ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26119/02/18 2020 թ.
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ |
Ա. Սմբատյան |
Ն . Մարգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հ ակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան |
2020
թվականի օգոստոսի 27-ինգրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Ռիմա Վահանյանի ընդդեմ Հովհաննես Նաղդալյանի՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հովհաննես Նաղդալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռիմա Վահանյանը պահանջել է լուծել 22.07.2016 թվականին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում թիվ 863/357/2016 համարի տակ գրանցված՝ իր և Հովհաննես Նաղդալյանի ամուսնությունը, Հովհաննես Նաղդալյանից, որպես 19.07.2015 թվականին ծնված Վանիկ Նաղդալյանի ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ Հովհաննես Նաղդալյանի վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդի չափով` սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև երեխայի չափահաս դառնալը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` վճռվել է լուծել Հովհաննես Նաղդալյանի և Ռիմա Վահանյանի ամուսնությունը` գրանցված 22.07.2016 թվականին Աբովյանի տարածքային բաժնի ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանում` թիվ 863/357/2016 համարի տակ: Պատասխանող Հովհաննես Նաղդալյանից հօգուտ հայցվոր Ռիմա Վահանյանի` որպես վերջինիս խնամքին գտնվող անչափահաս երեխայի` 19.07.2015 թվականին ծնված Վանիկ Նաղդալյանի ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ ամենամuյա վճարումներ կատարելու միջոցով` Հովհաննես Նաղդալյանի վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդի չափով, սակայն ոչ պակաս ամսական 35.000 ՀՀ դրամ կայուն դրամական գումարից: Ալիմենտի բռնագանձումն սկսել հայցվորի կողմից դատարան դիմելու օրվանից` 15.11.2018 թվականից մինչև 19.07.2015 թվականին ծնված Վանիկ Նաղդալյանի չափահաս դառնալը: Հայցվոր Ռիմա Վահանյանի հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2020 թվականի որոշմամբ Հովհաննես Նաղդալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 26.02.2020 թվականի որոշմամբ Հովհաննես Նաղդալյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Նաղդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս դրա օրինակը պատշաճ կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձին, իսկ վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձվել է պետական տուրքը պակաս վճարված լինելու պատճառաբանությամբ։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում որևէ փոփոխություն չի կատարվել, որպիսի պարագայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգն իր կողմից չի խախտվել, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա էր վարույթ ընդունման:
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, իրեն զրկել է արդար դատաքննության իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.02.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն արդյո՞ք կարող է վերադարձվել բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկված չլինելու պատճառաբանությամբ՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները:
Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի՝ իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը՝ գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի՝ դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի՝ վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն՝ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն՝ գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի՝ զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «….երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով արձանագրել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս որոշիչ նշանակություն է ստանում վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար արձանագրված խախտումների բացահայտումը, քանի որ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը: Այսինքն, կարևորելով անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների երաշխավորումը, օրենսդիրը սահմանել է օրենքի պահանջներին չհամապատասխանող վերաքննիչ բողոքը վերադարձնելու կանոն՝ հնարավորություն ընձեռելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված բոլոր թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Այսպիսով, վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքը կրկին ներկայացնելիս բողոք բերող անձը պարտավոր է ամբողջությամբ վերացնել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները, հակառակ դեպքում վերջինս կզրկվի դատական պաշտպանության իրավունքի իրականացման հնարավորությունից:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում բողոք բերող անձի վրա չի կարող դրվել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել վերջիններիս: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները բողոք բերող անձի կողմից վերացվել են ամբողջությամբ և ներկայացվել է նույնաբովանդակ բողոք, որի պատճենը նախկինում ուղարկված է եղել գործին մասնակցող անձանց, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի կարող վերադարձնել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ դրա պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, նույնաբովանդակ բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց չուղարկելու հետևանքով վերջիններիս իրավունքների խախտման մասին խոսք լինել չի կարող, քանի որ բողոքի բովանդակությունը նախկինում նրանց հասանելի լինելու պարագայում ապահովված է բողոքում ներկայացված պահանջներից արդյունավետորեն պաշտպանվելու գործին մասնակցող անձանց իրավունքի իրացման հնարավորությունը (տե´ս, «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 23.10.2019 թվականի վճռի դեմ Հովհաննես Նաղդալյանը 26.12.2019 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիրը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 26.12.2019 թվականի փոստային անդորրագրերը՝ բողոքը (բողոքի պատճենը) Ռիմա Վահանյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 21):
Վերաքննիչ դատարանի 30.01.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց:
Հովհաննես Նաղդալյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով նաև ինչպես պակաս վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնպես էլ 26.12.2019 թվականի փոստային անդորրագրերը՝ բողոքը (բողոքի պատճենը) Ռիմա Վահանյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 56-57):
Վերաքննիչ դատարանի 26.02.2020 թվականի որոշմամբ Հովհաննես Նաղդալյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին կից առկա են «Հայփոստ» ՓԲԸ-ի 26.12.2019 թվականի թիվ RL001115923AM (հասցեատեր՝ Դատարան) և թիվ RL001101898AM (հասցեատեր՝ Ռիմա Վահանյան) նույնականացման համարներով անդորրագրեր, որոնք կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձին ուղարկելու փաստը հաստատող ապացույցներ չեն այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ անդորրագրերը կցված են եղել առաջին՝ 26.12.2019 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին և դրանցով հաստատվում են առաջին անգամ ներկայացված և 30.01.2020 թվականի որոշմամբ վերադարձված վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկված լինելու փաստերը»:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերը վերացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշմամբ արձանագրված խախտումը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով Հովհաննես Նաղդալյանի կողմից առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի 30.01.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին, մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է պետական տուրքը պակաս վճարված լինելու հիմքով:
Հետագայում, վերացնելով վերը նշված խախտումը՝ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է վերաքննիչ դատարան: Միաժամանակ, ի թիվս այլնի, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին բողոք բերած անձը կցել է նաև` բողոքը (բողոքի պատճենը) Ռիմա Վահանյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 26.12.2019 թվականի փոստային անդորրագրերը:
Սույն գործում առկա՝ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Այսինքն, բողոքաբերի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով նոր բողոք` բովանդակային կամ տեքստի առումով, չի ներկայացվել: Ավելին, սկզբնական բողոքում արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը, ինչն էլ հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացվել է: Ընդ որում վերաքննիչ բողոք բերած անձն առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը (բողոքի պատճենը) 26.12.2019 թվականին փոստային առաքման եղանակով՝ ուղարկել է գործին մասնակցող անձանց և Դատարանին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և վերաքննիչ ատյանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանն ըստ էության, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը նույն բովանդակությամբ կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը չպետք է մեկնաբանվի այնպես, որ անձը զրկվի վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Նաղդալյանն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմին ուղարկելու պարտականությունը, հետևաբար նույն կողմին այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը ոչ միայն անհիմն է, այլ նաև անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին` բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված, նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմին կրկին ուղարկելը չի բխում նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել իրավաչափ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով վերադարձրել է Հովհաննես Նաղդալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 23.10.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: