Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2021

      

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 131-Ն

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

   

      

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 131-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև հանրության հոգեբանական վերականգնման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն՝ հոգեբանական վերականգնումը միջոցառումների համալիր է, որն ուղղված է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրմանը՝ հիմնվելով հոգեբանական ուղղությունների, մեթոդների և տեխնիկաների վրա, ինչպես նաև կիրառելով մասնագիտական սարքավորումներ՝ նպաստելով նրանց հոգեվիճակի բարելավմանը, կայունացմանը, հուզական լիցքաթափմանը, տագնապի մակարդակի իջեցմանը, լիարժեք կյանքին վերադարձնելուն, ներքին ռեսուրսները վերհանելուն, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելուն։

 

II. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

 

3. Սույն կարգով նախատեսվող ծառայություններն են՝

1) անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

2) խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

3) առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.

4) հոգեբանների շարժական խմբերի ծառայություն (մինչև 8 սեանս).

5) հոգեբանական թեժ գծի ծառայություն.

6) ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.

7) էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն.

4. Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, ծառայությունների մատչելիությունը, մասնավորապես` լսողության խնդիրներ ունեցող անձանց համար ծառայությունների տրամադրումը հայերեն ժեստերի լեզվով:

5. Սույն կարգի համաձայն՝ թիրախային խմբեր են`

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

6) տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).

7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

6. Հոգեբանական վերականգնման ծրագրերն իրականացող կազմակերպությունը՝

1) ներկայացնում է ծառայությունների մատուցման հստակ մեթոդաբանություն, այդ թվում՝ մատուցվելիք ծառայությունների և դրանց դիմաց վճարման չափելի վերահսկման, ինչպես նաև շահառուների հոգեբանական վիճակի առողջացման գնահատման մեխանիզմներ.

2) իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների աջակցությամբ թիրախային խմբերի կոնտակտային տվյալների հնարավորինս ամբողջական հաշվառում՝ ստանալով հոգեբանական ծառայություն ստացող անձանց համաձայնությունը (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված թիրախային խմբերի).

3) ապահովում է որակավորված և փորձառու մասնագետներից կազմված թիմի (առնվազն 30 մասնագետ) և (կամ) համապատասխան կազմակերպությունների ներգրավումն աշխատանքներին:

4) իրականացնում է համապատասխան վերապատրաստումներ.

5) պետական կառավարման համակարգի մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում պատրաստում է շահառուների ցանկ(եր), մշակում և ուղարկում է հրավերներ և հիշեցումներ հոգեբանական սեանսներին և նմանատիպ միջոցառումներին մասնակցելու համար .

6) շահառուների (թիրախային խմբերի) համար մշակում է առերես, առցանց և հեռախոսային հոգեբանական աջակցության տրամադրման պլաններ (մինչև 8 սեանս).

7) կազմակերպում է առերես, առցանց և հեռախոսային հոգեբանական ծառայություններ.

8) ապահովում է հոգեբանական թեժ գծի ծառայության հասանելիությունը և անխափանությունը.

9) ստեղծվելիք էլ. հասցեին ստացած հայտերի պարագայում հեռախոսային կամ հեռավար հոգեբանական աջակցություն է մատուցում քաղաքացիներին.

10) բնակչության համար մշակում է նկարահանվող տեսաշարերի բովանդակությունը և մասնակցում է տեսաշարերի նկարահանման կազմակերպմանը.

11) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունները նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակում է, հնարավոր հոգեբանական խնդիրները թիրախավորող, մեկ կամ մի քանի դասընթացից բաղկացած ուսումնական ծրագրեր, անհրաժեշտության դեպքում համապատասխան ձեռնարկներ՝ պետական հաստատություններին ներկայացնելու համար.

12) ապահովում է ծառայությունների անխափան լոգիստիկ կազմակերպումն ու մատուցումը ինչպես քաղաք Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում.

13) պատվիրատուին ներկայացնում է ամենշաբաթյա հաշվետվություններ.

14) պետական կառավարման համակարգի մարմինների հետ համագործակցության արդյունքում նպաստում է շահառուների սոցիալական ինտեգրմանը՝ համապատասխան խնդիրները ներկայացնելով պատվիրատուին.

15) իրականացնում է այցելուների (շահառուների) գրանցման, կարիքների սքրինինգի և առցանց ծառայությունների թվային (էլեկտրոնային) հարթակի ապահովում, որով հանրությունը հասանելիություն կունենա նկարահանված տեսաշարերին, կկարողանա մասնագետներին հարցեր ուղղել և ստանալ հեռավար հոգեբանական աջակցություն.

16) վերոնշյալ թվային (էլեկտրոնային) հարթակների ապահովումից հետո իրականացնում է վերահսկում, տրամադրում է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն.

17) ներկայացնում է վերջնական զեկույց (աշխատանքների ավարտից հետո):

7. Հոգեբանական աջակցության ծրագրով ծառայությունը նախատեսվում է ձեռք բերել հրատապ բաց մրցույթի կիրառմամբ (ստորև նշված պահանջներին համապատասխան):

 

III. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպությունը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող`

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական միջոցներ.

3) ֆինանսական միջոցներ.

4) աշխատանքային ռեսուրսներ։

9. Հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպության «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները.

 

Նախկինում կատարված պայմանագրերի

Առարկան

Ծավալը գումարային
արտահայտությամբ (դրամ)

պատվիրատուի (կազմակերպության)
անվանումը և նրա հետ կապ հաստատելու տվյալները

Տարեթիվ` ...... թվական

1.

     

2.

     

 

2) հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպությունը համարվում է նշված պահանջին բավարարող, եթե հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող 3 տարվա ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայությունների մատուցում:

10. Հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպության «Տեխնիկական և ֆինանսական միջոցներ» չափանիշները գնահատվում են հետևյալ կարգով`

1) հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպությունը հայտով ներկայացնում է հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական միջոցների առկայության մասին.

2) մասնակցի հայտը գնահատվում է բավարար, եթե ներկայացրել է պահանջվող հայտարարությունը:

11. Հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպության «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպությունը հայտով ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ պայմանագրի կատարման համար պահանջվող աշխատանքային ռեսուրսների առկայության մասին՝ հետևյալ տեղեկություններով.

 

Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների

Անունը, ազգանունը

որակավորումը

Աշխատանքային փորձը

գործատուն և նրա հետ կապ հաստատելու տվյալները

Ժամանակա-հատվածը

Գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը

1.

       

2.

       

3.

       

 

12. Եթե հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպությունը հոգեբանական վերականգնման ծրագիրն իրականացնելու է գործընկեր կազմակերպությունների հետ, ապա պետք է ներկայացնի նաև այդ կազմակերպությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

 

Կազմակերպության անվանումը

Աշխատանքային փորձը

Կազմակերպության հետ կապ հաստատելու տվյալները

Ժամանակա-հատվածը

Գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը

1.

     

2.

     

3.

     

 

13. Որակավորման չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում հրատապ բաց մրցույթին մասնակցող կազմակերպության հայտը մերժվում է։

14. Սույն կարգով սահմանված մրցույթի վրա չեն տարածվում է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պահանջները:

15. Պայմանագրի ապահովման չափը կազմում է կնքվելիք պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով:

16. Ընթացակարգի շրջանակում, ընտրված մասնակցի առաջարկության հիման վրա, կհատկացվի կանխավճար առավելագույնը պայմանագրի գնի 25 տոկոսի չափով:

 

IV. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետներին ներկայացվող պարտադիր (նվազագույն) պահանջներն են՝

1) բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճանով.

2) առցանց խորհրդատվության և հոգեթերապիայի իրականացման հմտություններ.

18. Հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետներին ներկայացվելիք ցանկալի (լրացուցիչ) պահանջներն են՝

1) հետդիպլոմային բուհական կամ ոչ բուհական կրթություն՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումների հոգեթերապիա մասնագիտացմամբ.

2) առերես, առցանց և հեռախոսային խորհրդատվության և հոգեթերապիայի փորձ.

3) մասնագիտական աշխատանքային փորձ՝ սուր սթրեսով և հոգետրավմայով պայմանավորված խանգարումներով անձանց հետ.

4) մասնագիտական ասոցիացիաներին անդամակցում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական: