա Աննիկյանների կողմից` որպես բնակելի տների մոտեցման ճանապարհ:

Դատարանը, Գագիկ Աննիկյանի հայցը մասնակիորեն, իսկ Մինաս Աննիկյանի հայցն ամբողջությամբ բավարարելով, և Մինաս, Գագիկ, Ջուլիետա Աննիկյանների կողմից համատեղ փաստացի օգտագործվող հողատարածքից (ճանապարհից) 89,73քմ ճանապարհը թողնելով միայն Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանը և օգտագործմանը, հիմք է ընդունել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվությունը, ինչպես նաև` կողմերի հարաբերությունները լարված լինելու հանգամանքը: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ հետագա լարվածությունից և վեճերից խուսափելու նպատակով վիճելի հասցեով տնատիրությունը ենթակա է առանձնացման, որը բխում է նաև կողմերից յուրաքանչյուրի շահից:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 89,73քմ հողատարածքը Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր բաժնային սեփականությանը և օգտագործմանը թողնելուն, պատճառաբանել է, որ «ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված 31.07.2015 թվականի թիվ 267-01/Վ-015, 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվությունների 119,28քմ տարածքն օգտագործվում է Գագիկ, Մինաս և Ջուլիետա Աննիկյանների կողմից, որպես նրանց բնակելի տների մոտեցման ճանապարհ և մասնագիտական տեսանկյունից հնարավոր է բաժնեմաս առանձնացնել առանց մյուս բաժնետերերի մուտքը խոչընդոտելու` 89,73քմ հողատարածքը թողնելով ընդհանուր բաժնային օգտագործման իրավունքով Գագիկ և Մինաս Աննիկյաններին, որպես նրանց շինությունների մոտեցման համար հետիոտնային ճանապարհ, որն ընդունելի է եղել վերջիններիս կողմից»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատարանը պատշաճ կերպով գնահատման է արժանացրել սույն գործով ստացված թվով երեք փորձագիտական եզրակացությունները (…)»:

Վճռաբեկ դատարանը, սակայն, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ 665-01/Վ-017 հաշվետվությամբ մասնագետի կողմից առաջարկվել է 89,73քմ մակերեսով հողատարածքը թողնել ընդհանուր բաժնային օգտագործման իրավունքով Գագիկ և Մինաս Աննիկյաններին, ինչը վերջիններին կծառայի որպես հետիոտնային ճանապարհ շինությունների մոտեցման համար:

Ըստ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 06.12.2016 թվականին տրված թիվ 14301607 և 26481607 եզրակացության «Հետևություն» մասի` «(…)

3. Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասից և օրինական շինություններից հնարավոր չէ առանձնացնել Գագիկ Աննիկյանին հասանելի բաժնեմասը, առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, մոտեցման ճանապարհների նվազագույն չափը պահպանելու և օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից ելնելով,

(....),

5. Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասից և օրինական շինություններից հնարավոր չէ առանձնացնել Մինաս Աննիկյանին հասանելի բաժնեմասը, առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, մոտեցման ճանապարհների նվազագույն չափը պահպանելու և օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից ելնելով, (....)»:

Դատարանի կողմից 01.11.2017 թվականին կատարված տեղատեսության արձանագրությամբ նշվել է, որ «(…) Փորձագետ Ալեքսանյանը հայտնեց, որ վեճի առարկա գույքի բնեղենով առանձնացումը հնարավոր չէ: Փորձագետ Մ. Գևորգյանը հայտնեց, որ վեճի առարկա գույքի բնեղենով առանձնացումը հնարավոր է, եթե մուտքի հատվածը համատեղ թողնվում է կողմերին: Հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե` հնարավո՞ր է հետիոտնի ճանապարհը բաժանել և մուտքի մասում ունենալ առանձին մուտք, պատասխանեց, որ հնարավոր է այն կատարել, որը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին, որի վերաբերյալ տրվել է համապատասխան եզրակացություն: Փորձագետ Ալեքսանյանը նշված հարցին պատասխանեց, որ ըստ իր կարծիքի դա հնարավոր չէ»:

Հիմք ընդունելով վերը նշվածը և այն համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 11.12.2017 թվականին տրված թիվ «665-01/Վ-017» հաշվետվության «Շինարարատեխնիկական մաս» բաժնի` վիճելի հասցեում գտնվող փաստացի ընդհանուր 749,71քմ մակերեսով հողատարածքից 125,9քմ մակերեսով հողատարածքը համատեղ օգտագործվում է Մինաս, Գագիկ և Ջուլիետա Աննիկյանների կողմից: Այսինքն` Դատարանի կողմից միայն Մինաս և Գագիկ Աննիկյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով թողնված 89,73 քմ մակերեսով հողատարածքն իր հերթին հանդիսանում է 125,9քմ մակերեսով հողատարածքի բաղկացուցիչ մաս, որը, ինչպես արդեն նշվեց, համատեղ օգտագործվել է երեք բաժնային սեփականատերերի կողմից:

Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են, որ վիճելի հասցեի բոլոր բաժնային սեփականատերերը գույքի նկատմամբ ունեն հավասար բաժնի իրավունք, որպիսի հանգամանքը չի պահպանվել վերը նշված ճանապարհային տարածքի բաժանման դեպքում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 06.12.2016 թվականի թիվ 14301607 և 26481607 եզրակացությունը, որով արձանագրվել է, որ Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասից և օրինական շինություններից հնարավոր չէ առանձնացնել Գագիկ Աննիկյանին և Մինաս Աննիկյանին հասանելի բաժնեմասերը` առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը չի դիտարկել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի` համատեղ օգտագործվող ճանապարհային հատվածի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 211-րդ հոդվածի դրույթների կիրառման իրավաչափությունը, ինչպես նաև չի նշել, թե ինչ իրավական հիմքով է մերժում «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 06.12.2016 թվականին տրված եզրակացությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

Անդրադառնալով վիճելի հասցեում առկա 25,38քմ մակերեսով հողատարածքի Ջուլիետա Աննիկյանի 1/3-րդ բաժնեմասը փոխհատուցմամբ դադարեցնելու մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանը, ճանաչելով վիճելի հասցեում առկա 25,38քմ մակերեսով միակ օրինական շինության նկատմամբ Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը` վերջինիս կողմից Գագիկ և Ջուլիետա Աննիկյաններին փոխհատուցում տալու պահից, արձանագրել է, որ «վիճելի հասցեում գտնվող միակ օրինական կառույցի նկատմամբ` 25,38քմ մակերեսով տարածքի նկատմամբ երեք սեփականատերերի բաժինները հավասար են, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված բաժինն աննշան լինել չի կարող դիտվել, քանի որ հավասար է սեփականատերերի յուրաքանչյուրի բաժիններին: (…) 25,38քմ օրինական կառույցն օգտագործվել է, որպես պահեստ, թեև ունի բնակելի տարածքի կարգավիճակ»:

Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ 25,38քմ օրինական կառույցի նկատմամբ Մինաս Աննիկյանն ունի էական շահ, որը պայմանավորված է տվյալ կառույցի և իր բնակելի տան ընդհանուր կառուցվածքով: Վերաքննիչ դատարանը, Դատարանի 30.03.2018 թվականի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել նաև Դատարանի վերը նշված հետևությունը:

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտնում է, որ քննարկվող պարագայում, թեև ստորադաս դատարաններն արձանագրել են, որ վիճելի հասցեում առկա 25,38քմ մակերեսով միակ օրինական շինության նկատմամբ սեփականատերերից յուրաքանչյուրն ունեցել է հավասար բաժին, այսինքն` նրանց բաժիններն աննշան չեն եղել, այդուհանդերձ` հաշվի չեն առել, որ նշվածն արդեն իսկ բավարար էր ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 197-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառումը բացառելու համար:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը բխում է այն հանգամանքից, որ առանց սեփականատիրոջ համաձայնության դատարանի կողմից բաժնային սեփականության մյուս մասնակիցների միջոցով նրան փոխհատուցում վճարելը կարող է թույլատրվել միայն հետևյալ նախապայմանների պարտադիր և միաժամանակյա առկայությամբ, ինչպիսիք են` 1. սեփականատիրոջ բաժնի աննշան լինելը, 2. դրա իրապես առանձնացնելու անհնարինությունը, 3. ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատիրոջ էական շահի բացակայությունը:

Նման պայմաններում, նկատի ունենալով, որ ստորադաս դատարանները թույլատրել են Մինաս Աննիկյանին փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնել Ջուլիետա Աննիկյանի` վիճելի հասցեում առկա 25,38քմ մակերեսով միակ օրինական շինության 1/3 բաժնեմասը, անդրադառնալով նաև ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատիրոջ էական շահին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այդ պայմանի բացահայտմանը:

Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող պարագայում պետք է հաշվի առնել առանձնացվող սեփականատիրոջ` Մինաս Աննիկյանի շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատիրոջ, տվյալ դեպքում, Ջուլիետա Աննիկյանին պատճառված անհարմարություններին, այդ բաժնի նկատմամբ նրա շահագրգռվածության առկայությունը և այլն։ Ընդ որում, ընդհանուր գույքի օգտագործման մեջ կողմերի էական շահ ունենալ կամ չունենալը պարզելիս պետք է նկատի ունենալ սեփականատերերի գույքային շահը տվյալ` 25,38քմ մակերեսով տարածքի նկատմամբ:

Քննարկվող պարագայում, գործի փաստերով հիմնավորվել է, որ 25,38քմ մակերեսով միակ օրինական շինությունն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ, Մինաս և Ջուլիետա Աննիկյաններին` յուրաքանչյուրին 1/3 բաժնեմասով: Ընդ որում նշված կառույցն օգտագործվում է որպես պահեստ (խորդանոց):

Ըստ Դատարանի կողմից կատարված տեղատեսության արձանագրության` Ջուլիետա Աննիկյանը հայտնել է, որ այդ տարածքում առկա գույքը պատկանում է միայն իրեն, որի հետ չի համաձայնել Գագիկ Աննիկյանը: Ջուլիետա Աննիկյանը նաև նշել է, որ ինքը համաձայն չէ, որ սենյակ-խորդանոցը քանդվի, քանի որ 70 տարի ինքն է այն օգտագործել և օգտագործում է:

Վերը նշվածը, մինչդեռ, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին` վիճելի անշարժ գույքում 25,38քմ մակերեսով միակ օրինական շինության օգտագործման մեջ Մինաս Աննիկյանի էական շահի առկայության հարցին անդրադառնալիս` ստորադաս դատարանները հաշվի չեն առել նրա շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատերերին պատճառված անհարմարություններին, ինչպես նաև` այդ բաժնի նկատմամբ մյուս սեփականատերերի շահագրգռվածության առկայությանը (պատասխանող Ջուլիետա Աննիկյանի մոտ գույքային շահի առկայությունը կամ բացակայությունը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ընդհանուր օգտագործման ճանապարհը` 89,73 քմ մակերեսով հողատարածքը, միայն Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանն ու օգտագործմանը թողնելու, ինչպես նաև` վիճելի հասցեում գտնվող միակ օրինական կառույցի` 25,38քմ մակերեսով տարածքի նկատմամբ միայն Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասերով, չեն իրականացվել սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` Վճռաբեկ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Մինաս Աննիկյանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է 29.04.2019 թվականին, իսկ 14.05.2019 թվականին փոստային առաքմամբ վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել իր ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի միջոցով:

Սույն գործում առկա լիազորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ այն տրվել է 02.10.2015 թվականին` երեք տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 47): Լիազորագրի ժամկետը չի երկարացվել և գործում առկա չէ, ինչպես նաև` վճռաբեկ բողոքի պատասխանին կից չի ներկայացվել Մամիկոն Մանուկյանի` Մինաս Աննիկյանի անունից հանդես գալու լիազորությունները հաստատող նոր ապացույց:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մինաս Աննիկյանի անունից 14.05.2019 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է Մինաս Աննիկյանի կողմից տվյալ պահին հանդես գալու լիազորություն չունեցող անձի կողմից: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ընդհանուր օգտագործման ճանապարհը` 89,73 քմ մակերեսով հողատարածքը, միայն Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանը և օգտագործմանը թողնելու, ինչպես նաև` վիճելի հասցեում գտնվող միակ օրինական կառույցի` 25,38քմ մակերեսով տարածքի նկատմամբ միայն Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասերով, բեկանելու ու գործը այդ մասերով նոր քննության ուղարկելու համար:

 

5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի 17.04.2019 թվականի որոշմամբ հետաձգվել է սույն վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, իսկ Ջուլիետա Աննիկյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակիորեն բավարարման և գործը մասնակիորեն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2018 թվականի վճիռը` «ք. Երևան, Հ. Էմին 1 նրբ. հասցեում գտնվող թիվ 9 տուն անշարժ գույքում 89,73քմ ճանապարհը թողնել Գագիկ և Մինաս Աննիկյանների ընդհանուր սեփականությանը և օգտագործմանը:

Մինաս Աննիկյանի կողմից 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել ՀՀ Երևան քաղաքի Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38 քմ մակերեսով օրինական անշարժ գույքի 1/3 մասի նկատմամբ Գագիկ Մինասի Աննիկյանի սեփականության իրավունքը, այդ մասի նկատմամբ նույն պահից ճանաչելով Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը,

Մինաս Աննիկյանի կողմից 1.060.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել ՀՀ Երևան քաղաքի Հ. Էմինի 1-ին փակուղի թիվ 9 հասցեի 25,38 քմ մակերեսով անշարժ գույքի 1/3 մասի նկատմամբ Ջուլիետա Կայծակի Աննիկյանի սեփականության իրավունքը, այդ մասի նկատմամբ նույն պահից ճանաչելով Մինաս Աննիկյանի սեփականության իրավունքը» մասերով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և գործն այդ մասերով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: