Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-516-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2003-07.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.155
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:

 

Հոդված 2. Հիմնադրամների մասին օրենսդրությունը

 

Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 3. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

 

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

4. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

 

Հոդված 4. Հիմնադրամի շահառուները

 

1. Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ:

2. Հիմնադրամի հնարավոր շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:

3. Հիմնադրամի փաստացի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել են որոշակի ծառայություններ, կամ նրանց փոխանցվել է հիմնադրամի գույքի որոշ մասը:

4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են օգտվել միայն հիմնադրամի կողմից մատուցվող ծառայություններից:

 

Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը

 

1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը, ինչպես նաև ցուցում պարունակի հիմնադրամի գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:

2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:

3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն  այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

4. Հիմնադրամը պետք է ունենա իր անվանումը պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաև հիմնադրամի անվանումն այլ լեզուներով, ինչպես նաև դրա խորհրդանիշը:

5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը ներառվում է հիմնադրամի կանոնադրության մեջ:

6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ այն դեպքերի, եթե հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

 

Հոդված 6. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները

 

1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ) և հիմնարկներ:

Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի  անվանումը պետք է պարունակի իրեն ստեղծած հիմնադրամի անվանումը:

3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկներն ստեղծված են համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հաշվառվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 7. Հիմնադրամի գտնվելու վայրը

 

1. Հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի (մարմիններից մեկի) գտնվելու վայրն է:

2. Հիմնադրամը կարող է ունենալ փոստային (էլեկտրոնային) հասցե: Հիմնադրամի փոստային (էլեկտրոնային) հասցեով կամ գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:

 

Հոդված 8. Հիմնադրամի գույքը

 

1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

5. Պետական բյուջեի միջոցները կարող են ուղղվել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության աջակցմանը միայն մրցութային սկզբունքով և միայն այն դեպքում, եթե հիմնադրամի գործունեության ծրագիրը սահմանված կարգով որակված է հանրօգուտ կամ բարեգործական: Պետական բյուջեից ստացված միջոցները չեն կարող ուղղվել հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի իրականացմանը:

6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:

7. Հիմնադրամի ծախսերն են`

1)  կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.

2)  վարչակառավարչական ծախսերը:

8. Սույն հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետով նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) և օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում եմ նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:

9. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:

10. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերի գումարի չափն ամրագրվում է հիմնադրամի կանոնադրությամբ: Այդ գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 9. Հիմնադրամի ստեղծումը

 

Հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով:

 

Հոդված 10. Հիմնադրամի հիմնադրումը

 

1. Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:

2. Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից: Մեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը՝ միանձնյա:

3. Հիմնադրամի հիմնադիրները կնքում են հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է՝

1) տեղեկություններ հիմնադիրների մասին`

- ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ.

- իրավաբանական անձանց համար` ֆիրմային լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ.

2) հիմնադրամի ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.

3) հիմնադրամի նպատակները.

4) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.

5) հիմնադրամի գործունեության ժամկետը.

6) հիմնադրամի ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները և պարտականությունները.

7) տվյալներ հիմնադրամի սկզբնական գույքի ձևավորման մասին և այդ գույքի փոխանցման կարգը.

8) հիմնադրամը չկայացած համարվելու կամ դրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում հիմնադրամի ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումը՝ ըստ հիմնադիրների:

4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ավագանու որոշմամբ:

 

Հոդված 11. Հիմնադրամի հիմնադրումը կտակի հիման վրա

 

1. Հիմնադրամը կարող է հիմնադրվել կտակի հիման վրա:

Եթե հիմնադրամը հիմնադրվում է կտակի հիման վրա, ապա հիմնադրման մասին որոշումը` ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, կայացնում է կտակակատարը: Այդ դեպքում որոշումը, բացի սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններից, պետք է պարունակի կտակակատարի և կտակարարի անունը, ազգանունը, ինչպես նաև կտակակատարի անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ:

2. Նոտարի կողմից կտակակատարին տրվող ժառանգության իրավունքի վկայագրում նշվում է կտակարարի անունից հիմնադրամը մեկամսյա ժամկետում գրանցելու պարտականության մասին, եթե կտակով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե կտակակատարը խուսափում է կտակից բխող իր պարտականությունների կատարումից, ապա շահագրգիռ անձանց պահանջով դատարանը նշանակում է նոր կտակակատար:

3. Եթե կտակում նշված չէ կտակակատարի մասին, ապա նրան նշանակում է դատարանը՝ շահագրգիռ անձանց պահանջով:

 

Հոդված 12. Հիմնադրամի հիմնադիրները

 

1. Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամում օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքում հիմնադրամի հիմնադիր է համարվում կտակարարը:

3. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

4. Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Հիմնադիրները (հիմնադիրը) պատասխանատվություն չեն (չի) կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների (հիմնադրի) պարտավորությունների համար:

6. Հիմնադրամի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Հիմնադրամը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում հիմնադիր ժողովում:

 

Հոդված 13. Հիմնադրամի հիմնադիր ժողովը

 

1. Հիմնադրամի հիմնադիր ժողովը (այսուհետ՝ հիմնադիր ժողով) գումարվում է հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրն ստորագրելուց հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում:

2. Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում են բոլոր հիմնադիրները կամ նրանց լիազորած անձինք:

3. Հիմնադիր ժողովը`

1) որոշում է ընդունում հիմնադրամի հիմնադրման մասին.

2) հաստատում է հիմնադրամի կանոնադրությունը.

3) կազմավորում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ.

4) կարող է նշանակել հիմնադրամի կառավարիչ՝ գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն, տնօրեն (այսուհետ՝ կառավարիչ).

5) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը՝ մինչև հիմնադրամի հիմնադրումը կատարված ծախսերի մասին:

Սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների կողմից՝ միաձայն:

Մնացած բոլոր հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ հիմնադրամի հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին: Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մյուս լիազորությունները կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին):

5. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի դրույթներ` հիմնադրամի հիմնադրման, ինչպես նաև հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ: Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մյուս լիազորությունները համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել լիազորված անձին:

6. Մեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ՝ սույն հոդվածի երրորդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

 

Հոդված 14. Չկայացած հիմնադրամը

 

Հիմնադրամը համարվում է չկայացած`

1) եթե սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետում չի գումարվել հիմնադիր ժողովը.

2) եթե հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումն ընդունվելու պահից 2 ամսվա ընթացքում հիմնադրամը սահմանված կարգով չի դիմել պետական գրանցման.

3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի բողոքարկվել դատարան, կամ բողոքը մերժվել է, և այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

 

Հոդված 15. Հիմնադրամի կանոնադրությունը

 

1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):

2. Կանոնադրությունը սահմանում է`

1) հիմնադրամի անվանումը.

2) հիմնադրամի գտնվելու վայրը.

3) հիմնադրամի նպատակները.

4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է զբաղվել.

5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին.

- ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը,

- իրավաբանական անձանց համար` լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը.

6) հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը, հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը.

7) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.

8) հիմնադրամի գործունեության ժամկետը.

9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

10) հիմնադրամի լուծարման և այդ դեպքում գույքի օգտագործման կարգը.

11) սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները:

4. Հիմնադրամի  մարմինները կարող են փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն:

Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չեն կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների դիմումի հիման վրա:

 

Հոդված 16. Հիմնադրամների պետական գրանցումը

 

1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադիրների կամ նրանց լիազորած անձի կողմից.

2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.

3) հիմնադրամի հիմնադրման մասին որոշումը.

4) հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիրը. 

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:

3. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը

 

1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:

2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.

2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.

4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ սույն օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:

5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Հիմնադրամի իրավունքները

 

1. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) նյութապես աջակցել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով.

2) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

3) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

5) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր,  ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

6) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր.

8) իրականացնել գիտական հետազոտություններ և ծրագրերի մշակումներ.

9) աջակցել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկված մշակութային, կրթական, գիտական բնույթի նախաձեռնությունների իրականացմանը.

10) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

 

Հոդված 19. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունը

 

1. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը  ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

2. Հիմնադրամն իրավունք ունի զբաղվել միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե սույն օրենքով սահմանված կարգով անձամբ է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն:

 

Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:

Իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:

3. Անօրինական գործունեություն ծավալելու համար հիմնադրամը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 21. Հիմնադրամի մարմինները

 

1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը:

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ), որոնց լիազորությունները պետք է սահմանվեն կանոնադրությամբ:

 

Հոդված 22. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

 

1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը, իսկ կտակի հիման վրա հիմնադրելիս՝ կտակակատարը, եթե կտակում այլ բան նախատեսված չէ:

Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը սահմանվում է հիմնադրամի կանոնադրությամբ, սակայն չի կարող պակաս լինել 3 անդամից:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կամ համանախագահներին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների  մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

7. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 23. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը

 

1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) նրա գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է:

Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամներում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել ցանկացած պահի՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի անդամի որոշմամբ:

Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

Սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից, իսկ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրվանից:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 30 օրվա ընթացքում թեկնածու չեն առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրները պետք է պատշաճ ձևով տեղեկացված լինեն:

4. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` նախկին անդամի լիազորությունների դադարման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնակի քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների առավելագույն քանակ, սակայն ոչ պակաս, քան հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

Եթե սույն մասով սահմանված կարգով թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրությունները համարվում են չկայացած:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ընտրությունները չկայացած համարվելու դեպքում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները՝ ընտրությունը չկայացած համարվելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 45 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրվում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը: Այդ դեպքում ընտրություններն անցկացվում են թեկնածու առաջադրելու ժամկետների ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում, սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

6. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը պակասում է սույն օրենքի  22-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված նվազագույն թվից, և մեկ տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմը չի համալրվում, ապա հիմնադրամը ենթակա է լուծարման:

7. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում հիմնադրամի հիմնադիրը երեք ամսվա ընթացքում կամ սույն հոդվածով սահմանված կարգով համալրում է հոգաբարձուների խորհրդի կազմը կամ դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երեք ամիս ժամկետով նշանակում է 3 անդամից կազմված հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ՝ ժամանակավոր խորհուրդ), որն իր նշանակման պահից վեց ամսվա ընթացքում ձևավորում է հոգաբարձուների նոր խորհուրդ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Նշված ժամկետում հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու անհնարինության դեպքում ժամանակավոր խորհուրդը դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

 

Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները

 

1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների  խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների  մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ  նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

 

Հոդված 25. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունները

 

1. Հոգաբարձուների խորհրդի  իրավասությանն  են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

6) հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

11) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ կառավարչի հաշվետվությունների լսումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

14) սույն օրենքով, կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

 

Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը

 

1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2.  Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:

3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

5. Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները կանոնադրությամբ սահմանված կարգով և պայմաններով կարող են իրականացնել ընտրված համանախագահները:

 

Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը

 

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ՝ հոգաբարձուների խորհրդի  իրավասություն հանդիսացող հարցերի:

Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի  որոշումների կատարումը:

Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է  հոգաբարձուների խորհրդի  նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի  լիազորած այլ անձ:

3. Կառավարիչը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատակիցներին.

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:

4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները

 

1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակով, որը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող բոլոր անդամները:

Նիստը նախագահողը պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

2. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քանակը.

3) նիստին մասնակցած անձանց քանակը.

4) նիստի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 29. Հիմնադրամի վերակազմակերպումը

 

1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

 

Հոդված 30. Հիմնադրամների միաձուլումը

 

1. Հիմնադրամների միաձուլում է համարվում նոր հիմնադրամի ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ:

2. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի միաձուլվող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:

3. Միաձուլմանը մասնակցող հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից ու ժամկետներում և որոշումներ է ընդունում սույն օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

Հոդված 31. Հիմնադրամների միացումը

 

1. Հիմնադրամների միացում է համարվում մեկ կամ մի քանի հիմնադրամների գործունեության դադարումը՝ դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ հիմնադրամի:

2. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի միացող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները:

3. Միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերի մասին:

4. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

 

Հոդված 32. Միաձուլման (միացման) պայմանագիրը

 

1. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների միջև, ստորագրում են կառավարիչները և ենթակա է հաստատման համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

1) մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

2) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.

3) միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը.

4) հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստում քվեարկության կարգը.

5) այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

 

Հոդված 33. Փոխանցման ակտը

 

Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված հիմնադրամի (հիմնադրամների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:

 

Հոդված 34. Հիմնադրամի լուծարումը

 

1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

 

Հոդված 35. Հիմնադրամի լուծարման կարգը

 

1.  Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո դատարանն ստեղծում է լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

2. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

3. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

4. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

5. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:

6. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

7. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

8. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է դատարանը:

9. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:

10. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

11. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում է դատարանի հաստատմանը:

13. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

14. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 36. Հիմնադրամի փաստաթղթերի պահպանումը

 

1. Հիմնադրամը պարտավոր է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված ժամկետներում պահպանել հիմնադրամի`

1) պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրությունում կատարված լրացումները և փոփոխությունները, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, հիմնադրման մասին որոշումը և պայմանագիրը.

2) հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ հիմնադրամի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը.

3) մարմինների հաստատած ներքին փաստաթղթերը.

4) առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները.

5) տարեկան հաշվետվությունները.

6) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը.

7) պետական կառավարման մարմիններ ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները.

8) մարմինների նիստերի արձանագրությունները.

9) կնքած պայմանագրերը.

10) ֆինանսատնտեսական և այլ գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

2. Հիմնադրամը պահպանում է սույն հոդվածի առաջին մասով նշված փաստաթղթերը իր գտնվելու վայրում:

 

Հոդված 37. Հաշվապահական հաշվառումը

 

1. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Կառավարիչը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, իրավական այլ ակտերին և կանոնադրությանը համապատասխան:

2. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի հաշվառումը պետք է կատարվի հիմնադրամի այլ ծախսերից առանձնացված կարգով:

 

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

 

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով:

 

Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

 

Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում վարչակառավարչական ծախսերի չափի, գույքի օգտագործման մասին, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

3) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 40. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված հիմնադրամները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները (մինչև սահմանված կարգով համապատասխանեցումը) գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց կազմակերպական-իրավական ձևը հիմնադրամ չէ, բայց իրենց անվանման մեջ պարունակում են «հիմնադրամ» բառը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը (ֆիրմային անվանումը)՝ դրանից հանելով «հիմնադրամ» բառը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:


Հայաստանի Հանրապետության
 Նախագահ 

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 31
Երևան
ՀՕ-516-Ն