Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-457-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2002-01.09.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55(230) Հոդ.1289
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 5-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մայիսի 1993 թվականի, ՀՕ-57, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը

 

 Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հաշմանդամ՝  անձ, որը մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք է զգում.

կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը).

վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ՝  կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեսված հատուկ սարքեր և տեխնիկական միջոցներ (սայլակներ, քայլակներ, լսողական ապարատներ, օրթեզներ, պրոթեզներ, հենակներ, ձեռնափայտեր և այլն).

բժշկասոցիալական փորձաքննություն՝  հիվանդության, խեղման կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը, ինչպես նաև հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումը.

կենսագործունեության միջավայրի մատչելիության ապահովում՝ հաշմանդամների կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու նպատակով և նրանց կարիքները հաշվի առնելով՝ բնակելի և հասարակական շենքերի, փողոցների, բժշկական, արտադրական, ուսումնական, մշակութային, մարզական և այլ շինությունների նախագծումը, կառուցումը և վերակառուցումը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցների հարմարեցումը.

հաշմանդամների սոցիալական պաշտպանություն՝  տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Հաշմանդամների իրավունքները և պարտականությունները

 

Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։

Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա:

Հաշմանդամների իրավունքները և պարտականությունները կարող են վերացվել կամ փոփոխվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դրանց իրացումն անհնար է հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման պատճառով։

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման համար մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը։

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ հոդվածով.

 

«Հոդված 51. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

 Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) ապահովում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

բ) պետական բյուջեի կազմում Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր).

գ) հաստատում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները և դրանց ապահովման կարգը.

դ) սահմանում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու և վերականգնման անհատական ծրագրերը կազմելու, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության կարգերը.

ե) սահմանում է բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները.

զ) սահմանում է սոցիալական ծառայությունների, վերականգնման տեխնիկական միջոցների պետական ստանդարտները, ինչպես նաև հաշմանդամների համար կենսագործունեության միջավայրի մատչելիությունն ապահովող նորմերը և կանոնները.

է) աջակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին.

ը) սահմանում է հաշմանդամների առանձին խմբերին օրենքով նախատեսված նպաստների և արտոնությունների տրամադրման կարգերը.

թ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։»։

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52-րդ հոդվածով.

 

«Հոդված 52. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) իրականացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը.

բ) վերահսկում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահանջների կատարումը.

գ) մշակում է Տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.

դ) մշակում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները և ապահովում դրանց իրականացումը.

ե) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կազմը, համակարգում և ապահովում է դրանց գործունեությունը.

զ) համակարգում և վերահսկում է հաշմանդամների վերականգնման ոլորտի կազմակերպությունների գործունեությունը.

է) ապահովում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

ը) աջակցում է հաշմանդամության և հաշմանդամների հարցերի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

թ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերի վերաբերյալ մշակում է մեթոդական փաստաթղթեր.

ժ) համագործակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

ժա) իրականացնում է այլ լիազորություններ։»։

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը

 

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների ընդունած որոշումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների որոշումները՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաև հաշմանդամության այս կամ այն խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը սահմանելու վերաբերյալ, կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։»։

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով.

 

«Հոդված 61. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները

 

 

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) որոշում են անձի կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և վերականգնողական ներուժը.

բ) անձին ճանաչում են հաշմանդամ, սահմանում են հաշմանդամության խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը, որոշում են հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը և վաղեմությունը.

գ) որոշում են սոցիալական պաշտպանության միջոցառումների տեսակներից, ձևերից և ծավալներից հաշմանդամի կարիքները, մշակում և հաստատում են հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը.

դ) ապահովում են բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց լրացուցիչ հետազոտությունների անցկացումը.

ե) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.

զ) աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում են անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.

է) որոշում են տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.

ը) վերահսկում են վերականգնողական միջոցառումների իրականացումը և հաշմանդամների աշխատանքային պայմանների համապատասխանությունն օրենսդրության պահանջներին.

թ) ուսումնասիրում են հաշմանդամության վիճակը և առաջացման պատճառները.

ժ) մասնակցում են հաշմանդամության կանխարգելման, հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժա) ստեղծում են իրենց կողմից բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկ.

ժբ) իրականացնում են այլ լիազորություններ։»։

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 62-րդ հոդվածով.

 

«Հոդված 62. Անձին հաշմանդամ ճանաչելը

 

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։

Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

ա) մանկուց հիվանդությունը.

բ) ընդհանուր հիվանդությունը.

գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.

դ) մասնագիտական հիվանդությունը.

ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։

Սույն հոդվածում նշված համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ։

Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։»։

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ հոդվածով.

 

«Հոդված 91. Հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները

 

Հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները պետության կողմից հաշմանդամների համար երաշխավորված և անհատույց իրականացվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների և հատկացվող տեխնիկական միջոցների ամբողջությունն են։»։

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ՝

1) հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշմանդամի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներին համապատասխան մշակված և բժշկասոցիալական ոլորտում իրավասու պետական մարմինների հաստատած վերականգնման անհատական ծրագրով։».

2) հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվել վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ։ Հաշմանդամն իրավունք ունի ինքնուրույն որոշել իրեն տվյալ վերականգնողական տեխնիկական միջոցով կամ վերականգնման տեսակով ապահովելու հարցը։ Հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրում նախատեսված վերականգնողական միջոցառումների ծավալը չի կարող պակաս լինել հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով սահմանված նվազագույն վերականգնողական միջոցառումներից։».

3) հոդվածում ուժը կորցրած ճանաչել երրորդ մասի «որոնց տրամադրման ու ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը.

4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով.

«Եթե վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցի կամ ծառայության տրամադրման անհնարինության դեպքում հաշմանդամն իր հաշվին է ձեռք բերել վերականգնման անհատական ծրագրով նախատեսված միջոցը կամ վճարել ծառայության դիմաց, ապա նրա կատարած ծախսերը փոխհատուցվում են հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված տվյալ տեխնիկական կամ այլ միջոցի արժեքի, ծառայության չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Անհատական վերականգնման ծրագրից ամբողջությամբ կամ դրա առանձին մասերի իրականացումից հաշմանդամի հրաժարվելը ազատում է համապատասխան պետական մարմիններին դրա իրականացման պարտականությունից, և հաշմանդամը զրկվում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված վերականգնողական միջոցառումների արժեքի չափով փոխհատուցում ստանալու իրավունքից։»։

 

Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածում «ԲՍՓՀ-ի» բառը փոխարինել «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ՝

 

1) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երկրորդ մասով.

«Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների և մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։».

2) հոդվածի երկրորդ մասում «օգտվում են» բառից հետո լրացնել «պետական և հավատարմագրված ոչ պետական» բառերը.

3) հոդվածի երրորդ մասում «հաշմանդամներն» բառից հետո լրացնել «և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք» բառերը.

4) հոդվածի չորրորդ մասում «հաշմանդամների» բառից հետո լրացնել «և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց» բառերը.

5) հոդվածի չորրորդ մասում «անհրաժեշտ առաջադիմության» բառերը փոխարինել «հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու» բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ՝

1) հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշմանդամների՝ տեղեկություններ ստանալու ազատության ապահովումը».

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ առաջին մասով.

«Պետությունն ապահովում է հաշմանդամների տեղեկություններ ստանալու ազատությունը։».

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մասով.

«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերությունները օրենքով սահմանված եթերաժամանակով ապահովում են մանկական և լրատվական հեռուստահաղորդումների սուրդոթարգմանությամբ հեռարձակումը։»։

 

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ առաջին մասով.

«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝

ա) հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականության իրականացմամբ.

բ) կազմակերպություններում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար՝ օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ.

գ) հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ.

դ) հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ։»։

 

Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասը։

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ VIII գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  V I I I  Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները

 

Հոդված 41. Տարեկան ծրագիրը

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով։

Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում։

 

Հոդված 42. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

 

Տարեկան ծրագիրը ներառում է՝

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության կանխարգելման և հաշմանդամների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

զ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

է) հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամների համար սահմանված արտոնությունների ծավալները, ձևերը և դրանց տրամադրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

թ) հաշմանդամներին տրվող սոցիալական օգնության ձևերը և ծավալները.

ժ) առողջապահական ծառայություններից հաշմանդամի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

ժա) հաշմանդամներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող ծառայությունները, արտոնությունները (այդ թվում՝ անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամների կենսագործունեության համար անհրաժեշտ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, հաշմանդամության սայլակների, բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար տրամադրում).

ժբ) հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերաորակավորման և որակավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժգ) հաշմանդամների աշխատանքի տեղավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժդ) հաշմանդամների համար սոցիալական ենթակառուցվածքի մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժե) հաշմանդամների հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

ժզ) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.

ժէ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար։

Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը։

 

Հոդված 43. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

 

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է։»։

 

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ IX գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  I X  Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Հոդված 44. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

 

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։»։

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև նրանց ծնողների (խնամքն իրականացնող անձանց) համար օրենսդրությամբ սահմանված իրավունքները, արտոնությունները և երաշխիքները տրվում են նաև հաշմանդամության խումբ ունեցող 16-ից մինչև 18 տարեկան անձանց և նրանց ծնողներին (խնամքն իրականացնող անձանց)։

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 4
Երևան
ՀՕ-457-Ն