Գլխավոր տեղեկություն
Համար
N 1207-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2020-30.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1207-Ա

 

«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ. մետր և 9-րդ հարկից 529.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (իրավաբանական անձի պետական գրանցման համարը՝ 273.110.04361)` նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

2. Սահմանել, որ՝

1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 դրամ, որի 20 տոկոսն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

2) ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության և ընկերության միջև՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում նախատեսելով, որ՝

1) ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,

3) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով,

4) ընկերության կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում,

5) ընկերության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը կարող է լուծվել,

6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ ընկերությունը 2020 թվականի հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 1-ը 100 տոկոսի չափով ազատվում է վարձավճարի վճարման պարտավորությունից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ:

(4-րդ կետը լրաց. 24.12.20 N 2151-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 16

Երևան