ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4156/02/14 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4156/02/14 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
20
20 թվականի դեկտեմբերի 18-ինգրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Մկրտչյանի ներկայացուցիչներ Զարուհի Մկրտչյանի և Գևորգ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անահիտ Մկրտչյանի ընդդեմ Աշոտ Հակոբյանի, Գևորգ Ալեքյանի, Անժելա Ալեքյանի իրավահաջորդ Գևորգ Ալեքյանի, Գայանե Ալեքյանի, Կարինե Ալեքյանի, Մարիամ Ալեքյանի, Ալիսա Ալեքյանի` պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու և ըստ հակընդդեմ հայցի Ալիսա Ալեքյանի ընդդեմ Անահիտ Մկրտչյանի, Ռաֆայել Հովսեփյանի, Մարիամ Հովսեփյանի, Խաթուն Հովհաննիսյանի, Գոռ Հովսեփյանի, Համլետ Հովսեփյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և բնակարանից վտարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2004 թվականին, 29.06.2005 թվականին, ինչպես նաև 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:
Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվորը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Անահիտ Մկրտչյանի, Ռաֆիկ Հովսեփյանի, Մարիամ Մկրտչյանի, Խաթուն Հովհաննիսյանի, Գոռ Հովսեփյանի, Համլետ Հովսեփյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և բնակարանից վտարելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2018 թվականի վճռով հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ հայցը բավարարվել մասնակիորեն: Մասնավորապես վճռվել է կիրառել գործարքի անվավերության հետևանքներ 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի և 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրերի՝ որպես առոչինչ գործարքների նկատմամբ, անվավեր ճանաչել Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, մասնակիորեն՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով, անվավեր ճանաչել Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակիորեն՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով, անվավեր ճանաչել Գայանե Օնիկի Ալեքյանին տրված սեփականության իրավունքի վկայականը, մասնակիորեն անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի հիման վրա՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի նկատմամբ 29.01.2008 թվականին կատարված Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյանների իրավունքների պետական գրանցումները, որպես 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի, անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ալիսա Ալեքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել 24.08.2013 թվականին կատարված Ալիսա Ալեքյանի սեփականության իրավունքի պետական վերագրանցումը, Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի անշարժ գույքը ճանաչել որպես գրավի առարկա` ի ապահովումն Գառնիկ Ալեքյանի կողմից Անահիտ Արամայիսի Մկրտչյանին որպես փոխառության հանձնված 1.830.000 (մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամի վերադարձելիության երաշխիք, հայցը մնացած մասով մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2018 թվականի որոշմամբ Ալիսա Ալեքյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 01.06.2018 թվականի վճիռը մասնակի՝ հայցապահանջը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար նաև դատական ծախսերի մասերով, բեկանվել և փոփոխվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է Անահիտ Մկրտչյանի հայցն ընդդեմ Աշոտ Հակոբյանի, Գևորգ Ալեքյանի, Անժելա Ալեքյանի իրավահաջորդ Գևորգ Ալեքյանի, Գայանե Ալեքյանի, Կարինե Ալեքյանի, Մարիամ Ալեքյանի, Ալիսա Ալեքյանի` պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել, իսկ Ալիսա Ալեքյանի հակընդդեմ հայցը բավարարել՝ Անահիտ Մկրտչյանին, Ռաֆայել Հովսեփյանին, Մարիամ Հովսեփյանին, Խաթուն Հովհաննիսյանին, Գոռ Հովսեփյանին, Համլետ Հովսեփյանին վտարել Ալիսա Ալեքյանի սեփականությունը հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեից: Հայցը մերժելու մասով վճիռը թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ Մկրտչյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալիսա Ալեքյանի ներկայացուցիչ Սոնա Գուլքանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 66-րդ հոդվածները, 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 379-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա են կողմերի իրական կամքը բացահայտող բավարար ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ Գառնիկ Ալեքյանի իրական կամքն ուղղված է եղել ոչ թե գույքը գնելուն, այլ այն գրավ վերցնելուն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ օրենքի պահանջներին համապատասխան կնքված գործարքի առկայությունը ոչ միայն չի բացառում տվյալ գործարքի անվավեր ճանաչումը, այլ ընդհակառակը՝ հանդիսանում է տվյալ գործարքի անվավեր ճանաչման հայցով ապացուցման ենթակա փաստ, որպիսի իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 08.05.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/1299/02/11 որոշմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրակացրել է, որ Դատարանն ապացույցների գնահատման հարցում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, ինչը հանգեցրել է կողմերի ներկայացրած ապացույցների ընդունման կամայական վերաբերմունքի: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործով ներկայացված ապացույցները, իրավացիորեն եզրահանգել է, որ Ալիսա Ալեքյանը բնակելի տունը գնել է ոչ թե հայցվոր կողմին իր գույքից զրկելու, այլ հենց իր համար գույք ձեռք բերելու նպատակով:
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը կատարել է գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ճիշտ է գնահատել դրանք ու արդյունքում կայացրել է հիմնավորված և պատճառաբանված որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Փոքրահասակ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի օրինական ներկայացուցիչ ծնողներ, ընդհանուր համատեղ սեփականատերեր և վաճառողներ Ռաֆիկ Հովսեփյանի, Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված և Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 3798 համարի տակ գրանցված) անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի, առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել 349,45քմ մակերեսով անշարժ գույք բնակելի տուն և 0,065հա մակերեսով տնամերձ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Բնակելի տունը և տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են վաճառողներին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 19.12.2003 թվականին տրված թիվ 1379757 (կադաստրային համարները՝ 07-011-001-054, 001-054-001) սեփականության իրավունքի գրանցման վկայականի:
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը և տնամերձ հողամասը վաճառվել է 4.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 14-15)․
2) Վաճառող Աշոտ Հակոբյանի և գնորդ Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված և Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 2665 համարի տակ գրանցված) անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել անշարժ գույք՝ բնակելի տուն, շինություն և բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Անշարժ գույքի նկարագիրը՝ բնակելի տուն՝ 349,45քմ մակերես, կաթսայատուն՝ 5,4քմ, և 0,065հա մակերեսով բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս:
Բնակելի տունը, շինությունը և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 16.11.2004 թվականին տրված թիվ 1204159 սեփականության իրավունքի գրանցման վկայականի (ծածկագիր՝ 07011-001-054):
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը, շինությունը, և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը վաճառվում է 5.500.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 17-18)․
3) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 01.07.2005 թվականին տրված թիվ 1506637 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է Գառնիկ Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-24)․
4) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 14.01.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Գառնիկ Գևորգի Ալեքյանի (մահացած 15.05.2007 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով՝ Գևորգ Ռուբենի Ալեքյանը, Անժելա Մկրտիչի Ալեքյանը, Գայանե Օնիկի Ալեքյանը, Կարինե Գառնիկի Ալեքյանը, Մարիամ Գառնիկի Ալեքյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, ի թիվս այլոց, բաղկացած է նաև՝ ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 349,45քմ բնակելի տնից, 5,4քմ կաթսայատնից և 0,065քմ տնամերձ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 01.07.2005 թվականին տրված 2084581 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 26-27)․
5) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 14.01.2008 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Գայանե Օնիկի Ալեքյանը, որը հանդիսանում է Գառնիկ Գևորգի Ալեքյանի, մահացած՝ 15.05.2007 թվականին, ամուսինը սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր գույքը, որի համար տրված է վկայագիրը, ի թիվս այլնի, բաղկացած է ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 349,45քմ բնակելի տնից, 5,4քմ կաթսայատնից և 0,065քմ տնամերձ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 01.07.2005 թվականին տրված 2084581 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 28-29)․
6) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ 2500751 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ սեփականության իրավունքի վկայագրի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա՝ Կոտայքի մարզ, գ. Առինջ, 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 1 բնակելի տան և հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Գևորգ Ռուբենի Ալեքյանի, Անժելա Մկրտիչի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Կարինե Գառնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30-31)․
7) Անժելա Մկրտիչի Ալեքյանի և Գևորգ Ռուբենի Ալեքյանի (լիազորագրով գործում է նաև Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից)՝ որպես վաճառողների, և Լարիսա Յուրիի Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից)՝ որպես գնորդի, միջև 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 հասցեի անշարժ գույքը: Վաճառվող անշարժ գույքը բաղկացած է 354,85քմ մակերեսից և 0,065հա սեփական հողից:
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ նշված անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Մկրտիչի Ալեքյանին, Գևորգ Ռուբենի Ալեքյանին, Գայանե Օնիկի Ալեքյանին, Կարինե Գառնիկի Ալեքյանին, Մարիամ Գառնիկի Ալեքյանին՝ համաձայն 2500751 սեփականության վկայականի, տրված 29.01.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 32-33)․
8) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 24.08.2013 թվականին տրված թիվ 24082013-07-0002 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի՝ 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ալիսա Գևորգի Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 34)․
9) Գառնիկ Ալեքյանը մի կողմից և Աշոտ Հակոբյանը, Ռաֆիկ Հովսեփյանը, Ջեմմա Մկրտչյանը մյուս կողմից 29.06.2005 թվականին ստորագրել են գրավի պայմանագիր վերտառությամբ փաստաթուղթ, համաձայն որի՝ Աշոտ Հակոբյանը, Ռաֆիկ Հովսեփյանը և Ջեմմա Մկրտչյանը Գառնիկ Ալեքյանին գրավ են հանձնել Առինջ գյուղում գտնվող տունը մեկ տարի ժամկետով, իսկ Գառնիկ Ալեքյանը պարտավորվել է այդ ընթացքում տան օտարման հետ կապված ոչ մի գործարք չկատարել: Նշված գրավի պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացման չի ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ. 25)․
10) 23.08.2009 թվականի «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Գևորգ Ալեքյանը Ջեմմա Մկրտչյանից 28.03.2008 թվականից մինչև 23.08.2009 թվականը մաս-մաս ստացել է 1.530.000 ՀՀ դրամ:
Նույն ստացականի համաձայն՝ 20.09.2009 թվականին, 21.10.2009 թվականին, 24.11.2009 թվականին, 03.05.2010 թվականին, 14.11.2011 թվականին, 10.09.2012 թվականին Անժելան Ջեմայից ստացել է համապատասխանաբար 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 210.000 ՀՀ դրամ (70.000 + 140.000), 670.000 ՀՀ դրամ և 360.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 48-49)․
11) 09.10.2012 թվականի, 05.11.2012 թվականի, 07.12.2012 թվականի, 04.02.2013 թվականի, 04.03.2013 թվականի, 05.04.2013 թվականի, 03.05.2013 թվականի, 05.06.2013 թվականի, 10.06.2013 թվականի, 11.06.2013 թվականի և 02.08.2013 թվականի վճարման հանձնարարականներով Անահիտ Մկրտչյանի եղբորորդու՝ Գևորգ Մկրտչյանի, և Անահիտ Մկրտչյանի քրոջ՝ Օֆիկ Մկրտչյանի, կողմից Գևորգ Ալեքյանին է փոխանցվել համապատասխանաբար 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 90.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 70.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 36-40)․
12) Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ (նշված հանգամանքը չի վիճարկվում) ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 43)․
13) Ռուզաննա Ադամյանը Դատարանում 26.02.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ի սկզբանե Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանն այնպիսի վիճակում էին, որ ամեն կերպ պատրաստ էին գումար գտնել, բայց վաճառքի մասին իր մոտ ընդհանրապես խոսք չի եղել: Խոսակցություն է եղել գրավի մասին, այսինքն՝ այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանը գրավ կդնեն իրենց գույքը: Ինքը նրանց տանն է եղել, երբ մի բարձրահասակ տղամարդ է եկել: Այդ մարդուն տեսել է մի անգամ և անունը չի հիշում: Բարձրահասակ անձը գույքը նայել է և ասել, որ ինքն այդ գույքը չի ուզում գնել, Անահիտ Մկրտչյանին և Ռաֆիկ Հովսեփյանին գումար կտա, նրանց կօգնի: Անահիտ Մկրտչյանն այդ մարդուն ասել է, որ իրենց գումար է հարկավոր և իրենք չեն վաճառում այդ գույքը, այսինքն՝ նպատակը եղել է գույքը գրավ դնելը, իսկ թե երկրորդ մարդուն վաճառել են այդ գույքը, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ: Բարձրահասակ մարդուն, եթե չի սխալվում, Ջեմման գտել է «Գինդ» թերթով: «Գինդ» թերթ վերցնելն իր խորհուրդն է եղել: Նրանք շատ վատ վիճակում էին: Նրանք այդ գույքի վաճառքի հայտարարություն չեն տվել. ինքն այդպիսի բանի չի հանդիպել, բայց եթե հասներ այդ աստիճանի, որ գումար չգտնեին, պատրաստ էին նաև վաճառելու. այդ աստիճանի շատ վատ վիճակում էին: Դա եղել է վերջին օրը, որ ինքը նրանց տուն է գնացել: Բարձրահասակ մարդու հետ այլ մարդ չկար. մենակ էր: Իր մոտ քննարկվել է միայն գրավ, բայց նրանք գործարքը երևի վաճառքով են պայմանավորվել անել: Այնուհետև ընդհարում է տեղի ունեցել իրենց միջև, և կապը խզվել է (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 76-78 )․
14) Գեղամ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Ինքը ճանաչում է Գևորգ, Գառնիկ և Անժելա Ալեքյաններին: Տեղյակ է Աշոտ Հակոբյանի հետ կնքված գործարքի մասին: Ավելին՝ գործին ամենից շատ տեղյակ է եղել ինքը: Իր քույրը դիմել է ընկերուհուն, ում ինքը՝ Գեղամը, ճանաչել է որպես Լիլիկ, որի ամուսինն էր Խաչիկը: Եկել է Ռուզան Ադամյանը, իրենք խոսել են, ասել են, որ գումար է պետք (արդեն գիտեին, որ այդ գործով է զբաղվում): Ռուզան Ադամյանն ասել է, որ ինքը երաշխավորում է, որ նրանց տունը նրանցից չեն վերցնի: Այնուհետև Ռուզան Ադամյանը բերել է Աշոտին և պայմանավորվածություն են ձեռք բերել 4․000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ: Նոտարական գրասենյակում Աշոտը տվել է 4․000 ԱՄՆ դոլար, որից 400 ԱՄՆ դոլարը Ռուզան Ադամյանը վերցրել է որպես իր միջնորդավճար: Տունը գրանցել են Աշոտ Հակոբյանի անունով այն պայմանով, որ իրենք Աշոտի գումարը վերադարձնեն, Աշոտ Հակոբյանն էլ տունը վերադարձնի: Իր քույրը 3-4 ամիս հետո նորից դիմել է Ռուզան Ադամյանին ցածր տոկոսով գումար գտնելու համար: Վերջինս շատ շուտ բերել է Գառնիկին, և Գառնիկը 4 տոկոսով գումար է տվել: Ռուզան Ադամյանն ասել է, որ Գառնիկից վերցնեն գումար, Աշոտի գումարը տան, իսկ տունն Աշոտից վերցնեն և տան Գառնիկին՝ արդեն պարտքը մարելով Գառնիկի հանդեպ: Սկսել են Գառնիկ Ալեքյանի տոկոսները տալ, իսկ ընթացքում Գառնիկը մահացել է: Գառնիկի մահից հետո իր տղան՝ Գևորգ Մկրտչյանը, տարել և գումար է տվել Գևորգ Ալեքյանին: Վարձի հետ կապված խոսակցություն չի եղել: Իրենք վարձակալ չեն եղել: Իրենք տուն չեն վաճառել ու գնել, որ վարձակալ լինեին: Գումարն ամեն ամիս վճարել են իրենք: Գառնիկ Ալեքյանից տոկոս վերցրած գումարի մարմանն ուղղված գումարն ինքը ևս տարել է և տվել Գևորգ Ալեքյանին և Անժելային: Անժելան ևս տեղյակ է եղել մեր՝ տոկոսով գումար վերցրած լինելու վերաբերյալ: Իրենք վճարել են Գառնիկ Ալեքյանի կողմից տված գումարը: Ո՛չ Աշոտ Հակոբյանի, ո՛չ էլ Գեղամի ու նրա հարազատների հետ վարձակալության խնդիր չի եղել: Ալիսային մի անգամ է տեսել, Ալիսայի և Գառնիկի հոր՝ Գևորգի մոտ: Ալիսան իր և նրա հոր ներկայությամբ այդ օրն ասել է իր հորը, թե ինչու է իր հայրը՝ Գևորգը, ընկել և խնդրում նրանց: Նրանց տունը թող իր հայրը՝ Գևորգը, գրանցի իր՝ Ալիսայի անունով, որից հետո կտեսնի, թե ինքը՝ Ալիսան, նրանց ինչ վիճակի կբերի (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64)․
15) Օֆիկ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Իր քրոջ ամուսինն առողջական վատ վիճակում էր, և գումարի կարիք կար, ինքն էլ իր կողմից օգնել է իր քրոջը՝ իր 80.000 ՀՀ դրամ աշխատավարձն ամեն ամիս տալով իր քրոջ պարտքի մարման համար: Ճանաչում է Գառնիկին, որից գումար է վերցրել, բայց մարել է: Քանի որ իրեն հարմար չէր լինում աշխատանքի պատճառով, գումարը տվել է եղբոր որդուն՝ Գևորգ Մկրտչյանին, որպեսզի վերջինս տաներ և տար այդ գումարը պարտատիրոջը: Գիտի, որ իր քույրը տոկոսով գումար էր վերցրել Գառնիկից (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64)․
16) Գևորգ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մի հորաքույրը՝ Օֆիկը, գումար է տվել իրեն, որպեսզի ինքը վճարի մյուս հորաքրոջ՝ տոկոսով վերցրած պարտքը: Իր հորաքույրը գումարը վերցրել էր Գառնիկից, բայց իրենք վճարում էին Գառնիկի հորը՝ Գևորգին (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կեղծ և շինծու գործարքների առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. որո՞նք են կեղծ և շինծու գործարքներին բնորոշ հատկանիշները, և որ հարցերն են ենթակա պարզման գործարքի շինծու կամ կեղծ լինելու փաստը հաստատված համարելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ շինծու գործարքի առաջին բնորոշ հատկանիշը կողմերի դիտավորությունն է դրանով քողարկելու այլ գործարքից տարբերվող, նրանց միջև իրականում ծագած հարաբերությունները:
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի, Եվգինյա Բղդոյանի և երրորդ անձ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման գործերով ապացուցման առարկան, մասնավորապես, կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի, Սարգիս և Հայկազ Առաքելյանների և Քնարիկ Մարտիրոսյանն, Սարգիս և Հայկազ Առաքելյաններն ընդդեմ Նունյա Առաքելյանի՝ թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։
Անդրադառնալով շինծու գործարքը կնքողների կամքին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում չի կարող այդ գործարքը գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս, Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
Անդրադառնալով կեղծ գործարքի էությանը և առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն՝ նույն որոշմամբ բացահայտելով նաև «կամք» և «կամահայտնություն» հասկացությունների բովանդակությունը (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Թիվ ԵՇԴ/1788/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի՝ վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչվելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով՝ անկախ նման ճանաչումից: Միաժամանակ, օրենսդիրը, որպես առոչինչ գործարքների տեսակ, նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով՝ բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք՝ քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած՝ կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց՝ գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (տե՛ս, Վահե Հովսեփյանն ընդդեմ Կարեն Թամամյանի և Էդուարդ Երիցյանի թիվ ԵՇԴ/1788/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է կեղծ գործարքի տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու նման գործարքի առկայությունը՝
1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ՝ պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):
2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ՝ կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:
3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը՝ կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակն իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան (տե՛ս, նաև Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Դիմելով Դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2004 թվականին, 29.06.2005 թվականին, ինչպես նաև 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:
Դատարանի 01.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: 11.11.2004 և 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը Դատարանի կողմից համարվել են շինծու գործարքներ հետևյալ հիմնավորմամբ.
«Սույն գործով Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվոր Անահիտ Արամայիսի Մկրտչյանը բոլոր պայմանագրերի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հայց ներկայացնելու համար հանդիսանում է շահագրգիռ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի, 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել են Ռաֆիկ Հովսեփյանի, Անահիտ Մկրտչյանի, փոքրահասակ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի օրինական ներկայացուցիչ ծնողների՝ Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի արդյունքում, ներկայացվել է նաև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ:
(…)
Տվյալ դեպքում օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքներն առկա են՝ նկատի ունենալով, որ ինչպես 21.11.2004թ. կնքված, այնպես էլ 29.06.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագրերը ստացել են նոտարական վավերացում և դրանց հիման վրա ծագած իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:
Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների, գործին մասնակցող անձի ցուցմունքի, վկաներ Ռուզաննա Ադամյանի, Գեղամ Մկրտչյանի, Օֆիկ Մկրտչյանի, Գևորգ Մկրտչյանի ցուցմունքների համակցության մեջ գնահատումից հետևում է, որ գումարային խնդիրներից ելնելով հայցվոր Անահիտ Մկրտչյանը ծանոթացել է Աշոտ Հակոբյանի հետ, որից ստացել է 4.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ վերջինիս դիմաց գրավադրվել է անշարժ գույքը, սակայն նոտարական գրասենյակում Ռաֆիկ Հովսեփյանի, Անահիտ Մկրտչյանի, փոքրահասակ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի օրինական ներկայացուցիչ ծնողների՝ Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի և Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Այնուհետև նշված գումարն Աշոտ Հակոբյանին վերադարձնելու նպատակով ծանոթացել են Գառնիկ Ալեքյանի հետ: Կրկին անգամ գրավադրվել է անշարժ գույքը, սակայն նոտարական գրասենյակում Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի միջև կնքվել է վիճելի հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ պայմանագրի մեջ գին նշելով 5.500.000 ՀՀ դրամ գումարը: Գրավի դիմաց գումար վերցնելու ցանկության հանգամանքը հաստատվում է նաև «Գինդ» շաբաթաթերթի հայտարարություններից, որում, ըստ էության, նշվել է, որ Առինջում գտնվող առանձնատան գրավի դիմաց կվերցնեն 6.000.000 ՀՀ դրամի վարկ:
(…)
Վկաների ցուցմունքներից, սույն քաղաքացիական գործում առկա նյութերից հետևում է, որ ինչպես հայցվորի, այնպես էլ սույն գործով վկաներ Գեղամ Մկրտչյանի, Օֆիկ Մկրտչյանի, Գևորգ Մկրտչյանի կողմից նշված գումարի վերադարձման նպատակով մաս-մաս՝ առձեռն կամ բանկային փոխանցման միջոցով, Գևորգ Ալեքյանին, Անժելա Ալեքյանին (նկատի ունենալով, որ Գառնիկ Գևորգի Ալեքյանը մահացել է 15.05.2007թ. ընդհանուր փոխանցվել է՝ 3.670.000 ՀՀ դրամ, որը հաստատվում է գործում առկա ապացույցներով:
(…)
Բացի այդ հարկ է նշել, որ վիճելի հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը կնքելիս անշարժ գույքը չի հանձնվել պայմանագրերում նշված գնորդներին՝ անշարժ գույքը մնալով հայցվոր կողմի օգտագործման և տիրապետման տակ: Նշված հանգամանքը հաստատվում է նաև ՀՀ Առինջի գյուղապետարանի կողմից 27.09.2014թ. թիվ 722 տեղեկանքով, որի համաձայն՝ Անահիտ Արամայիսի Մկրտչյանը 1994թ. մինչ օրս իր դստեր՝ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի (ծնվ.՝ 1995թ.¤ հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փղկ. թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը և գույքահարկի գծով վարձավճարները 2005թ., 2006թ., և 2007թ. համար մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից: Ավելին, հարկ է նշվել, որ Գառնիկ Ալեքյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի բնօրինակը գտնվել է Անահիտ Մկրտչյանի մոտ»:
Դատարանը 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարել է կեղծ գործարք հետևյալ հիմնավորմամբ.
«Անդրադառնալով 30.07.2013թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին, ապա սույն քաղաքացիական գործով ձեռք բերված փաստերի համաձայն՝ վաճառողներ Անժելա Մկրտիչի Ալեքյանի, Գևորգ Ռուբենի Ալեքյանի, որը նաև լիազորագրով գործում է Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից, և Լարիսա Յուրիի Կոլոբովայի, որը լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից միջև 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցված գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1. կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 հասցեի անշարժ գույքը: Վաճառվող անշարժ գույքը բաղկացած է 354,85քմ մակերեսից և 0,065հա սեփական հողից: Նույն պայմանագրի 2. կետի համաձայն՝ նշված անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Մկրտիչի Ալեքյանին, Գևորգ Ռուբենի Ալեքյանին, Գայանե Օնիկի Ալեքյանին, Կարինե Գառնիկի Ալեքյանին, Մարիամ Գառնիկի Ալեքյանին՝ համաձայն 2500751 սեփականության վկայականի, տրված 29.01.2008 թ.:
(…)
Համադրելով սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցներից, վերոնշյալ հաստատված փաստերից և եզրահանգումներից, ցուցմունքների համակցության մեջ գնահատումից հետևում է, որ կողմերը գիտակցել են, որ անշարժ գույքն իրականում չի հանդիսանում իրենց սեփականությունը, որը ստանձնած պարտավորության ապահովման միջոց է հանդիսացել: Կողմերի վարքագիծը ևս դրսևորվել է անգործությամբ: Կողմերի համար գործարքով չեն առաջացել սեփականատիրոջ իրավազորությունները, վերջինս ձեռք է բերել գույք, սակայն չի ընդունել այն, երբևէ չի կատարել սեփականատիրոջ իր պարտավորությունները: Ինչ վերաբերում է վարձակալական հարաբերություններին, ապա արդեն իսկ վերը հաստատվել է նշված հարաբերությունների բացակայությունը: Անժելա Ալեքյանը, Գևորգ Ալեքյանը, ընդունելով փոխառությամբ վերցրած գումարի վճարումները, ըստ էության, ընդունել են իրական փոխհարաբերությունների առկայությունը: Ավելին, փոխառությամբ վերցրած գումարի մասի վերադարձի մեկի ժամանակ Ալիսա Ալեքյանը ներկա է եղել՝ առաջարկելով նշված անշարժ գույքը գրանցել իր անվամբ: Գործի փաստերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ գործարքի կողմերի մոտակա նպատակը եղել է առուծախի տպավորություն ստեղծելը, որի համար և պայմանագիր է կնքվել, որը նոտարական վավերացում է ստացել: Ալիսա Ալեքյանի իրավունքն է գրանցվել, սակայն կողմերի իրական՝ հեռահար նպատակը, ոչ թե առուծախն է, այլ հայցվոր կողմին իր գույքից զրկելը»:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումները` կապված 11.11.2004 թվականին և 26.06.2005 թվականին կնքված առուվաճառքի գործարքները շինծու ճանաչելու և հայցն այդ մասով բավարարելու վերաբերյալ` անհիմն են, քանի որ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերը վավերացվել են օրենքի պահանջներին համապատասխան, որևէ այլ գործարք կողմերը նկատի չեն ունեցել վիճելի գործարքները կնքելիս, պայմանագրերով նախատեսված դրույթներով պայմանավորված` դրանց կողմերի կողմից իրականացվել են համապատասխան գործողություններ, պայմանագրերը դրանք ստորագրողների իրական կամքն են արտահայտել: Վերաքննիչ դատարանը տվյալ եզրահանգման է եկել հայցվորի կողմից հակառակն ապացուցելու համար իր փաստարկները հիմնավորող ապացույցներ ներկայացված չլինելու հիմքով:
Անդրադառնալով 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ կեղծ գործարքի առկայությունը որոշելիս Դատարանը պետք է բացահայտեր կեղծ գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար, կեղծ գործարքի բացակայությունը և/կամ առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում Դատարանը պարտավոր էր բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց՝ պարզելու համար կեղծ գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու՝ գործարքի կողմերի, ներքին կամքի բացակայությունը, գործարքի երկու կողմերի դիտավորությունը՝ ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները՝ կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը՝ կեղծ գործարքի մյուս հատկանիշների համատեքստում: Ուստի, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում՝ կեղծ գործարքի վերոնշյալ պայմանների առկայությունը պարզելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Գառնիկ Ալեքյանի մահից հետո բացված ժառանգությանը, նրա ժառանգական զանգվածի մեջ ներառված` սույն քաղաքացիական գործով վիճելի գործարքների առարկա հանդիսացող գույքի մասով հանգուցյալի ժառանգների ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, և համապատասխանաբար, այդ գույքի մասով նրանց սեփականության իրավունքը դադարեցնելու մասին Դատարանի եզրահանգումներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճահարույց պարագայում` Դատարանը, առանց վերը հիշատակված` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու և այդ մասով անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի առկայության, դրանք անվավեր է ճանաչել որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից սույն դեպքում, թույլ է տրվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, քանի որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու համար Դատարանը պետք է առնվազն դրա վերաբերյալ առանձին պահանջ ունենար, որը սույն դեպքում չի եղել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի վճիռն այս մասով ևս ենթակա է բեկանման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվում են հետևյալ երեք պայմանագրերը`
Ա. Մի կողմից՝ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի, Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի՝ որպես վաճառողների, իսկ մյուս կողմից՝ Աշոտ Հակոբյանի՝ որպես գնորդի միջև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
Բ. Մի կողմից՝ Աշոտ Հակոբյանի՝ որպես վաճառողի, իսկ մյուս կողմից՝ Գառնիկ Ալեքյանի՝ որպես գնորդի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
Գ. Մի կողմից՝ Անժելա Ալեքյանի և Գևորգ Ալեքյանի (լիազորագրով գործում է նաև Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից)՝ որպես վաճառողների, իսկ մյուս կողմից՝ Լարիսա Յուրիի Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից)՝ որպես գնորդի, միջև 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Ա) Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերը թվարկված գործարքներից առաջինին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 26.02.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռուզան Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ի սկզբանե Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանն այնպիսի վիճակում էին և որ ամեն կերպ պատրաստ էին գումար գտնել, բայց վաճառքի մասին իր մոտ ընդհանրապես խոսք չի եղել, գրավի մասին է եղել խոսակցություն, այսինքն՝ այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանը գրավ դնեն իրենց գույքը: Ինքը խորհուրդ է տվել Անահիտ Մկրտչյանին օգտվել «Գինդ» թերթից, և նա սկսել է որոնումները: Այնուհետև, ինքը նրանց տանն է եղել, երբ մի բարձրահասակ տղամարդ է եկել: Բարձրահասակ անձը գույքն ուսումնասիրել է և ասել, որ ինքն այդ գույքը չի ուզում գնել, Անահիտ Մկրտչյանին և Ռաֆիկ Հովսեփյանին գումար կտա, նրանց կօգնի: Անահիտ Մկրտչյանն այդ մարդուն ասել է, որ իրենց գումար է հարկավոր և իրենք չեն վաճառում այդ գույքը, այսինքն՝ նպատակը եղել է գույքը գրավ դնելը, իսկ թե երկրորդ մարդուն վաճառել են այդ գույքը, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ: Իր մոտ քննարկվել է միայն գրավ, բայց նրանց գործարքը երևի վաճառքով են պայմանավորվել անել:
Գեղամ Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Ինքը ճանաչում է Գևորգ, Գառնիկ և Անժելա Ալեքյաններին: Հայտնել է, որ տեղյակ է Աշոտ Հակոբյանի հետ կնքված գործարքի մասին: Ռուզան Ադամյանը բերել է Աշոտին, պայմանավորվածություն են ձեռք բերել 4․000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ: Նոտարական գրասենյակում Աշոտը տվել է 4․000 ԱՄՆ դոլար: Տունը գրանցել են Աշոտ Հակոբյանի անունով այն պայմանով, որ իրենք Աշոտի գումարը վերադարձնեն Աշոտ Հակոբյանն էլ տունը վերադարձնի: Ո՛չ Աշոտ Հակոբյանի, ո՛չ էլ Գառնիկ Ալեքյանի և նրա բարեկամների հետ վարձակալության խնդիր չի եղել:
Փոքրահասակ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի օրինական ներկայացուցիչ ծնողներ, ընդհանուր համատեղ սեփականատերեր և վաճառողներ Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի, առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել 349,45քմ մակերեսով անշարժ գույք բնակելի տուն և 0,065հա մակերեսով տնամերձ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Նշված պայմանագիրը վավերացվել է Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից (գրանցամատյանում թիվ 3798 համարի տակ գրանցված):
Բնակելի տունը և տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողներին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 19.12.2003 թվականին տրված թիվ 1379757 (կադաստրային համարները՝ 07-011-001-054, 001-054-001) սեփականության իրավունքի գրանցման վկայականի:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 16.11.2004 թվականին տրված թիվ 1204159 սեփականության իրավունքի գրանցման վկայականի (ծածկագիր՝ 07011-001-054)՝ բնակելի տունը, շինությունը և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հակոբյանին:
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը և տնամերձ հողամասը վաճառվել է 4.000.000 ՀՀ դրամով։
Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից:
Վկայակոչված ցուցմունքների և ապացույցների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի, Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի պայմանագիրը՝
1. կնքված է օրենքի պահանջների պահպանմամբ, այսինքն՝ վավերացված է նոտարի կողմից, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում,
2. հայցվորը՝ Անահիտ Մկրտչյանը, իրավունք ունի վիճարկելու նշված պայմանագիրը, այսինքն՝ տվյալ գույքի նկատմամբ ունենալով իր օրինական ակնկալիքները՝ Անահիտ Մկրտչյանը համարվում է շահագրգիռ անձ,
3. գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունն ուղղված է եղել փոխառության և գրավի պայմանագրերի կնքմանը, հաշվի առնելով վկաների կողմից տրված ցուցմունքներն առ այն, որ ի սկզբանե և՛ «գնորդի», և՛ «վաճառողների» կամքն ուղղված է եղել որոշակի տոկոսով գումար տալուն և վերցնելուն, ինչպես նաև տրված գումարի կապակցությամբ ծագող պարտավորություններն անշարժ գույքով ապահովելուն, հաշվի առնելով նաև սույն գործով հաստատված այն փաստը, որ վարձակալության պայմանագրի բացակայության պայմաններում՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից:
4. իրականում առկա են եղել պայմանագրում նշված իրավահարաբերություններից (առուվաճառքի կապակցությամբ ծագող)՝ տարբերվող իրական այլ իրավահարաբերություններ՝ փոխառությունից և գրավից բխող:
Ուստի, հաշվի առնելով վերը կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի հետևություններն առ այն, որ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի, Ռաֆիկ Հովսեփյանի և Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու է, որպիսի իրավաչափ հետևությունն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Բ) Անդրադառնալով վերը թվարկված գործարքներից երկրորդին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 26.02.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռուզաննա Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ի սկզբանե Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանն այնպիսի վիճակում էին և որ ամեն կերպ պատրաստ էին գումար գտնել, բայց վաճառքի մասին իր մոտ ընդհանրապես խոսք չի եղել, գրավի մասին է եղել խոսակցություն, այսինքն՝ այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանը գրավ դնեն իրենց գույքը: Ինքը խորհուրդ է տվել Անահիտ Մկրտչյանին օգտվել «Գինդ» թերթից, և նա սկսել է որոնումները: Այնուհետև, ինքը նրանց տանն է եղել, երբ մի բարձրահասակ տղամարդ է եկել: Բարձրահասակ անձը գույքն ուսումնասիրել է և ասել, որ ինքն այդ գույքը չի ուզում գնել, Անահիտ Մկրտչյանին և Ռաֆիկ Հովսեփյանին գումար կտա, նրանց կօգնի: Անահիտ Մկրտչյանն այդ մարդուն ասել է, որ իրենց գումար է հարկավոր և իրենք չեն վաճառում այդ գույքը, այսինքն՝ նպատակը եղել է գույքը գրավ դնելը, իսկ թե երկրորդ մարդուն վաճառել են այդ գույքը, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ: Իր մոտ քննարկվել է միայն գրավ, բայց նրանց գործարքը երևի վաճառքով են պայմանավորվել անել:
Գեղամ Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Ինքը ճանաչում է Գևորգ, Գառնիկ և Անժելա Ալեքյաններին: Տեղյակ է Աշոտ Հակոբյանի հետ կնքված գործարքի մասին: Եկել է Ռուզան Ադամյանը, իրենք խոսել են, ասել են, որ գումար է պետք (արդեն գիտեին, որ այդ գործով է զբաղվում): Ռուզան Ադամյանն ասել է, որ ինքը երաշխավորում է՝ նրանց տունը նրանցից չեն վերցնի: Այնուհետև Ռուզան Ադամյանը բերել է Աշոտին, պայմանավորվածություն են ձեռք բերել 4․000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ: Նոտարական գրասենյակում Աշոտը տվել է 4․000 ԱՄՆ դոլար, որից 400 ԱՄՆ դոլարը Ռուզան Ադամյանը վերցրել է որպես իր միջնորդավճար: Տունը գրանցել են Աշոտ Հակոբյանի անունով այն պայմանով, որ իրենք Աշոտի գումարը վերադարձնեն Աշոտ Հակոբյանն էլ տունը վերադարձնի: Իր քույրը 3-4 ամիս հետո նորից դիմել է Ռուզան Ադամյանին ցածր տոկոսով գումար գտնելու համար: Վերջինս շատ շուտ բերել է Գառնիկին, և Գառնիկը 4 տոկոսով գումար է տվել: Ռուզան Ադամյանն ասել է, որ Գառնիկից վերցնեն գումար Աշոտի գումարը տան, իսկ տունն Աշոտից վերցնեն և տան Գառնիկին՝ արդեն պարտքը մարելով Գառնիկի հանդեպ: Սկսել են Գառնիկ Ալեքյանի տոկոսները տալ, իսկ ընթացքում Գառնիկը մահացել է: Գառնիկի մահից հետո իր տղան՝ Գևորգ Մկրտչյանը տարել և գումար է տվել Գևորգ Ալեքյանին: Վարձի հետ կապված խոսակցություն չի եղել։ Իրենք վարձակալ չեն եղել: Իրենք տուն չեն վաճառել ու գնել, որ վարձակալ լինեին: Գումարն ամեն ամիս վճարել են իրենք: Ինքն էլ է տարել և տվել Գևորգ Ալեքյանին և Անժելային: Անժելան ևս տեղյակ է եղել: Իրենք վճարել են նրանց տված գումարը: Ո՛չ Աշոտ Հակոբյանի, ո՛չ էլ նրանց հետ վարձակալության խնդիր չի եղել: Ալիսային մի անգամ է տեսել, Ալիսայի և Գեղամի հոր՝ Գևորգի մոտ: Ալիսան իր և նրա հոր ներկայությամբ այդ օրն ասել է իր հորը, թե ինչու իր հայրը՝ Գևորգը, ընկել և խնդրում նրանց: Նրանց տունը թող իր հայրը՝ Գևորգը, գրանցի իր՝ Ալիսայի անունով, որից հետո կտեսնի, թե ինքը՝ Ալիսան, նրանց ինչ վիճակի կբերի:
Նույն նիստի ժամանակ Օֆիկ Մկրտչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Իր քրոջ ամուսինն առողջական վատ վիճակում էր, և գումարի կարիք կար, ինքն էլ իր կողմից օգնել է իր քրոջը՝ իր 80.000 ՀՀ դրամ աշխատավարձն ամեն ամիս տալով իր քրոջ պարտքի մարման համար: Ճանաչում է Գառնիկին, որից գումար է վերցրել, բայց մարել է: Քանի որ իրեն հարմար չէր լինում աշխատանքի պատճառով, գումարը տվել է եղբոր որդուն՝ Գևորգ Մկրտչյանին, որպեսզի վերջինս տաներ և տար այդ գումարը պարտատիրոջը: Գիտի, որ իր քույրը տոկոսով գումար էր վերցրել Գառնիկից:
Գևորգ Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մի հորաքույրը՝ Օֆիկը, գումար է տվել իրեն, որպեսզի ինքը վճարի մյուս հորաքրոջ՝ տոկոսով վերցրած պարտքը: Հորաքույրը գումարը վերցրել էր Գառնիկից, բայց իրենք վճարում էին Գառնիկի հորը՝ Գևորգին:
23.08.2009 թվականի «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Գևորգ Ալեքյանը Ջեմմա Մկրտչյանից (գործով անվիճելի փաստ է, կողմերը չեն վիճարկել և ընդունել են, որ Ջեմմա Մկրտչյանը նույն ինքն Անահիտ Մկրտչյանն է) 28.03.2008 թվականից մինչև 23.08.2009 թվականը մաս-մաս ստացել է 1.300.000 ՀՀ դրամ: Նույն ստացականի համաձայն՝ 21.10.2009 թվականին, 24.11.2009 թվականին, 03.05.2010 թվականին, 14.11.2011 թվականին, 10.09.2012 թվականին Անժելան Ջեմայից ստացել է համապատասխանաբար 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 210.000 ՀՀ դրամ (70.000 + 140.000), 670.000 ՀՀ դրամ և 360.000 ՀՀ դրամ:
09.10.2012 թվականի, 05.11.2012 թվականի, 07.12.2012 թվականի, 04.02.2013 թվականի, 04.03.2013 թվականի, 05.04.2013 թվականի, 03.05.2013 թվականի, 05.06.2013 թվականի, 10.06.2013 թվականի, 11.06.2013 թվականի և 02.08.2013 թվականի վճարման հանձնարարականներով Գևորգ և Օֆիկ Մկրտչյանների կողմից Գևորգ Ալեքյանին է փոխանցվել համապատասխանաբար 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 90.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 70.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ:
Վաճառող Աշոտ Հակոբյանի և գնորդ Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել անշարժ գույք՝ բնակելի տուն, շինություն և բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Նշված գործարքը վավերացվել է Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից (գրանցամատյանում թիվ 2665 համարի տակ գրանցված):
Բնակելի տունը, շինությունը և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի տարածքային ստորաբաժանման կողմից 16.11.2004 թվականին տրված թիվ 1204159 սեփականության իրավունքի գրանցման վկայականի (ծածկագիր՝ 07011-001-054):
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը, շինությունը, և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը վաճառվում է 5.500.000 ՀՀ դրամով:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 01.07.2005 թվականին տրված թիվ 1506637 սեփականության իրավունքի գրանցման վկայականի՝ Կոտայքի մարզ, գ.Առինջ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Գառնիկ Ալեքյանի սեփականության իրավունքը:
Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից:
Վկայակոչված ցուցմունքների և ապացույցների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ.
1. Աշոտ Հակոբյանի և գնորդ Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի պայմանագիրը կնքված է օրենքի պահանջների պահպանմամբ, այսինքն՝ վավերացված է նոտարի կողմից, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում,
2. հայցվորը՝ Անահիտ Մկրտչյանը, իրավունք ունի վիճարկելու նշված պայմանագիրը, այսինքն՝ տվյալ գույքի նկատմամբ ունենալով իր օրինական ակնկալիքները՝ Անահիտ Մկրտչյանը համարվում է շահագրգիռ անձ,
3. գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունն ուղղված է եղել փոխառության և գրավի պայմանագրերի կնքմանը՝ հաշվի առնելով վկաների կողմից տրված ցուցմունքներն առ այն, որ ի սկզբանե և՛ «գնորդի», և՛ «վաճառողների» կամքն ուղղված է եղել որոշակի տոկոսով գումար տալուն և վերցնելուն, ինչպես նաև տրված գումարի կապակցությամբ ծագող պարտավորություններն անշարժ գույքով ապահովելուն, հաշվի առնելով նաև սույն գործով հաստատված այն փաստը, որ վարձակալության պայմանագրի բացակայության պայմաններում Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից:
4. իրականում առկա են եղել պայմանագրում նշված իրավահարաբերություններից (առուվաճառքի կապակցությամբ ծագող)՝ տարբերվող իրական այլ իրավահարաբերություններ՝ փոխառությունից և գրավից բխող:
Ավելին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Անահիտ Մկրտչյանի և Ռաֆիկ Հովսեփյանի, այնպես էլ Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի իրական կամարտահայտության մասին է վկայում նաև վերոնշյալ անձանց միջև 29.06.2005 թվականին ստորագրված գրավի պայմանագիր վերտառությամբ փաստաթուղթը, որը, սակայն, որպես քաղաքացիաիրավական պայմանագիր չի համապատասխանում օրենքի պահանջներին (վավերացված չէ նոտարի կողմից, գրավի իրավունքի պետական գրանցումը բացակայում է): Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստաթղթի ուսումնասիրությունից հետևում է, որ չնայած Աշոտ Հակոբյանի կողմից վեճի առարկա գույքը վաճառվել էր Գառնիկ Ալեքյանին՝ Աշոտ Հակոբյանը և Գառնիկ Ալեքյանը, փաստորեն, տվյալ փաստաթուղթը կազմելով, ընդունել են, որ Անահիտ Մկրտչյանը և Ռաֆիկ Հովսեփյանը դեռևս կապված են վեճի առարկա գույքի հետ: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին անգամ Անահիտ Մկրտչյանի և Ռաֆիկ Հովսեփյանի կողմից Աշոտ Հակոբյանին գույքը վաճառված լինելու պայմաններում՝ Գառնիկ Ալեքյանի մոտ Աշոտ Հակոբյանին արդեն պատկանող վեճի առարկա գույքը գրավ դնելիս Անահիտ Մկրտչյանի և Ռաֆիկ Հովսեփյանի մասնակցությունը և համաձայնությունն այլևս անհրաժեշտ չէր կարող լինել: Մինչդեռ, ինչպես պարզ է դառնում նշված փաստաթղթի ուսումնասիրությունից՝ Անահիտ Մկրտչյանը և Ռաֆիկ Հովսեփյանը ևս մասնակցել են գրավի պայմանագիր վերտառությամբ փաստաթղթի կազմմանը և ստորագրմանը, ինչը նշանակում է, որ Գառնիկ Ալեքյանը և Աշոտ Հակոբյանը ընդունել են, որ Անահիտ Մկրտչյանը և Ռաֆիկ Հովսեփյանը շարունակում են լինել կապված տվյալ գույքի հետ և որ վերջիններս դեռևս ունեն օրինական ակնկալիքներ:
Այսպիսով, հաշվի առնելով վերը կատարված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի հետևություններն առ այն, որ Աշոտ Հակոբյանի և գնորդ Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը շինծու է, որպիսի իրավաչափ հետևությունն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Գ) Անդրադառնալով վերը թվարկված գործարքներից երրորդին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում հայտնած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ գործարքի բնորոշ հատկանիշներից է այն, որ կողմերը ձգտում են պատշաճ իրականացնելով օրենքից բխող՝ տվյալ գործարքին վերաբերող բոլոր պահանջները ճիշտ կերպով ձևակերպել իրենց միջև կնքվող գործարքը՝ իրականում չունենալով մտադրություն առաջացնելու իրավական հետևանքներ: Այլ կերպ ասած՝ կողմերը թեև կնքում են գործարք, սակայն գիտակցում են այդ գործարքից ծագող հետևանքներն իրականում չառաջանալու հանգամանքները: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել օրենսդրի կողմից կեղծ գործարքի հասկացությունը սահմանելիս կիրառված «մտադրություն» արտահայտությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով կեղծ գործարքի հասկացությունը, գործարքներին նման որակում տալու հարցում կարևորել է հենց գործարքի կողմերի մտադրությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կեղծ գործարքների դեպքում իրավական հետևանքների առաջացումը չի բացառվում, այսինքն՝ ձևական առումով կեղծ գործարքից ծագող իրավական հետևանքները կարող են և առաջանալ (օրինակ, գործարքից բխող իրավունքների պետական գրանցման արդյունքում կեղծ գործարքի հիման վրա ծագում է կեղծ գործարքի կողմի սեփականության իրավունքը), սակայն ձևական առումով առաջացած այդ իրավական հետևանքները չեն համապատասխանում կողմերի իրական մտադրությանը, պայմանավորված չեն դրանով: Այլ խոսքերով՝ օրենսդիրը գործարքը կեղծ գնահատելու հարցում հատկապես արժևորել է այն հանգամանքը, որ թեև կողմերը կարող են իրենց գործողություններով ձևականորեն առաջացնել քննարկվող ենթադրյալ կեղծ գործարքից ծագող իրավական հետևանքներ, սակայն նրանց ներքին վերաբերմունքն այլ է եղել տվյալ գործարքի նկատմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ գործարքի նպատակն այլ անձանց մոտ օրինական գործարք կնքված լինելու տպավորություն ստեղծելն է, քանի որ նման գործարք կնքելու արդյունքում կողմերի համար այդ գործարքից բխող փաստական հետևանքներ չեն առաջանում:
23.08.2009 թվականի «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Գևորգ Ալեքյանը Ջեմմա Մկրտչյանից (գործով անվիճելի փաստ է, կողմերը չեն վիճարկել և ընդունել են, որ Ջեմմա Մկրտչյանը նույն ինքն Անահիտ Մկրտչյանն է) 28.03.2008 թվականից մինչև 23.08.2009 թվականը մաս-մաս ստացել է 1.300.000 ՀՀ դրամ: Նույն ստացականի համաձայն՝ 21.10.2009 թվականին, 24.11.2009 թվականին, 03.05.2010 թվականին, 14.11.2011 թվականին, 10.09.2012 թվականին Անժելան Ջեմայից ստացել է համապատասխանաբար 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 210.000 ՀՀ դրամ (70.000 + 140.000), 670.000 ՀՀ դրամ և 360.000 ՀՀ դրամ:
09.10.2012 թվականի, 05.11.2012 թվականի, 07.12.2012 թվականի, 04.02.2013 թվականի, 04.03.2013 թվականի, 05.04.2013 թվականի, 03.05.2013 թվականի, 05.06.2013 թվականի, 10.06.2013 թվականի, 11.06.2013 թվականի և 02.08.2013 թվականի վճարման հանձնարարականներով Գևորգ և Օֆիկ Մկրտչյանների կողմից Գևորգ Ալեքյանին է փոխանցվել համապատասխանաբար 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 90.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 70.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ:
Գեղամ Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գառնիկի մահից հետո իր տղան՝ Գևորգ Մկրտչյանը, տարել և գումար է տվել Գևորգ Ալեքյանին: Գառնիկ Ալեքյանից տոկոս վերցրած գումարի մարմանն ուղղված գումարն ինքը ևս տարել է և տվել Գևորգ Ալեքյանին և Անժելային: Անժելան նույնպես տեղյակ է եղել իրենց՝ տոկոսով գումար վերցրած լինելու վերաբերյալ: Իրենք վճարել են Գառնիկ Ալեքյանի կողմից տված գումարը: Ո՛չ Աշոտ Հակոբյանի, ո՛չ էլ Գեղամի ու նրա հարազատների հետ վարձակալության խնդիր չի եղել: Ալիսային մի անգամ է տեսել, Ալիսայի և Գեղամի հոր՝ Գևորգի մոտ: Ալիսան հոր և իր ներկայությամբ այդ օրն ասել է իր հորը, թե ինչու է իր հայրը՝ Գևորգը, ընկել և խնդրում նրանց: Նրանց տունը թող իր հայրը՝ Գևորգը, գրանցի իր՝ Ալիսայի անունով, որից հետո կտեսնի, թե ինքը՝ Ալիսան, նրանց ինչ վիճակի կբերի:
30.07.2013 թվականին մի կողմից՝ Անժելա Մկրտիչի Ալեքյանի և Գևորգ Ռուբենի Ալեքյանի (լիազորագրով գործում է նաև Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից)՝ որպես վաճառողների, իսկ մյուս կողմից՝ Լարիսա Յուրիի Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից)՝ որպես գնորդի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Նշված պայմանագիրը վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված):
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 24.08.2013 թվականին տրված թիվ 24082013-07-0002 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի՝ 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ալիսա Գևորգի Ալեքյանի սեփականության իրավունքը:
Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից:
Ելնելով վերը վկայակոչված ապացույցներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1. 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի օբյեկտն իրականում եղել են այն իրավահարաբերությունները, որոնցից կողմերը ցանկացել են խուսափել, այսինքն՝ կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Մասնավորապես՝ ելնելով այն հանգամանքից, որ Գևորգ Ալեքյանը և Անժելա Ալեքյանը ընդունել են Անահիտ Մկրտչյանից, ինչպես և վերջինիս անունից նրա բարեկամների կողմից տրված վճարումները, վեճի առարկա գույքը դրա նախկին անվանական սեփականատերերը՝ Գառնիկ Ալեքյանի ժառանգները, չեն հանձնել, իսկ նոր անվանական սեփականատերը՝ Ալիսա Ալեքյանը, չի ընդունել, Անահիտ Մկրտչյանը դեռևս շարունակում է բնակվել վեճի առարկա հանդիսացող տանը, ինչպես նաև ելնելով սույն գործով վկաների կողմից տրված ցուցմունքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործարքը կնքելով կողմերը փորձել են խուսափել իրական իրավահարաբերություններից, այն է՝ գրավից և փոխառությունից՝ այդ կերպով իրավական խոչընդոտ ստեղծելով գույքի իրական սեփականատիրոջ՝ Անահիտ Մկրտչյանի համար:
2. Օբյեկտիվ կողմից30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով կողմերը չեն իրականացրել համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար: Մասնավորապես՝ վեճի առարկա գույքի նախկին անվանական սեփականատերերը՝ Գառնիկ Ալեքյանի ժառանգները, չեն հանձնել, իսկ նոր անվանական սեփականատերը՝ Ալիսա Ալեքյանը, չի ընդունել այն, իսկ Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.07.2013 թվականի պայմանագրի կողմերն իրականում դրսևորել են անգործություն՝ չիրականացնելով համապատասխան գործողություններ գործարքի իրական հետևանքների առաջացման համար:
3. Հաշվի առնելով այն, որ Գևորգ Ալեքյանը և Անժելա Ալեքյանը ընդունել են Անահիտ Մկրտչյանից, ինչպես և վերջինիս անունից նրա բարեկամների կողմից տրված վճարումները, ինչպես նաև այն, որ համաձայն սույն գործում առկա ցուցմունքների՝ Ալիսա Ալեքյանը ևս տեղյակ է եղել տոկոսով տրված գումարի և վեճի առարկա գույքի հետ կապված հարցերից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի կողմերը դիտավորյալ ստեղծել են առուվաճառքի պայմանագրի առկայության պատրանք՝ հաշվի առնելով նաև այն, որ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ առանց՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու վերաբերյալ առանձին պահանջի առկայության Դատարանի կողմից անվավեր չէին կարող ճանաչվել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Անահիտ Մկրտչյանի կողմից ներկայացվել է հայց, որտեղ, ի թիվս այլնի, ներկայացվել է նաև հետևյալ պահանջը. «մասնակիորեն՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով, անվավեր ճանաչել Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը»: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցվորի պահանջի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի վերը վկայակոչված դատողությունն անհիմն էր:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվել են կեղծ գործարքի տարրերը, որպիսի պայմաններում վաճառողներ Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյանների և գնորդ Ալիսա Ալեքյանի միջև 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի վերաբերյալ Դատարանի կողմից կատարվել են իրավաչափ եզրահանգումներ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի դեմ Ալիսա Ալեքյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, արձանագրում է, որ սույն գործով ներկայացված հայցով Դատարանին են ներկայացվել 3 հիմնական պահանջ, իսկ հակընդդեմ հայցով 1 պահանջ, ուստի սկզբնական հայցով պատասխանող Ալիսա Ալեքյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 17.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար նախապես վճարվել է 20.000 ՀՀ դրամ, և 80.000 ՀՀ դրամ` որպես Անահիտ Մկրտչյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 30.07.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2018 թվականի վճռին:
2. Ալիսա Ալեքյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար և Վերաքննիչ դատարանի 17.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար և 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար և Վճռաբեկ դատարանի 30.07.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
18․12․2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/4156/02/14 քաղաքացիական գործով 18․12․2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 18
․12․2020 թվականին քննելով Անահիտ Մկրտչյանի ներկայացուցիչներ Զարուհի Մկրտչյանի և Գևորգ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2018 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Անահիտ Մկրտչյանի ընդդեմ Աշոտ Հակոբյանի, Գևորգ Ալեքյանի, Անժելա Ալեքյանի իրավահաջորդ Գևորգ Ալեքյանի, Գայանե Ալեքյանի, Կարինե Ալեքյանի, Մարիամ Ալեքյանի, Ալիսա Ալեքյանի` պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու և ըստ հակընդդեմ հայցի Ալիսա Ալեքյանի ընդդեմ Անահիտ Մկրտչյանի, Ռաֆայել Հովսեփյանի, Մարիամ Հովսեփյանի, Խաթուն Հովհաննիսյանի, Գոռ Հովսեփյանի, Համլետ Հովսեփյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և բնակարանից վտարելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13․12․2018 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2018 թվականի վճռին։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ս․ Անտոնյանս, Ա․ Բարսեղյանս, Տ․ Պետրոսյանս, Էդ․ Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2004 թվականին, 29.06.2005 թվականին, ինչպես նաև 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:
Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվորը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Անահիտ Մկրտչյանի, Ռաֆիկ Հովսեփյանի, Մարիամ Մկրտչյանի, Խաթուն Հովհաննիսյանի, Գոռ Հովսեփյանի, Համլետ Հովսեփյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և բնակարանից վտարելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2018 թվականի վճռով հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ հայցը բավարարվել մասնակիորեն: Մասնավորապես վճռվել է կիրառել գործարքի անվավերության հետևանքներ 11.11.2004 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի և 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրերի՝ որպես առոչինչ գործարքների նկատմամբ, անվավեր ճանաչել Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, մասնակիորեն՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով, անվավեր ճանաչել Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակիորեն՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի մասով, անվավեր ճանաչել Գայանե Օնիկի Ալեքյանին տրված սեփականության իրավունքի վկայականը, մասնակիորեն անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի հիման վրա՝ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի նկատմամբ 29.01.2008 թվականին կատարված Գևորգ, Անժելա, Գայանե, Կարինե և Մարիամ Ալեքյանների իրավունքների պետական գրանցումները, որպես 30.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի, անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 30.07.2013 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ալիսա Ալեքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել 24.08.2013 թվականին կատարված Ալիսա Ալեքյանի սեփականության իրավունքի պետական վերագրանցումը, Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեի անշարժ գույքը ճանաչել որպես գրավի առարկա` ի ապահովումն Գառնիկ Ալեքյանի կողմից Անահիտ Արամայիսի Մկրտչյանին որպես փոխառության հանձնված 1.830.000 (մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամի վերադարձելիության երաշխիք, հայցը մնացած մասով մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2018 թվականի որոշմամբ Ալիսա Ալեքյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 01.06.2018 թվականի վճիռը մասնակի՝ հայցապահանջը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու, համապատասխանաբար նաև դատական ծախսերի մասերով, բեկանվել և փոփոխվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է Անահիտ Մկրտչյանի հայցն ընդդեմ Աշոտ Հակոբյանի, Գևորգ Ալեքյանի, Անժելա Ալեքյանի իրավահաջորդ Գևորգ Ալեքյանի, Գայանե Ալեքյանի, Կարինե Ալեքյանի, Մարիամ Ալեքյանի, Ալիսա Ալեքյանի` պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, մերժել, իսկ Ալիսա Ալեքյանի հակընդդեմ հայցը բավարարել՝ Անահիտ Մկրտչյանին, Ռաֆայել Հովսեփյանին, Մարիամ Հովսեփյանին, Խաթուն Հովհաննիսյանին, Գոռ Հովսեփյանին, Համլետ Հովսեփյանին վտարել Ալիսա Ալեքյանի սեփականությունը հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեից: Հայցը մերժելու մասով վճիռը թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ Մկրտչյանի ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալիսա Ալեքյանի ներկայացուցիչ Սոնա Գուլքանյանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 66-րդ հոդվածները, 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 379-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա են կողմերի իրական կամքը բացահայտող բավարար ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ Գառնիկ Ալեքյանի իրական կամքն ուղղված է եղել ոչ թե գույքը գնելուն, այլ այն գրավ վերցնելուն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ օրենքի պահանջներին համապատասխան կնքված գործարքի առկայությունը ոչ միայն չի բացառում տվյալ գործարքի անվավեր ճանաչումը, այլ ընդհակառակը՝ հանդիսանում է տվյալ գործարքի անվավեր ճանաչման հայցով ապացուցման ենթակա փաստ, որպիսի իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 08.05.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/1299/02/11 որոշմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրակացրել է, որ Դատարանն ապացույցների գնահատման հարցում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտում, ինչը հանգեցրել է կողմերի ներկայացրած ապացույցների ընդունման կամայական վերաբերմունքի: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործով ներկայացված ապացույցները, իրավացիորեն եզրահանգել է, որ Ալիսա Ալեքյանը բնակելի տունը գնել է ոչ թե հայցվոր կողմին իր գույքից զրկելու, այլ հենց իր համար գույք ձեռք բերելու նպատակով:
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը կատարել է գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ճիշտ է գնահատել դրանք ու արդյունքում կայացրել է հիմնավորված և պատճառաբանված որոշում:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
Փոքրահասակ Մարիամ Ռաֆիկի Հովսեփյանի օրինական ներկայացուցիչ ծնողներ, ընդհանուր համատեղ սեփականատերեր և վաճառողներ Ռաֆիկ Հովսեփյանի, Անահիտ Մկրտչյանի և գնորդ Աշոտ Հակոբյանի միջև 11.11.2004 թվականին կնքված և Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 3798 համարի տակ գրանցված) անշարժ գույքի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի, առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել 349,45քմ մակերեսով անշարժ գույք բնակելի տուն և 0,065հա մակերեսով տնամերձ հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Բնակելի տունը և տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են վաճառողներին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 19.12.2003 թվականին տրված թիվ 1379757 (կադաստրային համարները՝ 07-011-001-054, 001-054-001) սեփականության իրավունքի գրանցման վկայականի:
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը և տնամերձ հողամասը վաճառվել է 4.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 14-15)․
2) Վաճառող Աշոտ Հակոբյանի և գնորդ Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված և Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 2665 համարի տակ գրանցված) անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել անշարժ գույք՝ բնակելի տուն, շինություն և բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Անշարժ գույքի նկարագիրը՝ բնակելի տուն՝ 349,45քմ մակերես, կաթսայատուն՝ 5,4քմ, և 0,065հա մակերեսով բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս:
Բնակելի տունը, շինությունը և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին՝ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 16.11.2004 թվականին տրված թիվ 1204159 սեփականության իրավունքի գրանցման վկայականի (ծածկագիր՝ 07011-001-054):
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ բնակելի տունը, շինությունը, և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասը վաճառվում է 5.500.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 17-18)․
3) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 01.07.2005 թվականին տրված թիվ 1506637 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Աշոտ Հակոբյանի և Գառնիկ Ալեքյանի միջև 29.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի՝ բնակելի տան, շինության և բնակավայրի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է Գառնիկ Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-24)․
4) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 14.01.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Գառնիկ Գևորգի Ալեքյանի (մահացած 15.05.2007 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում հավասար բաժիններով՝ Գևորգ Ռուբենի Ալեքյանը, Անժելա Մկրտիչի Ալեքյանը, Գայանե Օնիկի Ալեքյանը, Կարինե Գառնիկի Ալեքյանը, Մարիամ Գառնիկի Ալեքյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, ի թիվս այլոց, բաղկացած է նաև՝ ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 349,45քմ բնակելի տնից, 5,4քմ կաթսայատնից և 0,065քմ տնամերձ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 01.07.2005 թվականին տրված 2084581 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 26-27)․
5) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 14.01.2008 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Գայանե Օնիկի Ալեքյանը, որը հանդիսանում է Գառնիկ Գևորգի Ալեքյանի, մահացած՝ 15.05.2007 թվականին, ամուսինը սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր գույքը, որի համար տրված է վկայագիրը, ի թիվս այլնի, բաղկացած է ՀՀ Կոտայքի մարզ, Առինջ գյուղում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 349,45քմ բնակելի տնից, 5,4քմ կաթսայատնից և 0,065քմ տնամերձ հողամասից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 01.07.2005 թվականին տրված 2084581 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 28-29)․
6) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ 2500751 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ սեփականության իրավունքի վկայագրի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա՝ Կոտայքի մարզ, գ. Առինջ, 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 1 բնակելի տան և հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Գևորգ Ռուբենի Ալեքյանի, Անժելա Մկրտիչի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Կարինե Գառնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30-31)․
7) Անժելա Մկրտիչի Ալեքյանի և Գևորգ Ռուբենի Ալեքյանի (լիազորագրով գործում է նաև Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից)՝ որպես վաճառողների, և Լարիսա Յուրիի Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից)՝ որպես գնորդի, միջև 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողները վաճառել են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 հասցեի անշարժ գույքը: Վաճառվող անշարժ գույքը բաղկացած է 354,85քմ մակերեսից և 0,065հա սեփական հողից:
Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ նշված անշարժ գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Մկրտիչի Ալեքյանին, Գևորգ Ռուբենի Ալեքյանին, Գայանե Օնիկի Ալեքյանին, Կարինե Գառնիկի Ալեքյանին, Մարիամ Գառնիկի Ալեքյանին՝ համաձայն 2500751 սեփականության վկայականի, տրված 29.01.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 32-33)․
8) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից 24.08.2013 թվականին տրված թիվ 24082013-07-0002 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի՝ 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Կոտայքի մարզ, Առինջ համայնք 4-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ալիսա Գևորգի Ալեքյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 34)․
9) Գառնիկ Ալեքյանը մի կողմից և Աշոտ Հակոբյանը, Ռաֆիկ Հովսեփյանը, Ջեմմա Մկրտչյանը մյուս կողմից 29.06.2005 թվականին ստորագրել են գրավի պայմանագիր վերտառությամբ փաստաթուղթ, համաձայն որի՝ Աշոտ Հակոբյանը, Ռաֆիկ Հովսեփյանը և Ջեմմա Մկրտչյանը Գառնիկ Ալեքյանին գրավ են հանձնել Առինջ գյուղում գտնվող տունը մեկ տարի ժամկետով, իսկ Գառնիկ Ալեքյանը պարտավորվել է այդ ընթացքում տան օտարման հետ կապված ոչ մի գործարք չկատարել: Նշված գրավի պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացման չի ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ. 25)․
10) 23.08.2009 թվականի «Ստացական» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ Գևորգ Ալեքյանը Ջեմմա Մկրտչյանից 28.03.2008 թվականից մինչև 23.08.2009 թվականը մաս-մաս ստացել է 1.530.000 ՀՀ դրամ:
Նույն ստացականի համաձայն՝ 20.09.2009 թվականին, 21.10.2009 թվականին, 24.11.2009 թվականին, 03.05.2010 թվականին, 14.11.2011 թվականին, 10.09.2012 թվականին Անժելան Ջեմայից ստացել է համապատասխանաբար 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ, 210.000 ՀՀ դրամ (70.000 + 140.000), 670.000 ՀՀ դրամ և 360.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 48-49)․
11) 09.10.2012 թվականի, 05.11.2012 թվականի, 07.12.2012 թվականի, 04.02.2013 թվականի, 04.03.2013 թվականի, 05.04.2013 թվականի, 03.05.2013 թվականի, 05.06.2013 թվականի, 10.06.2013 թվականի, 11.06.2013 թվականի և 02.08.2013 թվականի վճարման հանձնարարականներով Անահիտ Մկրտչյանի եղբորորդու՝ Գևորգ Մկրտչյանի, և Անահիտ Մկրտչյանի քրոջ՝ Օֆիկ Մկրտչյանի, կողմից Գևորգ Ալեքյանին է փոխանցվել համապատասխանաբար 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 90.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ, 70.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 80.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 36-40)․
12) Առինջ համայնքի գյուղապետարանի կողմից 27.09.2014 թվականին տրված թիվ 722 տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Մկրտչյանը 1994 թվականից մինչև օրս դստեր՝ Մարիամ Հովսեփյանի հետ փաստացի բնակվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող սեփական բնակելի տանը, և գույքահարկի գծով վարձավճարները մուծվել են հանգուցյալ (նշված հանգամանքը չի վիճարկվում) ամուսնու՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 43)․
13) Ռուզաննա Ադամյանը Դատարանում 26.02.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ի սկզբանե Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանն այնպիսի վիճակում էին, որ ամեն կերպ պատրաստ էին գումար գտնել, բայց վաճառքի մասին իր մոտ ընդհանրապես խոսք չի եղել: Խոսակցություն է եղել գրավի մասին, այսինքն՝ այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն ու Ռաֆիկ Հովսեփյանը գրավ կդնեն իրենց գույքը: Ինքը նրանց տանն է եղել, երբ մի բարձրահասակ տղամարդ է եկել: Այդ մարդուն տեսել է մի անգամ և անունը չի հիշում: Բարձրահասակ անձը գույքը նայել է և ասել, որ ինքն այդ գույքը չի ուզում գնել, Անահիտ Մկրտչյանին և Ռաֆիկ Հովսեփյանին գումար կտա, նրանց կօգնի: Անահիտ Մկրտչյանն այդ մարդուն ասել է, որ իրենց գումար է հարկավոր և իրենք չեն վաճառում այդ գույքը, այսինքն՝ նպատակը եղել է գույքը գրավ դնելը, իսկ թե երկրորդ մարդուն վաճառել են այդ գույքը, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ: Բարձրահասակ մարդուն, եթե չի սխալվում, Ջեմման գտել է «Գինդ» թերթով: «Գինդ» թերթ վերցնելն իր խորհուրդն է եղել: Նրանք շատ վատ վիճակում էին: Նրանք այդ գույքի վաճառքի հայտարարություն չեն տվել. ինքն այդպիսի բանի չի հանդիպել, բայց եթե հասներ այդ աստիճանի, որ գումար չգտնեին, պատրաստ էին նաև վաճառելու. այդ աստիճանի շատ վատ վիճակում էին: Դա եղել է վերջին օրը, որ ինքը նրանց տուն է գնացել: Բարձրահասակ մարդու հետ այլ մարդ չկար. մենակ էր: Իր մոտ քննարկվել է միայն գրավ, բայց նրանք գործարքը երևի վաճառքով են պայմանավորվել անել: Այնուհետև ընդհարում է տեղի ունեցել իրենց միջև, և կապը խզվել է (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 76-78 )․
14) Գեղամ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Ինքը ճանաչում է Գևորգ, Գառնիկ և Անժելա Ալեքյաններին: Տեղյակ է Աշոտ Հակոբյանի հետ կնքված գործարքի մասին: Ավելին՝ գործին ամենից շատ տեղյակ է եղել ինքը: Իր քույրը դիմել է ընկերուհուն, ում ինքը՝ Գեղամը, ճանաչել է որպես Լիլիկ, որի ամուսինն էր Խաչիկը: Եկել է Ռուզան Ադամյանը, իրենք խոսել են, ասել են, որ գումար է պետք (արդեն գիտեին, որ այդ գործով է զբաղվում): Ռուզան Ադամյանն ասել է, որ ինքը երաշխավորում է, որ նրանց տունը նրանցից չեն վերցնի: Այնուհետև Ռուզան Ադամյանը բերել է Աշոտին և պայմանավորվածություն են ձեռք բերել 4․000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ: Նոտարական գրասենյակում Աշոտը տվել է 4․000 ԱՄՆ դոլար, որից 400 ԱՄՆ դոլարը Ռուզան Ադամյանը վերցրել է որպես իր միջնորդավճար: Տունը գրանցել են Աշոտ Հակոբյանի անունով այն պայմանով, որ իրենք Աշոտի գումարը վերադարձնեն, Աշոտ Հակոբյանն էլ տունը վերադարձնի: Իր քույրը 3-4 ամիս հետո նորից դիմել է Ռուզան Ադամյանին ցածր տոկոսով գումար գտնելու համար: Վերջինս շատ շուտ բերել է Գառնիկին, և Գառնիկը 4 տոկոսով գումար է տվել: Ռուզան Ադամյանն ասել է, որ Գառնիկից վերցնեն գումար, Աշոտի գումարը տան, իսկ տունն Աշոտից վերցնեն և տան Գառնիկին՝ արդեն պարտքը մարելով Գառնիկի հանդեպ: Սկսել են Գառնիկ Ալեքյանի տոկոսները տալ, իսկ ընթացքում Գառնիկը մահացել է: Գառնիկի մահից հետո իր տղան՝ Գևորգ Մկրտչյանը, տարել և գումար է տվել Գևորգ Ալեքյանին: Վարձի հետ կապված խոսակցություն չի եղել: Իրենք վարձակալ չեն եղել: Իրենք տուն չեն վաճառել ու գնել, որ վարձակալ լինեին: Գումարն ամեն ամիս վճարել են իրենք: Գառնիկ Ալեքյանից տոկոս վերցրած գումարի մարմանն ուղղված գումարն ինքը ևս տարել է և տվել Գևորգ Ալեքյանին և Անժելային: Անժելան ևս տեղյակ է եղել մեր՝ տոկոսով գումար վերցրած լինելու վերաբերյալ: Իրենք վճարել են Գառնիկ Ալեքյանի կողմից տված գումարը: Ո՛չ Աշոտ Հակոբյանի, ո՛չ էլ Գեղամի ու նրա հարազատների հետ վարձակալության խնդիր չի եղել: Ալիսային մի անգամ է տեսել, Ալիսայի և Գառնիկի հոր՝ Գևորգի մոտ: Ալիսան իր և նրա հոր ներկայությամբ այդ օրն ասել է իր հորը, թե ինչու է իր հայրը՝ Գևորգը, ընկել և խնդրում նրանց: Նրանց տունը թող իր հայրը՝ Գևորգը, գրանցի իր՝ Ալիսայի անունով, որից հետո կտեսնի, թե ինքը՝ Ալիսան, նրանց ինչ վիճակի կբերի (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64)․
15) Օֆիկ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Անահիտ Մկրտչյանն իր քույրն է: Իր քրոջ ամուսինն առողջական վատ վիճակում էր, և գումարի կարիք կար, ինքն էլ իր կողմից օգնել է իր քրոջը՝ իր 80.000 ՀՀ դրամ աշխատավարձն ամեն ամիս տալով իր քրոջ պարտքի մարման համար: Ճանաչում է Գառնիկին, որից գումար է վերցրել, բայց մարել է: Քանի որ իրեն հարմար չէր լինում աշխատանքի պատճառով, գումարը տվել է եղբոր որդուն՝ Գևորգ Մկրտչյանին, որպեսզի վերջինս տաներ և տար այդ գումարը պարտատիրոջը: Գիտի, որ իր քույրը տոկոսով գումար էր վերցրել Գառնիկից (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64)․
16) Գևորգ Մկրտչյանը Դատարանում 06.04.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մի հորաքույրը՝ Օֆիկը, գումար է տվել իրեն, որպեսզի ինքը վճարի մյուս հորաքրոջ՝ տոկոսով վերցրած պարտքը: Իր հորաքույրը գումարը վերցրել էր Գառնիկից, բայց իրենք վճարում էին Գառնիկի հորը՝ Գևորգին (դատական նիստի արձանագրություն և դատական նիստերի արձանագրության կրիչ, հատոր 5-րդ, գ.թ. 116-118, հատոր 6-րդ, գ.թ. 64):
Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու և ժառանգների միջև 2013թ․ կնքված առուվաճառքի գործարքը կեղծ դիտելու պատճառաբանությունները չեն բխում քաղաքացիական գործի նյութերից։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կեղծ և շինծու գործարքների առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. որո՞նք են կեղծ և շինծու գործարքներին բնորոշ հատկանիշները, և որ հարցերն են ենթակա պարզման գործարքի շինծու կամ կեղծ լինելու փաստը հաստատված համարելու համար:
Վճռաբեկ դատարանը վերահաստատելով կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները և դրանք կիրառելի համարելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13․12․2018 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2018 թվականի վճռին։
Մինչդեռ գործի նյութերը թույլ չեն տալիս հաստատված համարելու փաստական հանգամանքների այն կազմը, որը թույլ կտար հայցն ամբողջությամբ բավարարելու մասին դատական ակտ կայացնել։
Մասնավորապես․
1․ առաջին ատյանի դատարանի վճռով հաստատված հանգամանքներից բոլորովին չի երևում, թե պատասխանողներից Գ․ Ալեքյանի կողմից ստացված գումարները վերաբերում են հայցվորների կողմից փոխառության գումարի, թե դրա տոկոսների վճարմանը, մինչդեռ վկաների կողմից տրված ցուցմունքներով հաստատվում է Ա․ Հակոբյանի և Գ․ Ալեքյանի կողմից պատասխանողներին տոկոսով տրված փոխառության հանգամանքի մասին։ Նման պայմաններում առաջին ատյանի դատարանի կողմից փոխառության գումարի չվերադարձված և վերադարձման ենթակա գումարի չափի մասին հաստատված հանգամանքը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ապացուցման կանոններին համապատասխան դիտվել հաստատված փաստ։ Վերոգրյալը թույլ է տալիս եզրահանգելու որ փոխառության և գրավի իրավահարաբերության համար էական հանգամանք հանդիսացող պայմանի գումարի չափը հաստատված չլինելու պայմաններում չէր կարող ուժ տրվել առաջին ատյանի դատարանի դատական ակտին և շինծու գործարքների մասով նոր քննության անհրաժեշտություն կա։
2․ Ժառանգության իրավունքի վկայագրերի մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու համար Դատարանը պետք է առնվազն դրա վերաբերյալ առանձին պահանջ ունենար, որը սույն դեպքում չի եղել:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ այս մասով արձանագրվել է նման հայցապահանջի առկայությունը և համապատասխանաբար վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալը։
Մինչդեռ հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել նման եզրահանգման, քանի որ ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումում փաստական և իրավական հիմքեր նշված չեն, հետևաբար անվավերության պահանջը ներկայացվել է որպես շինծու գործարքի հետևանք, այսինքն՝ ածանցյալ պահանջ։
Նման պայմաններում առաջին ատյանի դատարանի եզրահանգումները ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու վերաբերյալ հակասում են վճռաբեկ դատարանի կողմից շինծու և կեղծ գործարքների առնչությամբ հաստատված փաստական հանգամանքներին, քանի որ ժառանգության ընդունման իրավահարաբերություններով որևէ այլ իրավահարաբերություն չի քողարկվել, չի փոխարինվել և ժառանգություն ընդունողները այլ բան ի նկատի չեն ունեցել։Այս դեպքում ժառանգության իրավունքի վկայագրերի վիճարկման իրավական հիմքերի բացակայությունը չի նկատվել ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի կողմից։
3․ Գործի փաստական հանգամանքներից և վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից /այդ թվում նաև սույն որոշմամբ վերահաստատված/չի բխում նաև Անժելա Մկրտիչի Ալեքյանի և Գևորգ Ռուբենի Ալեքյանի (լիազորագրով գործում է նաև Կարինե Գառնիկի Ալեքյանի, Գայանե Օնիկի Ալեքյանի, Մարիամ Գառնիկի Ալեքյանի անունից)՝ որպես վաճառողների, և Լարիսա Յուրիի Կոլոբովայի (լիազորագրով գործում է Ալիսա Գևորգի Ալեքյանի անունից)՝ որպես գնորդի, միջև 30.07.2013 թվականին կնքված և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված (գրանցամատյանում թիվ 4287 համարի տակ գրանցված) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կեղծ ճանաչելը։
Նշված պայմանագրով բաժնային սեփականության մասնակիցները բաժնային սեփականությունում իրենց բաժինններն օտարել են Ալիսա Գևորգի Ալեքյանին։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված գործարքը կնքելով կողմերը փորձել են խուսափել իրական իրավահարաբերություններից, այն է՝ գրավից և փոխառությունից՝ այդ կերպով իրավական խոչընդոտ ստեղծելով գույքի իրական սեփականատիրոջ՝ Անահիտ Մկրտչյանի համար:
Մինչդեռ վերը նշված հատկանիշը՝ գործարքով մեկ այլ գործարք քողարկելը, ըստ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների բնութագրում է շինծու գործարքները և այս վերլուծության արդյունքում այս գործարքը չէր կարող կեղծ դիտվել։
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոքը ենթակա էր բավարարման մասնակի՝
Վերաքննիչ բողոքը կարող էր բավարարվել միայն 2004թ և 2005թ․ գործարքները շինծու ճանաչելու և այս մասերով գործը ենթակա էր ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու, իսկ ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու և 2013թ․ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասերով վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: