Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1572
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.01.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 հունվարի 2021 թ.

    

«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 49-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Գ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

          

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի,

գործով որպես պատասխանող ներգրավված՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին, և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի՝ «Ի պաշտոնե ներկայացուցիչները» վերտառությամբ 49-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է հետևյալը.

«5. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է սնանկության կառավարիչը: Լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է լուծարային հանձնաժողովի նախագահը»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի հունվարի 22-ին, և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

Օրենքի՝ «Կառավարչի լիազորությունները» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանվում է.

«1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից»:

Օրենքի վերոնշյալ դրույթը փոփոխության և խմբագրման է ենթարկվել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքով, որի համաձայն՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «հանդես է եկել որպես հայցվոր» բառերը փոխարինվել են «հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող» բառերով:

Գործի քննության առիթը «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի՝ 2020 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

     

1. Դիմողի դիրքորոշումները

Ըստ դիմողի՝ թեև Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի շահերը ներկայացնելու իրավունքը, սակայն հստակեցված չեն այն իրավիճակները, որոնց պայմաններում վերջինս պետք է օգտվի նման իրավական կարգավորումից: Մասնավորապես՝ Օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված չեն այն դեպքերը, որոնց պարագայում կիրառելի է նշված նորմը, որպիսի պայմաններում էլ դրույթը խոցելի է դառնում իրավական որոշակիության տեսանկյունից:

Բացի այդ, վիճարկվող իրավական նորմերով ամրագրված չէ սնանկ ճանաչված անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում։ Ըստ դիմողի՝ սնանկության գործով կառավարչի՝ որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը դեռևս չի նշանակում, որ սնանկ ճանաչված ընկերությունը՝ ի դեմս իր տնօրենի, զրկված է դատարան դիմելու իրավական հնարավորությունից:

Դիմողը նաև նշել է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ սահմանափակվել է սնանկ ճանաչված անձի և սնանկության գործով կառավարչի դատավարական իրավասուբյեկտությունը: Մի կողմից՝ սնանկ ճանաչված անձն ինքնուրույն չի կարող օգտվել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից, մյուս կողմից՝ սնանկության գործով կառավարիչը կարող է հանդես գալ բացառապես սնանկ ճանաչված անձի անունից, այսինքն՝ ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի՝ վերջինս չունի դատավարական ինքնուրույն իրավասուբյեկտություն:

    

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը նշել է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը հանդիսանում է Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված այն դեպքերից մեկը, որը լիազորում է սնանկության գործով կառավարչին իրացնել պարտապանի դատավարական իրավունքները, ուստի այս առումով իրավական որոշակիության տեսանկյունից որևէ հարց չի կարող առաջանալ։

Բացի այդ, Օրենքի 31-րդ հոդվածը հնարավորություն է սահմանել պարտապանի և պարտատիրոջ համար վիճարկելու սնանկության գործով կառավարչի ոչ միայն գործողությունները, այլ նաև անգործությունը։ Ավելին, Օրենքի 32-րդ հոդվածով կարգավորված են նաև սնանկության գործով կառավարչին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը, ուստի սնանկության գործով կառավարչի գործողությունների կամ անգործության հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանը որևէ կերպ զրկված չէ դրանք դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից։

Միաժամանակ պատասխանողը նշել է, որ թեև դիմողը վիճարկել է Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի սահմանադրականությունը, սակայն ըստ էության բարձրացրել է դատարանների կողմից կոնկրետ գործով նշված դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Վերոնշյալի հիման վրա պատասխանողը եկել է այն եզրահանգման, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը։

    

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն սահմանադրաիրավական վեճը հանգում է սնանկության գործով կառավարչի և պարտապանի կողմից դատարան դիմելու իրավասության հարաբերակցության խնդրին՝ պայմանավորված այն իրողությամբ, որ օրենսդրական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության պայմաններում դիմողի գնահատմամբ՝ սահմանափակվում է սնանկ ճանաչված անձի դատավարական իրավասուբյեկտությունը՝ այն ամբողջությամբ վերապահվելով սնանկության գործով կառավարչին:

Հաշվի առնելով նշված հանգամանքը` սույն գործի շրջանակում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել հետևյալը.

1) արդյո՞ք վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության պայմաններում համահունչ են իրավական որոշակիության սկզբունքին,

2) արդյո՞ք վիճարկվող դրույթների և դրանց՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում պահպանվում է սնանկ ճանաչված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:

     

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացման շրջանակներում սնանկ ճանաչված անձի և սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կառուցակարգին և իրավակիրառ պրակտիկայում դրա սահմանադրականության վերաբերյալ դիմողի կողմից բարձրացված հարցադրումներին, անհրաժեշտ է համարում խնդիրը դիտարկել ինչպես վիճարկվող դրույթներում ամրագրված իրավակարգավորումների, այնպես էլ դրանց հետ փոխկապակցված այլ նորմերի համատեքստում՝ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը և տրամաբանությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բարձրացված խնդիրն անմիջականորեն առնչվում է սնանկության գործով կառավարչի՝ սնանկության վարույթում զբաղեցրած կարգավիճակին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախևառաջ օրենսդրական կարգավորումների և օրենսդրության ողջ տրամաբանության լույսի ներքո բացահայտել սնանկության գործով կառավարչի լիազորությունները սնանկության հարաբերություններում, նրա և պարտապանի դերակատարությունը պարտապանին պատկանող գույքի տնօրինման հարաբերություններում:

Սնանկության գործով կառավարչի՝ Օրենքով ամրագրված լիազորությունների, նրա դերակատարման վերաբերյալ ամրագրված օրենսդրական կարգավորումների համալիր ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի լիազորությունները հանգում են պարտապանի գույքի պահպանմանը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի վերջինիս տրված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը:

Վերոնշյալ մոտեցումն ընկած է նաև իրավակիրառական պրակտիկայի հիմքում, մասնավորապես՝ թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ սնանկության գործով կառավարչի դատավարական կարգավիճակի վերաբերյալ արտահայտված դիրքորոշման համաձայն՝ սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձն է:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է, որպիսի պայմաններում սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գործողությունների շրջանակն իրավաչափորեն սահմանափակվում է՝ նպատակ ունենալով ապահովելու պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը։ Հետևաբար՝ անվճարունակ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ պարտապանի գործողություններն իրականացնում է սնանկության գործով կառավարիչը՝ հանդես գալով որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող ոչ շահագրգիռ անձ՝ միաժամանակ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավակարգավորումը նպատակ ունի ապահովելու իրավաչափ հավասարակշռություն մի կողմից պարտապանի, մյուս կողմից՝ պարտատերերի շահերի պաշտպանության համար։

Սնանկության գործով կառավարչի լիազորությունների վերաբերյալ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով սահմանադրաիրավական վեճին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. սնանկության հարաբերությունների հիմնական սուբյեկտներն են պարտապանը, պարտատերերը և սնանկության գործով կառավարիչը: Սնանկության վարույթի տարբեր փուլերում նշված սուբյեկտներն օժտված են տարբեր իրավունքներով և պարտականություններով:

Այսպես, Օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որպես վարքագծի կանոն ամրագրվել է սնանկության գործով կառավարչի պարտականությունն ապահովելու հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «ժա» կետերի ուժով սնանկության գործով կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, ինչպես նաև հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ:

Վերոգրյալ իրավական կարգավորումները փաստում են, որ սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս ոչ թե պարտապանի կամ պարտատիրոջ կողմում, այլ օրենքի սահմաններում իրականացնում է իր՝ որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները, որոնք ուղղված են պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռմանը:

Օրենքի՝ «Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը (…): Իսկ մինչև 15.04.2020 թ. գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում նույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։

Վերոնշյալ իրավական կարգավորումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:

Միաժամանակ, սնանկության հարաբերությունները կարգավորող մի շարք օրենսդրական կարգավորումների ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ սնանկության գործով կառավարիչն այդ հարաբերություններում օժտված է լուրջ դերակատարմամբ և մի շարք դեպքերում այնպիսի լիազորությունների իրականացման իրավասությամբ, որոնք մինչև սնանկ ճանաչվելը կրում էր պարտապանը, սակայն սնանկության առաջացման փաստով պարտապանի՝ դրանց իրացման հնարավորությունը սահմանափակելը պայմանավորված է բացառապես սնանկության վարույթի բարեհաջող և արդյունավետ ընթացքի ապահովմամբ, պարտապանին պատկանող գույքի պահպանմամբ, ինչպես նաև պարտատերերի պահանջների պատշաճ բավարարմամբ:

Մասնավորապես Օրենքի՝ «Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու հետևանքները» վերտառությամբ 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ՝ դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները (…): Իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից դատարանն անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է նույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով: Իսկ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանվում է հետևյալը.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

3. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից»:

Սահմանադրական դատարանը 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ՍԴՈ-1542 որոշմամբ, անդրադառնալով Օրենքի 47-րդ հոդվածին, նշել է, որ օրենսդիրը տարբերակել է սնանկության վարույթի երկու առանձին փուլեր, որոնց համար, կախված տվյալ փուլի խնդիրներից և նպատակից, ամրագրել է տարբեր կարգավորումներ, ինչը, ինքնին, որևէ իրավական անորոշություն չի առաջացնում։

Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից և Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետևում է, որ օրենսդիրը սնանկության վարույթը տարանջատել է առանձին փուլերի, այն է՝ նախքան պարտապանին սնանկ ճանաչելը, և պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում կայացնելը, որպիսի կարգավորումը պայմանավորված է պարտապանի և սնանկության գործով կառավարչի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով։

Այսպես, նախքան սնանկ ճանաչվելը պարտապանն իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` դատավարական, ինքնուրույն է իրացնում: Այլ կերպ ասած՝ նախքան սնանկ ճանաչվելը պարտապանը, օժտված լինելով դատավարական իրավասուբյեկտությամբ, ինքնուրույն կարող է իրացնել իր դատավարական իրավունքները և կրել պարտականություններ։

Մինչդեռ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի իրավունքները, այդ թվում նաև` դատավարական, իրացնում է սնանկության գործով կառավարիչը` հանդես գալով պարտապանի անունից և հսկողություն իրականացնելով պարտապան-իրավաբանական անձի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ։

Վճռաբեկ դատարանը, թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով 2016 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ անդրադառնալով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված սնանկության գործով կառավարչի դատավարական լիազորությունների բովանդակությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը և սնանկ ճանաչվելուց հետո, ի թիվս այլնի, պարտապանի անունից իրացնում է նաև դատարան հայց ներկայացնելու իրավունքը։

Այդուհանդերձ, օրենսդիրը վերոնշյալ կարգավորումից սահմանել է նաև բացառություն՝ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը պարտապան-իրավաբանական անձի ղեկավարին հնարավորություն տալով գործելու բացառապես սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ և վերջինիս հսկողության ներքո (Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերություն, 47-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը պարտապան-իրավաբանական անձի ղեկավարը որոշ իրավունքների, այդ թվում նաև` դատավարական, իրացման հարցում կաշկանդված է սնանկության գործով կառավարչի համաձայնությամբ։ Նշվածից հետևում է, որ օրենսդիրը, պարտապան-իրավաբանական անձի ղեկավարի՝ իր հայեցողությամբ գործելու հնարավորությունը սահմանափակելով, ստեղծել է բավարար երաշխիքներ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապան-իրավաբանական անձի ղեկավարի գործողությունները վերահսկելու, վերջինիս կամայականություններից խուսափելու և պարտապանի ու պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելու համար։ Նման պայմաններում ակնհայտ է, որ պարտապանի համար լայն դատավարական գործառույթներ նախատեսելը, տվյալ դեպքում դատարան դիմելու իրավունքի իրացման ոչ սահմանափակ հնարավորություն նախատեսելը կարող է հանգեցնել վերջինիս կողմից այդ իրավունքի չարաշահման նախադրյալների ստեղծման։

Միաժամանակ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ամրագրվում է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:

Մինչև 15.04.2020 թ. գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել: Բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը, ելնելով պարտապանի գործունեության, գույքի, գործարքի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, կառավարչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ (…):

Օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվում է կառավարչի իրավասությունը՝ դատական կարգով դիմելու և հետ ստանալու պարտապանի կատարած անհատույց փոխանցումները, որոնք նույնպես ուղղված են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարմանը: Իսկ Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է կառավարչի՝ պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու պարտականությունը:

Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

Վերոգրյալ իրավական կարգավորումների համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչին օրենսդիրը վերապահել է մի շարք լիազորություններ, որոնց մեծ մասն ուղղված է պարտապանին պատկանող գույքի պահպանմանն ու վաճառքին, որոնք իրականացվում են դատարանի վերահսկողության շրջանակներում: Միաժամանակ, նշված նորմերի արդյունավետ կենսագործման համար օրենսդիրը մի շարք դեպքերում սահմանափակել է պարտապանի՝ գույքի տնօրինմանն ուղղված գործողությունների իրականացումը, քանի որ առանց նշված սահմանափակումների հնարավոր չի լինի ապահովել սնանկության վարույթի ներդաշնակ ընթացքը, պարտապանի գույքի պահպանումը և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումը:

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես պարտապանը, այնպես էլ սնանկության գործով կառավարիչն օժտված են օրենսդրությամբ հստակ ամրագրված մի շարք իրավունքներով, որոնք չեն կարող հանգեցնել նշված սուբյեկտների նույնացման, քանի որ սնանկության գործով կառավարիչը մի շարք դեպքերում հանդես է գալիս պարտատերերի իրավունքների պաշտպանության կողմում, իսկ այլ դեպքերում՝ պարտապանի, որը պայմանավորված է բացառապես պարտապանի գույքի պահպանման և պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման նկատառումով, ինչն էլ հանդիսանում է սնանկության վարույթի էությունն ու նպատակը:

4.2. Սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործով վիճարկվող դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը դիտարկել իրավական որոշակիությանը համապատասխանության տեսանկյունից: Այսպես.

Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերն օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելու իրավասությունը: Իսկ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանվում է դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու, պարտապանի այն դատավարություններում ներգրավվելու, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, պարտապանի անունից առանց լիազորագրի հանդես գալու՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունը: Այսինքն՝ նշված դրույթները վերաբերում են սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի համար դատական ներկայացուցչություն ապահովելու իրավական հնարավորությանը:

Քաղաքացիադատավարական օրենսդրությունը, սնանկության գործով կառավարչին վերապահելով սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնելու հնարավորություն, օգտագործում է «օրենքով նախատեսված դեպքերում» ձևակերպումը: Միաժամանակ օրենսդիրը սնանկության գործով կառավարչի կողմից սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնելու դեպքերը մասնավորեցրել է Օրենքի շրջանակներում, որով էլ նախատեսվում է դատական կարգով լուծում պահանջող հարցերով դատարան դիմելու, այն դատավարություններում ներգրավվելու՝ սնանկության գործով կառավարչի իրավասությունը, որոնցում պարտապանը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ: Վերջին դեպքը վկայում է պարտապանի՝ որպես հայցվոր, պատասխանող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ դատարան դիմելու իրավունքի մասին, թեպետ հիշյալ դեպքում պարտապանի անունից դատարան է դիմում սնանկության գործով կառավարիչը:

Վերոգրյալից բխում է օրենսդրի՝ Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունը՝ հստակեցնելու այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասությունը պատկանում է սնանկության գործով կառավարչին, ինչպես նաև այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավունք ունի սնանկ ճանաչված պարտապանը:

Օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը կատարել է վերոնշյալ պարտականությունը, մասնավորապես՝ Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:

Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում։

4.3. Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը հարկ է համարում դիտարկել նաև դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում:

Դատարանի մատչելիության իրավունքին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր՝ 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշմամբ: Նշված որոշման 6-րդ կետում Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(…) Անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես առաջնահերթ կարևոր է, թե որքանո՞վ է մատչելի (հասանելի) արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու, հետևաբար, նաև դրանով պայմանավորված՝ դատավարական (քրեական, քաղաքացիական և վարչական) կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար: Առանց անձի՝ դատարան դիմելու կամահայտ դրսևորման, դատական պաշտպանության իրավունքի իրացումը և ընդհանրապես արդարադատության իրականացումն իրավաբանորեն անիրագործելի են (…)»:

Կարևորելով անձի իրավունքների երաշխավորման հարցում դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման օրենսդրական հնարավորության ապահովումը՝ միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այդ իրավունքի իրացումը կարող է պայմանավորվել որոշակի պահանջների պահպանմամբ, որոնց նախատեսումն ինքնին չի կարող համարվել այդ իրավունքի սահմանափակում: Մասնավորապես՝ օրենսդիրը սահմանում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, դիմելու ընթացակարգն ու պայմանները, որոնց ամրագրումն առավել արդյունավետ է դարձնում դատական պաշտպանության իրավունքի իրացումը, քանի որ այն դարձնում է առավել հստակ և կանխատեսելի:

Տվյալ դեպքում գործ ունենք սնանկության հարաբերության հետ, որի շրջանակներում գլխավոր նպատակը սնանկ ճանաչված պարտապանին պատկանող գույքի պահպանումն է և նրա պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը: Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:

Ընդ որում, սնանկության գործով կառավարիչը գործում է բացառապես դատարանի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի պարտապանի պարտավորությունների կատարումը, հակառակ պարագայում, եթե պարտապանը հնարավորություն ունենա անմիջականորեն դիմելու դատարան և այդ ձևով տնօրինելու իր դրամական միջոցները, կիմաստազրկվի ինչպես սնանկության վարույթի ողջ էությունը, այնպես էլ սնանկության գործով կառավարչի դերակատարումը:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում պարտապանի և սնանկության գործով կառավարչի՝ որպես առանձին սուբյեկտների նույնացման, պարտապանի՝ որպես առանձին սուբյեկտի դերակատարումը բացառելուն, սնանկության վարույթին առնչվող հարցերով դատարան դիմելու իրավունքից պարտապանի՝ զրկված լինելու, սնանկության գործով կառավարչի՝ բոլոր դեպքերում պարտապանի անունից հանդես գալու և այդ հիմքով պարտապանի՝ որպես առանձին սուբյեկտի բոլոր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ դիմողի փաստարկները:

Հիմնավոր չեն նաև վիճարկվող դրույթների՝ իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ դիմողի փաստարկները: Օրենսդրության վերաբերելի նորմերի՝ վերոնշյալ վերլուծությունից բխում է, որ վիճարկվող դրույթները հնարավորինս հստակ սահմանում են այն կարգավորումները, որոնք օրենսդիրն անհրաժեշտ և բավարար է համարում, որպեսզի դրանց հասցեատերերը դրսևորեն համապատասխան վարքագիծ և կանխատեսեն վրա հասնող հնարավոր հետևանքները: Միաժամանակ դրանք չեն կարող գործել օրենսդրական մյուս կարգավորումներից առանձին, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրական կարգավորման ամբողջական ընկալման և դրա որոշակիության ապահովման համար հարկ է այն դիտարկել օրենսդրական մյուս կարգավորումների հետ համադրված վերլուծության արդյունքում:

       

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

    

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

    

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

     

26 հունվարի 2021 թվականի

ՍԴՈ-1572

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան