Գլխավոր տեղեկություն
Համար
N 733-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 20.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 733-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերակազմավորվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին՝ ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ակտերի նախագծերը ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 733-Լ
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ԲԸՏՄ

2) ռուսերեն` Инспекционный орган охраны природы и недр Республики Армения, ИООПН

3) անգլերեն` Environmental Protection and Mining Inspection Body of the Republic of Armenia, EPMIB

4) ֆրանսերեն լրիվ՝ Organe d’inspection de la protection de l’environnement et du sous-sol de la République d’Arménie, OIPES

5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները: Տեսչական մարմինն ունի տարածքային ստորաբաժանումներ:

7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ քաղաք Երևան։

 

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:

10. Տեսչական մարմնի խնդիրներն են`

1) բնապահպանության և ընդերքի ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև իրականացված վերահսկողության շրջանակներում կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը.

2) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման միջոցառումների իրականացումը:

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի ոլորտներում հետևյալ ուղղություններով`

1) մթնոլորտային օդի պահպանություն`

ա. անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության ապահովում և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանում,

բ. մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների պահպանում,

գ. մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համապատասխանությունը ՀՀ կառավարության սահմանած կարգին,

դ. մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայության ապահովում և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանում,

ե. տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների, պահանջների ու չափման կարգերի պահպանում,

զ. բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանում,

է. մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարում,

ը. նոր օբյեկտների կառուցման, գործող օբյեկտի վերազինման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների, սարքավորումների կատարելագործման ու ներդրման դեպքում մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների ու պահանջների պահպանում,

թ. կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների ու պահանջների պահպանում,

ժ. բույսերի պաշտպանության միջոցների, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահման և կիրառման կանոնների պահպանում,

ժա. օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանում.

2) ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն՝

ա. ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանում,

բ. ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարում,

գ. ջրային ռեսուրսները սահմանված չափաքանակներից ավելի աղտոտվելուց զերծ պահելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանում և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանում,

դ. ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանում,

ե. ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարում,

զ. ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարում,

է. հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարում,

ը. ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարում,

թ. ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարում,

ժ. ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի՝ չափաքանակների ու սահմանափակումների կատարումը.

3) հողերի օգտագործում և պահպանություն՝

ա. հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից, դեգրադացիայից կամ հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանում ու բնապահպանական միջոցառումների կատարում,

բ. հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանում,

գ. բնապահպանական, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանում,

դ. բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի նպատակային ու գործառնական նշանակության օգտագործման, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանում.

4) ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն՝

ա. երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների ապահովում,

բ. ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովում,

գ. ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների ապահովում,

դ. օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզում և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործում կամ դրանց պահեստավորում ու պահպանում,

ե. ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերին համապատասխան բնապահպանական (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման պահանջների ու պայմանների պահպանման ապահովում,

զ. ընդերքօգտագործման ընթացքում բնապահպանական կառավարման պլանի առկայության ապահովում և պլանով նախատեսված միջոցառումների իրականացում,

է. ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի առկայության ապահովում և պլանով նախատեսված միջոցառումների իրականացում,

ը. ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարում,

թ. իր իրավասության սահմաններում հանքի փակման աշխատանքների՝ հանքի փակման ծրագրին համապատասխան իրականացում,

ժ. օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխում և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանում,

ժա. հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանում,

ժբ. հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման ապահովում,

ժգ. ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացում.

5) կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն՝

ա. կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարում,

բ. վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանում,

գ. Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանում,

դ. կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանում,

ե. ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանում,

զ. բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանում,

է. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների՝ գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանում,

ը. վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանում,

թ. բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարում, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարում,

ժ. անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանում,

ժա. անտառներն արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտելը կանխարգելող սահմանափակումների պահպանում,

ժբ. անտառային ֆոնդի տարածքներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանում,

ժգ. անտառաշինական փաստաթղթերին համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարում.

6) վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ՝

ա. վտանգավոր նյութերի ու թափոնների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանում,

բ. թափոնների գոյացման և տեղադրման նորմատիվային պահանջների կատարում,

գ. թափոնների անձնագրավորման և ռեեստրի վարման կարգի պահանջների կատարում,

դ. թափոնների պետական հաշվառման վարման կանոնների կատարում.

7) պետական փորձաքննություններ՝

ա. պետական փորձաքննական եզրակացության առկայության և փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված պահանջների ու միջոցառումների կատարման ապահովում.

8) բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ՝

ա. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկների ներկայացման ժամկետների, ձևի, կարգի և ճշգրտության պահանջների պահպանում.

9) վիճակագրական հաշվետվություններ՝

ա. տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտներին առնչվող վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների, ձևի, կարգի և ճշգրտության պահանջների պահպանում։

12. Տեսչական մարմնի գործառույթներն են նաև`

1) բնապահպանության և ընդերքի ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

1.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաները, թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, ինչպես նաև անձանց հետ կնքված պայմանագրերը վաղաժամկետ լուծելու միջնորդագրերի ներկայացումը լիազոր մարմիններ.

3) իր վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց հանձնարարականներ, զգուշացումներ տալը, ինչպես նաև որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելը.

4) բնական ռեսուրսներին պատճառված վնասի չափը հաշվարկելը և գանձումն ապահովելը.

5) բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումը.

6) իր իրավասությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակումը և համապատասխան մարմիններին ներկայացումը.

7) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

8) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտներին առնչվող վիճակագրական հաշվետվությունների, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկների ընդունումը, վերլուծությունը, բնապահպանության և ընդերքի ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական գործառույթների ուղղումը դեպի ավելի ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

9) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ վարչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

10) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 25.01.21 N 55-Լ) 

13. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեսչական մարմնի պաշտոնատար անձինք կազմում են իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև դադարեցնում, կասեցնում կամ արգելում են իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում են ստուգվող սուբյեկտի գործունեությունը:

(13-րդ կետը լրաց. 25.01.21 N 55-Լ) 

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է տասն անդամից:

15. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և դրանցում կատարում փոփոխություններ.

2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.

3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

16. Խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների քաղաքականությունը մշակող լիազոր մարմինների ղեկավարները` վարչապետի որոշմամբ:

17. Խորհուրդը`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.

6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

19. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(19-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)

20. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

21. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.

3) վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.

4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` վարչապետի աշխատակազմին.

5) վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.

6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11.1) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով դադարեցնում է ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը.

11.2) «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով տալիս է դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրաման, ինչպես նաև նախազգուշացնում է կամ տարածքային բնապահպանական պետական տեսուչին հանձնարարում է նախազգուշացնել համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.

12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(21-րդ կետը լրաց. 25.01.21 N 55-Լ) 

22. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեսչական մարմնի ղեկավարի առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տեսչական մարմնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

23. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 3 տեղակալներ, որոնց պաշտոնները վարչական են, նրանց օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

24. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(24-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)

25. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն ու արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

26․ Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը՝

1) աջակցում է տեսչական մարմնի ղեկավարին իր լիազորությունների կատարման ընթացքում,

2) իր լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է ստանալ տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։

27․ Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը՝ իրականացնում է մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման աշխատանքներ, որոնց իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։

28․ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը՝ իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացմանն աջակցման աշխատանքներ, որոնց իրականացման համար օգնականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։

 

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

29. Տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչություն.

2) Ընդերքի վերահսկողության վարչություն.

3) Կենսաբազմազանության վերահսկողության վարչություն.

4) Որակի ապահովման վարչություն.

 5) Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն.

 6) Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն.

 7) Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին.

 8) Լաբորատոր հետազոտությունների բաժին:

30. Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումներն են՝

1) Երևանի տարածքային բաժին.

2) Արագածոտնի տարածքային բաժին.

3) Արարատի տարածքային բաժին.

4) Արմավիրի տարածքային բաժին.

5) Գեղարքունիքի տարածքային բաժին.

6) Լոռու տարածքային բաժին.

7) Կոտայքի տարածքային բաժին.

8) Շիրակի տարածքային բաժին.

9) Սյունիքի տարածքային բաժին.

10) Վայոց ձորի տարածքային բաժին.

11) Տավուշի տարածքային բաժին:

31. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

VI. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ

 

32. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

33. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

34. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

 

IX. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

36. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

37. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։

38. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային վերահսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն խորհրդի համաձայնությամբ:

(հավելվածը խմբ. 02.08.18 N 1037-Լ, լրաց. 25.01.21 N 55-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան