Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2021 թվականի N 22-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող` 3,600,402,480 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021թ.
հունվարի 15-ի N 22-Ա
որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը, այդ թվում՝ տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, աջակցել գիտնականներին, երիտասարդներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին,  ոչ առևտրային կազմակերպություններին և այլ անձանց  կատարել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր, օգտագործել սեփական գիտական ու հետազոտական ներուժը Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական նորարարությունների համար զարգացնել միջավայր, մոբիլիզացնել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները, աջակցել հայկական գիտական համայնքի վերականգնմանը և գլոբալ հարթակում դրա մրցունակությանը, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու նպատակով ներդնել գիտության և տեխնոլոգիայի լավագույն կրթական փորձը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործ

Ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի:

4.

Ծրագիր կատարողը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3) (Հիմնադրամ կամ ՖԱՍԹ)
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3, ՀՎՀՀ` 02662248

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրը իրականացվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում՝ կրթության և գիտության բնագավառներում։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի 3,600,402,480ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող անձինք, Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ներդրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը լինելու է շարունակական:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը ներկայացված է առաջիկա երկու տարվա համար:

 

1. «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցե, գնահատված ծախսեր 9,700,000 դրամ:
Հրեշտակ ներդրողների ցանցի ստեղծումն իրականացվել է 2018 թվականին: Նախնական փուլում իրականացվել է հայաստանյան ստարտափ ոլորտում պահանջվող ներդրումների ծավալի հաշվարկ, աշխարհում լայն տարածում գտած բիզնես «հրեշտակներիե՝ ոչ ֆորմալ ներդրողների ցանցի հնարավոր ստեղծման վերաբերյալ հայտորոշիչ ձևավորող գնահատման հետազոտություններ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում «Հրեշտակ» ներդնողների ցանցի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, որը ներառում է ստարտափերի ընտրություն, ստարտափերի համար իրենց գաղափարների ներկայացման հարթակի ստեղծում, «Հրեշտակ» ներդրողների և ստարտափերի հանդիպումների լուսաբանման և հանրայնացման, «Հրեշտակ» ներդրողների ցանցի առաջխաղացման ծառայությունների մատուցում:
Մինչև օրս «Հրեշտակ» ներդնողների ցանցին ներկայացվել են ավելի քան տասնյակ ստարտափեր, որոնցից երեքը ստացել են ներդրում։

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

2. Ինվենթ (InVent), գնահատված ծախսեր 58,200,000 դրամ:
Ինվենթ ձեռնարկատիրական ծրագրի նպատակն է աջակցել գիտատեխնիկական ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը։ Ծրագիրը մեկնարկում է ՏՏ և բիզնես ոլորտներում գիտելիք ու փորձ ունեցող մասնագետների, ձեռներեցների ներգրավմամբ։ Ձևավորվում են թիմեր, որոնք հատուկ մշակված մեթոդաբանությամբ գեներացնում և ուսումնասիրում են գաղափարներ։ Այնուհետև յուրաքանչյուր թիմ ընտրում է մեկ գաղափար ըստ նախապես սահմանված չափորոշիչների։ Ծրագիրը ներառում է տեսական և գործնական դասընթացների կազմակերպում, մենթորություն, իրավաբանական և բիզնես խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև հասանելիություն Հիմնադրամի գրասենյակին տարածք։ Լավագույն ստարտափ թիմերը ստանում են ֆինանսավորում` գաղափարի նախատիպ ստեղծելու և փորձարկելու համար։ Մասնակցությունն անվճար է:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

3. Գլոբալ ինովացիոն ֆորում, գնահատված ծախսեր՝ 388,000,000 դրամ:
Միջոցառման նպատակն է համագործակցության հարթակ ստեղծել տեղացի և օտարերկրյա գիտնականների, տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ձեռներեցների, ուսանողների և այլ ոլորտների ներկայացուցիչների համար՝ դրանով իսկ խթանելով տեխնոլոգիական ծրագրերի զարգացումը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

4. ԸԴՎԱՆՍ (ADVANCE) դրամաշնորհային ծրագիր, գնահատված ծախսեր` 112,000,000:
ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում, աջակցել Հայաստանում գործող հետազոտողներին իրականացնել գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում խորացված հետազոտություններ։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների եւ Հայաստանի հետազոտական խմբերի միջեւ նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ ADVANCE դրամաշնորհային ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու համար կարող են իրականացվել ներմուծման, առուվաճառքի, հանրայնացման, տրանսպորտային, կացության, տեխնիկական, վարձատրության, վարձակալության և ծառայությունների մատուցման այլ գործարքներ։

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

5. «Համաշխարհային գործընկերություններ և համագործակցություններ» (Global partnerships and collaborations), գնահատված ծախսեր` 72,750,000 դրամ:
ՖԱՍԹ ցուցադրությունները միջազգային համագործակցություններ հաստատելու նպատակով իրականացվող միջոցառումներ են, որոնք կազմակերպվում են ՖԱՍԹ-ը կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին, օտարերկրյա գերատեսչություններին և ՖԱՍԹ-ի համար գերակա ընտրված ոլորտներում մասնագիտացած անհատներին ներկայացնելու համար։ Կախված լսարանից՝ արտագնա և ներգնա ցուցադրությունների տեղեկատվական հանդիպումները կարող են լինել՝ 
Ընդհանուր ներկայացում, որի նպատակը ՖԱՍԹ-ի առաքելության ու տեսլականի վերաբերյալ տեղեկություն տրամադրելն է։
Բիզնեսը թիրախավորող ներկայացում, որի նպատակը ձեռնարկատիրական և ներդրողների համայնքի ներգրավումն է։ Միջոցառումը խրախուսելու է ձեռներեցներին և ներդրողներին մասնակցել ՖԱՍԹ-ի ֆինանսական հնարավորություններն ընդլայնող ծրագրերին։ Տեղեկատվություն կտրամադրվի նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։
Գիտակրթական ոլորտը թիրախավորող ներկայացում, որի նպատակն ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչների, ավագ և կրտսեր գիտնականների ներգրավումն է։ Կբացահայտվեն նաև Հայաստանի գիտական ներուժն ու իրականացվող հետազոտությունները։
Միջազգային համագործակցություններ հաստատելու համատեքստում Հիմնադրամը ծրագիրն իրականացնում է թե՛ արտագնա գործուղումների շրջանակներում, թե՛ արտերկրից պատվիրակություններ հրավիրելով և տեղում գիտատեխնոլոգիական էկոհամակարգին ու առկա հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։ Վերջինիս շրջանակներում կարող են իրականացվել տարբեր տեսակի միջոցառումներ, վերապատրաստումներ և այլն։

Սկիզբը՝ 01.01.2021 թ., ավարտը՝ 31.12.2022 թ.:

6. 1991 ստորաբաժանում, գնահատված ծախսեր՝ 1,333,750,000դրամ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համագործակցությամբ ստեղծել է “1991 ստորաբաժանումը”։ Հիմնադրամը “1991 ստորաբաժանում” ծրագրի շրջանակներում իրականացնում է հետևյալ ծրագրերը`
1. «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի  նախապատրաստական դասընթաց։ Դասընթացի  նպատակն է ապագա զորակոչիկներին տալ գիտելիքներ և կիրառական հմտություններ տվյալագիտության և մեքենական ուսուցման ոլորտում։
2.«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի խորացված դասընթաց։ Դասընթացը իրականացվում է արհեստական բանականության խումբ ընդունված զինծառայողների համար և նպատակ է հետապնդում խորացված գիտելիքներ և հմտություններ փոխանցել արհեստական բանականության այն ոլորտների վերաբերյալ, որոնց կիրառությամբ նրանք կիրականացնեն իրենց գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախագծերը ՀՀ ԶՈՒ-ում ծառայության ընթացքում։
3. Կրկնակի օգտագործման հետազոտություններ և մշակումներ։ Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը իր գիտահետազոտական և նախագծերի կառավարման աջակցությունն է ցուցաբերում «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի կողմից իրականացվող նախագծերին։
4. Արհեստական բանականության լաբորատորիա։ Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հանգանակում և ձեռք է բերում արհեստական բանականության ոլորտում առաջատար հետազոտություններ և մշակումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։
5. Ռոբոտաշինության լաբորատորիա։ Ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հանգանակում և ձեռք է բերում ռոբոտաշինության ոլորտում առաջատար հետազոտություններ և մշակումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:  

7. «Կենսագիտության ինկուբատոր», գնահատված ծախսեր՝ 252,200,000դրամ:
Կենսագիտության ինկուբատորը մի վայր է, որտեղ ստարթափ թիմերը կամ անհատ գիտնականները կարող են փորձարկել իրենց առևտրայնացման ենթակա գիտական վարկածները լաբորատոր պայմաններում, ինչպես նաև ստանալ խորհրդատվական ծառայություններ գործարարական հմտությունների բարելավման համար։ Արդյունքում, կենսատեխնոլոգիաների ոլորտում ստարթափ թիմերի համար անհրաժեշտ չէ ունենալ թանկարժեք սարքավորումներով լաբորատորիաներ, եթե այդ թիմերը օգտվում են ինկուբատորից։

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

8. «Համակարգչային գիտության և արհեստական բանականության դասընթաց ավագ դպրոցականների համար»՝ գնահատված ծախսեր 208,550,000դրամ:
Ծրագիրը նպատակ ունի համակարգչային գիտության և արհեստական բանականության ուղղություններով Հայաստանում զարգացնել հզոր մասնագիտական ներուժ՝ նպաստելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի միջև առկա բացի լրացմանը։ Ծրագրի շրջանակներում ՀՀ ավագ դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար կստեղծվեն ընդլայնված համակարգչային գիտության և արհեստական բանականության հոսքեր/դասընթացներ, ինչպես նաև գերազանցության կենտրոններ՝ կայուն հիմք ստեղծելով STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտում տաղանդավոր ուսանողների բացահայտման, վերջիններիս կարողությունների զարգացման, ինչպես նաև մասնագիտական կրթության և աշխատաշուկայի մեջ սահուն ինտեգրման համար։

Ծրագիրը կթիրախավորի կրթության ոլորտում հավակնոտ և կայուն արդյունքներ ստանալու համար հիմք հանդիսացող հետևյալ բաղադրիչները՝

1. Կրթական ծրագրի ստեղծում/բարելավում․ յուրաքանչյուր խմբի պահանջներին համապատասխան կստեղծվի հավակնոտ կրթական ծրագիր՝ հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև միջազգային ու տեղական մասնագետների կարծիքը,
2. Կարողությունների զարգացում․ դասավանդող անձնակազմին նորաստեղծ կրթական ծրագիրը արդյունավետ մատուցելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու նպատակով կիրականացվեն մի շարք ինտենսիվ կարողությունների զարգացման միջոցառումներ,
3. Ենթակառուցվածքների ստեղծում․ ուսանողների համար առավելագույնս արդյունավետ կրթական միջավայր ապահովելու նպատակով կստեղծվի մրցունակ ենթակառուցվածք, ներառյալ լաբորատորիաներ, սարքավորումներ և ծրագրային ապահովություն։

ՀՀ բոլոր մարզերի աշակերտների համար ծրագիրը հասանելի դարձնելու նպատակով կմշակվի հեռավար ուսուցման հնարավորություն։ Ծրագիրը ի սկզբանե կպիլոտավորվի ՀՀ ընտրված դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար։ Փաստերի վրա հիմնված ծրագրի գնահատումը կայուն հիմք կհանդիսանա հետագայում ՀՀ ողջ տարածքով ծրագրի արդյունավետ ընդլայնման համար։

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

9. Աշխատավարձի և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման գծով ծախսեր, այդ թվում՝ վարչական աշխատակազմի և գիտական ու տեխնոլոգիական մասնագետների աշխատավարձ` 790,080,000 դրամի և քաղ. իրավական ծառայություններ` 48,000,000 դրամի:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

10. Տարածքների (ապրանքանյութական արժեքների պահեստավորման համար), գրասենյակների (վարչական աշխատակազմի և գիտական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխատանքների համար), դրանց վերանորոգման, դիզայնի, կահավորման, ներքին հարդարման  աշխատանքներ: Գրասենյակային գույքի, սարքավորումների ձեռքբերում, պահնորդային, մաքրության և այլ տեխնիկական-մասնագիտական ծառայություններ, կոմունալ վճարներ, այդ թվում՝ նաև հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծախսեր, տնտեսական և գրասենյակային այլ ծախսեր` 145,532,980 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

11. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ` 6,305,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

12. Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական և մասնագիտական, հետազոտական և այլ համանման ծառայություններ` 24,250,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

13. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար, աշխատակիցների միջազգային և տեղական գործուղումներ (ծրագրի արտասահմանյան գրասենյակներ, հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ, ծրագրի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման, փորձի փոխանակման նպատակով)` 104,760,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.

14. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ` 12,125,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

15. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր, տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում, ՎԵԲ կայքի մշակում` 21,679,500 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

16. Աշխատակազմի առողջական ապահովագրության ծախսեր` 10,400,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

17. Բանկային ծառայությունների գծով ծախսեր` 2,120,000 դրամ:

Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.:

 

Ընդհանուր`

3,600,402,480  դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը

Գործարքներ, որոնցով ակնկալվում է հարկերի և տուրքերի գծով արտոնություններ՝

- Գիտական և տեխնոլոգիական մշակումներ ու գյուտեր, ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում կամ ներմուծում` 1,344,905,000 դրամի, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում` 177,995,000 դրամի,

- Միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ հյուրանոցային, բանկետային և սննդի տրամադրման, ավիատոմսերի ձեռքբերման, տարածքների վարձակալության, տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության, ապրանքների ձեռքբերման և ներմուծման գծով ծախսեր՝ 163,930,000 դրամի,

- Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, վեբ կայքի մշակում, ապահովում՝ 78,001,500 դրամի,

- Մասնագիտական խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ թարգմանչական և մասնագիտական, հետազոտական, աուդիտորական և հաշվապահական, իրավաբանական և այլ համանման ծառայություններ 34,920,000 դրամի,

- Վարչական գրասենյակների, տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառայությունների վճարներ` 127,587,980 դրամի,

- Տրանսպորտային ծառայություններ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ` 38,800,000 դրամի,

- Շարժական գույքերի սպասարկման, վերանորոգման ծառայություններ` 6,305,000  դրամի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

- 209,520,000 դրամ վարչական աշխատակիցների աշխատավարձը,
- 127,587,980 դրամ   գրասենյակի վարձակալություն և կոմունալ վճարներ և գրասենյակային այլ ծախսեր,
- 6,305,000 դրամ շարժական գույքերի սպասարկման և վերանորոգման ծառայություններ,
- 6,292,000 դրամ խորհրդատվական ծառայություններ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը համագործակցում է հետևյալ մարմինների և անձանց հետ․

- ՀՀ նախագահ (նախատեսվում է համագործակցություն գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շրջանակներում)

- ՀՀ վարչապետ և աշխատակազմ (համագործակցություն գիտակրթական տարբեր ոլորտներում հանրային քաղաքականության մշակման, ինչպես նաև տեխնոլոգիական և նորարական էկոհամակարգում բարեփոխումների ծրագրման և իրականացման շրջանակներում)

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կրթական և գիտական ոլորտում այնպիսի ծրագրերի իրականացում, ինչպիսիք են օրինակ ADVANCE դրամաշնորհային ծրագիրը, Fellowship կրթաթոշակային ծրագիրը, AI Bootcamp ծրագիրը՝ տվյալագիտության և արհեստական բանականության վերաբերյալ 8-շաբաթյա ինտենսիվ դասընթացը)

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (համագործակցություն սթարթափային էկոհամակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում)

- ՀՀ պաշտպանության նախարարություն (համագործակցություն «1991 ստորաբաժանում» ծրագրի շրջանակներում)

- Այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ (համագործակցություն կրթական և համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում)

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան