Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2021-05.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2021 թվականի N 218-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել՝

1) մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների տվյալները`

ա․ անունը, ազգանունը, հայրանունը, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ որդեգրողի կամ խնամակալի, ում պետք է վճարվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը,

բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում՝ եթե նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց).

2) մինչև 2021 թվականի մարտի 3-ը՝ հաշմանդամ ճանաչված անձի՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, եթե նա 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ չունի կենսաթոշակ ստանալու իրավունք.

3) առկայության դեպքում՝ 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսների համար՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն տրամադրված տվյալների փոփոխությունները՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 18-ի N 218-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շահառուներին (ում նշված որոշումներով սահմանված կարգով նշանակվել և վճարվել է դրամական օգնություն) ամսական դրամական օգնություն տրամադրելուն (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները։

2. Տվյալ ամսվա դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է՝

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), եթե շահառուն Արցախի Հանրապետությունում 63 տարին լրացած կենսաթոշակառու է կամ անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառու է (այսուհետ՝ կենսաթոշակառու)՝ առանց դիմում ներկայացնելու, տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման ամսվա ցուցակների հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), եթե անձը շահառու է և չի հանդիսանում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

3. Դիմումը ներկայացնելու համար անձը 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝

1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է․

2) երեխայի և նրա ծնողի, իսկ եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն՝ խնամակալի, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է․

3) եթե Արցախի քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ երեխայի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

4) եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացնում է խնամակալը, երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները․

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած բանկում բացված՝ շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին (այսուհետ՝ քարտային հաշիվ) կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը․

6) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

7) շահառուի փաստացի բնակության վայրը՝ ըստ ցանկի՝ Հայաստանի Հանրապետության մարզեր, Արցախի Հանրապետության շրջաններ (ընտրում է ցանկից).

8) նշում Արցախում կացարան ունենալու մասին (այո կամ ոչ).

9) դիմումը լրացնելու պահին բնակության կացարանի տեսակը՝ մշտական կամ ժամանակավոր։

4. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։

5. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, նախարարությունից ստացված՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալների հետ և մերժում է կամ հաստատում է, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ (եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը) և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում հաշվառում է դիմումը։

6. Դիմումը հաստատվելուց հետո նոր դիմում չի ներկայացվում և դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հաստատված դիմումի հիման վրա։

7. Եթե դիմումը մերժվել է սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի հիման վրա, մերժման հիմք հանդիսացող հանգամանքը վերանալու դեպքում աջակցություն նշանակելու համար մինչև 2021 թվականի հունիսի 15-ը պետք է ներկայացվի նոր դիմում։

8. Ծառայությունը մերժում է էլեկտրոնային դիմումը, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) անձը չունի Արցախում հաշվառում և չի հանդիսանում փաստացի բնակված անձ.

4) անձը 18-63 տարեկան (ում ամենամսյա դրամական օգնություն վճարելու ամսվա 1-ի դրությամբ լրացել է 18 տարեկանը և չի լրացել 63 տարեկանը), հաշմանդամ չճանաչված արական սեռի անձ է.

5) շահառուն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անձ է․

6) շահառուի համար առկա է հաստատված դիմում։

9. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե պահանջվում է կցել երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, ծառայությունը դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը։

10. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունն ուսումնասիրում է դիմումով ներկայացրած փաստաթղթերը՝ անչափահաս շահառուի և խնամակալի տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում ծառայությունը հաստատում է դիմումը, հակառակ դեպքում՝ մերժում է դիմումը։

11. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաստատելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը։

12. Արցախի Հանրապետության 63 տարին լրացած կենսաթոշակառուների տվյալները նախարարությունը ծառայությանը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ փոխհամաձայնեցված տարբերակով։

13. Յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է տվյալ ամսվա 10-ին և 20-ին։

14. Տվյալ ամսվա 10-ին վճարման ցուցակը, բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հաշվառմամբ, ձևավորվում է՝ հաշվի առնելով՝

1) նախորդ ամսվա վճարման ցուցակներում ներառված շահառուների տվյալները.

2) նախորդ ամսվա 20-ից հետո հաստատված դիմումներով ներկայացված տվյալները.

3) սույն կարգի 12-րդ կետի համաձայն նախարարությունից ստացված՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների տվյալները։

15. Տվյալ ամսվա 20-ին վճարման ցուցակը ձևավորում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա 10-ին ձևավորված ցուցակը։

16. Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետության հաշվառում ունենալու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, եթե վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նա հաշվառված է Արցախի Հանրապետության հասցեով։ Եթե անձին դրամական օգնությունը նշանակվել է Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու հիմքով, ապա նրա տվյալները վճարման ցուցակում ընդգրկվում են, անկախ վճարման ցուցակ ձևավորելու օրվա դրությամբ նրա՝ Արցախի Հանրապետության հասցեով հաշվառված լինելու հանգամանքից։

17. Նախարարությունը դրամական օգնության տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորում է այդ ամսվա կենսաթոշակների ցուցակը ձևավորելու հետ միասին։

18. Եթե տվյալ ամսում ստացված տվյալներով, այդ թվում՝ ներկայացված դիմումով, շահառուն դրամական օգնության իրավունք է ձեռքբերում (բավարարում է սույն միջոցառման պայմաններին), ապա այդ տվյալների հիման վրա դրամական աջակցությունը նշանակվում է՝

1) տվյալ ամսվա համար, եթե տվյալներն ստացվել են կամ դիմումը ներկայացվել է մինչև տվյալ ամսվա 15-ը ներառյալ.

2) տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար, եթե տվյալներն ստացվել են տվյալ ամսվա 15-ից հետո։

19. Ամսական դրամական օգնության գումարը վճարվում է՝

1) ծառայության կողմից՝ անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով․

2) նախարարության կողմից՝ կենսաթոշակի հետ միասին, կենսաթոշակի վճարման եղանակով։

20. Ծառայության կողմից ձևավորված վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա (ծնողի կամ խնամակալի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվի համարը․

5) վճարման ենթակա գումարը։

21. Բացառությամբ սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքի, վճարման ցուցակը և տվյալ բանկի միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները, ոչ ուշ, քան վճարման ցուցակը ձևավորվելու հաջորդ օրը ծառայությունը փոխանցում է բանկին՝ դրա մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով շահառուների հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին։

22. Դրամական օգնության գումարը շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկի կողմից վճարվում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողը կամ խնամակալը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:

23. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի հունիսի 30-ը շահառուն (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողը կամ խնամակալը) բանկին չի ներկայացնում դրամական օգնության գումարն ստանալու պահանջ, ապա գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 5-ը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (անչափահաս երեխայի դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) տվյալներն ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողին կամ խնամակալին): Սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքում գումարները վերադարձնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այդ կետով սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում:

24. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

25. Սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

26. Սույն որոշման 25-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

19.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան