Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0215/01/18

Գործ թիվ ԵԴ/0215/01/18

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան

Ս. Մարաբյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

 մասնակցությամբ դատախազ՝

Ն. Խաչատրյանի

պաշտպան`

Լ. Սիմոնյանի

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սամվել Վաչագանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12195417 քրեական գործը:

2017 թվականի օգոստոսի 8-ին Սամվել Վաչագանի Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Ս.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ս.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրող Հ.Մովսեսյանի և տուժող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Հ.Մնացականյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը` պատժի մասով, փոփոխվել է, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Ս.Հովհաննիսյանն ազատվել է նշանակված պատժից։ Ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվել է և վերջինս ազատվել է կալանքից՝ դատական նիստերի դահլիճում:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ «2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սամվել Հովհաննիսյանը, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 37-րդ հասցեում գործող «Կրպակ» սուպերմարկետի դիմաց, քույրեր Քնարիկ և Սուսաննա Սիմոնյանների ուղեկցությամբ դեպի իրենց քայլող Անահիտ Հակոբյանի պարանոցին նկատելով ադամանդե քարերով խաչով ոսկյա շղթա, ձեռք են բերել նախնական համաձայնություն այն հափշտակելու վերաբերյալ, որն իրագործելու համար կատարել են դերաբաշխում, ըստ որի՝ Սամվել Հովհաննիսյանը, մոտենալով Անահիտ Հակոբյանին, վերջինի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` հրել-գցելու և պարանոցից քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և ադամանդե քարերով խաչը, նետել քննությամբ դեռևս չպարզված անձին և դիմել փախուստի: Վերջինս, իր մոտ պահելով խաչով ոսկյա շղթան, աննկատ հեռացել է դեպքի վայրից՝ այդ կերպ Անահիտ Հակոբյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 5.767.700 ՀՀ դրամի գույքային վնաս»1։

6. Տուժող Անահիտ Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ խաչը 18 տարի առաջ գնել է ամուսինը՝ Իսպանիայի խանութներից մեկից, վճարել է 10000 եվրո, սակայն հավաստագիրն իր անունով է գրվել: Խաչը որևէ բրենդի չէր պատկանում, այլ քարերով էր պայմանավորված գինը: Հափշտակությունից հետո իրեն առաջարկվել է գումար, բայց ինքը չի համաձայնվել և ասել է, որ չի բողոքի, եթե խաչը վերադարձնեն: Երկրորդ անգամ այլ խաչ են առաջարկել, որից նույնպես հրաժարվել է, բայց եթե ամբողջ գումարը վերադարձնեին, ապա կվերցներ: Առաջարկել են մոտ 4000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ անգամ՝ խաչ: Հետագայում տուժողը հայտնել է, որ խաչի վճարումը կատարվել է կանխիկ եղանակով և վճարվել է պեսետով2:

6.1. Տուժողի մորեղբայր, վկա Տիգրան Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Հովհաննիսյանին ձերբակալելուց հետո վերջինիս հայրը զանգահարել և ցանկացել է հանդիպել: Հայրը և եղբայրը եկել են իր աշխատանքի վայր և խնդրել են, որ Անահիտը չբողոքի` ասելով, որ ավտոմեքենան կվաճառեն և 2-ից 3 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար կվերադարձնեն: Ինքն ասել է, որ բացի Ս.Հովհաննիսյանից երկու հոգի նույնպես եղել են, կարող են միանան և ամբողջ պատճառված վնասը հատուցեն, ինչի արդյունքում Անահիտին կհամոզի, որպեսզի բողոքը ետ վերցնի: Անահիտի` Իսպանիա մեկնելուց մեկ օր առաջ կրկին զանգահարել են իրեն և ցանկացել հանդիպել: Հանդիպմանը մասնակցել է 6-ից 7 հոգի: Ասել են, որ շղթան առկա է, սակայն խաչը, այսպես ասած, «ռասխոդ» են արել: Խաչի համար գումար են առաջարկել, սակայն ինքը պահանջել է նույն խաչը, որին ի պատասխան նշել են, որ կարող են նման խաչ սարքել: Երրորդ անգամ հանդիպման ժամանակ իրենից ուզել են խաչի հավաստագիրը՝ նույնպիսի խաչ պատվիրելու համար: Ամբաստանյալի հայրն ասել է, եթե հավաստագրում գումարի չափ նշված լինի, ապա տունը կվաճառի և վնասը կվերականգնի3:

6.2. Վկա Կարապետ Թումանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ոսկու աշխարհում՝ որպես քարերի տեղադրման մասնագետ: 2017 թվականի հունիս կամ հուլիս ամսին ինքն առանձնացրել է անծանոթ անձի կողմից բերված խաչի քարերը: Խաչը մոտ 4 գրամ էր, քարերը՝ 19 կամ 20 հատ, մեկը մեծ էր՝ արժեքը մոտ 180 ԱՄՆ դոլար, իսկ փոքրերից յուրաքանչյուրի արժեքը՝ 20 ԱՄՆ դոլար, առանց քարերի խաչի արժեքը՝ մոտ 120 ԱՄՆ դոլար: Իրեն ներկայացված լուսանկարում պատկերված խաչը նման է այն խաչին, որից առանձնացրել էր քարերը։ Քանի որ լուսանկարը խամրած է, ոչ հստակ, սակայն մոտ 90 տոկոսով կարող է ասել, որ նույն խաչն է4:

6.3. Առգրավում կատարելու մասին 2017 թվականի նոյեմբերի 18-ի արձանագրության համաձայն՝ Ա.Հակոբյանի կողմից ներկայացված խաչի սերտիֆիկատի (հայերեն թարգմանված) պատճենի վերևի հատվածում գրված է «ROGER M», դրա ներքևի հատվածում՝ «CERTIFIED APPRAISAL»: Նշված է «3.00 carats», որը ընդհանուր քարերի չափսն է և ոսկու քաշը՝ 5.80 գրամ: Առկա է «Անահիտ Հակոբյան» անգլերեն գրառումը և «10.000 եվրո» գրառումը: Նշված է նաև այդ ժամանակվա երկրի գումարով՝ «pesetas», որը կազմել է 1.663.8605:

6.4. Ոսկյա խաչի հավաստագրի վերաբերյալ կատարված էլեկտրոնային հարցման պատասխանի համաձայն՝ «ROGER M» խանութն էլեկտրոնային նամակով հաստատել է, որ Ա.Հակոբյանն իրենց հաճախորդն է և նա գնել է նշված զարդը հավաստագրում նշված գնով և ամսաթվին6:

6.5. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված 2018 թվականի օգոստոսի 7–ի գրության համաձայն` թիվ ԵԴ/0215/01/18 քրեական գործով գնահատման ենթակա խաչի շուկայական արժեքը հնարավոր է որոշել միայն դրա հետազոտության արդյունքում` իրեղեն ապացույցի առկայության դեպքում, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել խաչի մետաղի տեսակի, մետաղի հարգի, տեղադրված ադամանդների որակական հատկանիշների, ինչպես նաև խաչի ապրանքային տեսքի և ապրանքային վիճակի վերաբերյալ: Իսկ խաչի վերաբերյալ տրամադրված լուսանկարները և հավաստագիրն ապրանքագիտական փորձաքննության համար օբյեկտ չեն հանդիսանում7:

6.6. «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված 2018 թվականի օգոստոսի 17–ի գրության համաձայն՝ սովորաբար թանկարժեք քարերով զարդի շուկայական արժեքը պարզվում է ապրանքագիտական, նյութագիտական և գեմոլոգիական համալիր փորձաքննության իրականացման միջոցով, որի շրջանակներում պարզվում է զարդի գնագոյացման համար էական նշանակություն ունեցող թանկարժեք մետաղի տեսակը, տոկոսային պարունակությունը, պատրաստվածքի տեսակը և առանձնահատկությունները, կատարման բարդությունը, քարերի չափային տվյալները, մաքրությունն ու ապրանքային այլ բնութագրերը (տաշվածքի տեսակ, նիստերի քանակ և այլն), իսկ բրենդային արտադրանքի արժեքի պարզման համար հաշվի են առնվում նաև զարդի վրայի մակնշումները և ուղեկցող փաստաթղթերում առկա տվյալները:

Հարկ է նշել, որ առանձին դեպքերում` զարդի բացակայության պայմաններում, ապրանքագիտական փորձաքննության միջոցով զարդի շուկայական արժեքի պարզումը հնարավոր է իրականացնել զարդի մետաղական բաղադրակազմի և քաշի, կրող քարերի տեսակի, չափերի, քանակի, մաքրության աստիճանի և վերը նկարագրված մյուս անհրաժեշտ տվյալների պարունակությամբ համապատասխան փաստաթղթերի (ելակետային տվյալների) փորձաքննությանը տրամադրելու պարագայում՝ փաստաթղթերի տվյալների շուկայական արժեքի պարզման միջոցով8:

7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Թեև Դատարանը հաստատված համարեց, որ Սամվել Հովհաննիսյանի կողմից հափշտակվել է ոսկյա շղթա և խաչ, սակայն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե խաչի գնահատման տեսանկյունից Սամվել Հովհաննիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, թե ոչ:

(...) Տվյալ դեպքում Դատարանի համար ընդունելի է պաշտպանական կողմի այն դատողությունը, որ Անահիտ Հակոբյանից հափշտակված գույքի չափը չի հաստատվում, քանի որ նախաքննության ընթացքում խաչը չի հայտնաբերվել և դրա չափը որոշվել է զուտ ներկայացված հավաստագրով և տուժողի հայտնած տվյալների հիման վրա:

Քրեական գործի նյութերի, այդ թվում՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հափշտակված խաչի արժեքը որոշելու համար ծանրակշիռ դերակատարություն է ունեցել տուժողի ներկայացրած՝ Իսպանիայում գտնվող խանութի կողմից տրված հավաստագիրը (սերտիֆիկատը), որում նշված է վաճառված խաչի վերաբերյալ որոշակի նկարագրություն: Իսկ խաչի գնորդը 2000 թվականին հանդիսացել է Անահիտ Հակոբյանը և խաչը գնվել է 10.000 եվրո կամ 1.663.860 պեսետ արժեքով:

Նշված փաստաթղթի շուրջ նախաքննական մարմնի հարցմանն ի պատասխան՝ «ROGER M» խանութն էլեկտրոնային նամակով պատասխանել է, որ Անահիտ Հակոբյանն իրենց հաճախորդն է և նա գնել է նշված խաչը հավաստագրում նշված գնով և ամսաթվին:

Նախ պետք է նկատել, որ ներկայացված հավաստագիրն ունի 18 տարվա վաղեմություն և Դատարանի համար պարզ չէ, թե «ROGER M» ինչպիսի գնային քաղաքականություն ունեցող խանութ է և արդյոք այդտեղ գտնվող ապրանքների արժեքները համապատասխանում են միջազգային շուկայի արժեքներին, թե ոչ, քանի որ հնարավոր է այդ խանութում գտնվող ապրանքները, որոշակի առանձնահատկություններով պայմանավորված, աննախադեպ բարձր գներ ունեն (ունեցել) ընդհանուր շուկայական արժեքների համեմատ: Ընդ որում, տուժողը Դատարանում հայտնեց, որ իր խաչը որևէ բրենդային, հեղինակային արտադրանք չի եղել:

Դատարանը հարկ է համարում նշել, որ հափշտակված խաչն առկա չէ և հետևաբար առարկայով փորձաքննություն իրականացնելը անհնարին է: Իսկ տվյալ դեպքում խաչը գնվել է 18 տարի առաջ և ամբողջ տարիների ընթացքում տուժողի կողմից մշտապես օգտագործվել է: Այսինքն՝ այս պայմաններում հնարավոր չէ նաև որոշել խաչի օգտագործումից մաշվածության, հնարավոր վնասվածության հանգամանքը:

Այնուամենայնիվ, Դատարանը հարցումներ է կատարել համապատասխան փորձագիտական կենտրոններ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է առկա հավաստագրով փորձաքննություն իրականացնել, սակայն պատասխանվել է, որ առանց հափշտակված առարկայի հնարավոր չէ փորձաքննություն կատարել, միայն առանձին դեպքերում՝ զարդի մետաղական բաղադրակազմի, քաշի, կրող քարերի տեսակի, չափերի, քանակի, մաքրության աստիճանի և այլ անհրաժեշտ տվյալների պարունակությամբ փաստաթղթերի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել փորձաքննություն: Այս դեպքում հափշտակված խաչի մասով նման տեղեկություններ հավաստագրում առկա չեն:

Բացի այդ, խաչի արժեքի գնահատման անհնար լինելու մասով Դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ հավաստագրում որպես խաչի դրամական արժեք նշված է նաև եվրո տարադրամի առկայությունը, սակայն, ըստ ինտերնետային տեղեկատվության (Վիքիպեդիա, https://www.ecb.europa.eu/euro/intro/html/index.en.html), եվրոն համաշխարհային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք, անկանխիկ գումար ներկայացվել է 1999 թվականին, սակայն թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել միայն 2002 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ մինչ 2002 թվականը եվրոյով կանխիկ վճարում ողջամտորեն չէր կարող իրականացվել:

Հետևաբար, Դատարանի համար անհասկանալի է, թե ինչու է հավաստագրում նշվել եվրոյի մասին, եթե եվրոյով կանխիկ վճարում չէր կարող արվել: Իսկ պեսետով վճարելու դեպքում, ինչու է նաև եվրո գրված, այն դեպքում, թե ինչպես է որոշվել պեսետ-եվրո փոխարժեքը:

(...)

Այսպիսով` Դատարանը, ստուգելով, վերլուծելով և գնահատելով ինչպես վերը նշված, այնպես էլ քրեական գործում առկա մյուս ապացույցներն իրենց համակցությամբ, գտնում է, որ չի հաստատվում Սամվել Հովհաննիսյանի կողմից Անահիտ Հակոբյանից հափշտակված խաչի արժեքը, իսկ նշված պայմաններում Դատարանը չի կարող որոշել այն համապատասխանում է հափշտակության առանձնապես խոշոր չափին կամ ընդհանրապես որևէ այլ չափի, թե ոչ, քանի որ մոտավոր չափի որոշումը տվյալ իրավիճակում կդիտվի ոչ այլ ինչ, քան ենթադրություն:

(...) Այսպիսով` Դատարանը գտնում է, որ Սամվել Հովհաննիսյանի կատարած արարքում կողոպուտը որակյալ դարձնող` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հատկանիշը բացակայում է (...)»9:

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ևս, քանի որ հափշտակված ոսկյա խաչը հայտնաբերված չէ, իսկ բացակայության պայմաններում փորձաքննության կատարումը անհնարին է եղել, այսինքն, հափշտակված ոսկյա խաչի պայմաններում հասցված վնասի չափը պարզ չէ, ուստի, այս պայմաններում հնարավոր չէ հանգել հետևության, որ ամբաստանյալի կողմից կատարված հափշտակությունը առանձնապես խոշոր չափերի է:

(...) Ինչ վերաբերում է բողոքներում բարձրացված այն հանգամանքին, որ գողացված խաչի արժեքի վերաբերյալ գործում, բացի տուժողի հայտարարությունից, առկա են եղել մի շարք այլ ապացույցներ, մասնավորապես՝ «ROGER M» խանութից ստացված հավաստագիրը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ, չնայած այն հանգամանքին, որ իսկապես վերոնշյալ խանութից ստացվել է հավաստագիր, որով հավաստվել է, որ Անահիտ Հակոբյանը եղել է իրենց գնորդը և նշված է եղել վաճառված խաչի վերաբերյալ որոշակի նկարագրություն և այն, որ խաչը գնվել է 10.000 եվրո կամ 1.663.860 պեսետ արժեքով, սակայն ներկայացված հավաստագիրն ունի 18 տարվա վաղեմություն, պարզ չէ «ROGER M» խանութն ինչպիսի գնային քաղաքականություն ունեցող խանութ է: Բացի այդ, պարզ չէ նաև խաչի գնման ժամանակ ինչպիսին է եղել եվրոյի հարաբերակցությունը դրամի հետ, քանի որ հավաստագրում որպես խաչի դրամական արժեք նշված է եվրոն:

Եվ միաժամանակ պետք է նշել, որ խաչը գնվել է 18 տարի առաջ և տուժողի կողմից մշտապես օգտագործվել, ուստի, պարզ չէ նաև խաչի մաշվածության և հնարավոր վնասվածության աստիճանը և, թե այդ պայմաններում ինչպիսին կլինի խաչի արժեքը:

Իսկ ինչ վերաբերում է մեղադրողի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանը եվրոյի մասին տեղեկատվություն ստացել է Վիքիպեդիա կայքից, մինչդեռ պետք է հարցումներ կատարեր ՀՀ Կենտրոնական բանկ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն համարվում է հանրահայտ փաստ, իսկ հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն, ուստի, տվյալ պարագայում հարցում կատարելու անհրաժեշտություն չկար:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և հիմնավոր»10:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների իրավական վերլուծությունները հիմնավոր և օրինաչափ չեն, դրանք չեն բխում Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներից, հակասության մեջ են մտնում ապացույցների գնահատման, դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հետ:

9.1. Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանների այն իրավական եզրահանգումները, որ հավաստագրում որպես խաչի դրամական արժեք նշված է նաև «եվրո» տարադրամի առկայությունը, մինչդեռ, ըստ համացանցային տեղեկության («Վիքիպեդիա», https://www.ecb.europa.eu/euro/intro/html/index.en. html), «եվրո»-ն համաշխարհային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք, անկանխիկ գումար ներկայացվել է 1999 թվականին, սակայն թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել միայն 2002 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ մինչ 2002 թվականը եվրոյով կանխիկ վճարում ողջամտորեն չէր կարող իրականացվել, առաջադրված մեղադրանքը կասկածի տակ դնող հանգամանք չի կարող դիտվել այն պատճառաբանությամբ, որ նշված դրամական միջոցի կանխիկ շրջանառության վերաբերյալ «Վիքիպեդիա» ինտերնետային կայքում առկա տեղեկությունը չի կարող որևէ նշանակություն ունենալ հափշտակված ոսկյա զարդի արժեքը որոշելու համար այն պարագայում, երբ տուժող Ա.Հակոբյանը դատարանում ցուցմունք է տվել, որ վճարումը իրականում կատարվել է իսպանական պեսետով։

Բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ առավել քան բավարար չափով հիմնավորում են, որ Ս.Հովհաննիսյանը կողոպուտի եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք։

10. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` որպես բողոքարկված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող ատյանի դատական ակտի պատճառաբանվածությունը ենթադրում է, որ դրանում պետք է հստակ նշվեն, թե դատարանը կոնկրետ ինչպիսի փաստական տվյալների ուժով է հիմնավորված համարում Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն, ըստ էության, վերարտադրելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, առանց որևէ իրավական վերլուծություն և հիմնավոր եզրահանգում կատարելու, չպատճառաբանված որոշմամբ քրեաիրավական որակման մասով անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվության և պատժի է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչի արդյունքում անհիմն ազատվել է նաև իր նկատմամբ նշանակված պատժից։

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում `(…)

3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

13.1. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով11։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «1.Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը (...):

2. Կողոպուտը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(...)

4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (...):

3. Կողոպուտը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով (...)»:

15. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «հափշտակություն» հասկացությունը ենթադրում է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել12: Հափշտակության դեպքում անձի՝ ուրիշի գույքն ապօրինի կերպով իրենը դարձնելը բացասական ազդեցություն է ունենում դրան օրինական հիմքերով տիրապետողի գույքային ֆոնդի վրա, ինչն էլ իրենից ենթադրում է որոշակի նյութական վնաս: Հափշտակության առարկան գույքն է` այն իրը (առարկան), որում արտացոլվում է մարդկային աշխատանք և որն իրենից նյութական արժեք է ներկայացնում, ինչպես նաև դրամական միջոցները, արժեթղթերն ու գույքային իրավունքները: Վնասի չափն էլ, որպես կանոն, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Գույքի վաճառքի գինը չի կարող մեխանիկորեն հիմք ընդունվել հափշտակության չափը որոշելու համար, քանի որ գույքի շուկայական արժեքն ու դրա վաճառքի գինը ոչ բոլոր դեպքերում են համընկնում: Վաճառքի գինը կարող է տարբերվել՝ բարձր կամ ցածր լինել շուկայական արժեքից13:

16. Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողոպուտի՝ որպես նյութական հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հետևանքը՝ նյութական վնասը, որը պատճառվում է այլ անձին պատկանող և որոշակի արժեք ներկայացնող գույքը վերցնելու, այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելու արդյունքում։

16.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողոպուտի հանցակազմի դեպքում հափշտակության առարկայի նյութական արժեք ներկայացնելը, ընդհանրապես, և դրա կոնկրետ արժեքը, մասնավորապես, քրեական գործով ապացուցման ենթակա կարևոր հանգամանքներ են, որոնք պետք է հաստատվեն քրեական գործում առկա վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներով: Վերոնշյալ հանգամանքների պարզումը էական նշանակություն ունի անձի արարքում կողոպուտի` որպես նյութական հանցակազմի առկայությունը, դրա ծանրացնող հանգամանքների (խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կատարելը) առկայությունը հավաստելու, ըստ այդմ` անձի արարքին ճիշտ իրավական որակում տալու, ինչպես նաև տուժողի իրավունքների համաչափ պաշտպանություն ապահովելու տեսանկյունից:

16.2. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վնասի չափը, որպես կանոն, որոշվում է հափշտակված գույքի՝ դատաապրանքագիտական փորձաքննությամբ որոշված շուկայական միջին արժեքով: Այնուամենայնիվ, փորձաքննության միջոցով գույքի արժեքը որոշելու անհնարինությունը վարույթն իրականացնող մարմնին չի ազատում դրա արժեքը պարզելու պարտականությունից: Նման դեպքերում, հափշտակության առարկայի արժեքը պետք է որոշել քրեական գործում առկա վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ այլ ապացույցների միջոցով:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, Ա.Հակոբյանի կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և ադամանդե քարերով խաչը, այդ կերպ Ա.Հակոբյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 5.767.700 (հինգ միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս14:

Առաջին ատյանի դատարանը, Ս.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, հաստատված է համարել, որ Ս.Հովհաննիսյանի կողմից հափշտակվել է ոսկյա շղթա և խաչ, սակայն միաժամանակ գտել է, որ չի հաստատվում Ս.Հովհաննիսյանի կողմից Ա.Հակոբյանից հափշտակված խաչի արժեքը15:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքները, գտել է, որ Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և հիմնավոր16:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16.2-րդ կետերում շարադրված իրավական դրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելիս, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալները:

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել ամբաստանյալի կողմից կողոպուտի միջոցով շղթայի հետ միասին նաև խաչը հափշտակելու փաստը։ Ընդ որում, ըստ մեղադրանքի, խաչը պատված է եղել ադամանդներով և այդ հանգամանքը ստորադաս դատարանների կողմից կասկածի տակ չի դրվել։

Ստացվում է, որ մի կողմից Ս.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել, բացի ոսկյա շղթայից, նաև ադամանդե քարերով խաչի հափշտակության համար, սակայն մյուս կողմից` ստորադաս դատարանները գտել են, որ ադամանդե քարերով խաչը իրենից նյութական արժեք չի ներկայացնում: Այլ կերպ, ըստ ստորադաս դատարանների՝ տուժողից բացահայտ եղանակով կատարվել է որևէ արժեք չունեցող, այլ կերպ` «0.00» ՀՀ դրամ արժեքով ադամանդե քարերով խաչի հափշտակություն, որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար անընդունելի է:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի արարքում հափշտակության առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլնի, ապացուցել հափշտակության առարկայի՝ նյութական արժեք ներկայացնելու հանգամանքը:

18.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները խաչի արժեքի գնահատման անհնարինությունը հիմնավորել են նրանով, որ խաչի հավաստագրում որպես վճարամիջոց նշված է «եվրո» դրամային արժույթը, մինչդեռ «եվրո»-ն՝ որպես անկանխիկ արժույթի տեսակ, ներդրվել է 1999 թվականին, իսկ թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել միայն 2002 թվականի հունվարի 1-ից: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ «եվրո»-ն, այնուամենայնիվ, որպես անկանխիկ արժույթի տեսակ, ներդրվել է 1999 թվականին, հետևաբար 2000 թվականին հավաստագրում զարդի արժեքը նաև եվրոյով նշված լինելը չի կարող խնդրահարույց համարվել17: Հարկ է նշել, որ նույնիսկ զարդի արժեքը եվրոյով նշված լինելը խնդրահարույց դիտելու պարագայում, ստորադաս դատարաններն ունեին հնարավորություն՝ ադամանդե քարերով խաչի արժեքը որոշել հավաստագրում18 նշված մյուս դրամային արժույթի` պեսետի միջոցով, հատկապես որ տուժողի ցուցմունքի համաձայն՝ վճարումը կատարվել է կանխիկ եղանակով՝ պեսետով19: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ պարզ չէ, թե խաչի գնման ժամանակ ինչպիսին է եղել «եվրո»-ի փոխարժեքը ՀՀ դրամով, քանի որ դատարանները զրկված չէին սեփական նախաձեռնությամբ քննարկվող հանգամանքի կապակցությամբ փաստական տվյալներ ձեռք բերելու և գնահատելու հնարավորությունից:

18.2. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին՝ ադամանդե քարերով խաչի արժեքը որոշելու անհնարինության վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա ապացույցները և հանգել է չհիմնավորված հետևության այն դեպքում, երբ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների առկայության պարագայում ստորադաս դատարաններն օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել փաստելու ադամանդե քարերով խաչի՝ նյութական արժեք ներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև պարզելու դրա կոնկրետ արժեքը20:

19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելով նաև ադամանդե քարերով խաչի հափշտակության մեջ` առանց որոշելու դրա արժեքը, նրան մեղսագրված արարքի որակման հարցում հանգել են չհիմնավորված հետևության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ադամանդե քարերով խաչի արժեքի վերաբերյալ գործում առկա ապացույցները` վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից: Բացի այդ, ստորադաս դատարանները, փաստելով, որ խաչի հավաստագրում առկա չեն փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ, հնարավոր չեն համարել ադամանդե քարերով խաչի արժեքը որոշելու նպատակով փորձաքննություն նշանակելը` անտեսելով «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գրությունն ու հավաստագրում ադամանդների չափի և ոսկու քաշի վերաբերյալ որոշակի ելակետային տվյալների առկայությունը21։

20. Հետևաբար, Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների խախտումներ, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հիմք են Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկել համար:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է հանգի համապատասխան հետևության` ադամանդե քարերով խաչի արժեքի, իսկ որպես արդյունք` Ս.Հովհաննիսյանի արարքի իրավական որակման կապակցությամբ:

23. Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Վաչագանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Սամվել Վաչագանի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 186-188:

2 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

3 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

4 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 107-108:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 126-127:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 181:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 184:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 191-211:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 82-117:

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ղամբարյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշումը, Գրիգոր Ղլիջյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշումը:

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Մանգասարյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ1/0070/01/17 որոշման 13-րդ կետը և Վիկտր Հայրապետյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՍԴ/0036/01/16 որոշման 18-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 6-6.4-րդ կետերը:

21 Տե՛ս սույն որոշման 6.3-րդ և 6.6-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան