040.0172.09.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 172
քաղ. Երևան
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 14.11.13 N 1245-Ն)
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 06.08.15 N 883-Ն)
1. Հաստատել՝
1) մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների՝ աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտահանման և ներմուծման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 14.11.13 N 1245-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն)
3. Սույն կարգին համապատասխան մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել մաքսային ձևակերպման բոլոր կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:
4. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից` վերադաս մաքսային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն, փոփ. 06.08.15 N 883-Ն)
5. Դիմումում պարտադիր պետք է նշվի մաքսային ձևակերպումների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:
6. Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքսային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքսային ձևակերպումների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների (մասնավորապես` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքսային ձևակերպումների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) մաքսային մարմիններին տրամադրելու անհնարինության դեպքում` գրությունում նշելով մերժման հիմքերը:
7. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային ձևակերպումները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով մաքսային ձևակերպումների համար սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 29.04.04 N 591-Ն, 06.08.15 N 883-Ն)
8. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսավճարը գանձվում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափով:
(8-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն)
9. Ապրանքներ տեղափոխող այն անձինք, որոնք մաքսային մարմիններին դիմում են Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումներն իրականացնելու խնդրանքով, պարտավոր են մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքսային մարմիններին անվճար կարգով տրամադրել մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեստային), գրասենյակներ, համապատասխան սարքավորումներ, կապի միջոցներ:
(9-րդ կետը փոփ. 06.08.15 N 883-Ն)
(հավելվածը փոփ. 25.08.01 N 770, փոփ., լրաց. 29.04.04 N 591-Ն, փոփ. 06.08.15 N 883-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են ներմուծման և արտահանման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից գործառույթների իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):
(1-ին կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
2. Սույն կարգին համապատասխան՝ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել տեսչական մարմնի կողմից իրականացվող բոլոր գործառույթները կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:
(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
3. Տեսչական մարմնի կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական հսկման ենթակա բեռների (կենդանիներ, բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ) և բուսասանիտարական հսկման ենթակա բեռների (բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ), ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութի ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս գործառույթները կարող են իրականացվել միայն բեռներ տեղափոխող անձանց կողմից` տեսչական մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
4. Դիմումում պարտադիր նշվում է համապատասխան գործընթացների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:
5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս տեսչական մարմնի կողմից իրականացվող գործառույթները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
(6-րդ կետը լրաց. 18.12.14 N 1466-Ն)
(հավելվածը լրաց. 14.11.13 N 1245-Ն, 18.12.14 N 1466-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2023, N 743-Ն | 19.05.2023, N 172 | |
14.01.2021, N 47-Ն | 20.01.2021, N 172 | |
06.08.2015, N 883-Ն | 20.08.2015, N 172 | |
18.12.2014, N 1466-Ն | 06.01.2015, N 172 | |
14.11.2013, N 1245-Ն | 07.12.2013, N 172 | |
29.04.2004, N 591-Ն | 29.05.2004, N 172 | |
25.08.2001, N 770 | 28.09.2001, N 172 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|