ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 փետրվարի 2021 թ. |
ԻՈՀԱՆՆԱ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Դ» ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Իոհաննա Չախմախչյանի ներկայացուցիչներ Ա. Թևանյանի, Մ. Մանուկյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Իոհաննա Չախմախչյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին:
Օրենսգրքի՝ «Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 21-րդ հոդվածի «դ» կետը սահմանում է.
«Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝
(...)
(...)
(...)
դ) ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը.
(...)»:
Ընդունումից ի վեր Օրենսգրքի 21-րդ հոդվածը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Գործի քննության առիթն Իոհաննա Չախմախչյանի 2020 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը վիճարկում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին։
Իր դիրքորոշումը փաստարկելու համար դիմողը, նախ, արձանագրում է, որ 29.10.2019թ. վճռով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին իր պահանջն այն պատճառաբանությամբ, որ հայցվորն ի սկզբանե իմացել է ամուսնության կեղծ լինելու մասին, որպիսի պայմաններում Օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի ուժով հայցը ենթակա է մերժման:
Դիտարկելով Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումները` դիմողը նշում է, որ ստացվում է այնպես, որ տվյալ նորմով «օրենսդիրը նախատեսել է ամուսնու կամ ամուսինների կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքերը, և միաժամանակ այդպիսի հիմքերի սահմանված լինելու պայմաններում` դատարան դիմելու անհնարինություն, այնքանով, որ վիճարկվող իրավանորմով օրենսդիրը դատարան դիմելու իրավունքը վերապահել է ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսնուն, իսկ դա էլ այն պայմաններում, երբ ամուսինները կեղծ ամուսնությունը գրանցելիս դրսևորում են այդպիսի փոխադարձ կամահայտնություն»:
Դիմողը մատնանշում է, որ եթե օրենսդրի նպատակը լիներ սահմանափակել ամուսիններից որևէ մեկի դատարան դիմելու իրավունքը, ապա Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում չէր նախատեսի ամուսինների փոխադարձ կամահայտնությամբ առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
Դիմողը գտնում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանմամբ «օրենսդիրը շահագրգիռ անձին/ամուսնուն կամ շահագրգիռ անձանց/ամուսիններին հնարավորություն է ընձեռել առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունը ճանաչել անվավեր. այսինքն՝ օրենսդիրը համապատասխան հիմքերի առկայության դեպքում ինչպես մեկ, այնպես էլ երկու ամուսնուն հնարավորություն է տվել դիմելով դատարան անվավեր ճանաչել կեղծ ամուսնությունը: Ընդ որում` ամուսնությունն անվավեր է ճանաչում միայն դատարանը (ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մաս)»:
Սակայն, ըստ դիմողի՝ վիճարկվող իրավանորմով սահմանափակվում է ամուսին-ներից որևէ մեկի՝ կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը, չկա ողջամիտ հարաբերակցություն առկա սահմանափակման, ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև։
Դիմողը գտնում է, որ նման պայմաններում օրենսդիրը որևէ իրավաչափ նպատակ չէր կարող հետապնդել՝ սահմանելով անձի դատարան դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ այսպիսի իրավակարգավորումներ, և դրանով անհամաչափորեն և արհեստականորեն սահմանափակվում են ամուսիններից որևէ մեկի ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը՝ նշելով նաև առկա իրավակարգավորման հստակ, հասանելի և կանխատեսելի չհամարվելու հանգամանքը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը նշում է, որ անվավեր ճանաչվում է այն ամուսնությունը, որը կնքվել է օրենքով սահմանված պայմանների խախտումով, ինչպես նաև այն ամուսնությունը, որը գրանցվել է առանց ընտանիք կազմելու մտադրության (կեղծ ամուսնություն) և դատարանի կողմից ճանաչվել է անվավեր՝ նրա կնքմամբ առաջացած իրավական հետևանքների վերացմամբ: Ընդ որում, ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել միայն օրենքով սահմանված որոշակի հանգամանքների առկայության դեպքում, ի թիվս այլնի՝ նաև կեղծ ամուսնության դեպքում: Ընդ որում, ամուսնության անվավերության հետևանքով ծագում են ամուսինների իրավունքների և պարտականությունների վրա որոշակի ազդեցություն ունեցող իրավաբանական հետևանքներ, որպիսի ցանկը հստակ սահմանված է օրենսդրությամբ։
Պատասխանողը, անդրադառնալով նման հայցով դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց ցանկին, նշում է, որ օրենսդիրն ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք տվել է այն անձանց, որոնց այս կամ այն իրավունքը խախտվել է տվյալ ամուսնության կնքմամբ, և ամուսնության կեղծ լինելու մասին իմացող ամուսնուն ևս ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունք վերապահելը չի բխում ինչպես ամուսնությունն անվավեր ճանաչելու գործող իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, այնպես էլ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ընտանիքի պաշտպանության ու արդարության սկզբունքներից և բարոյական նորմերից։
Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և 21-րդ հոդվածի «դ» կետի միջև դիմողի կողմից նշված առկա հակասության վերաբերյալ պատասխանողը նշում է, որ Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում տրված է «կեղծ ամուսնություն» սահմանումը, ինչն էլ նշանակում է, որ չէր կարող չօգտագործվել «ամուսիններ» եզրույթը, բացի դրանից, ուսումնասիրելով այլ երկրների ընտանեկան օրենսդրությունը (Ռուսաստան, Ղազախստան), որտեղ կարգավորումները գրեթե նույնական են, ինչ ներպետական օրենսդրությունում, հատկանշական է, որ կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունք, բացի ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսնուց, վերապահված է նաև դատախազին, և դատախազի կողմից նման հայցերի ներկայացումը նպատակ ունի պաշտպանել պետական և հանրային շահերը:
Պատասխանողի կարծիքով կա անհրաժեշտություն կատարել օրենսդրական փոփոխություն և «Օրենսգրքի վիճարկվող դրույթում որպես՝ այդպիսի պահանջով դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ նախատեսել նաև դատախազին՝ հաշվի առնելով հանրային և պետական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, դիմել դատարան ամուսինների կամ նրանցից մեկի իմացությամբ կնքված կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով»։
Ըստ պատասխանողի` վիճարկվող նորմով նախատեսվող սահմանափակումը պայմանավորված է անվավերության ինստիտուտով և բխում է ամուսնությունն անվավեր ճանաչելու իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, մասնավորապես՝ նման իրավունքի վերապահումը նպատակ ունի վերականգնել խախտված իրավունքը, մինչդեռ օրենքի պահանջների խախտմամբ ամուսնություն կնքած ամուսնու կամ ամուսինների խախտված իրավունքի վերականգնման խոսք չի կարող լինել, և վերջիններիս նման իրավունքով օժտելը չի բխում առկա օրենսդրական կարգավորումներից։ Հետևաբար, Օրենսգրքի վիճարկվող դրույթն այնքանով, որքանով չի նախատեսում ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը նաև ամուսնության կեղծ լինելու մասին իմացող ամուսնուն, չի հակասում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 78 և 79-րդ հոդվածներին։
3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հանգամանքները
Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- արդյո՞ք վիճարկվող դրույթը վիճահարույց է իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի տեսանկյունից և խախտում է անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են: Կոնկրետացնելով համապատասխան դրույթները՝ օրենսդիրն Օրենսգրքի «Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները» վերտառությամբ 1-ին հոդվածում սահմանել է, որ ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։
Մյուս կողմից, նախատեսելով ամուսնության ազատությունը՝ Սահմանադրության 35-րդ հոդվածով նախատեսվել է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը սահմանված են ընտանեկան օրենսդրությամբ: Մասնավորապես, ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ, իսկ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
Միաժամանակ Օրենսգիրքը նախատեսում է ամուսնության դադարման և ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքերը և կարգը: Մասնավորապես, Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ամուսնության անվավեր ճանաչման երկու տարբեր հիմքեր: Հիմքերից մեկը վերաբերում է ամուսնության՝ Օրենսգրքի 10-րդ, 11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանների խախտմանը, մյուսը՝ ընտանիք կազմելու մտադրության բացակայությանը (կեղծ ամուսնություն):
Ըստ Օրենսգրքի կեղծ ամուսնությունն ամուսինների կամ նրանցից մեկի՝ առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունն է (հոդված 20): Այսինքն, սահմանելով կեղծ ամուսնության հիմքերը՝ օրենսդիրը չի բացառում, որ երկու ամուսին-ներն էլ ունենան կեղծ ամուսնություն կնքելու մտադրություն, կամ ամուսնությունը գրանցվի այդպիսի մտադրության մասին մյուս ամուսնու տեղյակ լինելու պայմաններում:
Մյուս կողմից, Օրենսգրքի 21-րդ հոդվածը նախատեսում է ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմող սուբյեկտների սահմանափակ շրջանակը: Ըստ այդմ, ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել միայն՝
ա) անչափահաս ամուսինը, նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե ամուսնությունը կնքվել է ամուսնական տարիքի չհասած անձի հետ։ Անչափահաս ամուսնու տասնութ տարին լրանալուց հետո ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի միայն այդ ամուսինը.
բ) ամուսինը, որի իրավունքներն ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքով.
գ) ամուսինը, որը չի իմացել ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին, դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, որոնց իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի պահանջների խախտումով կատարված ամուսնության կնքմամբ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը.
դ) ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը.
ե) ամուսինը, որի իրավունքները խախտվել են սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայության պատճառով:
Վերոշարադրյալից բխում է, որ այն դեպքերում, երբ երկու ամուսիններն էլ ունեցել են կեղծ ամուսնություն կնքելու մտադրություն, կամ ամուսիններից մեկը մինչև ամուսնությունը գրանցելն իմացել է մյուս ամուսնու կեղծ ամուսնություն կնքելու մտադրության մասին, ապա Օրենսգրքի համաձայն՝ երկու ամուսիններն էլ ձեռք չեն բերում կեղծ ամուսնությունը դատական կարգով վիճարկելու իրավունք:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջից, ըստ որի՝ միաժամանակ երկու ամուսինների՝ առանց ընտանիք ստեղծելու մտադրության գրանցված ամուսնությունը կեղծ ամուսնություն է, և, հետևաբար, դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, ուղղակիորեն չի բխում, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է օժտվի նման ամուսնությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու հնարավորությամբ: Միանշանակ է, որ եթե կնքված ամուսնությունը չի համապատասխանում ընտանիքին և դրա կազմավորմանը ներկայացվող սահմանադրաիրավական պահանջներին, պետք է նախատեսվի հնարավորություն նման ամուսնությունն անվավեր ճանաչելու համար: Այսինքն՝ Օրենսգրքի 20-րդ հոդվածում «ամուսինները» բառի օգտագործումը չի նշանակում ամուսիններից յուրաքանչյուրի՝ դատարան դիմելու իրավունք, այլ դրանով օրենսդիրը, որպես անվավերության հիմք է դիտարկում ոչ միայն մեկ, այլ նաև երկու ամուսինների կողմից կեղծ ամուսնություն կնքելու հնարավոր դեպքը: Այս կապակցությամբ հիմնավոր չէ դիմողի այն տեսակետը, որ Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումն ինչպես մեկ, այնպես էլ երկու ամուսիններին հնարավորություն է տալիս կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմելու դատարան, և այդ առումով վիճարկվող դրույթը ձևակերպված է բավարար չափով հստակ և չի հանգեցնում իրավական անորոշության, իսկ համապատասխան իրավահարաբերությունների հասցեատերերն ի վիճակի են դրսևորելու կանխատեսելի վարքագիծ:
Այլ խնդիր է, թե ո՛վ պետք է կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմի դատարան այն դեպքում, երբ երկու ամուսիններն էլ ունեցել են կեղծ ամուսնություն կնքելու մտադրություն, այդ թվում, երբ ամուսիններից մեկը մինչև ամուսնությունը գրանցելն իմացել է մյուս ամուսնու՝ կեղծ ամուսնություն կնքելու մտադրության մասին: Հաշվի առնելով, որ կեղծ ամուսնության արդյունքում ձևավորված դաշինքը համահունչ չէ ընտանիքի սահմանադրաիրավական բովանդակությանը, չի բխում հասարակության շահերից և որպես կանոն խախտում է այլ անձանց իրավունքները և շահերը, ակնհայտ է, որ պետք է լինեն համապատասխան գործիքակազմեր նման ամուսնությունները շահագրգիռ անձանց պահանջով անվավեր ճանաչելու համար: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոնշյալ հարցը դուրս է անհատական դիմումի հիման վրա քննվող սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներից և անմիջականորեն չի առնչվում վիճարկվող դրույթի հետ, քանի որ Սահմանադրության 169-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավասու է վիճարկել իր նկատմամբ կիրառված այն նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, որը հանգեցրել է իր իրավունքների և ազատությունների խախտման: Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ շահագրգիռ անձանց կամ մարմինների կողմից կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավակարգավորումների հետ կապված թերությունների վերացումը գտնվում է Ազգային ժողովի տիրույթում, իսկ սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել նման իրավակարգավորումների բացակայության սահմանադրականությունը:
4.2. Օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ ամուսնական դաշինքն հնարավոր է խզել երկու եղանակով՝ ամուսնալուծությամբ կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու միջոցով: Ընդ որում, տարբեր են դրանց հիմքերը և իրավական հետևանքները: Այդ է պատճառը, որ ըստ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ անվավեր ճանաչված ամուսնությունը, առանձին բացառություններով հանդերձ, չի առաջացնում Օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, կամ ըստ նույն հոդվածի 2-րդ մասի, ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը (ամուսնալուծության պարագայում Օրենսգրքի 26-րդ հոդվածի և Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կիրառվում է «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է» կանոնը), կամ ըստ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության՝ բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, որպիսի իրավունքը բացակայում է ամուսնալուծության պարագայում:
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում ամրագրված՝ վերը հիշատակված բացառություններին, ապա այդպիսի իրավակարգավորումն իր էությամբ բնորոշ է ամուսնալուծության ինստիտուտին: Ամուսնությունն անվավեր ճանաչելու իրավակարգավորման շրջանակներում, որպես բացառություն, ամուսնալուծության ինստիտուտին բնորոշ իրավակարգավորում նախատեսելու հանգամանքը պայմանավորված է ընտանիքի՝ հասարակության բնական և հիմնական բջիջը հանդիսանալու, երեխայի շահերի առաջնահերթության, ընտանիքը, մայրությունը և մանկությունն իր հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո վերցնելու՝ պետության պոզիտիվ պարտականության հանգամանքներով: Դրանով է պայմանավորված նաև այն, որ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ մասում ամուսնուց ապրուստի միջոցներ ստանալու՝ մյուս ամուսնու իրավունքի պաշտպանության՝ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելու առնչությամբ դատարանին հայեցողական լիազորություն (օրենսդիրը դատարանի համար օգտագործում է «կարող է», «իրավունք ունի» բառերը) վերապահելն այն դեպքում, երբ դրանք ամուսնալուծության իրավակարգավորման շրջանակներում դատարանի կողմից պարտադիր լուծման հարցեր են: Նույն շահերով առաջնորդվելու տրամաբանությամբ էլ օրենսդիրն Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանել է ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները:
Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրն ամուսնության անվավերության համար հատուկ կարգավորում նախատեսելիս կեղծ ամուսնություն կնքելը դիտարկել է որպես ամուսնության իրավունքի չարաշահում, քանի որ սուբյեկտիվ իրավունքն ի վնաս այլ անձի և հասարակության օգտագործելը նենգափոխում է ընտանիքի գաղափարը:
Իրավունքի տեսության մեջ իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը.
1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը,
2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,
3. անձի` առերևույթ իրավաչափ գործողություններն հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձն ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,
4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:
Այդ առումով իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, երբ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը կամ տվյալ դեպքում` ամուսնության իրավունքի նպատակին և ոգուն հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը:
Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում դատարանի կողմից արձանագրվել է, որ կեղծ ամուսնությունը կնքվել է նպատակ ունենալով ամուսնության պետական գրանցման վկայականն օգտագործել երիտասարդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրվող բնակարանի ձեռքբերման նպատակով:
4.3. Վիճարկվող իրավակարգավորումը դիտարկելով դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... որ հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»:
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «… պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):
Այս առումով, կեղծ ամուսնություն կնքելով՝ անբարեխիղճ ամուսինը գործում է ամուսնության իրավունքի նպատակին և ոգուն հակառակ: Հետևաբար, վերջինս չի կարող ձեռք բերել բարեխիղճ ամուսնու կարգավիճակ:
Նման մոտեցումն է որդեգրել օրենսդիրը, սահմանելով, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված կամ ձևականորեն օրենքի պահպանմամբ, սակայն իրավունքի նպատակային նշանակությանը հակառակ գործելու մտադրությամբ, այսինքն` իրավունքի չարաշահմամբ ձեռք բերված սուբյեկտիվ իրավունքը ենթակա չէ պաշտպանության:
Ինչ վերաբերում է իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթով անբարեխիղճ ամուսնու՝ կեղծ ամուսնությունը դատական կարգով անվավեր ճանաչելու հնարավորության սահմանափակումը հետապնդում է լեգիտիմ նպատակ, այն է՝ ապահովել ընտանիքի, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք հանդիսանալը: Միաժամանակ, վիճարկվող դրույթը չի սահմանափակում ամուսինների հնարավորությունն ամուսնալուծության կարգով դադարեցնելու կնքված ամուսնությունը:
Բացի դրանից, վիճարկվող դրույթը կոչված է թույլ չտալու կեղծ ամուսնություն կնքելու միջոցով խախտել այլոց իրավունքները և օրինական շահերը՝ հետագայում անվավերության կարգով այն վիճարկելով հասնել իր համար բարենպաստ արդյունքի: Միաժամանակ, չեն կարող բացառվել այն դեպքերը, երբ ի սկզբանե կեղծ չհանդիսացող ամուսնություն կնքած ամուսինները, հետագայում գործելով անբարեխղճորեն, փորձեն վիճարկել ամուսնությունը կեղծ լինելու հիմքով՝ այս կամ այն արդյունքին հասնելու համար, նկատի ունենալով, որ ամուսնությունն անվավեր է ճանաչվում կնքման պահից և ի տարբերություն ամուսնալուծության՝ հանգեցնում է իրավական այլ հետևանքների:
Այդ առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ պարագայում անձի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ առկա իրավա-կարգավորումներն անհամաչափորեն չեն սահմանափակվում ամուսիններից որևէ մեկի ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
12 փետրվարի 2021 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: