Գլխավոր տեղեկություն
Համար
N 700-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2021-03.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.556
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2015 թվականի N 700-Ն

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1081-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը և ձևը սահմանելու մասին» N 1081-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 29
Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

  հունիսի 25-ի N 700-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԻ ՈՒ ԿՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ պետական վերահսկողություն իրականացնող անձ) համազգեստի (այսուհետ՝ համազգեստ) ձևի և կրման կարգի հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

2. Համազգեստը կրում են պետական վերահսկողություն իրականացնող անձինք ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:

4. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց մեղքով սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով պետական վերահսկողություն իրականացնող անձի միջոցների հաշվին:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

5. Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց համազգեստը կազմված է՝

1) գլխարկ ականջակալներով՝ մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար): Ականջակալները և հովարը մշակված են մորթուց, թասակը չորստապականի է (նկար 3).

2) պիլոտկա՝ մուգ կապույտ կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը՝ մուգ կանաչ, ձախ կողմում՝ 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 1).

3) կիսավերարկու` մուգ կապույտ անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը՝ 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով (շղթա), արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով կանաչ երիզ: Թևքերը երկկարանի են: Երկու լանջափեշի վրա՝ թեք ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում՝ թաքնված գոտկապարան: Կիսավերարկուի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 3).

4) բաճկոն` մուգ կապույտ կտորից, առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով, 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Կրծքամասի երկու կողմում տեղադրված են արտաքին գրպաններ` կափույրներով, իսկ փեշերի ներքևի մասում` կափույրով թեք գրպաններ: Բաճկոնի օձիքը, թևածալքերը և գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են՝ 2,5 մմ լայնությամբ: Բաճկոնի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, իսկ աջ թևքին՝ Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 2).

5) վերնաշապիկ երկարաթև՝ սպիտակ, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով: Վերնաշապիկի գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են՝ 2,5 մմ լայնությամբ: Փողկապը մուգ կանաչ է, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը.

6) վերնաշապիկ կարճաթև՝ սպիտակ, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով, տրվում է ամառային բաճկոնի փոխարեն։ Վերնաշապիկի գրպանները մուգ կանաչ եզրաշերտով են՝ 2,5 մմ լայնությամբ։ Վերնաշապիկի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 1).

7) տաբատ` մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով, մուգ կանաչ եզրաշերտով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են (նկար 1, 2, 3):

(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

6. Պետական վերահսկողություն իրականացնող կանանց համազգեստը կազմված է`

1) գլխարկ ականջակալներով` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար): Ականջակալները և հովարը մշակված մորթուց են: Թասակը չորստապականի է (նկար 7).

2) գլխարկ՝ մուգ կապույտ բրդյա կտորից, լայնեզր, բաղկացած է թասակից և դեպի վերև ծալված գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը ճակատային մասում ունի 10 սմ լայնություն, իսկ հետևի մասում՝ 7 սմ: Գլխարկաբոլորքի եզրը կարված է 2 մմ լայնքով մահուդից: Առջևի կենտրոնական մասում՝ մուգ կանաչ 3 սմ լայնությամբ ժապավենի վրա, ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 5, 6).

3) պիլոտկա՝ մուգ կապույտ կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը՝ մուգ կանաչ, ձախ կողմում՝ 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 4).

4) կիսավերարկու` մուգ կապույտ, սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը՝ 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով կանաչ երիզ: Թևքերը երկկարանի են: Երկու լանջափեշի վրա՝ թեք ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում՝ թաքնված գոտկապարան: Կիսավերարկուի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և համապատասխան ստորաբաժանման անվանումը (նկար 7).

5) բաճկոն` մուգ կապույտ կտորից: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա), 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասի ու լանջափեշերի կրծքամասով և թևքերի թեզանիքներով՝ կտրվածքով միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով մուգ կանաչ երիզ (կանտ): Փեշերի ներքևի մասերում ունի կափույրով թեք կողային գրպաններ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Բաճկոնի օձիքը և թևածալքերը մուգ կանաչ եզրաշերտով են՝ 2,5 մմ լայնությամբ: Բաճկոնի ձախ թևքին կարվում են տեսչական մարմնի խորհրդանշանը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, իսկ աջ թևքին՝ Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 5, 6).

6) վերնաշապիկ երկարաթև` գույնով և ձևով նման է սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար.

7) վերնաշապիկ կարճաթև՝ գույնով և ձևով նման է սույն կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (նկար 4).

8) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կտորից, ուղիղ կտրվածքով, մուգ կանաչ եզրաշերտով, հետևամասում՝ կափույրով ճեղքվածքով: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (նկար 4, 5).

9) տաբատ` մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով, մուգ կանաչ եզրաշերտով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (նկար 6, 7)։

(6-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

(վերնագիրը խմբ. 14.01.21 N 47-Ն)

 

7. Տեսչական մարմնի խորհրդանշանը օվալաձև է, երկարությունը՝ 97 մմ, լայնությունը՝ 85 մմ, կարվում է կիսավերարկուի, բաճկոնի և վերնաշապիկի ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև:

(7-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

8. Խորհրդանշանը՝ ոսկեգույն գավազան, որի վրա ոլորաձև պատկերված է կանաչ օձ: Գավազանի ներքևի մասում՝ երկու կողմերում V-աձև տեղադրված է ոսկեգույն ցորենի մեկական հասկ: Ձախ ցորենի հասկի ստորին մասում ոսկեգույն տառերով գրված է տեսչական մարմնի «ИОБПП РА»՝ ռուսերեն հապավումը, իսկ աջ ցորենի հասկի ստորին մասում՝ «FSIB of RA»՝ անգլերեն հապավումը: Արտաքին կանաչ շրջանագծում ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերը:

(8-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

9. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են՝

1) գլխարկ կրելու կարգը` ականջակալներով գլխարկը, գլխարկը, պիլոտկան կրում են ուղիղ և ազատ ոճով: Թույլատրվում է ականջակալներով գլխարկի ականջակալներն իջեցնել օդի ջերմաստիճանը ցածր լինելու դեպքում.

2) համազգեստը կրելու կարգը`

ա. վերնազգեստը և տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,

բ. վերնազգեստի գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,

գ. վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ,

դ. թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի, փողկապով: Կարճ թևքերով վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց փողկապի,

ե. վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված,

զ. փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն պետք է միշտ մաքուր և կոկիկ վիճակում լինի:

10. Պետական վերահսկողություն իրականացնող անձանց համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են աղյուսակում:

 

Աղյուսակ

NN
ը/կ

Համազգեստի տարրերը

Կրելու ժամկետը
(տարի)

Քանակը` մեկ
մարդու համար
(հատ)

1

2

3

4

Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց

1.

Գլխարկ ականջակալներով

3

1

2.

Պիլոտկա

2

1

3.

Կիսավերարկու

3

1

4.

Բաճկոն

2

1

5.

Վերնաշապիկ երկարաթև

1

2

6.

Վերնաշապիկ կարճաթև

1

2

7.

Տաբատ

1

1

8.

Փողկապ

2

1

9.

Գոտի կաշվե

3

1

Պետական վերահսկողություն իրականացնող կանանց

1.

Գլխարկ ականջակալներով

3

1

2.

Գլխարկ

3

1

3.

Պիլոտկա

2

1

4.

Կիսավերարկու

3

1

5.

Բաճկոն

2

1

6.

Վերնաշապիկ երկարաթև

1

2

7.

Վերնաշապիկ կարճաթև

1

2

8.

Կիսաշրջազգեստ

2

1

9.

Տաբատ

1

1

10.

Փողկապ

2

1

11.

Գոտի կաշվե

3

1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Պետական վերահսկողություն իրականացնող տղամարդկանց համազգեստը

 

Ներմուծեք նկարագրությունը_7363

Նկար 1

 Նկար 2

 Նկար 3

 

Պետական վերահսկողություն իրականացնող կանանց համազգեստը

 

Ներմուծեք նկարագրությունը_7364

 

Նկար 4

 Նկար 5

Նկար 6

 Նկար 7

(հավելվածը փոփ., խմբ. 14.01.21 N 47-Ն)