ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 հունվարի 2021 թ. |
«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 415-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 423-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ «ՌԱՄԶԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 388-րդ հոդվածի 1-ին մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 415-րդ հոդվածի 1-ին մասի և 423-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին։
Օրենսգրքի՝ «Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«3. Միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ»:
Օրենսգրքի՝ «Վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով»։
Օրենսգրքի՝ «Վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը» վերտառությամբ 388-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները»։
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.
«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
(...)
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով»:
Օրենսգրքի՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը» վերտառությամբ 415-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները»:
Օրենսգրքի՝ «Դատական ակտի վերանայման բողոքն առանց քննության թողնելը և բողոքը վարույթ ընդունելը մերժելը» վերտառությամբ 423-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Վճռաբեկ դատարանը դատական ակտի վերանայման բողոքն առանց քննության է թողնում և վարույթ ընդունելը մերժում է սույն օրենսգրքի համապատասխանաբար 396-րդ և 397-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով»:
Ընդունվելուց հետո Օրենսգրքի վիճարկվող դրույթներում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Գործի քննության առիթը «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ն Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ակնհայտ անհիմն է, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով, 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասով կարճել է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթներում որոշակի և հստակ չի նախատեսվում վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը, ինչը հակասում է Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին։
Օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 6-րդ մասով, 380-րդ հոդվածի 5-րդ մասով, 383-րդ հոդվածի 3-րդ մասով և 384-րդ հոդվածի 2-րդ մասով վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերն իրենց բնույթով վճռորոշ և/կամ գործի քննությունը եզրափակող բնույթ չունեն, հետևապես այսպիսի պայմաններում անհասկանալի և անընդունելի է օրենսդրի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը։ Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը միջանկյալ դատական ակտ է, ապա վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի լույսի ներքո այդ որոշման բողոքարկման իրավունքի սահմանափակումն արդարացված չէ, չունի օբյեկտիվ հիմք, առավել ևս երբ այդ որոշման բողոքարկման իրավունքի ուղղակի ցուցումը տրվել էր Սահմանադրական դատարանի կողմից։
Դիմողի կարծիքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից դատական ակտով անձի իրավունքների խախտում արձանագրվելու դեպքում օրենսդրի կողմից բողոքարկման իրավունքի սահմանափակման վերաբերյալ իրավակարգավորումներն անթույլատրելի են։ Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կամ Սահմանադրական դատարանն արձանագրում են անձի իրավունքի խախտում, ապա Վճռաբեկ դատարանին ոչինչ չի մնում, քան բեկանել կայացված միջանկյալ կամ եզրափակիչ դատական ակտը՝ այդպիսով այդ մասով վերականգնել անձի խախտված իրավունքը։ Մինչդեռ օրենսդիրն Օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է այնպիսի կառուցակարգ, որով Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տվել դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոքը թողնել առանց քննության կամ մերժել վարույթ ընդունելը։
Բացի դրանից, Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական ակտը Վճռաբեկ դատարանի կողմից նոր հանգամանքի հիմքով կարող է վերանայվել, եթե տվյալ դատական ակտը բողոքարկման ենթակա դատական ակտ է, հակառակ դեպքում այն նոր հանգամանքի հիմքով չի կարող վերանայվել՝ անկախ նրանից, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կամ Սահմանադրական դատարանը համապատասխան դատական ակտով ինչ եզրահանգման է եկել։
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրության արդյունքների հիման վրա գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ ուղղակիորեն չեն կիրառվել։
Պատասխանողը նշել է, որ Օրենսգրքում օրենսդրի կողմից միջանկյալ դատական ակտերի հասկացությունների սահմանումների չնախատեսումը պայմանավորված է դրանց առանց պարզաբանման միանշանակ ընկալվելու հատկանիշով։
Ըստ պատասխանողի՝ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա են վերաքննիչ դատարանի այն միջանկյալ դատական ակտերը, որոնց դեպքում օրենքով նախատեսված է վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն, ընդ որում՝ օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է այդ դատական ակտերը։ Չնայած այն հանգամանքին, որ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը մեկ հոդվածի շրջանակում ներկայացված չեն, այնուամենայնիվ, Օրենսգրքի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդրի կողմից սպառիչ նշված են, թե վերաքննիչ դատարանի ո՞ր միջանկյալ դատական ակտերն են ենթակա բողոքարկման վճռաբեկության կարգով։
Բացի դրանից, վիճարկվող դրույթները բավարարում են իրավական օրենքին ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով, որ դրանք բավարար չափով կանխատեսելի են, համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքին։
3. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1) քաղաքացիական դատավարությունում վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի շրջանակը սահմանվե՞լ է արդյոք Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված՝ որոշակիության սկզբունքին համապատասխան.
2) արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը պահանջու՞մ է արդյոք քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորության պարտադիր առկայություն.
3) վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու արգելքը համահու՞նչ է արդյոք Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին` փոխկապակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ.
4) արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջի տեսանկյունից կարո՞ղ է արդյոք Վճռաբեկ դատարանն օժտված լինել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքն առանց քննության թողնելու կամ բողոքը վարույթ ընդունելը մերժելու լիազորությամբ.
5) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքի առկայությունը խոչընդոտու՞մ է արդյոք վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով՝ հակասության մեջ մտնելով արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջի հետ։
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշ իրավադրույթների՝ Սահմանադրությանն անհամապատասխանության վերաբերյալ դիմողը նշում է, որ դրանցով որոշակի և հստակ չի նախատեսվում վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի շրջանակը, ինչը հակասում է Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին։ Դիմողի այս դիրքորոշումը վերաբերում է Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 10-րդ հոդվածի 2-րդ մասին, 388-րդ հոդվածի 1-ին մասին և 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։
Նախ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, թե որոնք են միջանկյալ դատական ակտերը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը որպես Օրենսգրքի հիմնական/ընդհանուր դրույթ ամրագրում է վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկումը, իսկ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի շարքում նախատեսում է վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկվելու դեպքը։ Հաշվի առնելով նշված իրավանորմերի կարգավորման առարկան՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանցով վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակի սահմանված չլինելը սահմանադրականության առումով խնդրահարույց չէ։ Հետևաբար, այդ իրավադրույթները Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցի տեսանկյունից սահմանադրականության խնդիր չեն հարուցում, քանի որ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի շրջանակի սահմանումը դրանց կարգավորման առարկայում չի ներառվում։
4.2. Միևնույն ժամանակ քննարկվող հարցի համատեքստում առանցքային նշանակություն ունի Օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը։ Անդրադառնալով նշված իրավանորմով սահմանված՝ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի շրջանակին վերաբերող իրավակարգավորման՝ իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին համապատասխանելու հարցին՝ Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ իր բազմաթիվ որոշումներում արդեն իսկ անդրադարձել է քննարկվող սկզբունքին` նշելով, մասնավորապես, հետևյալը.
- «(...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (18.04.2006թ. ՍԴՈ-630),
- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753),
- « (…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (02.12.2014թ. ՍԴՈ-1176),
- «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (09.06.2015թ. ՍԴՈ-1213),
- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270),
- «… իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին» (03.05.2016թ. ՍԴՈ-1270):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի գործով (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում Եվրոպական դատարանը գտել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները:
Օրենսգրքի վիճարկվող՝ 388-րդ հոդվածի 1-ին մասը վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի կողմից քննվելու իրավական հնարավորությունը պայմանավորել է Օրենսգրքով նախատեսված դեպքի առկայությամբ։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը վճռաբեկության կարգով ենթակա են բողոքարկման միայն այն դեպքում, երբ նման բողոքարկման հնարավորությունը նախատեսված է Օրենսգրքով։
Միևնույն ժամանակ, ի հակադրություն վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների ոչ սպառիչ ցանկն օրենսդիրը սահմանել է առանձին հոդվածով (Օրենսգրքի 361-րդ հոդված)։ Այսինքն՝ եթե Օրենսգրքի 361-րդ հոդվածը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների շրջանակի մասին, ապա վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի նման ցանկ (մեկ հոդվածով սահմանված) Օրենսգրքում առկա չէ։ Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման դեպքի առկայությունը պարզելու համար բավարար է ուսումնասիրել Օրենսգրքի համապատասխան դրույթները, ինչի արդյունքում կարելի է առանձնացնել վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը բավարար հստակությամբ սահմանել է, թե վերաքննիչ դատարանի միջանկյալ ո՛ր դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով, ուստի անձը ողջամիտ սահմաններում ի վիճակի է կանխատեսել իր վարքագծի հետևանքները և հնարավորություն ունի իր վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված պահանջներին: Նման պայմաններում Օրենսգրքի քննարկվող դրույթներն իրավական որոշակիության առումով սահմանադրականության խնդիր չեն հարուցում։
4.3. Օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը, ինչպես նշվեց, վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն է սահմանել միայն օրենքով սահմանված դեպքերում։ Օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ վերաքննիչ դատարանի՝ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակից դուրս են մնացել քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի, այդ թվում՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները։ Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում դիմումը վերաբերում է միայն քաղաքացիական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմանը՝ Սահմանադրական դատարանը ստորև անդրադառնում է միայն այդ որոշման՝ վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չլինելու սահմանադրականությանը։
Վերադաս դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման հարցի վերաբերյալ առանցքային նշանակություն ունեցող դիրքորոշումներ են արտահայտվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշման մեջ, որում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը, համադրելով Վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող՝ Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, արձանագրել է.
1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից՝ համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան՝ «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,
2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է՝ արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել՝ ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից, …:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն՝ այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը չի պահանջում, որ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բոլոր միջանկյալ դատական ակտերն անվերապահորեն ենթակա լինեն բողոքարկման վերաքննության կարգով, այն չի ենթադրում նաև քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված բոլոր որոշումների բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով։
Տվյալ դեպքում քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումների (բացառությամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հիմքով հայցադիմումը վերադարձվելու դեպքի) կապակցությամբ սահմանվել է միաստիճան բողոքարկման համակարգ՝ այդ դատական ակտերի վերանայում վերաքննության կարգով, ինչից հետո Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն նախատեսված չէ։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով օրենսդիրը քննարկվող դատական ակտի դեպքում սահմանափակել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունը՝ նկատի ունենալով, որ առանձին միջանկյալ հարցերի քննությունը կարող է նաև անհարկի ծանրաբեռնել Վճռաբեկ դատարանը և խոչընդոտել ողջամիտ ժամկետում բուն արդարադատության իրականացումը, ինչը կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնական իրավունքի հետ։
Քննարկվող հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու դեպքում անձն ունենում է այն վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն (բացառությամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հիմքով հայցադիմումը վերադարձվելու դեպքի)։ Այսինքն՝ օրենսդիրը չի բացառում քաղաքացիական գործով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, այլ բողոքարկումը սահմանափակում է վերաքննիչ դատական ատյանով։
Ինչ վերաբերում է դիմումում նշված՝ վերաքննիչ դատարանի կողմից կայացվող միջանկյալ այլ դատական ակտերի հետ համեմատությանը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 155-րդ, 371-րդ, 380-րդ (5-րդ մաս), 383-րդ և 384-րդ հոդվածներում նշված որոշումներն ունեն ընդհանուր հատկանիշ, որով տարբերվում են հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումից. դրանք վերաքննիչ դատարանի կողմից չեն կայացվում առաջին ատյանի դատարանի միջանկյալ որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքով, ինչով էլ պայմանավորված՝ օրենսդիրն անհրաժեշտ է համարել անձանց համար սահմանել այդ որոշումները առնվազն մեկ ատյանում (տվյալ դեպքում՝ Վճռաբեկ դատարանում) բողոքարկելու հնարավորություն։ Հետևաբար, քննարկվող դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն նախատեսելու հարցում օրենսդրի կողմից նույնական մոտեցում չդրսևորելը խնդրահարույց չէ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն օրենսդրի կողմից ընտրված այն լուծումը, համաձայն որի՝ առկա է քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, սակայն նախատեսված չէ այդ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն, սահմանադրականության առումով ինքնին խնդրահարույց չի համարում։ Ասվածը չի վերաբերում այդ դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու վճռաբեկ բողոք ներկայացնելուն, որին վերաբերում են ստորև շարադրված դիրքորոշումները։
4.4. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «(…) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում»:
Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, ինչպես սույն գործով, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Տվյալ դեպքում դիմողը Վճռաբեկ դատարան է ներկայացրել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք։ Թեև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանն ուղղակիորեն չի վկայակոչել դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն արձանագրելով, որ վճռաբեկության կարգով բողոքարկվել է հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշումը, որը միջանկյալ դատական ակտ է և վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ, եկել է այն եզրահանգման, որ վճռաբեկ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության։ Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով և 423-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ չնայած վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման մեջ վերոգրյալ դրույթների վկայակոչված չլինելու հանգամանքին՝ դրանք փաստացի կիրառվել են դիմողի նկատմամբ՝ նրա համար առաջացնելով իրավական հետևանքներ, ինչը հնարավոր է դարձնում դիմողի կողմից նաև այդ դրույթների սահմանադրականության վիճարկումը։
4.5. Անդրադառնալով Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանը դիմումի քննության արդյունքներով նախ՝ արձանագրում է, որ թեև վիճարկվող դրույթում համապատասխան իրավակարգավորումը վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ նոր երևան եկած հանգամանքներին, այնուամենայնիվ, սույն գործով քննությունը վերաբերում է դրա սահմանադրականնությանը միայն նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը վերաբերող մասով, քանի որ դիմողի նկատմամբ այդ դրույթը կիրառվել է միայն այդ մասով, և դիմողը նշված դրույթի սահմանադրականությունը վիճարկում է միայն նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու առնչությամբ։
4.6. Օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներից հետևում է, որ վերաքննիչ դատարանի այն դատական ակտերը, որոնք ենթակա են վճռաբեկության կարգով բողոքարկման, կարող են բողոքարկվել օրենքով սահմանված ցանկացած հիմքով, այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած լինելու դեպքում՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, իսկ վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերը որևէ հիմքով բողոքարկման ենթակա չեն, ուստի դրանք չեն կարող վերանայվել նաև նոր հանգամանքներով։ Փաստորեն, օրենսդիրը վերաքննիչ դատարանի դատական ակտերի՝ վճռաբեկության կարգով բողոքարկման հարցը կարգավորելիս որևէ տարբերություն չի դրել բողոքարկման հիմքերի միջև, այսինքն՝ դատական ակտը բողոքարկվում է բացառիկ՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, թե՝ նոր և նոր երևան եկած հանգամանքի ի հայտ գալու հիմքերից տարբերվող հիմքերով։
Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու իրավական հնարավորությունը բացառող՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթի, կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի նշանակության, անձի խախտված իրավունքների` Սահմանադրական դատարանի միջոցով դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության համատեքստում։
Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների ակտերի համակարգում իր որոշումների առանձնահատուկ իրավաբանական բնույթին. «Սահմանադրական դատարանի որոշումների և դատական այլ ակտերի բնույթի, բովանդակության և դրանց իրավաբանական ուժի համեմատական վերլուծությունը վկայում է, որ.
- սահմանադրական արդարադատություն իրականացնելը և այդ գործառույթի շրջանակներում գործով ըստ էության որոշում կայացնելը, (...), ՀՀ սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է (ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մաս և 93-րդ հոդված), [համանման կարգավորում առկա է նաև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասում և 171-րդ հոդվածի 1-ին մասում],
- քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների՝ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից,
- իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելիս, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 և 63-րդ հոդվածների պահանջներից [2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածներ], սահմանադրական դատարանը գնահատում է նաև արդարադատական (ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) պրակտիկան, բացահայտելով նաև կիրառվող (այդ թվում՝ դատական պրակտիկայում) օրենքների (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զարգացնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ ճյուղային իրավունքը,
- իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն,
- սահմանադրական դատարանն իր որոշումներով ըստ էության մեկնաբանում է ՀՀ Սահմանադրությունը,
- սահմանադրական դատարանի որոշումները վիճարկման ենթակա չեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային որևէ դատարանում» (25.02.2011թ. ՍԴՈ-943):
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ՝ «(...) առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներով` սահմանադրական դատարանն իր որոշումներով և իր իրավասության շրջանակներում ապահովում է ինչպես անձանց (ֆիզիկական, իրավաբանական) խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը, այդ իրավունքներով պետության սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), այնպես էլ սահմանադրական կարգի հիմունքների կայունությունը (սահմանադրական օրինականությունը), որով պարտավորեցնում է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կատարելու սահմանադրական դատարանի որոշումների պահանջները, այդ թվում ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին՝ մեկնաբանելու և կիրառելու օրենքներն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան, ինչպես նաև նոր հանգամանքների հիմքով վերանայելու անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կայացված որոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար՝ նաև սահմանադրաիրավական պահանջ:
Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից։
Այսպես՝ Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում նշել է, որ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը, մասնավորապես, բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը (15.04.2008թ. ՍԴՈ-751): Անդրադառնալով 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ներդրված՝ անհատական սահմանադրական դիմումին (գանգատին)՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ դրա հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: «Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանավորված անհատական սահմանադրական գանգատի այս կամ այն մոդելի ընտրությամբ և առանձնահատկություններով` սահմանադրական արդարադատության մարմինների որոշումների հիման վրա` խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման մեխանիզմները տարբեր են: Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտ ունեցող երկրներում խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումն իրականացվում է հենց սահմանադրական դատարանի կողմից, որը, հակասահմանադրական ճանաչելով վիճարկվող նորմը կամ նորմի կիրառումը, միաժամանակ վերացնում է նաև հակասահմանադրական նորմ կիրառած կամ անձի սահմանադրական իրավունքը խախտած դատական ակտը: Նման մեխանիզմի դեպքում պետությունն ինքն է ապահովում խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումը սահմանադրական արդարադատության շրջանակներում` կատարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության իր պարտավորությունը: Այն երկրներում, որտեղ սահմանադրական վերահսկողության օբյեկտ են հանդիսանում միայն դատական ակտերով կիրառված օրինադրույթները, խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը երաշխավորվում է սահմանադրական դատարանների որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի միջոցով» (15.07.2011թ. ՍԴՈ-984):
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով անձը կարող է միայն վիճարկել դատարանի վերջնական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի, սակայն ոչ հակասահմանադրական նորմ կիրառած կամ իր սահմանադրական իրավունքը խախտած դատական ակտի սահմանադրականությունը, անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնումը պետք է կատարվի դատական ակտի վերանայման միջոցով։
Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum) (15.07.2011թ. ՍԴՈ-984)։ Ըստ այդմ՝ «(...) սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը» (31.05.2013թ. ՍԴՈ-1099):
Վերը նշված մոտեցումներին համահունչ՝ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգի լիարժեքությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով օրենսդիրը նախատեսել է անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը։ Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա» վերտառությամբ 69-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Ընդ որում, Սահմանադրական դատարանի 2018 թվականի մայիսի 15-ի ՍԴՈ-1417 որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ «(...) դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով», յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում անհրաժեշտ չէ ամրագրել, քանի որ այն պարտադիր է հիշյալ սահմանադրական օրենքի ուժով:
Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումը հնարավոր է համարել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, միայն բողոքարկման ենթակա դատական ակտերի դեպքում։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ ճանաչվում է Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սակայն չի ապահովվում դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայումը (ինչպես նշվեց, այդ պահանջը սահմանված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով)՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի պատճառով։
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը, անձի խախտված իրավունքների վերականգնումը։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը, ընդունելով, որ հնարավոր են դեպքեր, երբ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի որոշ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով, միաժամանակ ընդգծում է, որ բողոքարկման այդ սահմանափակումը չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ պայմանավորված՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման նպատակով։ Անձը պետք է ունենա վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, նաև այլ հիմքերով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերանայելու համար՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Ավելին, այդ արգելքի առկայության պայմաններում որոշ դեպքերում հնարավորություն չի ստեղծվում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման և պաշտպանության համար:
4.7. Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու անձի իրավունքը։
Սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն որոշմամբ նաև քննարկել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններից մեկի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքների խախտման փաստի արձանագրման հետևանքով դատական ակտերի վերանայման հարցը՝ հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ քաղաքացիները որպես իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային կառուցակարգ առավել հաճախ օգտվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատարկման հնարավորությունից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «(...) վճիռը, որով Դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, Պատասխանող պետությանը պարտավորեցնում է վերջ տալ խախտմանը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը» (Case of Papamichalopoulos and others v. Greece, application no. 14556/89, 31/10/1995):
Եվրոպական դատարանի այս վճռում արտահայտված restitutio in integrum սկզբունքը հետագայում իր արտացոլումը գտավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» R (2000) 2 հանձնարարականում: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիշյալ հանձնարարականի համաձայն՝ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ բացառիկ հանգամանքներում գործերի վերաքննությունը կամ վարույթի վերաբացումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum) հասնելու համար, ուստի Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող պետություններին, մասնավորապես, ուսումնասիրել իրենց ազգային իրավական համակարգերը` ապահովելու գործի վերաքննության համարժեք հնարավորությունների առկայություն, այդ թվում՝ վարույթի վերաբացումը, այն դեպքերում, երբ Դատարանը գտել է Կոնվենցիայի խախտում։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն։
Նշված դիրքորոշմանը համահունչ՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, ի թիվս այլնի, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն։
Սակայն անձի կոնվենցիոն իրավունքի խախտումն արձանագրող դատական ակտի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանի դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու իրավական հնարավորություն առկա է միայն այն դեպքում, երբ այդ դատական ակտը ենթակա է վճռաբեկության կարգով բողոքարկման։ Այլապես դատական ակտի վերանայման միջոցով մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումն անհնար է։ Հետևաբար, Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու արգելքը ոչ միայն չի ապահովում արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, այլև դրա կիրառումը կարող է հակասել նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններին։
Այսպիսով, Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, հակասում է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին։
4.8. Դիմողը նշում է նաև, որ Վճռաբեկ դատարանը չի կարող ունենալ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքն առանց քննության թողնելու կամ այն վարույթ ընդունելը մերժելու լիազորություն։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման, դեռևս չի նշանակում, որ ցանկացած դեպքում պետք է վերանայման վարույթ հարուցվի։ Այսպես՝ ինչպես բխում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասից՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքով իրավաչափորեն սահմանվում են նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքին և այն ներկայացնելուն առնչվող պահանջներ և սահմանափակումներ (օրինակ՝ սուբյեկտային կազմի, բողոք ներկայացնելու ժամկետի, կոնկրետ դատական ակտը վերանայելու իրավասություն ունեցող դատարանի վերաբերյալ), որոնք չպահպանելը պետք է հանգեցնի համապատասխան իրավական հետևանքների, այդ թվում՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու վարույթ չհարուցելուն։ Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ օրենսդիրը որոշ դեպքերում Վճռաբեկ դատարանին օժտել է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքն առանց քննության թողնելու կամ այն վարույթ ընդունելը մերժելու լիազորությամբ, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ։ Այլ հարց է, թե վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու կամ այն վարույթ ընդունելը մերժելու կոնկրետ հիմքը որքանո՞վ կարող է կիրառելի լինել նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքի նկատմամբ, և արդյոք իրավաչափ է այդ հիմքի տարածումը նաև նշված բողոքի նկատմամբ։
Հաշվի առնելով, որ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկվելու հիմքով, Սահմանադրական դատարանը բարձրացված խնդիրը դիտարկում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու այդ հիմքի տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները։
Վճռաբեկ բողոքն Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով առանց քննության թողնելու հարցը քննելիս Վճռաբեկ դատարանը պարզում է, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը ենթակա է վճռաբեկության կարգով բողոքարկման, թե՝ ոչ։
Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ այն դեպքում, երբ անձը ներկայացնում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու բողոք, այդ բողոքը գործող իրավակարգավորումների պայմաններում թողնվում է առանց քննության այն հիմքով, որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով։ Սակայն այս իրավիճակում խնդիրն առաջանում է ոչ թե Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը քննարկվող հիմքով առանց քննության թողնելու լիազորությունից, այլ այն կարգավորումից, որը բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով։ Նման դիրքորոշման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ հակառակ դեպքում, այսինքն՝ եթե բացակայի Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սույն որոշման 4.6-րդ և 4.7-րդ կետերում քննարկված արգելքը, անձը հնարավորություն կունենա վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն այլ հիմքերով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, և վերջինս էլ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը պարզելիս հաշվի կառնի այդ դատական ակտի՝ նոր հանգամանքներով վերանայելու շրջանակներում վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը։
Այսպիսով, Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրականության առումով խնդրահարույց չեն։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 388-րդ հոդվածի 1-ին մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
27 հունվարի 2021 թվականի ՍԴՈ-1573 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|