Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-1-Ն-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2021
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-1-Ն-2

2021 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-57-Ն-11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյան

 

 2021թ. հունվարի 14

ք. Երևան

 

Հավելված 1

 Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի հունվարի 14-ի

թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման

 

«Հավելված 2

 Բարձրագույն դատական խորհրդի

 2020 թ. օգոստոսի 31-ի

թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով հաստատվում է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման անցկացման կարգը։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձինք (այսուհետ՝ Հավակնորդներ) անցնում են հոգեբանական թեստավորում (այսուհետ՝ Թեստավորում)՝ սույն հավելվածով հաստատված կարգով։

3. Թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

4. Թեստավորման գործընթացին ներգրավված անձինք պարտավոր են չհրապարակել (երրորդ անձանց առջև չբացահայտել) Թեստավորման գործընթացին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ միջոցներ ձեռնարկել հոգեբանական թեստերի հարցերի գաղտնիությունն ապահովելու նպատակով։

5. Թեստավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նախատեսված հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում։

6. Թեստավորման համար ներկայանալու օրը, ժամը և վայրը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)։

7. Թեստավորման համար ներկայանալու օրվա, ժամի և վայրի մասին հայտարարությունը Խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի կողմից հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում՝ Թեստավորման օրվանից առնվազն 10 օր առաջ:

8. Թեստավորման համար ներկայանալու օրվա, ժամի և վայրի մասին Դատական դեպարտամենտը Թեստավորման օրվանից առնվազն 5 օր առաջ իրազեկում է Հավակնորդին՝ ուղարկելով նաև էլեկտրոնային ծանուցում նրա՝ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

9. Յուրաքանչյուր Հավակնորդ նախապես հայտարարված ժամին անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է Թեստավորման անցկացման վայր։

10. Ներկայացած Հավակնորդների ինքնության ստուգումն ու գրանցումն իրականացնում է Դատական դեպարտամենտի՝ Խորհրդի կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ՝ Լիազոր ներկայացուցիչ) և նրա կողմից լիազորված Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները։

11. Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած Հավակնորդի մուտքը հոգեբանական թեստավորման սենյակ (այսուհետ՝ Թեստավորման սենյակ) արգելվում է:

12. Թեստավորումն իրականացվում է, և Թեստավորման արդյունքը ստացվում է նախապես մշակված էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով։ Ծրագրի մեջ ներառված հոգեբանական թեստերի ընտրությունը կատարում է Խորհուրդը։

13. Նախքան Թեստավորման օրը, Լիազոր ներկայացուցիչը Ծրագրով մուտք է գործում իր օգտահաշիվ և ստեղծում է նոր քննական սեսիա՝ մուտքագրելով դրա համար պահանջվող տվյալները, ներառյալ՝

1) քննական սեսիայի հնգանիշ իդենտիֆիկացիոն համարը,

2) քննական սեսիայի անվանումը, որը պետք է ներառի Թեստավորման տարին, ամիսը և ամսաթիվը,

3) նշում առ այն, որ Թեստավորումն իրականացվում է Խորհրդի կողմից,

4) Լիազոր ներկայացուցչի անունը և ազգանունը,

5) այլ անհրաժեշտ տվյալներ։

Նախքան Թեստավորման օրը, Լիազոր ներկայացուցիչը կատարում է նաև Թեստավորման բնականոն անցկացման համար անհրաժեշտ այլ գործողությունները։

14. Թեստավորման սենյակում Թեստավորման ընթացքը կազմակերպում են Լիազոր ներկայացուցիչը և նրա կողմից լիազորված Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները, որոնք կրում են անվանաքարտ։ Անվանաքարտը պետք է համապատասխանաբար պարունակի՝

1) «Բարձրագույն դատական խորհրդի լիազոր ներկայացուցիչ» կամ «Դատական դեպարտամենտ» բառերը,

2) անվանաքարտը կրողի անունը և լուսանկարը,

3) Լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և Դատական դեպարտամենտի կնիքը։

15. Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներին լիազորելիս Լիազոր ներկայացուցիչը պարտավոր է ներկայացուցիչների կազմում ապահովել երկու սեռերի ներկայացվածությունը՝ սույն կարգի 55-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով։

16. Լիազոր ներկայացուցչի կողմից լիազորված անձանցից առնվազն մեկը պետք է խորությամբ տիրապետի Ծրագրին և ունենա անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ Թեստավորման ընթացքում ծագելիք հնարավոր տեխնիկական խնդիրների վերացման համար (այսուհետ՝ Տեխնիկական հարցերով մասնագետ)։ Տեխնիկական հարցերով մասնագետը Թեստավորման ողջ ընթացքում գտնվում է Թեստավորման սենյակում, Հավակնորդի ցանկությամբ (պահանջով) նրան աջակցում է Ծրագրի միջավայրում առանձին գործողությունների կատարման (օգտահաշիվների ստեղծում և այլն) հարցում և պատասխանում է Ծրագրի կապակցությամբ Հավակնորդների կողմից տրված տեխնիկական բնույթի հարցերին։

17. Թեստավորման գործընթացին սույն կարգով նախատեսված եղանակներով մասնակցում է (են) Խորհրդի որոշմամբ ընտրված հոգեբան(ներ)ը, ով(քեր) նախքան Թեստավորման օրը Խորհրդին ներկայացնում է (են) իր(ենց) կողմից ստորագրված համապատասխան հայտարարություն(ներ)՝ Թեստավորման ընթացքում ստացված տեղեկատվությունը և թեստերի արդյունքները չբացահայտելու պարտավորության և սույն կարգի դրույթները պահպանելու պարտավորության մասին։ Խորհրդի կողմից ընտրված հոգեբանը (իսկ Խորհրդի կողմից մի քանի հոգեբաններ ընտրվելու դեպքում՝ հոգեբաններից մեկը) պետք է ներկա լինի Թեստավորման սենյակում:

18. Թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ Դիտորդ):

19. Հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։

20. Դիտորդի կարգավիճակը հավաստելու նպատակով նրան տրվում է անվանաքարտ, որը պետք է պարունակի՝

1) «ԴԻՏՈՐԴ» բառը,

2) Դիտորդի անունը և լուսանկարը,

3) այն մարմնի կամ կազմակերպության անվանումը, որի ներկայացուցիչն է Դիտորդը,

4) Լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և Դատական դեպարտամենտի կնիքը:

21. Դատական դեպարտամենտը Թեստավորման սենյակում Դիտորդների համար առանձնացնում է հատված, որտեղ տեղադրվում են Դիտորդների քանակին համապատասխան աթոռներ։ Դիտորդները պարտավոր են Թեստավորման ընթացքին հետևել այնպես, որ չխաթարվի դրա բնականոն ընթացքը։

22. Դիտորդն իրավունք ունի՝

1) ներկա գտնվել անմիջականորեն Թեստավորման սենյակում և հետևել Թեստավորման ընթացքին,

2) Լիազոր ներկայացուցչին ներկայացնել իր դիտողությունները և առաջարկությունները Թեստավորման գործընթացի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,

3) կատարել սույն կարգով նախատեսված այլ գործողություններ:

23. Դիտորդն իրավունք չունի խոչընդոտել Թեստավորման բնականոն ընթացքը, այդ թվում՝ առանց Լիազոր ներկայացուցչի թույլտվության փաստաթղթեր կամ այլ նյութեր վերցնել։ Թեստավորման սենյակի տարածքում Դիտորդն իրավունք չունի օգտվել հեռահաղորդակցման սարքերից, համակարգչից կամ բջջային հեռախոսից։

24. Բացի սույն կարգով նախատեսված անձանցից՝ այլ անձանց արգելվում է ներկա գտնվել Թեստավորման սենյակում։

25. Թեստավորումն սկսվելու պահից մինչև դրա ավարտի պահը Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձինք պարտավոր են Թեստավորումը չավարտած Հավակնորդներից պահպանել ողջամիտ հեռավորություն և չհաղորդակցվել նրանց հետ։

26. Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձինք կարող են մոտենալ Թեստավորումը չավարտած Հավակնորդին և հաղորդակցվել նրա հետ միայն սույն կարգով սահմանված դեպքերում կամ ողջամտորեն անհրաժեշտ իրավիճակներում։

27. Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձանց արգելվում է լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ որևէ եղանակով հեռարձակել Թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը։

28. Թեստավորման ողջ ընթացքը տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից: Այդ տեսաձայնագրման կրիչը Հավակնորդի հետ կապված վեճի դեպքում համարվելու է թույլատրելի ապացույց:

29. Դատական դեպարտամենտն ապահովում է Թեստավորման ամբողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը Թեստավորման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ Թեստավորման ընթացքին կարող է հետևել ցանկացած անձ՝ առանց տեսաձայնագրելու կամ առցանց հեռարձակելու իրավունքի (հնարավորության):

30. Նախքան Թեստավորումը սկսվելը.

1) Յուրաքանչյուր գրանցված Հավակնորդ զբաղեցնում է իր համար նախընտրելի գրասեղանը՝ ըստ գրանցման առաջնահերթության (գրասեղանները պետք է դասավորված լինեն այնպես, որ Հավակնորդը չկարողանա տեսնել այլ Հավակնորդների պատասխանները)։

2) Հավակնորդներին տրամադրվում է համակարգիչ և խմելու ջուր։

3) Լիազոր ներկայացուցիչը Հավակնորդներին համառոտ պարզաբանում է Թեստավորման գործընթացը, այդ թվում՝ Թեստավորման տևողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կարգի 34-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ, 52-ից 56-րդ, 60-րդ և 61-րդ կետերը։

4) Տեխնիկական հարցերով մասնագետը Հավակնորդներին բացատրում է Ծրագրի միջավայրում առանձին գործողությունների (օգտահաշիվների ստեղծում և այլն) կատարման կարգը։

5) Հավակնորդն ինքնուրույնաբար կամ Տեխնիկական հարցերով մասնագետի օգնությամբ գրանցվում է Ծրագրում՝ ստեղծելով համապատասխան օգտահաշիվ։ Օգտահաշվի ստեղծման համար Հավակնորդը պետք է մուտքագրի իր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, սեռը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը։ Օգտահաշվի ստեղծման համար Հավակնորդը պետք է նաև որոշի իր համար նախընտրելի գաղտնաբառ և հաստատի այն։

6) Հավակնորդը Ծրագրի միջոցով հաստատում է հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Մասնակցելով հոգեբանական թեստավորմանը՝ ես համաձայն եմ, որպեսզի 1) ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը և վերջինիս կողմից ընտրված հոգեբան(ներ)ը ստանան իմ հոգեբանական թեստավորման արդյունքները, հոգեբանական թեստերի հարցերին իմ կողմից տրված պատասխանները և իմ կողմից մուտքագրված անձնական տվյալները, 2) իմ կողմից տրամադրված անձնական տվյալներն օգտագործվեն և մշակվեն հոգեբանական թեստավորման գործընթացին ներգրավված անձանց կողմից՝ հոգեբանական թեստավորման նպատակների սահմաններում։ Գիտակցում եմ, որ համաձայնությունը չտրվելու դեպքում ես չեմ կարող մասնակցել հոգեբանական թեստավորմանը և կհամարվեմ հոգեբանական թեստավորմանը չմասնակցած»։

7) Հավակնորդն ինքնուրույնաբար կամ Տեխնիկական հարցերով մասնագետի օգնությամբ մուտք է գործում իր օգտահաշիվ՝ օգտագործելով իր կողմից մատնանշված էլեկտրոնային փոստի հասցեն և իր կողմից որոշված գաղտնաբառը։ Օգտահաշիվ մուտք գործելիս Հավակնորդն ընտրում (նշում) է «Մնալ համակարգում» վանդակը։

8) Խորհրդի կողմից ընտրված հոգեբանը (իսկ Խորհրդի կողմից մի քանի հոգեբաններ ընտրված լինելու դեպքում՝ հոգեբաններից մեկը) Հավակնորդներին ներկայացնում է Ծրագրում ներառված հոգեբանական թեստերի էությունը և դրանց հարցերին պատասխանելու հիմնական սկզբունքներն ու կարգը։

9) Լիազոր ներկայացուցիչը հավաստիանում է, որ Թեստավորման սենյակում չկան Հավակնորդների ուշադրությունը շեղող պատկերներ, գույներ, ձայներ, հոտեր կամ այլ հանգամանքներ։

10) Լիազոր ներկայացուցիչը հավաստիանում է, որ Թեստավորման սենյակում գտնվող բոլոր Հավակնորդները գրանցվել են Ծրագրում և մուտք են գործել իրենց օգտահաշիվներ։

31. Լիազոր ներկայացուցիչը բոլոր գրանցված Հավակնորդներին Ծրագրի միջոցով ներառում է համապատասխան քննական սեսիայում և Ծրագրի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով սկսում է Թեստավորումը՝ Հավակնորդներին հայտարարելով այդ մասին։ Թեստավորման ժամանակը սկսվում է հաշվարկվել այդ պահից, և այդ պահից սկսած՝ Հավակնորդները կարող են պատասխանել հոգեբանական թեստերի հարցերին։

32. Լիազոր ներկայացուցչի կողմից Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո Խորհրդի կողմից ընտրված հոգեբանը հեռանում է Թեստավորման սենյակից։

33. Լիազոր ներկայացուցչի կողմից Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո ներկայացած Հավակնորդի մուտքը Թեստավորման սենյակ արգելվում է:

34. Թեստավորման տևողությունը սահմանվում է 4 ժամ: Հավակնորդի անձի կամ Թեստավորման ընթացքի հետ կապված արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Լիազոր ներկայացուցիչը, կազմելով համապատասխան արձանագրություն, այդ հանգամանքների տևողության չափով երկարաձգում է Թեստավորման համար նախատեսված ժամկետը բոլոր կամ առանձին Հավակնորդների համար:

35. Յուրաքանչյուր հոգեբանական թեստի մասով Ծրագիրը Հավակնորդին ցույց է տալիս, թե մոտավորապես որքան ժամանակում է տվյալ հոգեբանական թեստը հանձնվում։ Ծրագրում նշված ժամաքանակները Հավակնորդի համար ունեն միայն կողմնորոշիչ նշանակություն, սակայն Հավակնորդի կողմից դրանց պահպանումը պարտադիր չէ։

36. Հավակնորդը Ծրագրի միջոցով պատասխանում է հոգեբանական թեստերի հարցերին՝ հետևելով Ծրագրի ընդհանուր և համապատասխան թեստի նկարագրության բաժնում ամրագրված կոնկրետ ցուցումներին։

37. Ծրագրում ներառված յուրաքանչյուր հոգեբանական թեստի բոլոր հարցերին պատասխանելուց հետո Հավակնորդը սեղմում է «Ավարտել թեստը» կոճակը և հաստատում է տվյալ հոգեբանական թեստի ավարտը։ Դրանից հետո Հավակնորդն այլևս չի կարող տեսնել կամ փոփոխել իր կողմից տվյալ հոգեբանական թեստի հարցերին տրված պատասխանները։

38. Թեստավորման ընթացքում Ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներ առաջանալու կամ Ծրագրում իր կողմից մուտքագրված անձնական տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում Հավակնորդն այդ մասին տեղյակ է պահում Լիազոր ներկայացուցչին՝ առանց Թեստավորման բնականոն ընթացքը խաթարելու։ Տեխնիկական խնդիրները լուծվում են Տեխնիկական հարցերով մասնագետի կողմից։ Տեխնիկական խնդիրների վերացումից հետո Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն։ Հավակնորդին տրամադրվում է տեխնիկական խնդիրների վերացման գործընթացի տևողությանը հավասար լրացուցիչ ժամանակ, ինչի մասին նշվում է կազմված արձանագրության մեջ։

39․ Ինտերնետ հասանելիությունը Թեստավորման սենյակում ապահովվում է միայն այնքանով, որքանով որ դա անհրաժեշտ է Թեստավորման բնականոն իրականացման համար։

40. Ծրագրում ներառված բոլոր հոգեբանական թեստերն ավարտելուց կամ Թեստավորման համար նախատեսված ժամաքանակն ավարտվելուց հետո (անկախ այն հանգամանքից, թե Հավակնորդը քանի հոգեբանական թեստ է ավարտել) Հավակնորդն անմիջապես դադարեցնում է հոգեբանական թեստերի հարցերին պատասխանելը, դուրս է գալիս Ծրագրի իր օգտահաշվից և հեռանում է Թեստավորման սենյակից։

41. Թեստավորման համար նախատեսված ժամաքանակն ավարտվելուց հետո կամ բոլոր Հավակնորդների կողմից Թեստավորումն ավարտվելուց հետո Լիազոր ներկայացուցիչը Ծրագրի միջոցով ավարտում է քննական սեսիան։ Այն դեպքում, եթե սույն կարգով սահմանված հիմքերից որևէ մեկով որևէ Հավակնորդի տրամադրվել է լրացուցիչ ժամանակ, ապա Լիազոր ներկայացուցիչն ապահովում է նման Հավակնորդի կողմից այդ լրացուցիչ ժամանակի օգտագործման հնարավորությունը։

42. Քննական սեսիան ավարտելուց հետո Լիազոր ներկայացուցիչը Ծրագրի միջոցով տպում է յուրաքանչյուր Հավակնորդի համար գեներացված թեստերի արդյունքները և ինտեգրված հաշվետվությունները՝ առանց այդ ֆայլերը համակարգչում պահպանելու։

43. Թեստերի արդյունքները և ինտեգրված հաշվետվությունները տպելուց հետո Լիազոր ներկայացուցիչն ապահովում է դրանց ապաանձնավորումը։

44. Թեստավորման օրվանից առավելագույնը մեկ օր անց ապաանձնավորված թեստերի արդյունքները և ինտեգրված հաշվետվությունները Լիազոր ներկայացուցչի կողմից փակ, կնքված և զմռսված ծրարներով ուղարկվում են Խորհրդի կողմից ընտրված հոգեբան(ներ)ին։

45. Հոգեբանն ինտեգրված հաշվետվությունների համապատասխան էջերում 1-ից 5 բալանոց սանդղակով (որտեղ 1-ն ամենացածրն է, իսկ 5-ը՝ ամենաբարձրը) գնահատում է Հավակնորդի՝ սույն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով սահմանված հոգեբանական հատկանիշները։

46. Հոգեբանի կողմից կատարված գնահատումը հիմնված է բացառապես էլեկտրոնային հոգեբանական թեստերից ստացված արդյունքների վրա։ Հոգեբանը կարող է վերջնական գնահատել Հավակնորդի հաղորդակցման հմտությունները և ունկնդրելու կարողությունը միայն համապատասխան Հավակնորդի հետ տեղի ունենալիք հարցազրույցին մասնակցելու դեպքում։

47. Գնահատումն ավարտելուց հետո հոգեբանը.

1) ինտեգրված հաշվետվություններում նշում է իր անունը, ազգանունը և գնահատումն իրականացնելու օրվա ամսաթիվը, ամիսը և տարեթիվը,

2) ստորագրում է ինտեգրված հաշվետվությունները,

3) բոլոր ինտեգրված հաշվետվությունները և թեստերի արդյունքները փակ ծրարներով ետ է ուղարկում Լիազոր ներկայացուցչին՝ իր մոտ չպահելով որևէ փաստաթուղթ։

48. Լիազոր ներկայացուցիչը, ստանալով հոգեբանի կողմից իրեն ուղարկված ինտեգրված հաշվետվությունները և թեստերի արդյունքները, ինտեգրված հաշվետվությունները փակ, կնքված և զմռսված ծրարներով հանձնում է Խորհրդին՝ Հավակնորդների նույնականացման համար անհրաժեշտ տվյալների հետ մեկտեղ՝ ոչ ուշ, քան համապատասխան Հավակնորդի հարցազրույցի օրվան նախորդող օրը։ Այդ պահից սկսած՝ Հավակնորդները կարող են դիմել և ստանալ թեստերի արդյունքների և ինտեգրված հաշվետվությունների պատճենները (յուրաքանչյուր Հավակնորդ՝ իրեն առնչվող մասով)։

49. Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է հրավիրել գնահատումն իրականացրած հոգեբանին՝ իրականացված գնահատման վերաբերյալ Խորհրդին բանավոր պարզաբանումներ տալու նպատակով։

50. Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է Հավակնորդների հետ իր կողմից իրականացվելիք հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու նպատակով հրավիրել հոգեբան(ներ)ի, այդ թվում՝ Հավակնորդների հոգեբանական հատկանիշների գնահատումն իրականացրած հոգեբան(ներ)ին։

51. Թեստավորման արդյունքները բողոքարկման ենթակա չեն. դրանք ունեն միայն խորհրդատվական նշանակություն։

52. Թեստավորման ժամանակ Հավակնորդին չի թույլատրվում`

1) Թեստավորման սենյակ տանել որևէ գրավոր նյութ, պայուսակ, հեռահաղորդակցման կամ համակարգչային սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.

2) օգտվել որևէ գրավոր նյութից կամ նախապես կազմված գրառումներից, այդ թվում՝ այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներից և սարքավորումներից.

3) լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ ցանկացած եղանակով հեռարձակել Թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը.

4) Թեստավորման սենյակում և դրա հարակից տարածքներում խոսել կամ որևէ այլ կերպ հաղորդակցվել այլ Հավակնորդի հետ.

5) որևէ կերպ իր մոտ ամրագրել հոգեբանական թեստերի հարցերը (այդ թվում՝ տեխնիկական միջոցներով կամ գրառումներ կատարելու եղանակով).

6) անջատել (shut down) կամ վերագործարկել (restart) իրեն տրամադրված համակարգիչը.

7) ծխել կամ ծխելու պատրվակով դուրս գալ Թեստավորման սենյակից.

8) Թեստավորման ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործել.

9) Թեստավորման համար նախատեսված ժամաքանակն ավարտվելուց հետո շարունակել թեստի հարցերին պատասխանել.

10) Թեստավորումն ավարտելուց հետո մնալ Թեստավորման սենյակում կամ Թեստավորման սենյակին անմիջապես հարակից տարածքներում.

11) օգտվել ինտերնետային կայքերից (բացառությամբ այն կայքերի, որոնք անհրաժեշտ են Թեստավորման բնականոն իրականացման համար)։

53. Թեստավորումն սկսվելուց հետո Հավակնորդը կարող է դուրս գալ Թեստավորման սենյակից միայն Լիազոր ներկայացուցչի թույլտվությամբ, ով պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ Հավակնորդի շփումը բացառելու նպատակով:

54. Եթե Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող որևէ անձի կամ Հավակնորդի մոտ հիմնավոր կասկած է առաջանում առ այն, որ որևէ Հավակնորդ իր մոտ թաքցնում է սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա այդ անձը կարող է հրավիրել Լիազոր ներկայացուցչին, ով պարտավոր է Հավակնորդից պահանջել՝ ցույց տալու իր գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը: Եթե Հավակնորդը հրաժարվում է ցույց տալ իր գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը կամ նրա մոտ հայտնաբերվում է սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա տվյալ փաստն արձանագրվում է Լիազոր ներկայացուցչի կողմից: Եթե պարզվում է, որ Հավակնորդն իր մոտ չի ունեցել սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն, իսկ Հավակնորդին տրամադրվում է համապատասխան լրացուցիչ ժամանակ, որի մասին նշվում է արձանագրության մեջ։

55. Հավակնորդի ցանկությամբ գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը կարող է ցույց տրվել առանձին սենյակում՝ Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող նույն սեռի առնվազն երկու անձի ներկայությամբ:

56. Եթե Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող որևէ անձի կամ Հավակնորդի մոտ հիմնավոր կասկած է առաջանում առ այն, որ որևէ Հավակնորդ կատարում է սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա այդ անձը կարող է հրավիրել Լիազոր ներկայացուցչին, ով պարտավոր է մոտենալ Հավակնորդին և նրանից պահանջել պարզաբանում՝ չխաթարելով Թեստավորման բնականոն ընթացքը։ Եթե հաստատվում է, որ Հավակնորդը կատարել է սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա տվյալ փաստն արձանագրվում է Լիազոր ներկայացուցչի կողմից։ Եթե պարզվում է, որ Հավակնորդը չի կատարել սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն, իսկ Հավակնորդին տրամադրվում է համապատասխան լրացուցիչ ժամանակ, որի մասին նշվում է արձանագրության մեջ։

57. Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը Լիազոր ներկայացուցչի պահանջով կարող է հեռացվել Թեստավորման սենյակից, եթե նա սույն կարգով ամրագրված ընթացակարգով երկու անգամ Լիազոր ներկայացուցչին կասկածներ է հայտնում որևէ Հավակնորդի վերաբերյալ, սակայն սույն կարգով սահմանված գործողությունների կատարման արդյունքում այդ կասկածները հերքվում են։ Այդ դեպքում Լիազոր ներկայացուցչի կողմից կազմվում է արձանագրություն՝ Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձին Թեստավորման սենյակից հեռացնելու վերաբերյալ։

58. Սույն կարգի պահանջները Դիտորդի կողմից խախտվելու դեպքում Լիազոր ներկայացուցիչն իրավասու է այդ Դիտորդին հեռացնել Թեստավորման սենյակից՝ այդ մասին կազմելով արձանագրություն:

59. Սույն կարգի 29-րդ կետի պահանջները խախտվելու դեպքում Լիազոր ներկայացուցիչը համապատասխան անձից պահանջում է դադարեցնել խախտումը։ Լիազոր ներկայացուցչի պահանջին չենթարկվելու կամ նոր խախտում թույլ տալու դեպքում համապատասխան անձը Լիազոր ներկայացուցչի պահանջով հեռացվում է համապատասխան տարածքից։ Այդ մասին կազմվում է արձանագրություն:

60. Հավակնորդը Լիազոր ներկայացուցչի կողմից կազմված արձանագրության հիման վրա համարվում է Թեստավորմանը չմասնակցած և հեռացվում է Թեստավորման սենյակից (Թեստավորման սենյակում գտնվելու դեպքում), եթե.

1) նա թույլ է տվել սույն կարգի 52-րդ, 54-րդ կամ 56-րդ կետերից որևէ մեկի խախտում, Թեստավորման սենյակ է բերել որևէ արգելված առարկա կամ կատարել է որևէ արգելված գործողություն, կամ

2) նա Ծրագրի միջոցով չի հաստատել սույն կարգի 30-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված համաձայնությունը (հայտարարությունը), կամ

3) նա Թեստավորման համար հատկացված ժամաքանակն ավարտվելու պահի դրությամբ չի պատասխանել Ծրագրում ընդգրկված բոլոր հոգեբանական թեստերի բոլոր հարցերին։

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում համապատասխան արձանագրությունը ստորագրվում է միայն Լիազոր ներկայացուցչի կողմից։

61. Հավակնորդը Լիազոր ներկայացուցչի կողմից կազմված արձանագրության հիման վրա համարվում է Թեստավորմանը չմասնակցած, եթե.

1) նա Ծրագրում օգտահաշիվ ստեղծելիս օգտագործել է կեղծ կամ ոչ ամբողջական անձնական տվյալներ, ինչի արդյունքում Լիազոր ներկայացուցիչը չի կարողացել ստանալ տվյալ Հավակնորդի վերաբերյալ գեներացված թեստերի ամբողջական արդյունքները կամ ինտեգրված հաշվետվությունը, կամ

2) նա չի հետևել Ծրագրում ամրագրված տեխնիկական/ընթացակարգային բնույթ կրող ցուցումներին, ինչի արդյունքում Լիազոր ներկայացուցիչը չի կարողացել ստանալ տվյալ Հավակնորդի վերաբերյալ գեներացված թեստերի ամբողջական արդյունքները կամ ինտեգրված հաշվետվությունը։

Սույն կետով նախատեսված դեպքերում համապատասխան արձանագրությունը ստորագրվում է միայն Լիազոր ներկայացուցչի կողմից։

62. Հավակնորդը Լիազոր ներկայացուցչի կողմից կազմված արձանագրության հիման վրա համարվում է Թեստավորմանը չմասնակցած և նրա մուտքը Թեստավորման սենյակ չի թույլատրվում, եթե.

1) նա Թեստավորման սենյակ մուտք գործելիս չի ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, կամ

2) նա Թեստավորման սենյակ է մուտք գործում ուշացումով՝ Լիազոր ներկայացուցչի կողմից Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո։

63. Եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ, ապա սույն կարգով նախատեսված արձանագրությունները ստորագրվում են Լիազոր ներկայացուցչի և Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձի կողմից։

64. Թեստերի արդյունքները և ինտեգրված հաշվետվությունները ենթակա չեն հրապարակման։ Յուրաքանչյուր Հավակնորդ իրավունք ունի ծանոթանալ այս փաստաթղթերին՝ միայն իրեն վերաբերող մասով։ Խորհրդի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու բոլոր ինտեգրված հաշվետվություններին։ Հավակնորդների թեստերի արդյունքները և ինտեգրված հաշվետվությունները պահպանվում են էլեկտրոնային փաստաթղթերի պահպանման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետով»:

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական: