Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0847/02/16

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0847/02/16

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

Դատավորներ՝

Տ. Նազարյան

 

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Ագանիկյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գառնիկ Ագանիկյանի ընդդեմ Վարդան, Ֆլորա և Ռազմիկ Էլիզբարյանների և Նադեժդա Բաղդասարյանի` ընդհանուր գույքից Վարդան Էլիզբարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի 1/2 և Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասերն առանձնացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գառնիկ Ագանիկյանը պահանջել է Վարդան, Ֆլորա և Ռազմիկ Էլիզբարյանների և Նադեժդա Բաղդասարյանի ընդհանուր գույքից առանձնացնել Վարդան Էլիզբարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի 1/2 և Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասերը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 14.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ Ռազմիկ Էլիզբարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Ագանիկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 365-րդ, 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմանում և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել ստորադաս դատական ատյանի դատական ակտի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի համասեփականատերերն են Վարդան Էլիզբարյանը և Նադեժդա Բաղդասարյանը, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան համասեփականատերերն են` Վարդան, Ֆլորա, Ռազմիկ Էլիզբարյանները, իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Ռազմիկ Էլիզբարյանը: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Ռազմիկ Էլիզբարյանը, հետևաբար Վերաքննիչ դատարանը Ռազմիկ Էլիզբարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա պետք է վերանայեր և բեկաներ միայն վճռի` նրա կողմից բողոքարկված մասը, իսկ Դատարանի վճիռը` մնացած մասով, մտել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև պատասխանողի՝ դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ծանուցված չլինելու հիմքին անդրադառնալիս նախ պետք է պարզեր, թե արդյոք դատավարությանը մասնակից կողմը դատական նիստից բացակայել է ոչ պատշաճ ծանուցման հետևանքով, թե` ծանուցվելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, արհեստականորեն ձգձգել է գործի քննությունն ու ձևական հիմքեր ստեղծել վերաքննիչ բողոք բերելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը կամ Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանել և Ռազմիկ Էլիզբարյանի մասով գործն ուղարկել նոր քննության, իսկ Վարդան Էլիզբարյանի և Նադեժդա Բաղդասարյանի մասով Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ»:

 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.07.2015 թվականին տրված թիվ ԱՏ-27/07/2015-2-0142 տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Ֆլորա Էլիզբարյանի (2/4), Վարդան Էլիզբարյանի (1/4), Ռազմիկ Էլիզբարյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2. 24.07.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24072014-01-0119 վկայականի համաձայն՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Աղայան փողոց, 11ա շենք, թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցված է Վարդան Էլիզբարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 13):

3. Ռազմիկ Էլիզբարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 78-րդ հոդվածների խախտումներ, այն է` խախտվել է անձի ծանուցված լինելու և դատավարությանը մասնակից դարձվելու իրավունքը, անտեսվել է, որ թեև Ռազմիկ Էլիզբարյանը հանդիսանում է Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան համասեփականատեր, սակայն վերջինս չի բնակվում նշված հասցեում, այլ բնակվում է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում:

- Դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, հաշվի չի առել, որ սույն գործում բացակայում է ապացույցը՝ Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 բնակելի տան 1/4 բաժնեմասի առանձնացման անհնարինության վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 8-11):

4. Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված, նոտարական կարգով հաստատված հայտարարության համաձայն` վերջինս հայտնել է, որ ինքն է ստացել Մասիս քաղաք 4-րդ փողոցի թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ Դատարանի վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 23):

 

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կարող է բեկանվել ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի այն մասը (բացառությամբ անվերապահ բեկանման հիմքերի առկայությամբ դեպքերի), որի դեմ բողոք չի ներկայացվել և որը չի վերաբերում վերաքննիչ բողոք բերած անձի իրավունքներին և պարտականություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններումԸնդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

Վճռաբեկ դատարանը հավելում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածն ամրագրում է վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում: Սույն հոդվածի վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ դատարանը սահմանափակված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, առաջին ատյանի դատարանում կողմերի հայտնած դիրքորոշումներով և գործում առկա ապացույցներով, ուստիև չի կարող դուրս գալ դրա սահմաններից, եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ: Այսինքն` ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում, ինչպես վերաքննիչ բողոքի քննությունը պետք է իրականացվի միայն այն անձանց մասով, որոնց իրավունքներին և պարտականություններին ուղղակիորեն առնչվում է բողոքարկվող դատական ակտը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ սույն գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ համասեփականատերերից մեկը ցանկանում է օգտվել նախապատվության իրավունքից և գնել Վարդան Էլիզբարյանի բաժնեմասը: Մասնավորապես` Գառնիկ Ագանիկյանի կողմից 12.05.2017 թվականին Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյաններին ուղարկվել են պարտապան Վարդան Էլիզբարյանին պատկանող՝ Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասը գնելու առաջարկներ, որոնք Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյանների կողմից ստացվել են 17.05.2017 թվականին (…):

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի ծանուցագրերը և վճռի օրինակը Ռազմիկ Էլիզբարյանին ուղարկվել են քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 տուն հասցեով: Ծանուցագրերի մեծ մասը ստացվել և ստորագրվել են, իսկ մի մասը վերադարձվել են փոստային ծառայության կողմից «Բացակայում է Հայաստանից» նշումով, ինչը հիմք ընդունելով` Դատարանն իրականացրել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, այն է` դատական ծանուցագրերն ուղարկել է Մասիս համայնքի ղեկավարին` միաժամանակ դրանք տեղադրելով ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Մասիս համայնքի ղեկավարը 10.10.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ Ռազմիկ և Ֆլորա Էլիզբարյանները բնակվում են Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 հասցեում, սակայն տանը չեն եղել, իսկ 15.03.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Ֆլորա Էլիզբարյանը 03.04.2018 թվականին ստացել է դատական ծանուցագիրը, որոշումը և հայցադիմումը: Դատարանը, փաստելով պատասխանող կողմի գործի քննության ժամանակի և վայրի մասին ծանուցված լինելը, շարունակել է գործի քննությունը վերջիններիս բացակայությամբ: Ռազմիկ Էլիզբարյանը վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ մասնակից չի դարձվել գործի քննությանը, իրազեկված չի եղել իր դեմ ներկայացված պահանջի մասին և զրկվել է այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, քանի որ իրեն հասցեագրված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են հայցվորի կողմից նշված սխալ հասցեով` քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 տուն հասցեով: Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության կողմից տրված տեղեկանքով հիմնավորվում է, որ Ռազմիկ Էլիզբարյանը 01.01.2012 թվականից հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարան հասցեում:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի պատշաճ ծանուցված չլինելու փաստարկներին, գտել է, որ թեև Դատարանը կողմի պատշաճ ծանուցումն ապահելու նպատակով պահպանել է օրենքով սահմանված ընթացակարգը, իսկ Ռազմիկ Էլիզբարյանն էլ ծանուցագրերի մի մասը ստորագրել և ստացել է, սակայն հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել, քանի որ վերջինիս իրական մասնակցությունը գործի քննությանն այնուամենայնիվ չի ապահովվել: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված նոտարական կարգով հաստատված հայտարարությունը, որի համաձայն` վերջինս հայտնել է, որ ստացել է քաղաք Մասիս, 4-րդ փողոց, թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, հայցվորի գրությունը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին:

Վերոնշյալ հիմնավորումները հիմք ընդունելով և չանդրադառնալով վկայակոչած նյութական իրավունքի մյուս նորմերին` Վերաքննիչ դատարանը որոշել է Ռազմիկ Էլիզբարյանի վերաքննիչ բողոքը բավարարել և գործն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն պատասխանողներից մեկի` Ռազմիկ Էլիզբարյանի կողմից այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը խախտել է անձի ծանուցված լինելու իրավունքը, այսինքն` անձը զրկվել է իր դեմ ներկայացված հայցապահանջին ծանոթանալու, դատական նիստերին մասնակցելու և իր դեմ ներկայացված նյութաիրավական պահանջի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Մյուս պատասխանողները` Նադեժդա Բաղդասարյանը, Ֆլորա և Վարդան Էլիզբարյանները, Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը չեն բողոքարկել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է և գործն ամբողջ ծավալով ուղարկել է նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ գործառույթը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, բողոքարկված դատական ակտը բեկանել է ամբողջությամբ` անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը բողոքարկվել է պատասխանողներից միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից` գործի քննությանը ծանուցված չլինելու հիմքով, ինչպես նաև գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չիրականացնելու հիմքով: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստերը, որ Ռազմիկ Էլիզբարյանը Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան բաժնային սեփականատերն է՝ 1/4 բաժնեմասի չափով, իսկ վեճի առարկա անշարժ գույքերից մյուս` Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Էլիզբարյանին և Նադեժդա Բաղդասարյանին, մինչդեռ վերջիններս վերաքննության կարգով չեն բողոքարկել Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարտապան Վարդան Էլիզբարյանին պատկանում են երկու անշարժ գույքերից` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնեմասը, մնացածը պատկանում են` Ֆլորա Էլիզբարյանին` 2/4 բաժնեմասի չափով, Ռազմիկ Էլիզբարյանին` 1/4 բաժնեմասի չափով, իսկ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Էլիզբարյանին և Նադեժդա Բաղդասարյանին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը պետք է վերանայեր միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններում` հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է միայն վեճի առարկա գույքի` Մասիս քաղաքի 4-րդ փողոցի թիվ 157 տան 1/4 բաժնի սեփականատերը և Դատարանի վճիռը բեկաներ միայն նշված անշարժ գույքի մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ռազմիկ Էլիզբարյանը վերաքննիչ բողոքում պահանջել է բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ դատական ակտը բողոքարկվել է միայն Ռազմիկ Էլիզբարյանի կողմից, ուստիև գործը նոր քննության պետք էր ուղարկել միայն այն մասով, որը վերաբերում է այն գույքին, որի 1/4 բաժնեմասի սեփականատերն է վերջինս: Այլ կերպ ասած` վեճի առարկա գույքերից Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանի համասեփականատերերը` Վարդան Էլիզբարյանը և Նադեժդա Բաղդասարյանը, դատական ակտը չեն բողոքարկել, իսկ Ռազմիկ Էլիզբարյանը նշված գույքի սեփականատերը չէ, հետևաբար այդ մասով Դատարանի 14.05.2018 թվականի վճիռը պետք է մնար օրինական ուժի մեջ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է նաև Ռազմիկ Էլիզբարյանի դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքն այդ մասով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

 Ֆլորա Էլիզբարյանի կողմից 14.06.2018 թվականին տրված նոտարական կարգով հաստատված հայտարարության համաձայն` վերջինս հայտնել է, որ ինքն է ստացել Մասիս քաղաք 4-րդ փողոցի թիվ 157 հասցեով ուղարկված դատական որոշումները, ծանուցագրերը և վճիռը, սակայն դրանք չի հանձնել Ռազմիկ Էլիզբարյանին, քանի որ Ռազմիկ Էլիզբարյանը շուրջ 20 տարի է չի բնակվում նշված հասցեում և հաշվառված է Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանում, իսկ Դատարանի վճռի մասին նրան հայտնել է 08.06.2018 թվականին, հետևաբար վճռաբեկ բողոքի նշված փաստարկը չի բխում սույն գործի փաստերից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտմամբ դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից, որի արդյունքում թույլ է տվել այնպիսի դատավարական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ մասնակիորեն վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու՝ մասնակիորեն առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործը մասով ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2018 թվականի որոշման՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2018 թվականի վճիռը՝ հայցը՝ Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 11ա շենքի 7-րդ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև՝ իրենց բաժիններին համամասնորեն բաշխելու պահանջը բավարարելու մասով բեկանելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2018 թվականի վճռին:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: