Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3979/02/17

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3979/02/17

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան  

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Ղարիբյանի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` ավանդի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Ղարիբյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլար գումար` որպես ավանդի մայր գումար, 600 ԱՄՆ դոլար` որպես պայմանագրով սահմանված ավանդի տոկոսագումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.04.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վլադիմիր Ղարիբյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուշչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես. Վերաքննիչ դատարանը հավուր պատշաճի չի հետազոտել գործում առկա ապացույցներն ու դրանում ներկայացված իրավական հիմնավորումները, այդ իսկ պատճառով կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որով խախտվել են Բանկի իրավունքներն ու օրինական շահերը:

Դատարանը ներկայացված ավանդային պայմանագրի պատճենը և դրանում նշված պայմանները (ավանդի գումար, արժույթ, ավանդի գործողության ժամկետ, ավանդի տոկոս և այլն) ընդունել է արժանահավատ` չունենալով դրա համար բավարար, թույլատրելի և վերաբերելի ապացույցներ: Դատարանն ավանդային իրավահարաբերությունները հիմնավորող միակ ապացույց է համարել Բանկի կողմից հայցվորին տրամադրված պատասխան գրությունները: Նույնիսկ, եթե վերոնշյալ տրամաբանությամբ համարենք ապացուցված ավանդային իրավահարաբերության առկայության փաստը, ապա պարզ չէ Դատարանն ինչ հիմնավորմամբ է հաստատված համարել ավանդային պայմանագրի համար էական նշանակություն ունեցող պայմանների առկայությունը: Դա էլ այն դեպքում, երբ Բանկը դրանց մասին որևէ հայտարարություն չէր արել:

Դատարանը վիճելի իրավահարաբերության առկայությունը համարել է ապացուցված Բանկի կողմից տրված գրությամբ, իսկ նշված իրավահարաբերության էական պայմանների վերաբերյալ տեղեկատվությունն ընդունվել է հայցվորի կողմից տրամադրված ոչ արժանահավատ լուսապատճենից:

Նույն հաջողությամբ հայցվորը կարող է ապագայում ներկայացնել արդեն վերոնշյալ լուսապատճենի տեսքով առկա պայմանագրի փոփոխություն` ավանդի գումարի ավելացումով և այդ պարագայում կստացվի, որ Բանկն այդ մասով էլ չի կատարել իր պարտավորությունները, ինչն անթույլատրելի է և անընդունելի:

Դատարանը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը, այն է` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Նման պարագայում Դատարանը չէր կարող կայացնել հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Հայցի փաստական հիմքում դնելով պատասխանողի կողմից պարտավորության չկատարման փաստը, հիմնվելով պարտավորագրի պատճենի վրա, հայցվորը դատարանից պահանջել է պատասխանողից բռնագանձել պարտքի գումարը: Պատասխանողը, պարտավորության կատարման հիմքով առարկելով հայցի դեմ, վկայակոչել է գործում ստացականի բնօրինակի բացակայության փաստը, որը հիմնավորում է վիճելի պարտավորության դադարումը: Այսինքն` պատասխանողը, ըստ էության, վիճարկել է պարտավորության առկայությունը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը: Վերջինս նշված փաստը կարող էր ապացուցել` ներկայացնելով ստացականի բնօրինակը:

 Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված վերաքննիչ բողոքը և դրանում ներկայացված փաստական և իրավական հանգամանքները, չի ուսումնասիրել գործով ներկայացված ապացույցները: Նման պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող կայացնել հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ թույլ տրված խախտումներն ակնհայտ են, ինչպես նաև ակնհայտ է դրանց բացասական անդրադարձը գործի ելքի վրա, այն է` կայացվել է ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտ, որով անձից բռնագանձվելու է զգալի չափով դրամական միջոցներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել և փոփոխել այն:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Բանկն իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում չի հիմնավորել այն փաստը, որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով միևնույն նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ կամ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմի մեկնաբանությանը, վճռաբեկ բողոքում վկայակոչված չէ այդպիսի դատական ակտ: Վճռաբեկ բողոքում չի հիմնավորվում նաև կիրառված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի վերաբերյալ իրավունքի զարգացման խնդրի առկայությունը:

Ամբողջովին անհիմն է վճռաբեկ բողոքում առկա Բանկի այն պնդմանը, որ և նախկինում, և դատաքննության փուլում հայցվորը տեղեկացվել է այն մասին, որ վերջինիս կողմից 02.03.1998 թվականին, այլ ոչ թե 1996 թվականին ներդրված ավանդն է վերջնական հաշվեգրվել և կանխիկացվել: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, թե Բանկի կողմից Վլադիմիր Ղարիբյանին ուղղված գրությամբ հայտնվել է, որ ավանդի գումարը 1998 թվականին կանխիկացվել է, ապա Վերաքննիչ դատարանը նշվածի կապակցությամբ իրավացիորեն արձանագրել է, որ Բանկը զրկված չէր իր վկայակոչած տվյալ փաստը հիմնավորելու համար համապատասխան գրավոր կամ որևէ այլ արժանահավատ ապացույց ներկայացնելու հնարավորությունից: Այսպիսով, Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն ամբողջովին բխում են սույն գործով ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումից, իսկ սույն գործով կայացված Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջովին հիմնավոր է և պատճառաբանված:

 

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 20.06.1996 թվականի թիվ 2969 ավանդային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Վլադիմիր Ղարիբյանը՝ ի դեմս վերջինիս լիազորված անձ Գագիկ Ուլիխանյանի 180 օր ժամկետով 5.000 ԱՄՆ դոլար ավանդ է ներդրել «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` Բանկը, համաձայն գործող հարկային օրենսդրության, հաշվարկված տոկոսադրույքից ավանդատուին վճարում է հարկ պահելուց հետո մնացած գումարը: 20.06.1996 թվականի թիվ 2969 ավանդային պայմանագիրը ներկայացվել է լուսապատճենի տեսքով (հատոր 1-ին գ.թ. 14):

2) Վլադիմիր Ղարիբյանի կողմից լուսապատճենի տեսքով ներկայացվել է 20.06.1996 թվականի թիվ 020934 կտրոնը, որն օտարալեզու է (հատոր 1-ին գ.թ. 15):

3) Վլադիմիր Ղարիբյանը 17.03.2017 թվականի դիմումով Բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Ա. Հանեսյանին հայտնել է, որ 20.06.1996 թվականին «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի և իր միջև կնքած ավանդային պայմանագրով բանկում ներդրել է 5.000 ԱՄՆ դոլար ավանդային գումար` տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 24 տոկոս: 1996 թվականից հետո բացակայել է ՀՀ տարածքից այլ խնդիրների պատճառով և չի կարողացել ստանալ իր կողմից ներդրված թե՛ մայր գումարը, և թե՛ ավանդի տոկոսները: Քանի որ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը հանդիսանում է Բանկը, ուստի խնդրել է Բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Ա. Հանեսյանի հանձնարարականը՝ իրեն վերադարձնել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները (հատոր 1-ին, գ.թ. 16):

4) Բանկը՝ ի դեմս մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի, 16.06.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ Վլադիմիր Ղարիբյանի կողմից ներդրված ավանդի մայր գումարն ու տոկոսագումարները վերջնական հաշվեգրվել են վերջինիս հաշվեհամարին և ամբողջությամբ 02.03.1998 թվականին կանխիկացվել են (հատոր 1-ին, գ.թ. 17):

5) Բանկը՝ ի դեմս մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի, 24.07.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ Բանկը Վլադիմիր Ղարիբյանի նկատմամբ նշված ավանդի մասով որևէ չկատարված պարտավորություն չունի և ելնելով գործարքի վաղեմության ժամկետից լրացուցիչ մանրամասներ չեն կարող տրամադրվել: Բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման գործերի մշտապես պահպանելու պահանջը սահմանվել է 16.08.2007 թվականի ՀՀ Կառավարության թիվ 967-Ն որոշմամբ (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) Դատարանը «Ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2018 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել է և Բանկից պահանջել է Վլադիմիր Ղարիբյանի 17.03.2017 թվականի դիմումի, 20.06.1996 թվականի թիվ 2969 ավանդային պայմանագրի և 20.06.1996 թվականի թիվ 020934 անդորրագրի, 20.06.1996-30.09.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի և 20.06.1996-20.12.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի, 01.06.1996-30.09.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի, 01.01.1997-31.12.1997 թվականներն ընկած ժամանակահատվածի քաղվածքների բնօրինակները, ինչպես նաև նշված ավանդային պայմանագրից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հիմք հանդիսացած դիմումները (հատոր 1-ին, գ.թ. 85-87):

8) Բանկը 02.08.2018 թվականի գրությամբ նշել է, որ ի պատասխան Դատարանի 06.07.2018 թվականին կայացված ապացույց պահանջելու մասին որոշման հայտնել են, որ նշված որոշմամբ պահանջված տեղեկատվությունը Բանկում առկա չէ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ` նշված ժամանակահատվածում արխիվացման գործընթացը կարգավորվել է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի» մասին ՀՀ օրենքով /ընդունված 1994 թվականին/ և «Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումով /ընդունված 1998 թվականին/: Այնուհետև նշված ոլորտը կարգավորելու նպատակով ընդունվել են 2004 թվականին` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքը, և 2006 թվականին` «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Սակայն միայն 2007 թվականին թիվ 967-Ն որոշմամբ բանկերի կողմից պահպանվող փաստաթղթերի համար, որոնք վերաբերում են բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման գործերին, սահմանվել է պահպանման առանձնահատուկ ռեժիմ` մշտական, մինչ այդ նման օրենսդրական պահանջ չի եղել: Այսպիսով, մինչև 2007 թվականը, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ ծագումից շուրջ 11 տարի անց, բոլոր փակված ավանդային գործերը չեն ունեցել մշտական պահպանելու պահանջ և ենթակա էին ոչնչացման (հատոր 1-ին, գ.թ. 94-95):

8) ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ` Ս. Մանուկյանի 02.12.2016 թվականի տեղեկանքի համաձայն` Վլադիմիր Սպարտակի Ղարիբյանը, ծնված 1950 թվականին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության արխիվային տվյալներով դատապարտվել է՝ 14.06.1989 թվականին ՀԽՍՀ Գերագույն դատարանի կողմից ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով, 109-րդ հոդվածի 2-րդ մասով, 232-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ազատազրկման 14 տարի ժամկետով, կալանքի սկիզբը 21.02.1989 թվականից։ 11.02.1994 թվականին Աշտարակի շրջանի ժող դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 38-39-րդ հոդվածներով, ազատազրկման 11 տարի 1 ամիս ժամկետով, կալանքի սկիզբը 27.12.1993 թվականից։ 07.05.1999 թվականի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարի 8 ամիս 20 օր պատժի չկրած մասով, Վ. Ղարիբյանն ազատվել է (հատոր 1-ին, գ.թ. 41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ ստորադաս դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորության չկատարման փաստը վիճարկելու պայմաններում նշված փաստն ապացուցելու պարտականություն ունեցող անձի կողմից իր դատավարական պարտականությունը չկատարելու հարցին:

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված նորմերի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Այսինքն՝ դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողությունները պետք է ուղղված լինեն Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տես՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է այն դեպքերին, երբ պարտապանը վկայակոչում է պարտավորության կատարման փաստը, սակայն պարտքային փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու անհնարինությունը պատճառաբանում է այն պարտավորության կատարման հիմքով ոչնչացված լինելու հանգամանքով: Նման դեպքերում դատարանները պարտավոր են ապացուցման գործընթացը կազմակերպել և ապացուցման բեռը բաշխել` հավասարակշռելով կողմերի շահերը և ապացուցման գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունները: Մասնավորապես` քննարկվող դեպքում դատարանները պետք է պարտատիրոջը պարտավորեցնեն պարտավորության առկայության փաստը հիմնավորել բացառապես պարտքային փաստաթղթի բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում կրել Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված բացասական հետևանքները: Հետևաբար պարտքային փաստաթղթի բնօրինակի բացակայությունը, ելնելով գործի հանգամանքների առանձնահատկություններից, ևս կարող է վկայել պարտավորության դադարման փաստի մասին (տես՝ Ղասեմ Աբդոլահ Նեժադի հայցն ընդդեմ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Խաչատրյանի և Երվանդ Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Վլադիմիր Ղարիբյանը, հայցադիմում ներկայացնելով դատարան, պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլար գումար` որպես ավանդի մայր գումար, 600 ԱՄՆ դոլար` որպես պայմանագրով սահմանված ավանդի տոկոսագումար: Վլադիմիր Ղարիբյանը որպես իր կողմից վկայակոչած փաստերի ապացույց կցել է 20.06.1996 թվականի թիվ 2969 ավանդային պայմանագրի պատճենը:

Դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ է համարել ավանդային իրավահարաբերությունների ծագման փաստը, որպիսի հանգամանքն ապացուցելու բեռը դրվել է հայցվորի վրա: Ի հիմնավորումն հիշյալ հանգամանքի՝ հայցվորի կողմից ներկայացվել է Պայմանագրի լուսապատճենը՝ պատճառաբանելով, որ բնօրինակը հանձնվել է Բանկին՝ դիմում ներկայացնելուց հետո, և հայցվորը չի տիրապետում Պայմանագրի բնօրինակը:

Դատարանը «Ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2018 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել է և Բանկից պահանջվել է Վլադիմիր Ղարիբյանի 17.03.2017 թվականի դիմումի, 20.06.1996 թվականի թիվ 2969 ավանդային պայմանագրի և 20.06.1996 թվականի թիվ 020934 անդորրագրի, 20.06.1996-30.09.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի և 20.06.1996-20.12.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի, 01.06.1996-30.09.1996 թվականներն ընկած ժամանակահատվածի, 01.01.1997-31.12.1997 թվականներն ընկած ժամանակահատվածի քաղվածքների բնօրինակները, ինչպես նաև նշված ավանդային պայմանագրից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հիմք հանդիսացած դիմումները:

Բանկի 02.08.2018 թվականի գրությամբ նշվել է, որ ի պատասխան Դատարանի 06.07.2018 թվականին կայացված ապացույց պահանջելու մասին որոշման հայտնում են, որ նշված որոշմամբ պահանջված տեղեկատվությունը Բանկում առկա չէ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ` նշված ժամանակահատվածում արխիվացման գործընթացը կարգավորվել է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի» մասին ՀՀ օրենքով /ընդունված 1994 թվականին/ և «Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումով /ընդունված 1998 թվականին/: Այնուհետև նշված ոլորտը կարգավորելու նպատակով ընդունվել են 2004 թվականին` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքը, և 2006 թվականին` «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Սակայն միայն 2007 թվականին թիվ 967-Ն որոշմամբ բանկերի կողմից պահպանվող փաստաթղթերի համար, որոնք վերաբերում են բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման գործերին սահմանվել է պահպանման առանձնահատուկ ռեժիմ` մշտական, մինչ այդ նման օրենսդրական պահանջ չի եղել: Այսպիսով, մինչև 2007 թվականը, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ ծագումից շուրջ 11 տարի անց, բոլոր փակված ավանդային գործերը չեն ունեցել մշտական պահպանելու պահանջ և ենթակա էին ոչնչացման:

Դատարանն արձանագրել է, որ սույն գործով առկա է այն իրավիճակը, երբ պարտավորության երկու կողմերի մոտ էլ չի պահպանվել պայմանագրի բնօրինակը, հետևաբար՝ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր կողմից վկայակոչված փաստերը հիմնավորել այլ ապացույցներով: Անդրադառնալով Բանկի այն փաստարկներին, ըստ որոնց՝ բնօրինակ Պայմանագրի բացակայության պայմաններում հայցվորի կողմից չի հիմնավորվել ավանդային իրավահարաբերությունների առկայության փաստը, Դատարանը նշել է, որ Պայմանագրի բնօրինակի առկայությունն առհասարակ տվյալ դեպքում ինքնին դառնում է առարկայազուրկ, քանի որ Բանկն իր գործողություններով ընդունել է այն իրողությունը, որ Բանկի և հայցվորի միջև առկա են եղել ավանդային իրավահարաբերություններ:

Վերաքննիչ դատարանը վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը` մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 21.12.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործի փաստական հանգամանքների համադրումից հետևում է, որ ավանդային պայմանագրի կնքման ժամանակ, և ըստ Բանկի հայտարարության ավանդային իրավահարաբերությունների դադարման պահին հայցվորը եղել է ազատազրկված։ Հայցվորի անունից ավանդային պայմանագիրը ստորագրվել է վերջինիս լիազորված անձ Գագիկ Ուլիխանյանի կողմից։

Այսինքն, իրավահարաբերության փաստը հաստատող ավանդային պայմանագրի բնօրինակը Բանկի կողմից քաղաքացիական դատավարության ընթացքում պահանջելը պետք է դիտել իրավաչափ, քանի որ տվյալ դեպքում փաստաթղթի բնօրինակը պահանջելը չեր կարող դիտվել ձևական պահանջ։

Այս դեպքում Դատարանը, հիշատակելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները` կապված դատավարության ընթացքում ապացույցները բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով ներկայացնելու օրենսդրական պահանջի հետ, եկել է սխալ եզրահանգման իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու մասով, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, որ վիճելի է ոչ թե ավանդի պայմանագրից բխող իրավահարաբերության ծագման, այլ դրա առկա լինելու հանգամանքը։ Եվ հենց այդ հանգամանքի հաստատման առումով է պատասխանողից պահանջվել ներկայացնելու ավանդային պայմանագրի բնօրինակը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Դատարանը, համարելով, որ պայմանագրի բնօրինակի մեկ օրինակն արդեն իսկ Բանկում է, պահանջել է ապացույցներ դրանց վերաբերյալ, դուրս գալով Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակից, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե առհասարակ ապացույցի բնօրինակի մասին, այլ այդպիսի ապացույց ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից իր դատավարական պարտականությունը կատարելու մասին:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը, հայցի փաստական հիմքում դնելով պատասխանողի կողմից պարտավորության չկատարման փաստը, հիմնվելով ավանդի պայմանագրի պատճենի վրա, Դատարանից պահանջել է վերջինիցս բռնագանձել ավանդի մայր գումարը և պայմանագրով սահմանված ավանդի տոկոսագումարը: Պատասխանողը, ըստ էության, վիճարկել է պարտավորության առկայությունը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը: Վերջինս նշված փաստը կարող էր ապացուցել` ներկայացնելով ավանդի պայմանագրի բնօրինակը կամ հիմնավորելով դրա ներկայացման անհնարինությունը: Նման պարագայում պարտավորության կատարված չլինելու հանգամանքը վիճելի լինելու պայմաններում դրա բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը:

Մինչդեռ ստորադաս դատարանները վերոնշյալի անտեսմամբ սխալ եզրահանգման են եկել հայցի՝ հիմնավոր լինելու վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

- Վլադիմիր Ղարիբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 5.600 ԱՄՆ դոլարի երկու տոկոսին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Վլադիմիր Ղարիբյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 5.600 ԱՄՆ դոլարի երեք տոկոսին համարժեք ՀՀ դրամ ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

- Վլադիմիր Ղարիբյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման նաև 5.600 ԱՄՆ դոլարի երեք տոկոսին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` Վլադիմիր Ղարիբյանի հայցն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի` ավանդի գումարը բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

2. Վլադիմիր Ղարիբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 5.600 ԱՄՆ դոլարի երկու տոկոսին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Վլադիմիր Ղարիբյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 5.600 ԱՄՆ դոլարի երեք տոկոսին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 5.600 ԱՄՆ դոլարի երեք տոկոսին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարների փոխհատուցում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան