Գլխավոր տեղեկություն
Համար
N 2137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2137-Ն

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

(1-ին կետը փոփ. 21.01.21 N 57-Ն)

2. Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

3. Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.

2) ապահովել օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը.

3) պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած և պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցել օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2021, N 57-Ն 23.01.2021, N 2137-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան