Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0063/01/17

Գործ թիվ ԵԱՔԴ/0063/01/17

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան

Տ. Սահակյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

մասնակցությամբ դատախազ՝

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արայիկ Արամայիսի Հակոբյանի և Արտակ Վարդգեսի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. 2017 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է թիվ 09153017 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2017 թվականի փետրվարի 15-ին Արայիկ Հակոբյանը և Արտակ Գրիգորյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի փետրվարի 18-ի որոշումներով Ա.Հակոբյանը և Ա.Գրիգորյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 18-ի որոշումներով մերժվել են Ա.Հակոբյանի և Ա.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունները:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 21-ի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանվել է, Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով` կալանավորման սկիզբը հաշվելով նրան արգելանքի վերցնելու պահից։

Նույն դատարանի` 2017 թվականի մարտի 22-ի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանվել է, Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով` կալանավորման սկիզբը հաշվելով նրան արգելանքի վերցնելու պահից։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 22-ի և 29-ի որոշումներով Ա.Գրիգորյանի ու Ա.Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

1.1. 2017 թվականի մարտի 31-ին Ա.Հակոբյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: 2017 թվականի ապրիլի 19-ին թիվ 09153017 քրեական գործից անջատվել է Ա.Հակոբյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 09102717 համարը:

2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ թիվ 09153017 քրեական գործով Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2017 թվականի մայիսի 1-ի որոշմամբ թիվ 09153017 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալ Ա.Գրիգորյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

1.2. 2017 թվականի մայիսի 2-ի որոշմամբ թիվ 09102717 քրեական գործով Ա.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2017 թվականի մայիսի 5-ին թիվ 09102717 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է թիվ ԵԱՔԴ/0063/01/17 համարը:

1.3. 2017 թվականի հունիսի 8-ին Ա.Գրիգորյանը հայտնաբերվել է և արգելանքի է վերցվել։

2017 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի վերաբերյալ թիվ 09153017 քրեական գործի վարույթը վերսկսվել է:

2017 թվականի հունիսի 9-ի որոշմամբ Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

2017 թվականի հունիսի 15-ին թիվ 09153017 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ գործին շնորհվել է ԵԱՔԴ/0094/01/17 համարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0094/01/17 քրեական գործը միացվել է ԵԱՔԴ/0063/01/17 քրեական գործին, և գործի քննությունը շարունակվել է ԵԱՔԴ/0063/01/17 համարով։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Հակոբյանի՝ 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 18-ը արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի մարտի 31-ից։

Նույն դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատժից՝ 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Գրիգորյանի՝ 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 18-ն արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և թողնվել է կրելու ազատազրկում` 6 (վեց) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի հունիսի 8-ից։

3. Պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 19-ին որոշում է կայացրել պաշտպանների բողոքները բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Ա.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Հակոբյանի՝ 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 18-ը արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը և թողնվել է կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` Ա.Հակոբյանը ազատվել է նշանակված պատժից:

Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշանակված պատիժը՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով նշանակված՝ 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումը մասնակի գումարվել են, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2017 թվականի հունիսի 8-ից։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Արայիկ Արամայիսի Հակոբյանը, իր վարած «Լադա» մակնիշի 34 FD 396 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայով, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի մայթեզրի մոտ կանգնած լինելու ժամանակ, 2017 թվականի հունվարի 23-ին ծանոթացել է տուժողներ՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21 ա շենքի 15 բնակարանի բնակիչներ, տարեց ամուսիններ Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների հետ:

Ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը, տուժող Ելենա Ավանեսյանից տեղեկանալով նրա ողնաշարի վնասված լինելու մասին, խաբեությամբ նրան ասել է, թե իբր մայրն էլ է նման առողջական խնդիր ունեցել, իր ծանոթ բժիշկը, 50-60 հազար ՀՀ դրամի դիմաց մերսումներ կատարելու միջոցով բուժել է նրան, ուստի մերսումների միջոցով կարող է բուժել նաև իրեն: Այդ պատրվակով տուժող Ելենա Ավանեսյանից իմացել է նրանց տան՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21ա շենքի 15-րդ բնակարանի հասցեն։

Այնուհետև, ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, գնացել է տուժողներ Մաքսիմ և Ելենա Ավանեսյաններին պատկանող նշված հասցեում գտնվող բնակարան, խաբեության գործադրմամբ ապօրինի մուտք գործել այնտեղ:

Բնակարանում գտնվելու ընթացքում տուժողներն ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի համար հյուրասիրություն են կազմակերպել, իսկ տուժող Մաքսիմ Ավանեսյանը նաև օղի է հյուրասիրել։ Այդ ընթացքում Արայիկ Հակոբյանը զանգահարել է իր ընկերոջը՝ ամբաստանյալ Արտակ Վարդգեսի Գրիգորյանին, ում նախապես տուժողներին ներկայացրել էր որպես բժիշկ, և վերջինիս հրավիրել է տուժողների բնակարան՝ բացատրելով նշված բնակարանի հասցեն։

Որոշ ժամանակ անց ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը եկել է տուժողների հիշյալ հասցեն և խաբեությամբ ներկայանալով բժիշկ՝ ապօրինի մուտք է գործել բնակարան: Բնակարանում գտնվելու ընթացքում Արտակ Գրիգորյանը գոլ ջուր է պահանջել, գրպանից սպիտակ գույնի փոշի է հանել և լցնելով ջրի մեջ՝ խմելու նպատակով տվել է տուժող Ելենա Ավանեսյանին, ով այն խմել է։ Այնուհետև, ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը Ելենա Ավանեսյանի հետ միասին մտել են ննջասենյակ, որպեսզի Արտակ Գրիգորյանը մերսի նրա մեջքի հատվածը, իսկ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը և տուժող Մաքսիմ Ավանեսյանը շարունակել են հյուրասենյակում հաց ուտել և օղի խմել։

Ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը ննջասենյակից դուրս գալով՝ բնակարանից վերցրած պլաստմասե տարայով իջել է նշված շենքի բակ։ Որոշ ժամանակ անց Ա.Գրիգորյանը՝ պլաստմասե տարան ձեռքին, վերադառնալով բնակարան ասել է, թե իբրև մերսում կատարելու համար դեղ է բերել։

Այնուհետև, ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանը և Արտակ Գրիգորյանը, որոշ ժամանակ տուժողների բնակարանում մնալով, գաղտնի հափշտակել են Մաքսիմ Ավանեսյանին և Ելենա Ավանեսյանին պատկանող ընդհանուր խոշոր չափերի՝ 229.320 ՀՀ դրամին համարժեք 28.000 ՌԴ ռուբլի, 286.979 ՀՀ դրամին համարժեք 550 եվրո, 48.633 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար, 31.600 ՀՀ դրամ, 50.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղեր և սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, օպտիկական ակնոց և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս:

(...)

[Գ]նահատելով սույն քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները՝ Դատարանն արձանագրում է՝

- ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի դիտավորությունը՝ հափշտակելու տուժողներ Մաքսիմ և Ելենա Ավանեսյանի գույքը, ծագել է նախքան նրանց՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21Ա շենքի 15 բնակարան մուտք գործելը,

- ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանը և Արտակ Գրիգորյանը տուժողներ Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների՝ Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21Ա շենքի 15րդ բնակարան են մուտք գործել ապօրինի:

Դատարանը նման հետևության է հանգում սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հաստատված համարելով այն, որ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը ծանոթացել է տուժողներ Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների հետ, այնուհետև, դիմելով խաբեության, հայտնել է, որ ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը բժիշկ է, ով բուժել է իր մորը: Ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը գնացել է տուժողների նշված բնակարան, մուտք է գործել, իսկ այնուհետև, բնակարանի հասցեն հայտնել նաև մյուս ամբաստանյալ Արտակ Գրիգորյանին, ով որոշ ժամանակ անց հայտնվել է տուժողների բնակարանում և, խաբեությամբ ներկայանալով բժիշկ, ևս ապօրինի մուտք է գործել բնակարան: Ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանը և Արտակ Գրիգորյանը տուժողների բնակարան մուտք գործելու իրավունք են ձեռք բերել խաբեությամբ՝ հայտնելով, թե իբր ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը բժիշկ է և կարող է բուժել տուժող Ելենա Ավանեսյանին, հակառակ պարագայում Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների «համաձայնությունը»՝ մուտք գործելու իրենց բնակարան, ամբաստանյալները ձեռք բերել չէին կարող: Քննարկվող ծանրացնող հանգամանքի մասին խոսք գնալ չէր կարող միայն այն դեպքում, եթե ամբաստանյալ Արտակ Գրիգորյանն իրականում հանդիսանար բժիշկ և մերսում կատարելու նպատակով հայտնվեր տուժողների բնակարանում: Մինչդեռ, սույն քրեական գործի քննությամբ ձեռք չբերվեց որևէ հավաստի տվյալ առ այն, որ Արտակ Գրիգորյանը բժիշկ է, կամ երբևէ մատուցել է մերսման ծառայություններ: Հետևաբար, թեև Մաքսիմ և Ելենա Ավանեսյանները թույլ են տվել, որ ամբաստանյալները մուտք գործեն իրենց բնակարան, սակայն նրանց կամքը ձևավորվել է բացառապես ամբաստանյալների խաբեության արդյունքում (...)»1:

6. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(...) Սույն դեպքում [Առաջին ատյանի] դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տուժողները որևէ պարտավորություն չունեին ամբաստանյալներին իրենց բնակարան մուտքը թույլատրելու, նրանք կարող էին մերժել, այսինքն՝ մոլորության խնդիր առհասարակ չի կարող լինել: Մոլորության մեջ գցելը, պատրվակը կիրառելի է այն դեպքերում, երբ տուժողը որոշակի հանգամանքների բերումով «պարտավորություն ունի» հանցանք կատարած անձին թույլատրել մտնել բնակարան, օրինակ, գազի տեսուչին, որը ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան կամ հրշեջ ծառայության աշխատակիցը պաշտոնեական լիազորությունների բերումով իրականացնում է ստուգումներ կամ վերահսկողություն և այլն, որպիսի պայմաններում բնակարան մտնելը նրանց համար առավել մատչելի է, քան այլ անձանց, ուստի հանցավորը ներկայանալով, որպես գազի տեսուչ կամ հրշեջ ծառայության աշխատակից հեշտացնում է բնակարան մուտք գործելը: Սույն դեպքում նման իրավիճակ չի եղել և տուժողները ունեցել են իրական հնարավորություն կատարելու ընտրություն և որևէ մոլորության և պատրվակի մասին խոսք լինել չի կարող՝ ինչպես հաստատել է Առաջին ատյանի դատարանը:

(...)

(...) [Ս]ույն դեպքում խոսք լինել չի կարող ո՛չ մոլորության մեջ գցելու, ո՛չ պատրվակ օգտագործելու մասին. ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը խոսել է տուժողների հետ փողոցում, ընդ որում՝ Արայիկ Հակոբյանը չի ներկայացել բժիշկ, այլ հայտնել է, որ ճանաչում է բժշկի: Բնակարանի հասցեն տվել է տուժող Ելենա Ավանեսյանը, որից հետո որոշ ժամանակ անց Արայիկ Հակոբյանի կողմից դռան զանգը տալուց տուժողները բացել են դուռը, որևէ խոսակցություն չի եղել բնակարան մուտքը արգելելու կամ թույլատրելու մասին, այլ հակառակը՝ նա նրանց թույլտվությամբ մտել է ներս, նստել բազկաթոռին, այնուհետև տուժող Մաքսիմի հետ միասին օղի են խմել, որից հետո եկել է մյուս ամբաստանյալը և այլն:

(...)

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհիմն են Առաջին ատյանի դատարանի այն հետևությունները, որ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանը գնացել է տուժողների նշված բնակարան, մուտք է գործել, իսկ այնուհետև, բնակարանի հասցեն հայտնել նաև մյուս ամբաստանյալ Արտակ Գրիգորյանին, ով որոշ ժամանակ անց հայտնվել է տուժողների բնակարանում և, խաբեությամբ ներկայանալով բժիշկ, ևս ապօրինի մուտք է գործել բնակարան: Ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանը և Արտակ Գրիգորյանը տուժողների բնակարան մուտք գործելու իրավունք են ձեռք բերել խաբեությամբ՝ հայտնելով, թե իբր ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը բժիշկ է և կարող է բուժել տուժող Ելենա Ավանեսյանին, հակառակ պարագայում Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների «համաձայնությունը»՝ մուտք գործելու իրենց բնակարան, ամբաստանյալները ձեռք բերել չէին կարող: Հետևաբար, թեև Մաքսիմ և Ելենա Ավանեսյանները թույլ են տվել, որ ամբաստանյալները մուտք գործեն իրենց բնակարան, սակայն նրանց կամքը ձևավորվել է բացառապես ամբաստանյալների խաբեության արդյունքում:

(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում բժիշկ ներկայանալը որևէ նշանակություն չի ունեցել բնակարան մուտք գործելու համար, հատկապես, որ Արայիկ Հակոբյանը բժիշկ չի եղել և նրա կողմից բնակարան մտնելը որևէ կապ չի ունեցել այն հանգամանքի հետ, որ նա հայտնել է, որ ունի ծանոթ բժիշկ և այլն: Տուժողները հստակ իմացել են, որ Ա.Հակոբյանը բժիշկ չէ, և նա չի գնացել բնակարան իր կողմից նշած բժիշկ ծանոթի հետ, այլ եղել է միայնակ, իսկ բժիշկ ներկայացած Արտակ Գրիգորյանը եկել է տուժողների բնակարան ավելի ուշ և կրկին առանց որևէ խոչընդոտի մտել է բնակարան: Հետևաբար նման պայմաններում խոսք լինել չի կարող մոլորության մեջ գցելու, խաբեությամբ կամ պատրվակ օգտագործելով բնակարան ապօրինի մուտք գործելու մասին: Վերաքննիչ դատարանը համաձայն չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, թե եթե ամբաստանյալը լիներ բժիշկ, ապա որևէ խնդիր չէր առաջանա, քանի որ տուժողները բժիշկ ներկայացած անձի առջև կոնկրետ դեպքում որևէ պարտավորություն չեն ունեցել բնակարան մուտք գործելը թույլատրելու համար, անկախ նրանից, որ իրականում ամբաստանյալները բժիշկ չեն եղել:

Գործի վերոգրյալ հանգամանքների պայմաններում խոսք լինել չի կարող ամբաստանյալների կողմից տուժողների բնակարան մուտք գործելու ապօրինության և դրանով պայմանավորված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցակազմի առկայության մասին (...)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտում, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:

Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը գողության հանցակազմի որակյալ հատկանիշի` բնակարան ապօրինի մուտք գործելու դրսևորման եղանակների, մասնավորապես` խաբեության կամ վստահությունը չարաշահելու վերաբերյալ, տվել է նեղ մեկնաբանություն: Ըստ բողոքի հեղինակի` բնակարան ապօրինի մուտք գործելու նպատակով խաբեությունը կամ վստահությունը չարաշահելը չի սահմանափակվում միայն այնպիսի վարքագծով, որն առաջ է բերում անձի մոտ բնակարան մուտք գործելը թույլատրելու պարտականության պատրանք, այլ ներառում է անձի գիտակցության և կամքի վրա ցանկացած տեսակի ներգործություն, որով հանցավորը բնակարան մուտք գործելու համաձայնություն է ձեռք բերում՝ նրան մոլորության մեջ գցելով:

Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով գործի փաստական հանգամանքները` բողոքի հեղինակն արձանագրել է, որ բժիշկ հանդիսանալու պատրվակը նախապես համաձայնեցված է եղել ամբաստանյալների կողմից` որպես տուժողների բնակարան մուտք գործելու եղանակ, իսկ տուժողների կողմից ամբաստանյալներին բնակարան մուտք գործել թույլ տալը պայմանավորված է եղել բացառապես նշված հանգամանքով:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ ամբաստանյալների արարքներում գողության հանցակազմի քննարկվող որակյալ հատկանիշի բացակայության վերաբերյալ հետևությունները հիմնավոր չեն, իսկ Առաջին ատյանի դատարանը, բնակարան ապօրինի մուտք գործելու հանցակազմի վերլուծության համատեքստում գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, հանգել է ճիշտ հետևության:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 19-ի որոշումը, և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:  

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի արարքներում բացակայում է գողության` բնակարան ապօրինի մուտք գործելու, ծանրացնող հանգամանքի հատկանիշը:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝«Գողությունը, որը կատարվել է՝

(…)

1. 1) բնակարան ապօրինի մուտք գործելով (…)»:

Մեջբերված նորմը պատասխանատվություն է նախատեսում առավել ծանրացնող հանգամանքով կատարված` բնակարան ապօրինի մուտք գործելով գողության համար: Գողության` վերոնշյալ որակյալ հանցակազմը երկօբյեկտ է, որի հիմնական անմիջական օբյեկտը սեփականությունն է, կոնկրետ սեփականատիրոջ՝ իրեն պատկանող գույքի օրինական տիրապետման, օգտագործման և տնօրինման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, իսկ պարտադիր լրացուցիչ օբյեկտը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Այլ կերպ` անձի արարքում գողության սույն ծանրացնող հանգամանքը կարող է առկա լինել, եթե կատարվածի արդյունքում, բացի հանցագործության հիմնական անմիջական օբյեկտից, խախտվում են նաև անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները։

Հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով հանցավորի կողմից վերցնելով, այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, որն ուղեկցվում է մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելով: Հետևաբար, քննարկվող ծանրացնող հանգամանքի առկայության կամ բացակայության հարցը լուծելիս ուղենիշային են համարվում ոչ միայն հափշտակության կատարման վայրը (բնակարանը), գույքը հափշտակելու դիտավորության առաջացման պահը (հափշտակության դիտավորությունը պետք է ծագած լինի նախքան բնակարան մուտք գործելը), այլև հանցագործության եղանակը՝ բնակարան մուտք գործելը, որը պետք է իրականացվի ապօրինի:

11. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բնակարան մուտք գործելը կարող է կատարվել հանցավորի կողմից ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական միջոցներով կամ տարատեսակ սարքերով, գաղտնի կամ բացահայտ եղանակով բնակարան ներթափանցելով: Ինչ վերաբերում է բնակարան մուտք գործելու ապօրինությանը, ապա այն ենթադրում է, որ հանցավորը հայտնվում է ուրիշի բնակարանում առանց համապատասխան իրավական հիմքերի, բնակարանի տիրոջ կամքին հակառակ, մասնավորապես` առանց նրա թույլտվությունը կամ համաձայնությունը ստանալու կամ նրա կամքն ընդհանրապես անտեսելով: Այսպես` ներթափանցումը կարող է իրականացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բռնություն գործադրելով, դրա սպառնալիքով կամ խաբեության միջոցով, այն է` հանցավորի կողմից բնակարանի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` բնակարան մուտք գործելու թույլտվությունը կամ համաձայնությունը ձեռք բերելը՝ վերջինիս մոլորության մեջ գցելու արդյունքում (օրինակ՝ ներկայանում է որպես իշխանության կամ սպասարկման ծառայության ներկայացուցիչ, էլեկտրաէներգիայի կամ գազի մատակարարման կազմակերպության աշխատակից, վերանորոգող-փականագործ և այլն): Ընդ որում, բնակարան ապօրինի մուտք գործելու վերոնշյալ եղանակներն արարքի քրեաիրավական որակման վրա որևէ կերպ չեն ազդում:

Միևնույն ժամանակ, գողության քննարկվող ծանրացնող հանգամանքը բացակայում է, եթե անձն օրինական հիմքերով է գտնվում բնակարանում (պայմանավորված, օրինակ, ազգակցական կամ ընկերական հարաբերություններով կամ այլ հանգամանքների բերումով), ինչպես նաև այն դեպքում, երբ հափշտակության դիտավորությունը ծագում է բնակարան մուտք գործելուց հետո` այնտեղ գտնվելու ընթացքում: Այնինչ, խնդրո առարկա որակյալ հանցակազմի առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է փաստել, որ հանցավորը մուտք է գործել բնակարան հենց ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, այսինքն` հափշտակության դիտավորությունը վերջինիս մոտ ծագել է նախապես` մինչև բնակարան մուտք գործելը:

12. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված գողությունը բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է հավաստել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը` բնակարան մուտք գործելը եղել է ապօրինի և հափշտակության դիտավորությունը ծագել է նախքան այնտեղ ներթափանցելը:

Անդրադառնալով խաբեությամբ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խաբեությունը դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է, անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելը, որը կարող է իրականացվել կոնկրետ փաստերը խեղաթյուրելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այլ եղանակներով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդոտում հանցավորի մուտքը բնակարան: Այլ կերպ` թեև տվյալ դեպքում հանցավորը ստանում է տուժողի «համաձայնությունը», այնուամենայնիվ դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նման «համաձայնությունը» ձեռք է բերվում խաբեությամբ անձի կամքի և գիտակցության վրա ներազդելու, նրան դիտավորությամբ մոլորության մեջ գցելու արդյունքում, հետևաբար ցանկացած պարագայում պետք է դիտարկվի որպես անձի կամքին հակառակ վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործել: 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ա.Հակոբյանին և Ա.Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով առաջադրված մեղադրանքում այն բանի համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ 2017 թվականի հունվարի 23-ին` ժամը 17:30-ի սահմաններում, խաբեությամբ` մերսում կատարելու պատրվակով, ապօրինի մուտք են գործել Մ.Ավանեսյանի և Ե.Ավանեսյանի բնակարան, կատարել են գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նախքան տուժողների բնակարան մուտք գործելն ամբաստանյալներն ունեցել են նրանց գույքը հափշտակելու դիտավորություն, իսկ այնտեղ մուտք գործելու իրավունքը ձեռք են բերել խաբեությամբ, այն է՝ հայտնելով, թե իբր ամբաստանյալ Ա.Գրիգորյանը բժիշկ է և կարող է բուժել տուժող Ե.Ավանեսյանին, հակառակ պարագայում Մաքսիմ և Ելենա Ավանեսյանների «համաձայնությունը»՝ իրենց բնակարան մուտք գործելու վերաբերյալ, ամբաստանյալները ձեռք բերել չէին կարող: Ուստի, թեև տուժողները թույլ են տվել, որ ամբաստանյալները մուտք գործեն իրենց բնակարան, սակայն նրանց կամքը ձևավորվել է բացառապես ամբաստանյալների խաբեության արդյունքում3:

Բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Գրիգորյանի արարքներում բացակայում են տուժողների բնակարան մուտք գործելու ապօրինության և դրանով պայմանավորված` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Իր վերոնշյալ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նրանով, որ տուժողները որևէ պարտավորություն չունեին թույլատրելու ամբաստանյալների մուտքը իրենց բնակարան, նրանք կարող էին մերժել, այսինքն՝ մոլորության խնդիր առհասարակ չի կարող լինել: Մոլորության մեջ գցելը կիրառելի է այն դեպքում, երբ տուժողը որոշակի հանգամանքների բերումով «պարտավորություն ունի» հանցավորին թույլատրել մտնելու բնակարան: Սույն դեպքում նման իրավիճակ չի եղել, և տուժողները ունեցել են ընտրություն կատարելու իրական հնարավորություն, ուստի որևէ մոլորության կամ պատրվակի մասին խոսք լինել չի կարող: 

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ սույն դեպքում բժիշկ ներկայանալը որևէ նշանակություն չի ունեցել բնակարան մուտք գործելու համար, հատկապես, որ Ա.Հակոբյանը բժիշկ չի եղել և նրա կողմից բնակարան մտնելը որևէ կապ չի ունեցել այն հանգամանքի հետ, որ նա ծանոթ բժիշկ է ունեցել: Տուժողները հստակ իմացել են, որ Ա.Հակոբյանը բժիշկ չէ, նա չի գնացել բնակարան իր կողմից նշված բժիշկ ծանոթի հետ, այլ եղել է միայնակ, իսկ բժիշկ ներկայացած Ա.Գրիգորյանը եկել է տուժողների բնակարան ավելի ուշ ու կրկին առանց որևէ խոչընդոտի մտել է բնակարան: Տուժողները բժիշկ ներկայացած անձի առջև կոնկրետ դեպքում որևէ պարտավորություն չեն ունեցել բնակարան մուտք գործելը թույլատրելու համար, անկախ նրանից, որ իրականում ամբաստանյալները բժիշկ չեն եղել 4:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և կատարված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Գրիգորյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված (բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության) հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալների կատարած արարքների քրեաիրավական որակումը որոշելիս պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը, ինչպես նաև նյութաիրավական նորմի մեկնաբանման հարցում եկել է սխալ եզրահանգման:

Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը, ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավացիորեն փաստելով, որ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Գրիգորյանի մոտ տուժողների բնակարանից գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությունը ծագել է նախապես` մինչև վերջիններիս բնակարան մուտք գործելը, և, միաժամանակ, ամբաստանյալները բնակարան են մուտք գործել ապօրինի` խաբեության միջոցով նրանց կամքի և գիտակցության վրա ներազդելու ճանապարհով:

14.1. Այսպես` գործի փաստական տվյալներից հետևում է, որ Ա.Հակոբյանը, հայտնելով, թե իբրև իր ծանոթ բժիշկը, ով բուժել է նաև իր մորը, մերսումների միջոցով կարող է բուժել տուժող Ե.Ավանեսյանին, դիտավորությամբ խեղաթյուրել է իրականությունը, ներազդել է տուժողների կամքի վրա, ինչի արդյունքում վերջիններս, ընկնելով մոլորության մեջ, Ա.Հակոբյանին են փոխանցել իրենց բնակության վայրի հասցեն, այնուհետև` ներս թողել նրան իրենց բնակարան` կարծելով, որ վերջինս պետք է կազմակերպի բժշկի հետ հանդիպումը: Ա.Հակոբյանը տուժողների բնակարանում գտնվելու ընթացքում զանգահարել է ամբաստանյալ Ա.Գրիգորյանին և հայտնել բնակարանի հասցեն: Որոշ ժամանակ անց ամբաստանյալ Ա.Գրիգորյանը ժամանել է և ներկայանալով բժիշկ՝ նույնպես խաբեությամբ ապօրինի մուտք է գործել բնակարան:

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտորեն բխում է, որ ամբաստանյալները տուժողների բնակարան են մուտք գործել խաբեության արդյունքում` իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով և կեղծ տվյալներ ներկայացնելով առ այն, որ Ա.Գրիգորյանը բժիշկ է և կարող է բուժել տուժող Ե.Ավանեսյանի ողնաշարի հետ կապված խնդիրը: Ընդ որում, թեև որպես բժիշկ ներկայացել է միայն Ա.Գրիգորյանը, այնուամենայնիվ Ա.Հակոբյանը ևս վերոնշյալ պատրվակով է մուտք գործել բնակարան` իբրև կազմակերպելու բժշկի այցելությունը, ավելին` ի սկզբանե խաբեության է դիմել հենց ամբաստանյալ Ա.Հակոբյանը` ծանոթանալով տուժողների հետ և նրանց հայտնելով, թե իր ծանոթ բժիշկը մերսումների միջոցով կարող է բուժել Ե.Ավանեսյանին, ինչպես նաև վստահեցնելով թե իբրև նա այդ կերպ բուժել է նաև իր մորը, ճշտել է վերջիններիս բնակարանի հասցեն, այցելել նրանց, այնուհետև` Ա.Գրիգորյանին կանչել այնտեղ: Նման պայմաններում, անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե սույն դեպքում բժիշկ ներկայանալը որևէ նշանակություն չի ունեցել բնակարան մուտք գործելու համար, հատկապես, որ Ա.Հակոբյանը բժիշկ չի եղել և նրա կողմից բնակարան մտնելը որևէ կապ չի ունեցել այն հանգամանքի հետ, որ նա ծանոթ բժիշկ է ունեցել: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունները չեն բխում սույն գործով հաստատված փաստական տվյալների համակցությունից:

15. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև տվյալ դեպքում ամբաստանյալները ստացել են տուժողների «համաձայնությունը»` մուտք գործելու իրենց բնակարան, այնուամենայնիվ դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նման «համաձայնությունը» ձեռք է բերվել խաբեությամբ` տուժողների կամքի և գիտակցության վրա ներազդելու, նրանց դիտավորությամբ մոլորության մեջ գցելու արդյունքում, հետևաբար պետք է դիտարկվի որպես անձանց կամքին հակառակ վերջիններիս բնակարան ապօրինի մուտք գործել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված այն հանգամանքին, որ ամբաստանյալների մուտքը թույլատրելու հարցում տուժողները ընտրություն կատարելու հնարավորություն են ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընտրություն կատարելու հնարավորության մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ առկա է տուժողի` հստակ, ճշմարիտ տվյալների հիման վրա ձևավորված կամքի ազատ արտահայտման հնարավորություն, որպիսի հանգամանքը սույն դեպքում հերքվում է գործի փաստական տվյալների համակցությամբ: Այս առումով, Վճռաբեկ դատարանը լիովին ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, որ թեև տուժողները թույլ են տվել, որ ամբաստանյալները մուտք գործեն իրենց բնակարան, սակայն նրանց կամքը ձևավորվել է բացառապես ամբաստանյալների խաբեության արդյունքում:

16. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի` խաբեության եղանակով բնակարան ապօրինի մուտք գործելուն տրված այն մեկնաբանությանը, որ մոլորության մեջ գցելով, պատրվակն օգտագործելով բնակարան մուտք գործելը կիրառելի է այն դեպքում, երբ տուժողը որոշակի հանգամանքների բերումով «պարտավորություն ունի» հանցավորին թույլատրելու մտնել բնակարան, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոնշյալ եղանակը չի սահմանափակվում միայն այնպիսի վարքագծով, որն առաջ է բերում անձի մոտ բնակարան մուտք գործելը թույլատրելու պարտականության պատրանք, այլ ներառում է անձի գիտակցության և կամքի վրա ցանկացած ներգործություն, որի արդյունքում տուժողը, ընկնելով մոլորության մեջ, թույլ է տալիս հանցավորին մուտք գործել իր բնակարան:

 Ուստի, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքի հեղինակի այն փաստարկին, որ սույն գործով բժիշկ հանդիսանալու պատրվակը նախապես համաձայնեցված է եղել ամբաստանյալների կողմից` որպես տուժողների բնակարան մուտք գործելու եղանակ, իսկ տուժողների կողմից ամբաստանյալներին բնակարան մուտք գործել թույլ տալը պայմանավորված է եղել բացառապես նշված հանգամանքով5:

17. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Արտակ Գրիգորյանի արարքներում բացակայում է գողության` բնակարան ապօրինի մուտք գործելու ծանրացնող հանգամանքի հատկանիշը, հիմնավորված և պատճառաբանված չէ:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Գրիգորյանի կատարած արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետից վերաորակելով նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետը, որը սույն գործով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 19-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 18-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Արայիկ Արամայիսի Հակոբյանի և Արտակ Վարդգեսի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

-------------------------

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 138-166:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 140-157:

3 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

4 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան